Իմաստ. Սողոմոնի 9.13-10.3
9.13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
10.1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու: 3 Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ:
Միքիա 7.18-20
18 Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։ 19 Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։ 20 Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։
Ա Կորնթացիներ 12.28-13.3
12.28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ: 29 Մի՞թէ բոլորն էլ առաքեալներ են. մի՞թէ բոլորն էլ մարգարէներ են. մի՞թէ բոլորն էլ ուսուցանողներ են. մի՞թէ բոլորն էլ զօրութիւններ գործողներ են. 30 մի՞թէ բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն. մի՞թէ բոլորն էլ լեզուներ են խօսում. մի՞թէ բոլորն էլ թարգմանում են: 31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին: Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կտամ ձեզ:
13.1 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կնմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ:
Ավ. ըստ Հովհաննեսի 20.24-31
24 Իսկ Թովմասը՝ տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ: 25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ մատներս մեխերի տեղում չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»: 26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին, եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղում եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: 28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: 29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, եւ սակայն կհաւատան»: 30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: 31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծոյ Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք: