Բարուք 4.36-5.9
4.36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը: 37 Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծոյ փառքով:
5.1 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեան հագի՛ր Աստծոյ փառքն ու վայելչութիւնը, 2 ա՛ռ քեզ վրայ Աստծոյ արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3 որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը: 4 Աստծոյ կողմից քո անունը յաւիտեան կկոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածապաշտութեան փառք: 5 Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար: 6 Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների: 7 Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները, յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծոյ փառքով ապահով քայլի, 8 իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծոյ հրամանով հովանի լինեն Իսրայէլին: 9 Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ, իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ:
Եբրայեցիներ 3.1-6
1 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք. 2 նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ. 3 որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը. 4 արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է: 5 Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը. 6 իսկ Քրիստոս՝ իբրեւ որդի՝ նրա տան վրայ: Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք:
Ավ. ըստ Հովհաննեսի 2.12-22
12 Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր: 13 Հրեաների Զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: 14 Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: 15 Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց: 16 Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»: 17 Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: 18 Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կտաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: 19 Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կվերականգնեմ»: 20 Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երեք օրում այն վերականգնո՞ւմ ես»: 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: 22 Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր: