Երգ երգոց 6.3-8
3 «Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած: 4 Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից: 5 Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ: 6 Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը քո շուրթերին: Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքողիդ տակ: 7 Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան, 8 մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը:
Մաղաքիա 3.1-2
1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ:
Գաղատացիներ 3.24-29
24 Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:
Ավ. ըստ Ղուկասի 2.1-7
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար: