Իմաստ. Սողոմոնի 9.9-10.2
9.9 Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտէ քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին, ու որն է քո պատուիրաններին համապատասխան: 10 Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, 11 քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կառաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կպահպանի ինձ, 12 իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարութեամբ կդատեմ քո ժողովրդին եւ արժանի կլինեմ իմ հօր գահին: 13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
10.1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:
Եսթեր 10.4-9
4 Նա ասում էր, թէ՝ 5 «Աստծուց եղաւ այս բանը»՝ յիշելով այս դէպքերի մասին իր տեսած երազը, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղաւ: 6 Նա տեսել էր մի փոքրիկ աղբիւր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լոյս, արեւ եւ շատ ջուր: Գետը Եսթերն է, որի հետ ամուսնացաւ թագաւորը եւ նրան դարձրեց տիկին: 7 Իսկ երկու վիշապները,– ասում էր,– ես եմ եւ Համանն ու այն ազգերը, 8 որ ժողովուել էին՝ կորստեան մատնելու հրեաների անունը, որ Իսրայէլ է: 9 Նրանք կանչեցին Աստծուն ու ապրեցին. Տէրը ապրեցրեց իր ժողովրդին. Տէրը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից:
Հուդիթ 15.8-16.4
15.8 Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը: Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները: 9 Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան: 10 Եւ երբ ներս մտնելով տեսան նրան, բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես, 11 որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»: 12 Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»: 13 Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը: Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը: Նա, վերցնելով այդ, բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց: 14 Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում: Յուդիթը, վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ, տալիս էր նրանց: 15 Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան: Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար Աստծուն փառաբանելու համար:
16.1 Յուդիթը սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան: Յուդիթն այսպէս էր ասում. 2 «Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով, օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով, երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան: Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը, 3 որովհետեւ Աստուած Տէր է եւ խորտակում է պատերազմները, 4 նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ.
Եփեսացիներ 1.3-12
3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ՝ երկնային աշխարհում. 4 նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով: 5 Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով՝ ըստ իր կամքի հաճութեան: 6 Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով: 7 Նրանով է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն՝ ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8 որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ: 9 Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանել էր նրանով, 10 որպէսզի ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի: 11 Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը՝ ըստ առաջադրութեան Աստծոյ, որ ամէն ինչ յաջողում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12 մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը:
Ավ. ըստ Մատթեոսի 1.17-21
17 Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ: 18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»: