Եսայի 49.13-23
13 Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին: 14 Բայց Սիոնն ասաց. “Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ”: 15 Մի՞թէ կինը կմոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ,– ասում է Տէրը:– 16 Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես: 17 Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ: Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն: 18 Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ: Կենդանի եմ ես,– ասում է Տէրը:– Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քեզ վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ: 19 Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան: 20 Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք”: 21 Եւ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք”: 22 Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին՝ իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին՝ իրենց ուսերին դրած, պիտի բերեն: 23 Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն:
Գաղատացիներ 6.14-18
14 Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. 15 որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: 16 Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ՝ Աստծոյ Իսրայէլի վրայ: 17 Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: 18 Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:
Ավ. ըստ Հովհաննեսի 3.13-21
13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ՝ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: 14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15 որպէսզի ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: 18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծոյ միածին Որդու անուանը չհաւատաց: 19 Եւ դատաստանը այսպէս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. 20 որովհետեւ ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի չդառնան: 21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստծով կատարուեցին»: