Եզեկիել 18.30-32
30 Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի: 31 Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները: Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի,– ասում է Տէրը:– 32 Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում,– ասում է Ամենակալ Տէրը,– այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին:
Ա Կորնթացիներ 2.6-10
6 Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, 7 այլ քարոզում ենք Աստծոյ խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. 8 եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. 9 այլ, ինչպէս գրուած էլ է. «Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար»: 10 Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծոյ խորունկ ծրագրերը:
Ավ. ըստ Մատթեոսի 23.34-39
34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»: