Սբ. Աստվածամոր երկու զգեստներից բացի, որ նրա կտակի համաձայն տրվեցին իր հետ ապրող երկու կանանց, գոյություն ուներ նաև մի գոտի:
Ըստ ավանդության՝ այդ գոտին նրա կողմից տրվել էր Թովմաս առաքյալին և այդպես փոխանցվել հավատացյալից հավատացյալ: Վերջիններս այդ սրբությունները մեծ երկյուղածությամբ էին պահպանում և այդպիսով սերնդեսերունդ փոխանցում, որոնցով բազում հրաշքներ էին գործվում:
Հետագայում՝ 5-րդ դարում, Արկադեոս կայսեր օրոք (395-408) Երուսաղեմում գտնվեց Սուրբ Տիրամոր գոտին և մեծահանդես պատվով ու հարգանքով փոխադրվեց Կ. Պոլիս: Երուսաղեմից գոտին ստանալով՝ Արկադիոս կայսեր և նրա դստեր ջանքերով, թանկարժեք տապանակի մեջ դրվելուց հետո, այն զետեղվեց Աստվածածնին նվիրված տաճարում:
Հասարակական աղետների հետևանքով, ժամանակի ընթացքում, Սբ. Կույսի գոտին Կոստանդնուպոլսից տարվեց Կապադովկիա, բայց Հուստիանոս կայսեր օրոք նորից տեղափոխվեց Կոստանդնուպոլիս:
Աստվածամոր գոտու բժշկարար զորությամբ կատարված հրաշքներն անհաշվելի են: Հունաց Զոյա կայսրուհին երկար ժամանակ ծանր հիվանդությամբ էր տառապում: Այդ տանջալի օրերին, նրան երազում հայտնում են, որ բժշկությունը կտրվի միայն այն դեպքում, երբ նրա վրա դրվի Աստվածամոր գոտին: Այդպես էլ կատարվեց. գոտին տապանակից դուրս բերվեց և բժշկեց հիվանդին:
Բժշկումից հետո այն նորից հանդիսավորապես տեղադրվեց տապանակի մեջ:
Սակայն հետագայում Սբ. Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիներին:
Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, ապա գոտուց իր հետ մի մաս բերեց, որ այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կողմից կառուցված տաճարում: Իսկ մյուս մասը Աթենյան եկեղեցում: Սբ. Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով:
Աստվածածանի գոտու գտնվելու տոնը Հայ եկեղեցու տոնացույց է մուտք գործել 1774թ-ին, Սիմեոն կաթողիկոսի տոնացուցական կարգադրություններից հետո միայն: Այս տոնը Հայ եկեղեցին նշում է Վերափոխմանը հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնը շարժական է, նշում ենք օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում: