1. Թողնում եմ ձեզ՝ Քրիստոսին հետևելու համար
Սիրելի ընկերներ,
սկսում եմ գրել այս նամակս սրտի մեծ կսկիծով, բայց գտնում եմ, թե անելիք լավագույն բանն է: Սրանով հայտնում եմ ձեզ կամքս՝ լքելու Եհովայի Վկաների կազմակերպությունը, հատկապես որովհետև այժմ հասել եմ լիակատար համոզմանը, – հակառակ այն ամենին, ինչ մեզ սովորեցնում էին և ինչին որ մենք հավատում էինք, – որ այդ կազմակերպությունն Աստծո ժողովուրդը չէ և իր ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա:
Ես մի տարեց կին եմ և ավելի քան երեսուն տարի համարել եմ Կազմակերպությունը իմ տունն ու իմ ընտանիքը: Ամեն բան արեցի, որպեսզի որդիներս նույնպես հետևեին այն հավատքին, որը համարում էի ճշմարիտ, և նրանցից երեքը դարձան Եհովայի Վկա, իսկ մեկը՝ մինչև իսկ Երեց: Կյանքիս ընթացքում երբեք չունեցա կասկածներ, թե ճշմարտության մեջ էի կամ ո՛չ: Նույնիսկ երբ տեսնում էի, որ իրողությունները չէին ընթանում այնպես, ինչպես պետք է որ ընթանային, վստահ էի, որ Աստված ամեն հարց կլուծեր ի սեր իր ժողովրդի: Բայց ստիպվեցի համոզվել, որ Աստված գործ չունի այդ կազմակերպության հետ (անշուշտ շատ հաշիվներ ունի մաքրելիք այդ կազմակերպության ղեկավարների հետ, կենտրոնական Ղեկավար Մարմնից մինչև տեղական Երեցները): Թերևս եղբայրների ու քույրերի մեծամասնությունը, որն իմ նման պարզ է և շատ ուսումներ չստացած, բարի հավատքով է տրամադրված և հավատում է իր գործերին, բայց ո՛չ անշուշտ մյուսները … : Քանի որ արդեն տարեց կին եմ, ամբողջովին ապրել եմ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սարսափները և տակավին կենդանի հիշողությունն ունեմ, թե ինչպես էին այն օրերին խոսում նացիստների և նրանց ահավոր ոստիկանության մասին. Գեստապոն: Սարսափելի է ասելը, բայց այս վերջին ժամանակներում այդ վաղեմի հիշատակներն իրականություն դարձան իմ մաշկի վրա, միայն թե այժմ Գեստապոն չէր, այլ՝ իմ Կազմակերպության “սիրալիր” հովիվներն էին հագել այդ զգեստները:
Քանի որ որդիներիցս մեկը, իր խղճի ձայնին հետևելով, որոշեց այլևս չպատկանել Եհովայի Վկաների Կազմակերպությանը, լիովին շարունակելով ապրել որպես քրիստոնյա, իմ մոտ եկան Երեցները և առջևս դրին այս ընտրանքը. կա՛մ պիտի մերժեի որդուս և խզեի իր հետ կապերս, կա՛մ էլ կհեռացնեին ինձ Կազմակերպությունից և այդպիսով կզրկվեի մայրական ամենամեծ գորովից, մյուս երկու որդիներիցս, որոնք տակավին Վկաներ են: Աղաչեցի «նացիստ գործակալներին», բացատրեցի, որ մոր և որդու միջև սերն Աստծո պարգևն է, որը ոչ մի մարդ չի կարող խեղդել, ինչպես նաև ասացի, որ որդիս շարունակում է ապրել Քրիստոսի հետ: Ոչ մի արժեք չունեցան արցունքներս ու աղաչանքներս, չնպաստեց երեսուն տարվա ծառայությունս Կազմակերպությանը, ո՛չ էլ սպիտակ մազերս: «Բոլորի առաջ պետք է ուրանաս որդուդ, նաև այստեղ՝ մեր առաջ», ասում էին: «Պետք է ասես, որ ուրացող է, ապա թե ոչ՝ թերանում ես Կազմակերպության հանդեպ հավատարմության մեջ», շարունակում էին անտեղիտալի կեցվածքով: Փակ դռների ետևում վրդովեցուցիչ հարցաքննումից հետո միայն, առավել անդորր մտքով ինքս ինձ հարցրեցի, թե արդյոք սա՞ էր այն, ինչ սովորել էի Քրիստոսի մասին, ուսումնասիրելով Աստվածաշունչը: Չեմ կարողանում երևակայել, թե Հիսուսը արգելում է իր աշակերտներին սերտ կապեր պահպանել իրենց ազգականների հետ, սպառնալով դուրս վռնդել կազմակերպությունից: Պաշտպանելու համար Կազմակերպության անմարդկային քաղաքականությունը, ինչ-որ մեկը մեջբերեց Մատթեոս 10, 35-37 հատվածի խոսքերը, ուր Հիսուսն ասում է. «Ով իր հորն ու մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ» և «եկել եմ բաժանելու, մարդուն իր հոր դեմ հանելու»: Միայն թե այնտեղ Մատթեոսը ցույց է տալիս, որ Հիսուսն Ինքն է բաժանելու և ո՛չ թե ինչ-որ մի կազմակերպություն, իսկ բաժանումը լինելու է արդյունքը Քրիստոսին չսիրելու անհատական որոշման: Բայց ես և իմ որդին սիրում ենք Քրիստոսին մեր ամբողջ սրտով: Միայն թե նախ նա և այժմ ես՝ այլևս չենք կարողանում տեսնել Քրիստոսին Եհովայի Վկաների Կազմակերպության մեջ:
Միշտ մտածում էի, թե Եհովայի Վկաներն էին ճշմարիտ քրիստոնյաները, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը, որոնց հատկանիշն է խոր սերը, քրիստոնեական մարդասիրությունը և բարերար արտահայտությունները: Բայց դժվար է հավատալ, թե քանի՜ քանի՜զրպարտիչ, չարախոս, ատելությամբ լի արտահայտություններ եմ ստիպված եղել լսելու Կազմակերպության մեջ՝ որդուս և ուրիշ Վկաների ետևից, որոնք որոշում էին լքել Կազմակերպությունը: «Շներ, խոզեր, ոճրագործներ, գողեր, պոռնիկներ, անբարոյականներ». սրանք արտահայտություններ են, որ սովորական են “եղբայրների” համար: Ո՞ւր է Քրիստոսի հեզությունը, սերը: Ներկա եղա մի մրցույթի, թե ով էր կարողանալու ամենավարկաբեկիչ զրախոսությունը հորինել այն անձանց հասցեին, որոնց միակ մեղքը իրենց նման չմտածելն էր: Չեմ զարմանա, եթե նույնը կրկնվի նաև իմ պարագային:
Կուզեի ավելացնել մի ուրիշ բան ևս, և կարող եմ վստահեցնել, որ սա միմիայն իմ կարծիքը չէ, այլ՝ Կազմակերպության շատ անդամներ մտածում են այսպես, միայն թե վախենում են խոսել (այո՛, որովհետև ո՛չ թե սերը, այլ՝ վախն է տիրում Սիրակուզայի մասնաճյուղում): Կամենում եմ ասել, ամենայն քաջությամբ, որ Ընկերությունը բառիս բուն իմաստով ծծում է մեր արյունը ֆինանսական առումով: Երբ ես ծանոթացա Եհովայի Վկաներին, կար միայն մեկ արկղ՝ նվիրատվությունների համար. հիմա դրանք հինգն են և որոշ հատուկ պարագաներում ավելի են բազմանում. 1) Նվիրատվություններ Արքայության Սրահի համար. 2) Նվիրատվություններ Արքայության նոր Սրահներ կառուցելու համար. 3) Նվիրատվություններ ժողովասրահների համար. 4) Նվիրատվություններ քարոզիչների համար. 5) Նվիրատվություններ Արքայության գործի համար: Շարքային եղբայրները բառիս բուն իմաստով քամված են մինչև ոսկորները և այլևս չեն կարողանում, այնքա՛ն, որ տնտեսական պատճառներով երկու կենտրոններ փակվելու են մեր քաղաքում:
Հիշում եմ, որ երբ հաճախում էի Քրիստոնյա Եկեղեցի, մի մարդ անցնում էր փոքրիկ ափսեով և ով կամենում էր, տալիս էր, իսկ ով չէր կամենում, չէր տալիս: Բայց միևնույնն է, տրվում էր շատ քիչ: Եհովայի Վկաների մոտ, սակայն, տարբեր է: Չկա գրեթե ոչ մի հավաք, որի հիմնական նյութը չլինի դրամը, և ով ի վիճակի չէ նվիրատվության, իրեն հանցավոր է զգում, որովհետև կարծում է, թե բավական երախտագիտություն չի ցուցաբերում Աստծո նկատմամբ: Եվ «Դիտարան»ն ուրիշ ոչինչ չի անում, այլ միայն՝ հիշեցնում է մեզ, թե եթե կամենում ենք ստանալ Աստծո օրհնությունը, պարտավոր ենք առատ դրամ տալ կազմակերպությանը (տե՛ս Դիտարան, 01.07.1988, էջ 11): Չխոսելու համար այն փաստերի շուրջ, որոնց հանդիպում ենք այս վերջին ժամանակներում «Դիտարան»ի դեկտեմբերի թվի էջերում: Գրեթե թվում է, թե «Կազմակերպությունը», առանց բացահայտ ասելու, ուզում է, որ Սուրբ Ծննդյան նվերներ տանք իրեն: Թող բոլորի համար օրինակ լինի «Դիտարան»ի 1988ի դեկտ. 1ի թիվը, էջ 2.931, ուր, շատ լավ իմանալով, որ դեկտեմբերը տասներեքերորդ ամսեվարձի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ հավելյալ վարձատրությունների ամիսն է, դրամ է պահանջում մեզնից ավելի լկտի եղանակով. ուղղակի հրավիրում է մեզ՝ տալու իրեն մեր ամբողջ դրամը, թողնելով, որ ինքը տնօրինի այն: Բավական ժամանակ ընկերությանն անդամակցած եղբայրներ մնացին ապշած: Կարդալուց հետո «Դիտարան»ի դաժան քննադատությունները Մարչինկուս եպիսկոպոսի դեմ, որին անվանում էին «Աստծո բանկիրը», այժմ ճիշտ Ընկերությունն ինքն է, որ դարձել է «Եհովայի բանկիրը», ցանկանալով տնօրինել մեր ունեցվածքները: Շա՜տ տարիներ առաջ պարծենում էինք մեր համեստության համար և դատապարտում էինք եկեղեցիների ճոխությունն ու ագահությունը: Այժմ իրավիճակը ճիշտ հակառակն է: Տեսնում եմ արվարձանների բազմաթիվ եկեղեցիները, որոնք տարիներով մնում են խեղճ ու չզարդարված, կամ էլ խրճիթների մեջ են ու ավտոտնակների, մինչդեռ Եհովայի Վկաների համագումարների սրահներն ու մասնաճյուղերը անսանձ շքեղության շինություններ են, իրական դրամակեր մեքենաներ (տե՛ս օրինակի համար Jersey City-ի համագումարների սրահը և Selters-ի գերմանական մասնաճյուղը): Ո՞ւր վերջացավ մեր պարզունակությունը, մեր համեստությունը: Կամաց-կամաց տեսա, թե ինչպես այս ընկերությունը դարձավ արդյունաբերական կազմակերպություն, ուր ով չի արտադրում, հանդիմանվում է: Բոլոր ժողովների նյութը ավելի շատ թվով գրքեր ու թերթեր «տեղավորել»ն է, կարծես թե «տեղավորել» բառը, «վաճառել»ու փոխարեն, փոխում է ինչ-որ մի բան: Շրջանի տեսուչի բոլոր այցելությունների նյութն են միջինները, ժամերը, թերթերը, նոր մարդիկ հրավիրելը անդամակցելու ընկերությանը և նվիրատվությունները:
Կարող էի շարունակել, որովհետև մեծ է վիշտս այն ամենի համար, որ ստիպված եղա կրել, բայց կամենում եմ ասել մի վերջին բան ևս. թերևս կկարողանայի կրել այդ բոլորը և կշարունակեի ընդունել Ղեկավար Մարմնի սխալները, ստախոսություններն ու հակասությունները, եթե միայն թե սեր տեսնեի գործի հանդեպ, որովհետև «սերը ծածկում է բազում հանցանքներ»: Բայց «նացիստների» սրտում սեր չկա, և այս իսկ պատճառով է, որ կյանքս ձեր հետ վատնելուց հետո, թողնում եմ ձեզ՝ Քրիստոսին հետևելու համար:
Այնուամենայնիվ, ողջունում եմ ձեզ սիրով:
Գրացիելլա Ֆիոռե, Սիրակուզա
Շարունակելի
Աղբյուր՝https://mashtoz.org/