Եվ ասում եմ ձեզ՝
պատվիրանի պես.
-Պետք է վախենալ թագակիր ցուլի՛ց,
գահակալ ձիո՛ւց,
բայց ավելի շատ՝
գայիսոնակիր մուրացկանների՜ց պետք է սարսափել,
վասնզի եթե փորը թափուր է և ափն է դատարկ,
ապա գլուխը լեփ-լեցուն է միշտ ոճիր-նախճիրով:
Պետք է սարսափե՜լ մուրացիկներից գայիսոնակիր,
վասնզի եթե այդ գայիսոնը ոսկուց է անգամ
ու զարդարված է եթե մինչևիսկ ադամանդներով,
իմացե՛ք, որ դա խաբկանք է աչքի.
-նրանց գայիսոնն ու մականը միշտ ոսկորն է միայն՝
մարդու ող կամ կող,
ազդըր կամ սրունք:
Եվ ի՜նչ աստծու էլ նրանք դավանեն՝
դարձյա՛լ ոսկորի պաշտամունք ունեն,
ոսկորի՛,
ո՛չ թե տապան-պատանքի:
Եվ ասում եմ ձեզ՝
պատվիրանի պես.
-Վախեցե՛ք կյանքում սովագարներից
առավել, քան թե խելագարներից,
որ գահին՝ ինչպես մրջյունին՝ բազմում
ու ձեռքն են առնում ուղտին աժդահա:
Իսկ երբ սովագարն ու խելագարն են միություն կազմում
ինչ-որ ազգի մեջ,
ուղտն էլ է դառնում խորհրդանշանն ուրիշ մի ազգի: