Ա Կորնթացիներ 16.12-24
12 Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն չունի, որ այժմ գայ, այլ կգայ, երբ յարմար ժամանակ գտնի: 13 Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք: 14 Ձեր ամէն ինչը սիրով թող լինի: 15 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ իրենց նուիրեցին սրբերի ծառայութեանը: 16 Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց: 17 Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին. 18 քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը: Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին: 19 Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները: Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց առտնին եկեղեցիով հանդերձ: 20 Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները: Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով: 21 Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը: 22 Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. մարան աթա: 23 Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի: 24 Եւ իմ սէրը ձեզ ամէնքիդ հետ՝ ի Քրիստոս Յիսուս: Ամէն:
Ավ. ըստ Մարկոսի 4.26-34
26 Եւ ասում էր. «Այսպէս է Աստծոյ արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27 եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ սերմերը կբուսնեն ու կաճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը, եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 29 Սակայն երբ սերմն իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: 30 Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծոյ արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31 նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայի բոլոր սերմերը. 32 իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր՝ այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»: 33 Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: 34 Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր: