ՈՒրեմն՝ Տերն է, որ «կամենում է, որ ամենքը գան ապաշխարության» (Բ Պետ. 3։9), այսինքն՝ զղջան իրենց մեղքերը, մաքրվեն նրանցից և իրենց կյանքն առաքինություններով պտղավետ դարձնեն: Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ ցույց է տալիս խոստովանությունը, որով ենք թողություն գտնում մեր մեղքերին: Աստված անշուշտ առանց մեր խոստովանության էլ ամեն բան գիտի, սակայն Ի՛նքն է պահանջում. «Նախ դու խոստովանի՛ր քո օրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43։26):
Հայտնի է, որ երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու: Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝ պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները: Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն, ինչպես վկայում է նաև մեր Տերը՝ Իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչելով: Ուստի կարիք կա այս ցավը բացահայտելու: Մեղքը թաքցնելը միայն է՛լ առավել է հիվանդացնում մարդու հոգին, ինչն էլ ի վերջո կարող է պատճառ դառնալ նրա մահվան՝ հավիտենական կյանքից զրկման: Այս տեսանկյունից դիտելիս՝ ակնհայտ է դառնում մեղքի խոստովանության կարևորությունը:
Զղջացող մարդը նախ դիմում է Տիրոջը, իր հանցանքը կամ հանցանքները խոստովանում Նրան ու թողություն հայցում՝ մեղքն այլևս չկրկնելու որոշմամբ, որն իրագործելու համար Տիրոջից օգնություն է խնդրում՝ գիտենալով իր տկարությունը: Այնուհետև, համաձայն սեփական խղճի կարիքի ու պարտադրանքի, առանձնաբար խոստովանում է օծյալ հոգևորականի առաջ՝ անհրաժեշտության դեպքում նրանից խորհուրդներ ստանալով: Քահանայի առաջ կատարված այսպիսի խոստովանությունը կոչվում է առանձնական կամ անհատական խոստովանություն: Քահանան մեղքերի արձակում է տալիս խոստովանողին՝ հատուկ բանաձևի միջոցով և երկու ձեռքերը խոստովանողի գլխին դնելով: Մեղքեր արձակելու այս իշխանությունը քահանաներին, ովքեր ձեռնադրության ու օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են, տրված է Տեր Հիսուսից՝ համաձայն Նրա խոսքի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. 18:18): Այլև երբ հարությունից հետո երևաց աշակերտներին, նրանց վրա փչելով՝ Իր իշխանությունը փոխանցեց նրանց՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք,ներված կլինեն, և եթե մեկի մեղքերը չներեք, ներված չեն լինի»(Հովհ. 20:23):
Խոստովանության ու մեղքերի արձակման միջոցով թողության արժանացած, այսինքն՝ մեղքերից մաքրված մարդն է միայն, որ իրավունք ունի ճաշակելու Տեր Հիսուսի մաքրամաքուր Մարմինն ու Արյունը՝ ս. Հաղորդությունը՝ Տիրոջ հետ միավորվելու և հոգևոր կյանքում զորանալու համար, քանի որ Սրբությանը պետք է սրբությամբ մոտենալ: Ուստի և Պատարագի արարողության ընթացքում կամ նրանից անմիջապես առաջ նրանք, ովքեր պատրաստվում են այդ օրը հաղորդվելու, ծնկի են գալիս քահանայի առաջ, և հավատացյալներից մեկը բոլորի անունից կարդում է տարատեսակ մեղքերի խոստովանության մի աղոթք՝ «Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն» սկզբնավորությամբ, և սրա ավարտին քահանան կարդում է մեղքերի արձակման բանաձևը՝ «Ողորմեսցին»: Խոստովանության այս ձևը կոչվում է ընդհանրական խոստովանություն:
Քանի որ որևէ մարդ անկարող է իր բոլոր մեղքերը հիշել ու խոստովանել, ուստի «ինչ հիշում, խոստովանում ու ապաշխարում է, այդքանով սրբվում է, և ինչ էլ չի կարողանում հիշատակել, այն Քրիստոսի Մարմինն ու Արյունն է սրբում», որը բաշխվում է մեր «մեղքերի թողության համար»՝ ըստ Տիրոջ խոսքի (Մատթ. 26:26):
Ի հավելումն՝ հարկ է նշել, որ ամեն մեղք չէ, որ թողության արժանանալու համար պարտադիր կերպով պետք է խոստովանվի անհատական խոստովանության ժամանակ: Շատ մեղքեր թողնվում են նաև միայն ընդհանրական խոստովանությամբ:
«Ո՞վ կարող է իր հանցանքները տեսնել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տե՛ր, և օտարներից պահի՛ր Քո ծառային, որ ինձ չտիրեն: Այդժամ մեծ մեղքերից մաքուր ու անբիծ կլինեմ» (Սաղմ. 18:13-14):
Թողություն տալու իշխանություն ունեցող մարդկանց առաջ մեղքերի խոստովանությունը կիրառվել է դեռևս մովսիսական շրջանում, և այս մասին վկայություններ կան Աստվածաշնչում (տե՛ս Ղևտ. 5:4-10, Թիվք 5:6 -7): Հովհաննես Մկրտչի մոտ գնացողներն էլ Հորդանան գետում մկրտվում էին նրանից՝ խոստովանելով իրենց մեղքերը» (Մատթ. 3:6, Մարկ. 1:5)՝ «մեղքերի թողության համար» (Ղուկ. 3:3): Առաքյալներին նույնպես «հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները» (Գործք 19:18)27:
Սրտի անկեղծ զղջմանը նայելով է Աստված թողություն տալիս մեղավորին, ինչը Տերը ցույց է տալիս մաքսավորի օրինակով, ով «արդարացած գնաց տուն» (տե՛ս Ղուկ. 18:14), սակայն մարդու առաջ կատարված անկեղծ խոստովանությունը նպաստում է մարդու խոնարհեցմանը, որն էլ մեզ վրա է իջեցնում Աստծո շնորհը. «Տերը հակառակ է ամբարտավաններին. Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 3:34, Հակ. 4:6, Ա Պետ. 5:5): «Իր ամբարշտությունը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց բացահայտողը և իրեն պախարակողը կդառնա սիրելի» (Առակ. 28:13):
Չխոստովանված ու թողության չարժանացած, մարդու սրտի գաղտնարանում թաքնված մեղքը, որքան էլ, խղճի քարացման կամ քնեցման հետևանքով, թվա, թե մոռացվել ու անհետացել է, մի օր անպայման պիտի արթնանա, գլուխ բարձրացնի՝ խղճի տանջանք պատճառելով: Քրիստոնյան հավատում է, որ, միևնույն է, «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և ոչ գաղտնի բան, որ չիմացվի» (Մատթ. 10:26), քանի որ Տեր Հիսուսի Երկրորդ գալստյանը դատաստանի առաջ է կանգնելու և իր բոլոր մեղքերն ամենքին հայտնի են դառնալու: Բայց միայն այդ Մեծ դատաստանը չէ, որ սպասում է ամեն մարդու: Իր մարմինն ու երկիրը լքող մարդուն սպասում է սատանայի կողմից հարուցվող մի մարտ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու հոգին լքում է մարմինը՝ գնալու հոգիների կայանները (օթևանները)՝ արդարների կամ մեղավորների, ուր ուրախալից հույսով կամ դառնությամբ պիտի սպասի Մեծ դատաստանի օրվա հատուցմանը: Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության՝ մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)՝ հոգին տանելու (հմմտ. Ղուկ. 16:22): Հոգին երկնքի ներքո գտնվող օդային ոլորտով անցնելիս (որն, ինչպես գիտենք, սատանայի և նրա հրեշտակների իշխանության ոլորտն է), հարձակման է ենթարկվում բազմաթիվ չար ոգիների (չար հրեշտակների, այսերի, դևերի) կողմից, որոնք մարդուն հիշեցնում են նրա մեղքերը, այսինքն՝ այն, ինչը նրանում պատկանում է իրենց: Այս մարտում հոգու պաշտպանն ու օգնականն է նրա հրեշտակը (կամ բարի հրեշտակներ), որն արդարի հոգին ազատելով այս հարձակումներից՝ բարձրացնում-հասցնում է երկինք՝ արդարների կայանները՝ Անդրանկաց Եկեղեցին, ուր հավաքված են հրեշտակները և արդարների ու սրբերի հոգիները (տե՛ս Եբր. 12:22-23): Այստեղ հոգին ուրախալից հույսով սպասում է Մեծ դատաստանի օրվա հատուցմանը, երբ արդեն ո՛չ միայն հոգով, այլև հարություն առած մարմնով, այսինքն՝ կատարելապես, պիտի ճաշակի հավիտենական բարիքները Երկնքի արքայության մեջ: Իսկ մեղսաշատ հոգին, այս մարտում պարտվելով, չի կարողանում անցնել երկինք և մնում է երկնքի ներքո՝ մեղավորների կայանում՝ այնտեղ երկյուղով ու հոգու տանջանքով սպասելու Մեծ դատաստանին ու վերջնական դատապարտությանը:
Եկեղեցին սովորեցնում է, որ մեզ հիշեցվելու են միայն այն մեղքերը, որոնք այս կյանքում թողության չեն արժանացել: Այս իրողությունը պատկերավոր կերպով ներկայացվում է այսպես. ամենանգամ, երբ մարդ մեղանչում է, նրա մեղքը գրի է առնվում նրա պահապան հրեշտակի կողմից, ով տեսնում է նրա բոլոր գործերը: Սակայն խոստովանությամբ ու քահանայական իշխանությամբ թողության արժանանալուց հետո գրանցված մեղքը մեկընդմիշտ ջնջվում է և այլևս չի հիշվելու ոչ հոգու ելքից հետո, ոչ էլ Մեծ դատաստանի ժամանակ: Ինչպես իրավամբ ու գեղեցկորեն ասում է Հայ Եկեղեցու վարդապետներից Սարգիս Շնորհալին, «Այն ամենն, ինչ մեկը մի անգամ խոստովանում է, կորցնում է, լինի դա մեղք, թե առաքինություն»:
Մահվանից հետո տեղի ունեցող այս պատերազմն ու նրա արդյունքը, ինչպես նաև Տիրոջ երկրորդ գալստյանը հետևող Մեծ դատաստանն են պատճառը, որ մարդիկ մեռնելուց առաջ կարիք են ունենում իրենց մեղքերը խոստովանելու և քահանայից թողություն ու ս. Հաղորդություն ստանալու՝ գիտենալով, որ միայն այս կյանքում կարող են իրենց մեղքերին թողություն ստանալ: Ս. Ներսես Շնորհալու հանրահայտ «Հաւատով խոստովանիմ» աղոթքի մեջ մի քանի տուն ներկայացնում է հենց այս մասին խնդրանքներ, որոնցով հայ հավատացյալը շատ հաճախ, գիտակցաբար թե հանգետս, դիմում է Աստծուն:
«Աղբյո՛ւր անմահության, իմ սրտից ապաշխարության արտասո՛ւք բխեցրու, ինչպես պոռնիկ կնոջինը, որպեսզի լվամ մեղքերս նախքան այս աշխարհից ելնելը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Պարգևի՛չ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատով, բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ Քեզ մոտ գալու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Բարերա՛ր Տեր, բարի հրեշտակի՛ն հանձնիր ինձ՝ հոգիս քաղցրությամբ ավանդելու և երկնքի ներքո գտնվող չար ոգիների միջով անխռով անցկացնելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ճշմարիտ լո՛ւյս Քրիստոս, իմ հոգուն արժանացրու կանչվելուս օրն ուրախությամբ տեսնելու Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգստանալու արդարների օթևաններում մինչև Քո մեծ գալստյան օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:
Եվ ուրեմն, քանի որ չգիտենք ոչ Տիրոջ գալստյան ու Մեծ դատաստանի և ոչ էլ այս աշխարհից մեր ելքի օրն ու ժամը, որը ցանկացած օր ու ժամ էլ կարող է լինել, ապա մեր մեղքերի ապաշխարությունը պիտի չհետաձգենք վաղվան՝ Տիրոջ պատմած առակի անմիտ հարուստի պես այսօր անհոգության մեջ կենցաղավարելով ու «Աստծով չհարստանալով» (տե՛ս Ղուկ. 12:16-21): Ապաշխարության, այսինքն՝ մեր մեղքերի զղջման, խոստովանության, թողության, առաքինությունների, մանավանդ՝ ողորմության գործերի համար մեզ այսօրն է տրված:
«Արդ, արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե կեսգիշերին, հավախոսի՞ն, թե առավոտյան: Գուցե հանկարծակի գալով՝ ձեզ քնի մեջ գտնի: Ուրեմն ինչ որ ձեզ եմ ասում, ամենքի՛ն եմ ասում՝ արթո՛ւն եղեք» (Մարկ. 13:37):
ՄԵՂՔԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
— Մինչև 15 տարեկանը գործված մեղքերն ինքնաբերաբար ջնջվում են՝ որպես մանկության ու անգիտության շրջանում գործվածներ, ուստի որևէ մեկը պարտավորված չէ դրանք խոստովանելու:
— Պետք չէ խոստովանել ոչ գիտուն կամ այնպիսի քահանային, ով չգիտի խոստովանողի մեղքերը գաղտնի պահել:
— Քառասնորդական պահքը պահելուն պատրաստվողները խոստովանում էին նախքան պահքի մեջ մտնելը և նրա ավարտին՝ Զատկին ս. Հաղորդություն ստանալուց առաջ (մեր հայրերից ոմանց կողմից աշխարհական հավատացյալներին թելադրվել է խոստովանել տարվա բոլոր կիրակի օրերին, ներառյալ և Քառասնորդական պահքի կիրակիները):
— Խոստովանությանը պետք է նախապես պատրաստվել՝ խոկալով գործված մեղքերի շուրջ և ըստ անհրաժեշտության նաև գրավոր նշումներ անելով՝ խոստովանության ընթացքում մեղքերը չմոռանալու համար:
— Մեղքերը խոստովանելիս պետք է խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից, ինքնարդարացումից, ուրիշների մեղքերը բացահայտելուց և խոսել ըստ էության՝ միայն սեփական մեղքերի կամ տկարությունների մասին:
— Եթե մեկն ինչ-որ մեղք խոստովանում է՝ դարձյալ նույնը գործելու մտադրությամբ, նշանակում էնրա զղջումն անկեղծ չէ, ուստի այսպիսի խոստովանությունն ընդունելի չէ:
— Եթե խոստովանված մեղքը նորից է գործվում, դարձյալ պետք է խոստովանել:
— Ամոթը պատճառ պիտի չդառնա մեղքերի խոստովանությունից խուսափելու. «Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին» (Սիրաք 4:32):