Հովհաննես Երզնկացու «Այսօր ձայնն Հայրական» շարականն է՝ Աննա Մայիլյանի կատարմամբ: Հունգարացի կոմպոզիտոր Լասլո Մելիսի «Armenian legend» (Հայկական լեգենդ) սկավառակից: Երգում է Աննա Մայիլյանը: Հովհաննես Երզնկացին 13-րդ դարի համբավավոր իմաստասեր, մատենագիր, տիեզերագետ և տաղերգու է: Ծնվել է մոտ 1230 թվականին Մեծ Հայքի Եկեղյաց գավառում: Երզնկացի է կոչվել կա՛մ իր ծննդավայրի անունով, կա՛մ տեղի հռչակավոր վանքերում ուսում և կրթություն ստացած լինելու պատճառով: Նա հայտնի է նաև Պլուզ մականունով, որ նշանակում է փոքր: Նրան հավանաբար այդպես են անվանել կարճահասակ լինելու պատճառով: Հովհաննես Երզնկացու մանկությունն անցել է հայրենի երկրի «Լուսավորչի» կոչված լեռներում գործող դպրանոցներում: Կրթվել է ժամանակի նշանավոր ուսուցիչ Վարդան Արևելցու մոտ: Երզնկացուց մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, խրատական, մեկնողական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո ստեղծագործություններ, որոնց թիվն անցնում է հարյուրից: Նրա ստեղծագործությունները միջնադարի հայ գիր ու գրականության զարթոնքի, գիտության ու արվեստի վերածնության արտահայտությունն են, որոնք նոր շունչ են բերում: «Այսօր ձայնն Հայրական» երգը վերաբերում է Հիսուսի մկրտությանը և նվիրված է Աստվածահայտնության տոնին: Վաղ քրիստոնեական շրջանում Սուրբ ծննդյան տոն չկար, քանի որ հայտնի չէր Հիսուսի ծննդյան օրը: Եվ դա այնքան էլ կարևոր չէր, այլ առավել կարևոր համարվում էր հայտնությունը, որով հայտնի դարձավ Հիսուսի Ով լինելը: Բոլոր եկեղեցիները աստվածահայտնության տոնն ի սկզբանե նշում էին հունվարի 6-ին: Այդպես է և այսօր: Ավելի ուշ Կաթողիկե եկեղեցին սկսեց տոնել նաև Սուրբ ծնունդը՝ պայմանականորեն ընտրելով դեկտեմբերի 25-ը: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին որոշեց այդ տոնը կապել և նշել Աստվածահայտնության օրվա հետ միասին՝ հունվարի 6-ին: Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22): Եկեղեցական տոնակատարությունն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի կամ Խթման սուրբ Պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահեցողության ու ապաշխարության շրջանը: Այսինքն իրականում Նոր տարվա օրերը պահքի օրեր են, մինչդեռ, խորհրդային տարիներից ի վեր, ինչպես բոլոր միութենական երկրներում, այնպես էլ Հայաստանում, այդ մեկ շաբաթը վերածվեց խնջույքի ու անիմաստ շքեղության օրերի, որը պահպանվում է մինչև այսօր: Ընդամենը մեկ դար առաջ հայ ժողովուրդը հունվարի առաջին օրերին պահք էր պահում և Սուրբ Ծնունդն ու Հայտնությունն էր տոնում, իհարկե, առանց ավելորդ շքեղության, առանց միմյանց հետ մրցելու սեղանի ճոխությամբ, առանց պարտք անելու: Երգի խոսքերը՝ Այսօր ձայնն Հայրական Յերկնից իջեալ հաճոյական, Սիրեցելոյ Որդւոյ վկայ Այ յորդորէ, գետ, Յորդորէ գետ Յորդանան, Յորդորական ձայնիւ երգէր Մեծ կարապետն Յովհաննէս:ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՎԵԼԻ ՔԻՉ