Եսայի 9.8-19
8 Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ: 9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով. 10 «Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»: 11 Աստուած պիտի կործանի Սիոնի լեռան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին. 12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին: Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է: 13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի: Զօրութիւնների Տիրոջը փնտրող չեղաւ: 14 Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին: 15 Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրինութիւն էր ուսուցանում, պոչն է: 16 Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան: 17 Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում: Այս ամէնի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած: 18 Անօրինութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց: 19 Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի:
Բ Կորնթացիներ 1.1-11
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծոյ կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը՝ Կորնթոսում գտնուող Աստծոյ եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, ովքեր ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կլինի. 6 քանզի եթէ նեղութիւն ենք կրում, այդ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է: Եւ եթէ մխիթարւում ենք, դա ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում: 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8 որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք՝ մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9 եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10 որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կփրկի. 11 քանզի յոյս ունենք, որ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատերը, այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով, գոհութիւն տան Աստծուն մեզ համար:
Ավ. ըստ Մարկոսի 4.35-41
35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէք անցնենք ծովի միւս կողմը»: 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: 37 Եւ մեծ մրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: 39 Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: 41 Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»: