Անունս Վինչենցո Աբբատե է, ծնվել եմ Քանիքատթիում, 16.08.1952ին:
Մինչև 23 տարեկան հասակս՝ կաթողիկե քրիստոնյա էի, ինչը որ սովորական է իտալացիներիս մեծամասնության համար, որովհետև այն ժառանգել ենք մեր ծնողներից: Եհովայի Վկաների հետ առաջին շփումս ունեցա եղբորս միջոցով, որը տեղափոխվել և բնակություն էր հաստատել Շվեյցարիայում և այնտեղ ընդունել էր այդ նոր ու խանդավառիչ կրոնն իր կնոջ և երկու փոքրիկ երեխաների հետ միասին: Որոշ ժամանակ անց, եղբայրս վերադարձավ Իտալիա և կրկին բնակություն հաստատեց Փուլիայում, որը կնոջ ծննդավայրն էր և ուր հաճախ գնում էի նրանց այցելելու, և իրենք էլ պարբերաբար առաջնորդում էին ինձ Եհովայի Վկաների ժողովասրահը, որն անվանում էին Արքայության Սրահ: Կարող եք երևակայել. բոլորի ուշադրության կենտրոնում էի, բոլորի աչքին մի մեղավոր էի, որին կարող էին քարոզել և դարձի բերել: Յուրաքանչյուր հարցմանս իսկույն տրվում էր մի պատասխան, որը կնճռոտ ոչինչ չէր թողնում: Ասում էին, թե աշխարհի վախճանը մոտ էր, ուղղակի՝ մի քանի ամսից, կամ ինչպես հաստատեց «Դիտարան» Ընկերության ներկայացուցիչներից մեկը Պալերմոյում, հավանաբար այդ նույն տարվա ընթացքում:
Եղբայրներից մեկի պնդումներին տեղիք տալով, սկսեցի զբաղվել իրենց աստվածաշնչյան ուսումներով, որոնք անհրաժեշտ էին մոտակա կործանումից ազատվելու և փրկությունը ստանալու համար, որը վերապահված էր միայն Եհովայի Վկաներին: «Դեպի հավիտենական կյանք առաջնորդող ճշմարտությունը» գրքի օգնությամբ՝ ամեն բան ինձ թվում էր համոզիչ, հիանալի, սքանչելի: Փրկության ճանապարհը դա էր, կասկածներ չկային:
Արագընթաց առաջխաղացում ունեցա և սկսեցի ուրիշներին նույնպես քարոզել այն, ինչը սովորել էի մեծ եռանդով ու համոզմամբ, այն աստիճան, որ ուսումները սկսելուցս միայն ութ ամիս անց խնդրեցի մկրտվել: Բեմի ետևում կատարվող գործերին անտեղյակ, մկրտվեցի 1976ի մայիսին, իմ իսկ ծննդավայրում, տեղական մի խմբավորման կողմից, որպես Բրուքլինի «Դիտարան» Ընկերության քարոզիչ, առանց որևէ պայմանների:
Առաջին կասկածները
Մի քանի տարի ամեն բան թվում էր անթերի. կազմակերպությունը, ուսուցումները, եղբայրական հասարակությունը: Բայց, երբեմն-երբեմն, կազմակերպչական այդ գրեթե անթերի մեքենան փչանում էր: Ով իր բախտն էր փորձում՝ կատարելու նույնիսկ թեթև կազմակերպչական քննադատություն, որակավորվում էր կործանարար: Երեցները անձեռնմխելի էին. իրենք հսկում էին հոտին, բայց հոտը նույնը չէր կարող կատարել իրենց նկատմամբ, և ով համարձակվում էր կատարել, ապստամբում էր սուրբ հոգու դեմ, որն իրենց նշանակել էր հսկիչներ: Հետևաբար, մենք ենթակա էինք իրենց քմահաճույքին և իրենք կարող էին հրամաններ արձակել մեր նկատմամբ ինչպես հաճելի էր իրենց:
Երբ այցելության էին գալիս շրջիկ հսկիչներ, Կազմակերպությունը մի շաբաթ անընդհատ շարժման մեջ էր հայտնվում, չափազանց կեղծ սիրով ու եռանդով, գրկախառնումներով, ժպիտներով, նվերների տուփերով, ծառայականությամբ … և այդ ամեն ինչը, մի քանի օր հետո, չքանում էր: Կազմակերպության ներկայացուցիչներն արիստոկրատների տեղ էին դնում իրենց, իսկ մենք՝ խեղճ սկսնակներս նրանց առջև մուրացկաններ էինք թվում: Ուրախությունը կամաց-կամաց անհետանում էր և հարցնում էի ինքս ինձ. ո՞ւր է սերը, հավասարությունը և աստվածապետությունը, որ սովորեցրել էին ինձ: Եվ ի՞նչ իրավունքով են քննադատում Քրիստոնեությանը, թե մարդկությունը բաժանել է քահանաների ու աշխարհականների, երբ իրենք իրականում բաժանել են տերերի ու ստրուկների:
Կազմակերպության մեջ այն քչերից մեկը եղա, որ քաջությունն ունեցան դիմակազերծելու անարդարությունն ու իշխանության չարաշահումները եւ, որպես բնական հետևանք, երբեք պատասխանատու պաշտոններ չստացա Կազմակերպության գրկում: Բայց դա չխանգարեց ինձ լավագույնս ճանաչելու իրականությունը և հասունանալու:
Միայն այժմ եմ հասկանում. Կազմակերպությունը ցանկանում է ռոբոտների վերածել իր անդամներին, կիրառելով ուղեղի մի ամբողջական լվացում. չմտածել, չլսել, չտեսնել, որովհետև սրանք գործեր են, որ վայելում են միմիայն Բրուքլինի Ղեկավար Մարմնի պապիկներին: Ով ամբողջովին հլու հպատակ չի դառնում, նկատվում է որպես խանգարող անձնավորություն. ավելի լավ է ձերբազատվել այդպիսի մեկից: Ուրիշ ավելի միամիտներ, որ ծանր թերություններ են նկատում Երեցների ու հսկիչների վրա, հանդարտեցվում են պարզապես խոստանալով, որ Եհովան մի օր դուրս կնետի անարժաններին: Տասնչորս տարիների ընթացքում, որ անցկացրեցի այդ Կազմակերպության մեջ, տեսա շատ ու շատ պակասություններ, որոնք Կազմակերպությունը չի խոստովանում, թե թույլատրում է, և կարծում եմ, որ երբեք էլ չի ընդունի, քանի դեռ շարունակում է ուսուցանել, թե միմիայն Եհովայի Վկաների Կազմակերպությունում կա հոգևոր, բարոյական և մարմնական մաքրություն, և թե նրանից դուրս կա միմիայն կորուստի ճանապարհը: Չափազանց հեշտ է Աստվածաշնչի պատվիրանների գործադրումն ուրիշներից պահանջելը, բայց երբևէ հարցրե՞լ են իրենք իրենց, թե Եհովայի Վկաներն իրենք ինչպե՛ս են ագահությամբ մրցակցում միմյանց միջև, ինչպե՛ս են վազում բարձր պաշտոնների հասնելու համար, ինչպե՛ս են ուղեղի լվացումով խաբում միամիտ մարդկանց, ինչպե՛ս են գործադրում հոգեբանական բռնություններ (որոնք առավել վնասակար են, քան մարմնականները), ինչպե՛ս են սպառնալիքներով ստիպում մարդկանց կատարելու ղեկավարների կամքը, հրաժարվելու անձնական արժանապատվությունից: Սրանք բաներ են, որ սովորական են Եհովայի Վկաների Կազմակերպությունում:
Հեռացումը
Այնուամենայնիվ, չէի կարողանում լքել Կազմակերպությունը, որովհետև շատ դժվար է դա անել սեփական նախաձեռնությամբ: Քանի՜ անգամներ փորձեցի և քանի՜ անգամներ հրաժարվեցի: Շատ բաներ էին կապում ինձ Կազմակերպությանը. այդքան տարիների հավատքի ընկերներս, ազգականներս, որոնք Եհովայի Վկա էին, և մինչև իսկ ընտանիքիս ամենամտերիմ անդամները: Պայքարեցի մի քանի տարի, օր ու գիշեր տառապելով. վիճաբանություններ կնոջս հետ, որ ծնված օրից Եհովայի Վկա էր, և իր ընտանիքի անդամների հետ, որոնք պատկանում էին այդ հավատքին: Այնքան սարսափելի էր, որ միայն ով ունեցել է իմ միևնույն փորձառությունը, կարող է հասկանալ ինձ:
1986ի Օգոստոսին կարողացա առաջին անգամ թողնել կազմակերպությունը և այդ օրից ի վեր հասկացա, որ անդամագրվել էի բոլոր պատիվներով ճոխացած և դուրս էի գալիս անբարոյականներին, կռապաշտներին, կեղեքողներին ու հայհոյողներին հավասար որակավորված, պարզապես որովհետև այլևս չէի ընդունում Բրուքլինի հրահանգներն իմ կյանքից ներս:
Հեռացումիս լուրը Կազմակերպությանը հաղորդվելու հաջորդ օրը բոլոր “եղբայրները”, նաև ամենամտերիմները, որոնք ինձ ընկերացել էին միասին անցկացված ճաշկերույթներում, ընթրիքներում ու երեկույթներում, տեսնելով ինձ՝ փախչում էին, կարծես թե բորոտ լինեի: Եհովայի Վկա եղող ազգականներս խզեցին իմ հետ ունեցած բոլոր կապերը, բարև անգամ չէին տալիս, իսկ մոտակա խմբավորումներին ուղարկվեցին հանձնարարական նամակներ. «Ուշադրություն դավաճանին»: Ենթարկվեցի ամեն տեսակի վարկաբեկման և, վերջում, ամբողջական կղզիացման: Միայն Աստված գիտի, թե որքան տառապեցի: Մխիթարության ոչ մի խոսք, չկար ոչ մեկը, որ մի ձեռք տար ինձ: Նույնիսկ կինս պնդում էր. «Դու ինքդ կամեցար»: Տարիներ շարունակ Կազմակերպությունն էր եղել իմ աշխարհը և, մի վայրկյանում, գտա ինձ միայնակ ու անտեսված:
Կղզիացումը Դիտարանի Ընկերության հաղթական զենքն է հեռացողներին հնազանդված ու ստորացած վերադառնալ ստիպելու համար, և հաջողություն ունեցավ նաև իմ պարագային: Հինգ ամիս մնացի դրսում, հուսալով չվերադառնալ այլևս երբեք, բայց տեսնելով, թե ինչպես էին կինս և երկու երեխաներս աշնանային երեկոներին գնում Արքայության Սրահ, սկսեցի մտածել, որ թերևս սխալվել էի, որ խորքում դա էր Աստծո Կազմակերպությունը և որ միայն մարդիկ էին խավարեցնում նրա պատկերը:
Դիտարանի Ընկերությունը շահագործում է ընտանեկան ամենասրբազան զգացումները: Մեծ խոնարհությամբ վերսկսեցի հաճախել հավաքույթներին, դիմադրելով “եղբայրների” կասկածոտ ու ամոթ առաջացնող հայացքներին, ինքս ինձ ասելով. «Աստծո սիրո համար՝ սա՛ և ավելի՛ն»:
1987ի հունիսին ներկայացրեցի կրկին անդամագրվելու նամակս և մի դատական հանձնաժողովի կողմից հարյուրերորդ հարցաքննումից հետո՝ ընդունվեցի: Բայց ինչպես ուրիշ շատ անգամներ, խաբել էի իրենց և ինքս ինձ, Բրուքլինի Ղեկավար Մարմնի կամքին ենթարկվելով ու ստրկանալով: Հոգուս խորքում մնում էին կասկածներ ու անհասկացողություններ ո՛չ միայն կազմակերպչական բնույթի, այլ՝ վերջին ժամանակներում հանդիպել էի նաև ուսմունքային և աստվածաշնչյան տարաձայնությունների: Ամենակարևորները վերաբերվում էին աշխարհի վախճանի թվականին՝ 1914ից սկսած, Քրիստոսի վերադարձին, երկնային ու երկրային դասակարգումներին, Ղեկավար Մարմնին՝ որպես Աստծո և մարդկանց միջև հաղորդակցության միակ ուղի, և վերջում՝ ինչո՞ւ էին փառազրկում ու թերագնահատում Հիսուս Քրիստոսին:
Ազատագրումը
1987ի օգոստոսին որոշեցի սկսել անձնական խոր ուսումնասիրություն Աստվածաշնչի շուրջ, մի կողմ թողնելով Կազմակերպության հրատարակությունները, այլ միմիայն համեմատելով Աստվածաշնչի հինգ թարգմանությունները, Դիտարանի Ընկերության կողմից ստացածս ուսուցումներն ամբողջովին վերատեսնելու նպատակով: Ընկղմվեցի անդադար ուսումնասիրության մեջ, նվիրելով դրան օրեկան մոտ չորս ժամ, ուսումնասիրելով Աստվածաշունչը տող առ տող, համոզված, որ եթե նրանում կար մի ճշմարտություն, ես պե՛տք է գտնեի այն: Այլևս չէի կարող կասկածների մեջ մնալ:
Երկու տարվա ընթացքում ամեն բան սկսեց ավելի հստակ երևալ ինձ: Բացահայտեցի աստվածաշնչյան աղավաղումներ: Ղեկավար Մարմինը ձևափոխում ու կեղծում է Աստվածաշունչն ըստ իր քմահաճույքի, ընդգծելով այն հատվածները, որոնք իբր թե պաշտպանում են իր ուսուցումները, մոռացության մատնելով մյուսները, որոնք փաստում են հակառակը, և ժամանակի ընթացքում սրբազան էջերի մեջ փոփոխություններ մտցնելով՝ նոր հասկացողությունների չքմեղանքով:
Եհովայի Վկաների շարքերում երբեք չեմ տեսել որևէ մեկին, որ համարձակվեր կասկածի տակ դնել Ղեկավար Մարմնի հեղինակությունը. մեկը վախենալով, մյուսը՝ կույր վստահությամբ: Բայց սա ծայր աստիճանն էր. անօգուտ էր Երեցների մոտ գնալը և բացատրություններ խնդրելը, որովհետև սպառնալի պատասխանը միշտ նույնն էր. «Ուշադիր եղիր, եղբայր: Քայլում ես դեպի ուրացություն»:
Կյանքս կրկին հայտնվեց երկընտրանքի առաջ. կա՛մ գլուխ խոնարհել ինչպես առաջ, ընդունելով այդ հոգևոր բռնատիրությունը և ապրելով կատարյալ կեղծավորի կյանք, ինչպես վարվում են շատերը Եհովայի Վկաների մեջ, կա՛մ էլ վերստին ընդունել Եհովայի Վկա մնացած ազգականների ու ընկերների զոհաբերումը, ինչը որ խորքում մեծ կորուստ չէր, եթե համեմատենք խաղի դրված գումարի հետ: Անդամագրվել էի այդ կազմակերպությանը վստահ, որ նրանում էր ճշմարտությունը, բայց երբ անհետացավ այդ վստահությունս, մնալու ոչ մի պատճառ չունեի: Այժմ մնում են ինձ միայն Աստված և Հիսուս Քրիստոսը, Աստվածաշնչի հետ միասին: Նրանցում եմ միայն տեսնում փրկությունը և ո՛չ թե կրոնական ինչ-որ մի աղանդի մեջ:
Հուսով եմ, թե կդառնամ մի լավ քրիստոնյա, այլևս առանց հարկադրանքներ ու ստորացումներ կրելու:
1989ի նոյեմբերին տեղական Երեցներին ներկայացրեցի վերջնական հեռանալուս նամակը: Իմանալով, թե ինչ է ինձ սպասվում, ճակատագիրս կդիմագրավեմ լիակատար խաղաղությամբ, բայց այժմ հատկապես գիտեմ, որ մի ազատ մարդ եմ, ազատ՝ մտածելու, գործելու և Տեր Հիսուս Քրիստոսին փնտրելու ամբողջական ազատությամբ, առանց հարկադրանքների ու ստորացումների:
Շարունակելու եմ աղոթել իմ նախկին եղբայրների, ընկերների ու ազգականների համար, որոնք մնացել են Եհովայի Վկա, և բոլոր նրանց համար, ովքեր չարիք կգործեն իմ նկատմամբ: «Հա՜յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն այն, ինչ անում են» (Ղուկաս 23, 33), կամ՝ ինչ ասում են:
Թող այս վկայությունս որպես քաջալերանք ծառայի այն բոլոր հոգիներին, որոնք ունեցել կամ ունենալու են իմ այս նույն փորձառությունը:
Վինչենցո Աբբատե, Քանիքատթի
Շարունակելի
Աղբյուր՝https://mashtoz.org/