Ս. Գևորգը` Քրիստոսի քաջամարտիկ մարտիրոսը, արի նահատակը, Քրիստոսի հաղթող զորականը, կապադովկացիների գավառից էր, որ հայերը Գամիրք էին կոչում: Նրա անունը թարգմանվում է «մշակ», «հողագործ»: Նա մեծատուն ծնողների առաքինի զավակ էր` ազատների և քաջերի ազգից: Ս. Գևորգը տարիքով երիտասարդ էր, վայելուչ էր հասակով և տեսքով գեղեցիկ: Լինելով արևելյան զորագնդի զորավար` արիաբար հարատևում էր Քրիստոսի հավատքի մեջ:
Այն ժամանակ Դիոկղետիանոս ամբարիշտ արքան հրաման արձակեց դատել քրիստոնյաներին: Այդ պատճառով ատյանում նստեց ամբարիշտ դատավոր Դատիանոսը Նիկոմիդիա քաղաքից, և բոլոր քրիստոնյաներին, ում գտնում էր, չարաչար տանջում էր: Իսկ զորեղ զինվորը` Քրիստոսի քաջ նահատակ Գևորգը, փայլում էր որպես պայծառ աստղ ասպարեզում: Նա համարձակ եկավ դատավորի մոտ և ասաց. «Ես քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա, և անարգում եմ ձեր կռապաշտ մոլորությունը»: Դատավորը, տեսնելով նրա այսքան վայելուչ հասակն ու տեսքը, կանչեց նրան իր մոտ և ողոքական խոսքերով համոզում էր ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին՝ խոստանալով նրան բազում պարգևներ: Իսկ Քրիստոսի սուրբ վկան արհամարհեց նրա խոսքերը և ասաց. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Այն ժամանակ չէին դադարում ամենքը Գևորգի քաղցրագեղ դեմքին նայելուց, և չէր ախորժում ականջը լսել ուրիշ բան, քան նրա քաղցրախոս բառերը, որ անարգում էր նրանց կուռքերին և դավանում էր Քրիստոս Աստծուն:
Այնժամ զորականներից մեկը գեղարդով հարված հասցրեց Գևորգի որովայնին, և շատ արյուն թափվեց: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, և Տիրոջ հրեշտակը իջավ նրա մոտ ու բժշկեց վերքերը: Օրեր անց, հանելով բանտից, սրբին կրկին հարցաքննեցին, թե կուրանա՞ Քրիստոսին, և տեսան, որ հաստատուն է Քրիստոսի հավատի մեջ ու անարգում է կուռքերին: Այն ժամանակ պատրաստեցին մի փայտե անիվ, շուրջանակի պատելով սուր սլաքներով, հագցրեցին այն Սուրբ Գևորգին և գլորեցին զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը սրբի կտրատվեց: Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, ազատեց Ս. Գևորգին անիվից, և բժշկեց նրա բոլոր վերքերը: Տեսնելով դա` անհավատները ամաչեցին, բայց վերցնելով տարան սրբին բանտ` մի այրի կնոջ տուն: Ս. Գևորգը նստեց տան սյուներից մեկի պատվանդանի մոտ, և նույն ժամին սյունը կանաչելով ծաղկեց և արմատացավ, և տան տանիքի վրա բարձրացավ տասնհինգ կանգուն բարձրության ծառ: Ս. Գևորգը ասաց այրի կնոջը, թե «քաղցած եմ, բե՛ր ինձ ուտելու հաց»: Կինը պատասխանեց. «Իմ տանը հաց չկա»: Սուրբն ասաց.
— Ո՞ր աստծուն ես պաշտում:
Կինը պատասխանեց.
— Ապողոնին:
Սուրբն ասաց.
— Հիրավի չունես հաց, որ Ապողոնին ես պաշտում:
Եվ կինը դուրս եկավ տնից, որ հաց բերի սրբին: Նույնժամ Ռափայէլ հրեշտակապետը դրեց սրբի առաջ բարիքներով լի սեղան, և նա կերավ ու հագեցավ` գոհություն հայտնելով Աստծուն: Երբ կինը եկավ, տեսավ բարիքներով լի սեղանը, կանաչած սյունը և բարձրացած ծառը, ընկավ սրբի ոտքերի մոտ, հավատաց Քրիստոսին ու ասաց.
— Ողորմի´ր ինձ, ծառա Բարձրյալ Աստծո:
Կինը` վերկենալով գնաց իր մառանը և բերեց սրբի առաջ իննամյա և իննամսեկան մի անդամալույծ մանուկ, որին պահում էր այնտեղ: Բերելով մանկանը` դրեց սրբի ոտքերի մոտ, և նա դրոշմեց երեխային աստվածային նշանով: Իսկույն բժշկվեց մանկան ամբողջ մարմինը՝ բացի ոտքերից: Սուրբն ասաց. «Պատշաճ ժամին ոտքերն էլ կբժշկվեն` իմ խոսքերը կատարելու պահին»:
Ս. Գևորգը վերկենալով գնաց դատավորների ատյանը և հանդիմանում էր նրանց կռապաշտ մոլորությունը: Նրանք ասում էին. «Ո՞վ է սա»: Սուրբը պատասխանեց.
— Ես եմ, Աստծո ծառան ` Գևորգը, որ անիվով ձեր կողմից գլորվեցի և սրախողխող լինելով կտրատվեցի: Ա´րդ տեսեք և ամաչեք, որովհետև իմ Տեր Աստված` Հիսուս Քրիստոսը, ողջացրեց ինձ և նորոգեց իմ կտրատված անդամները: Եվ անհավատներից շատերը հավատացին Քրիստոսին, որովհետև տեսել էին նրան մահացած և կենդանացած:
Թագավորի հրամանով բոլոր նորադարձ քրիստոնյաներին հանեցին քաղաքից դուրս և սպանեցին: Ս. Գևորգի մասին լսեց նաև թագուհին` Ալեքսանդրիան և հավատաց Քրիստոսին, եկավ, ընկավ սուրբի ոտքերը` աղաչելով նրան սովորեցնել ճշմարտության հավատքը:
Ս. Գևորգին գցեցին կրե հորի մեջ և դրեցին նրա վրա ծանր սայլ: Տիրոջ հրեշտակը պահեց նրան կրի մեջ անվնաս, որտեղ սուրբը թաղված մնաց երեք օր: Նա դուրս եկավ կրից առանց վնասի, ինչի համար շատերը հավատացին Քրիստոսին: Այդ բանի մասին լսեց Ալեքսանդրիա թագուհին և ուրախությամբ գոհացավ Աստծուն իր ի Քրիստոս հավատի համար: Ս. Գևորգին հագցրեցին երկաթե կոշիկներ, մեխերով գամեցին դրանք ոտքերին և քայլեցնում էին նրան այսկողմ և այնկողմ, իսկ սուրբը չէր դադարում Աստծուն փառք տալուց: Եվ ձայն եղավ նրան երկնքից, որ ասում էր. «Զորացի´ր և քաջ եղիր, ծառա´ իմ Գևորգ, որովհետև Ես քեզ հետ եմ, դու կլինես հայտնի բոլոր սուրբերին, ամբողջ երկրում»: Որովհետև ինչպես Պետրոսը` բոլոր սուրբ առաքյալների գլուխն է, այնպես էլ Ս. Գևորգը` գլուխն է բոլոր մարտիրոսների: Որովհետև երկու թագավորների` Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ու յոթանասուն դատավորների առջև յոթ ամիս վկայեց Քրիստոսի Աստվածությունը և երեք անգամ մահացավ կարծրագույն տանջանքներից, և դարձյալ կենդանացավ և հարություն առավ մեռելներից: Չորրորդ մահվամբ կատարելության հասավ և հանգեց ի Քրիստոս:
Մինչդեռ դատավորները նստած էին ատյանում, այնտեղ կային վաղ ժամանակներից մահացած մարդկանց շիրիմներ: Այնժամ ասաց Մագնետիոս դատավորը. «Ո՛վ Գևորգ, կենդանացրու այս մահացածներին, և մենք կհավատանք քո Աստծուն»: Եվ սուրբը, ծնկի գալով, սկսեց աղոթել: Այնժամ շարժվեց այդ տեղը, և հողը եռալով երկրի երես հանեց ինը մարդ` չորս այր, երեք կին և երկու երեխա: Դատավորները կանչեցին հարուցյալ մարդկանցից մեկին և հարցրեցին, թե քանի տարի է անցել ինչ մահացել էին: Հարուցյալը ասաց.
— Երկու հարյուր տարուց մի քիչ ավել կամ պակաս:
Նրան ասում են.
— Քրիստոս այն ժամանակ արդեն եկել էր, թե՞ ոչ:
Մարդը պատասխանեց.
— Ես չէի լսել Քրիստոսի մասին:
Նրան ասում են.
— Ապա ո՞ր աստծուն էիր պաշտում:
Մարդն ասաց.
— Չեմ հիշում:
Նրան ասում են.
— Բավ է, ասա´:
Եվ նա ասաց.
— Պիղծ Ապողոնին, որովհետև ովքեր նրան են պաշտում` հավիտենական խավարի և տանջանքների համար են դա անում:
Եվ ովքեր հարցաքննում էին ամոթից լռեցին: Իսկ Ս. Գևորգը կանչեց իր մոտ հարություն առածներին և ասաց.
— Հավատո՞ւմ եք Քրիստոս Աստծուն իմ, որ հարություն տվեց ձեզ մեռելներից և կենդանացրեց:
Նրանք ասում են.
— Հավատում ենք քո Աստծուն, քաջ նահատակդ, ծառա Աստծո, որովհետև Նա է միայն Աստված:
Ս. Գևորգը հրամայեց մի քահանայի մկրտել նրանց և ուղարկեց Ադամի դրախտը, որ անմահ մնան և այն վայելեն մինչև Քրիստոսի գալուստը:
Եվ դարձյալ, գցեցին սրբին բանտ: Հավատացյալներից շատերը գալիս էին նրա մոտ, և սուրբը մխիթարում էր նրանց, փարատում իրենց ցավերը Քրիստոսի անվամբ: Գղերիկոս անունով մի մարդ վարում էր հողը երկու եզներով և միչդեռ աշխատում էր, եզներից մեկը ընկավ և սատկեց: Հողագործը, գալով սուրբ վկայի մոտ, աղաչեց նրան, որ կենդանացնի անասունին:
Սուրբն ասաց.
— Հավատո՞ւմ ես Քրիստոսին:
Գղերիկոսը պատասխանեց.
— Հավատո´ւմ եմ, որ չկա ուրիշ աստված բացի Նրանից:
Սուրբն ասաց.
— Թող լինի քեզ ըստ քո հավատի:
Գղերիկոսը գնաց և գտավ եզին կենդանացած: Այդ բանի մասին լսեց դատավորը, ուղարկեց դահճին, և Գղերիկոսին, սրախողխող անելով, կտրատեցին և սպանեցին:
Շուտով սրբին, հանելով բանտից, տարան ատյան: Նա անվեհեր պատասխան էր տալիս, անարգում էր կուռքերին և դավանում էր Քրիստոս Աստծուն: Դատավորներից մեկն ասաց. «Գևորգ, տեսնո՞ւմ ես այս աթոռները, արդ աղաչիր քո Աստծուն` տալ դրանց կանաչ տերևներ, որ իմանանք, թե որ ազգի ծառից են»: Սուրբը ծնրադրելով աղոթեց Աստծուն, և իսկույն կանաչած և տերևներով գեղազարդված աթոռները ցույց տվեցին, թե ինչ ազգի ծառերից են պատրաստված: Եվ ամենքը զարմացած` փառք էին տալիս Աստծուն:
Անատոլե անունով մի զորապետ իր զորքով հավատացին Քրիստոսին: Եվ ովքեր ընդունում էին քրիստոնեությունը, բոլորը սպանվում էին և իրենց արյամբ մկրտվում:
Դատիանոս դատավորը ասաց Ս. Գևորգին.
— Իմ ձեռքից չես ազատվելու և չես ապրելու, եթե զոհ չմատուցես կուռքերին, քանզի երկու զորապետերին իրենց զորքերով դարձրիր քո հավատքի և կործանեցիր նրանց:
Գևորգն ասաց.
— Արի՛, ցույց տուր քո կուռքերին, որ զոհ մատուցեմ: Այնժամ դատավորները ուրախացան, աղմուկ բարձրացրեցին և ասում էին, թե Գևորգը համաձայնվեց զոհել կուռքերին, աղաղակելով հայտարարում էին քաղաքի հրապարակում: Եվ ամբողջ քաղաքը գրոհելով ընթանում էր Ապողոնի տաճարը` տեսնելու համար Գևորգի զոհ մատուցելը: Այդ լուրը լսեց Ալեքսանդրիա թագուհին, նա ծեծում էր իրեն, ծվատում իր երեսը, պոկում էր մազերը և լալիս էր` մեծապես ողբալով: Լսեց և այրի կինը, որն ուներ անդամալույծ որդի: Նա վերցրեց իր որդուն և նստեց Ապողոնի տաճարը տանող ճանապարհին, որով պիտի անցներ դատավորը և նրա հետ Գևորգը: Այրի կինը լալիս էր և ծեծում էր իրեն: Գևորգը անցնելիս տեսավ, որ կինը` գիրկն առած մանկանը, լալիս է և ասաց նրան. «Շտապեցրու մանկանդ, որ գա ինձ հետ»: Իսկույն ամրացան տղայի ազդրերն ու սրունքները և, իջնելով մոր գրկից, վազում և գնում էր սրբի առաջ բազմախուռն ամբոխում, մինչև տաճարի դուռը: Ս. Գևորգը ասաց տղային. «Մտիր և ասա բագինին. «Ո´վ ամենապիղծ, ել արտաքս, առաջի Աստծո ծառայի»: Եվ տղան, մտնելով, ասաց այդպես: Ապողոնի բագինը իսկույն ընկավ ու փշրվեց: Դևերը, ճիչ բարձրացնելով, աղաղակեցին և անհայտացան:
Այնժամ բարկացավ Դատիանոս դատավորը և հրամայեց գլխատել սրբին: Մինչդեռ Ս. Գևորգին տանում էին գլխատման վայր, Ալեքսանդրիա թագուհին հասավ այդտեղ, ընկավ Ս.Գևորգի ոտքերը և ասաց. «Մի´ թող ինձ, ծառա Աստծո»: Սուրբը աղաչեց Աստծուն նրա համար, որպեսզի և նա վախճանվի Քրիստոսի համար բարի հավատով: Դատավորը հրամայեց, որպեսզի թագուհուն սպանեն: Հասնելով նահատակության տեղը` թագուհին տարածեց ձեռքերը երկինք և աղաչեց Աստծուն, և նախքան դահճի հարվածելը ավանդեց իր հոգին:
Ս. Գևորգը խնդրեց դահիճներին համբերել փոքր-ինչ, որպեսզի աղոթք անի Աստծուն. «Աստված իմ, որ հավիտյաններից առաջ ես, Քեզ հանձն եղա ես հավատովս և Քո վրա հույսս դրեցի իմ մանկությունից: Լսի´ր ինձ, Տեր, և տուր շնորհ իմ անվան և ոսկորներին, որ ովքեր խնդրեն Քեզ իմ անունով և կանչեն ինձ օգնության իրենց նեղությունների մեջ, Դո´ւ Տեր, հասի´ր արագապես և փրկի´ր նրանց որոգայթից: Պահի´ր ամեն վաստակը և նրանց անասուններին և ի բարի կատարի´ր նրանց խնդրվածքները: Իմ հոգին առաջնորդի´ր Քո փառքի շավղով` արդարների օթևանը»: Այնժամ ձայն եղավ նրան երկնքից և ասաց. «Ով որ կխնդրի հավատով քո անվամբ, կլինի և կտամ նրանց ամեն ինչ ըստ իրենց կամքի: Եվ դու արի, հանգստացի´ր անանց ուրախության մեջ, որ պատրաստեցիր քեզ քո ճգնությամբ: Եվ կտամ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և հիվանդությունների վրա, և կդարձնեմ քեզ անվանի բոլոր ազգերի մեջ` մինչև որ քո անունից կհալածվեն դևերը, և կբուժվեն հիվանդները: Եվ ովքեր կկատարեն քո հիշատակը և կպատվեն քո նահատակության օրը, Ես կօգնեմ նրանց իրենց նեղությունների մեջ և կփրկեմ նրանց ամեն վտանգից և փորձություններից, և կպահեմ նրանց ամեն չար պատահարներից»:
Ս. Գևորգը գոհացավ Աստծուց և ասաց դահիճներին. «Ահա կատարե´ք դատավորից ձեզ հրամայվածը»: Եվ նրան գլխատեցին, ապրիլի 23-ին ( Այժմ Հայ Եկեղեցին նշում է Ս. Գևորգի հիշատակի օրը սեպտեմբերի վերջին կիրակի օրը ):
Ես` Պասիկրատեսս, Սուրբ Գևորգի ծառան, ամենևին չհեռացա նրանից, այլ սրբի մարտիրոսության ժամանակ նրա հետ էի և բոլոր նահատակությունները իմ աչքերով տեսա և պատասխանները լսեցի, բոլոր հրաշքներին ականատես լինելով` ամեն ինչ ստուգությամբ գրեցի` ի փառս Քրիստոսի Աստծո: Ամեն:
Կպատմեմ մի ուրիշ հրաշք, որ եղավ Ս. Գևորգի հետ: Քռանկաց երկրում ապրում էր մի մարդ` արդար, աստվածապաշտ և Աստծո հանդեպ երկյուղով լեցուն, նրա կինը նույնպես բարեպաշտ էր և բարի գործերով լի: Երկուսն էլ արդար էին և ողորմած, ընթանում էին Տիրոջ օրենքներով՝ անարատ վարքով, դարմանում էին աղքատներին և լիացնում կարոտյալներին: Քանի որ չունեին զավակ, խնդրեցին դրա համար Աստծուն և Ս. Գևորգին ուխտելով, և Աստված տվեց նրանց որդի: Դրա համար ուրախացան նրանք, ծախեցին իրենց ամբողջ ունեցվածքը և եկեղեցի կառուցեցին Ս. Գևորգի անունով` հոյակապ և վայելուչ: Տաճարի նավակատիքի օրը խոյեր և հորթեր մատաղ արեցին և գիշերը պաշտամունքով հսկեցին: Օրհնեցին եկեղեցին, մկրտեցին իրենց որդուն և նրա անունը դրեցին Գևորգ: Ամեն տարի Ս. Գևորգի տոնի տարելիցին, ապրիլի 23-ին նշում էին սրբի տոնը, ուրախացնում էին քահանաներին և աղքատներին՝ կերակուրներով և ըմպելիքներով, նրանք ուրախանում էին և փառք տալիս Աստծուն: Այդպես անում էին ամեն տարի, Ս. Գևորգ զորավարի տոնին:
Այդ ժողովրդի և ունկռուզաց ազգի միջև թշնամություն եղավ, և ասպատակելով, թշնամիները շատերի հետ միասին Գևորգ պատանուն գերեվարեցին` մեծ տրտմություն պատճառելով նրա ծնողներին: Ս. Գևորգի տոնի օրը աղքատները, հոգևորականները, ոչ էլ Գևորգի բաշեպաշտ ծնողները չէին ուրախանում և սուրբ տաճարում տոնախմբություն չեղավ, քանզի Գևորգ պատանին գերության մեջ էր, իսկ նրա ծնողները` տրտմության և սգի: Աղքատները և քահանաները, որ սրբի տոնին միշտ ուրախանում էին, այդ օրը անմխիթար, վարանելով սգի մեջ էին նստած և հոգոց էին հանում Գևորգ պատանու համար, թե ո՞ւր է և ի՞նչ պատահեց նրան:
Այնպես ստացվեց, որ պատանուն առևանգող մարդը Ս. Գևորգի տոնի օրը հրամայեց տղային թերմոն եփել (լավ եռացրած գինի) և հետո խմել: Մինչ տղան գինի էր եփում, խորասուզվեց մտքերի մեջ , և լաց էր լինում, թե «այսօր մեր եկեղեցու տոնն է ի պատիվ Սուրբ Գևորգի, իսկ ես այստեղ ծառայության մեջ եմ օտար մարդկանց մոտ` գոռոզ, չար և խստասիրտ, արյունարբու և գազանաբարո ազգի»: Եվ մինչդեռ նա այս բանն էր խորհում և փղձկալով լաց լինում, հանկարծակի երևաց կարմիր մի ձիավոր և նստացրեց իրեն ձիու գավակին: Դրանից հետո չիմացավ, թե ինչ եղավ, բացելով աչքերը` տեսավ իրեն իրենց եկեղեցու դռան մոտ:
Դրա մասին իմանալով նրա ծնողները և բազում ուրիշ մարդիկ, որ եկան և տեսան պատանուն, ուրախացան և փառք տվեցին Աստծուն և նրա սուրբ վկա Գևորգին: Հարցրեցին տղային, թե ինչպե՞ս ազատվեցիր և ինչպե՞ս եկար: Եվ նա ասաց. «Ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ մինչ ես այսպիսի մտքերով էի, ահա տեսա կարմիր մի ձիավոր, որ առավ ինձ, նստացրեց ձիու գավակին, և միայն դա իմացա, որ ջրի ճողփյունն էր գալիս, և ես, բացելով աչքերս, ինձ այստեղ տեսա»: Այնժամ բոլորը հիացած փառք էին տալիս Աստծուն և նրա վկային` Ս. Գևորգին, քանի որ վաթսուն օրից ավելի էր ճանապարհը` ծովով և ցամաքով, որ մի ակնթարթում, ազատելով բերեց Գևորգ պատանուն իր եկեղեցու դռանը, արագահաս քաջ զորական Գևորգը:
Ում բարեխոսությամբ և աղոթքներով ողորմի´ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողին:
Գրաբարից թարգմանեց
Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ