Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած և թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց՝ խոստովանեցելոցն և մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան և հրամանաւն աստուածային, թէ՝ «Զոր արձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս», նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց՝ ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ Եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն և ի փառս հանդերձեալ կենացն: Ամէն:
Մարդասեր Աստված թող քեզ ողորմի և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ թե՛ խոստովանված և թե՛ մոռացված: Եվ ես քահանայական իշխանության կարգով և աստվածային հրամանով, թե՝ «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում», այդ նույն խոսքով, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, արձակում եմ խորհուրդներով, խոսքերով և գործերով քո կատարած բոլոր մեղքերը: Այլև քեզ դարձյալ հանձնում եմ սուրբ Եկեղեցու խորհուրդներին, որպեսզի ինչ բարիք էլ գործում ես, բարեգործություն համարվի և քեզ հանդերձյալ կյանքի փառքին արժանացնի: Ամեն:
Քահանան՝ որպես Աստծո և մարդու միջնորդ, արձակում մարդու մեղքերի կապանքները և ապա նրան դարձյալ հանձնում Եկեղեցու խորհուրդներին: Ի՞նչ է սա նշանակում: Հնում ծանր մեղքեր գործածներն իսկույն թողության չէին արժանանում, այլ ապաշխարության մի որոշ շրջան էին անցնում և միայն հետո՛ քահանայից թողություն ստանում: Հոգևորականի կողմից նշանակված ապաշխարության շրջանը չբոլորած ու թողության չարժանացած մարդիկ իրավունք չունեին մասնակցելու Եկեղեցու խորհուրդներին՝ չէին կարող ոչ մկրտվել, ոչ պսակվել, ոչ որևէ եկեղեցական աստիճան ստանալ՝ ձեռնադրվել, և առավել ևս՝ չէին կարող մասնակցել ս. Հաղորդության խորհրդին՝ ս. Պատարագի արարողությանը, որին հետևում էին դրսից՝ կանգնելով եկեղեցու դռան մոտ կամ գավթում: Հիրավի սա տեսնում ենք ս. Պատարագի արարողության ժամանակ. բուն խորհրդի կատարումից առաջ սարկավագը ձայնում է. «Թող ոչ մի երախա [այսինքն՝ չմկրտված], ոչ մի թերահավատ, ոչ մի ապաշխարող ու անմաքուր մարդ չմոտենա աստվածային այս Խորհրդին», իսկ ավելի ուշ՝ «ողջույնը» տալիս, ասում է. «Միմյանց ողջունե՛ք սուրբ համբույրով, և ձեզանից ովքեր չեն կարող հաղորդվել աստվածային Խորհրդին, թող դռան մոտ կանգնեն և աղոթեն»: Իսկ երբ մեղավորի ապաշխարության շրջանն անցնում էր, և նա իր մեղքերին թողություն էր ստանում, այլևս կարող էր մասնակցել Եկեղեցու խորհուրդներին: Ահա այս է նշանակում «քեզ դարձյալ հանձնում եմ սուրբ Եկեղեցու խորհուրդներին» խոսքը:
Աղբյուր՝shavigh.am