Արտաքին տիեզերքից հետո մի հայացք էլ նետենք մեր ներաշխարհին, որ մի նոր տիեզերք է՝ իր անհուն տենչերով ու բազմահոծ կատարելություններով:
Եթե մեծ է տիեզերքը և անհուն՝ իր կապույտ երկինքներով, մեծ է նաև մեր սիրտը, որ իր իղձերով կարող է երկինքներ գրկել:
«Տիեզերքում հյուլեն անգամ չի կորչում,
Էլ ո՛ւր մնաց սիրտը կորչի, սիրտս՝ որ
Տիեզերքում խոլ տիեզերք է մի նոր»[1]:
Բյուրավոր աստղեր կարող ենք զետեղել մեր երազների երկնքում: Անթիվ արեգակներ են հարկավոր՝ մեր մտքի լայնածիր խորքերը լուսավորելու համար:
Մեր հոգին ձգտում է անհուն երջանկության: Տիեզերքն իր բոլոր հրաշալիքներով ու հրճվանքներով, երկարատև կյանքն իր գանձերով ու պատիվներով չի կարող հագեցնել մեր կատարյալ երջանկության տենչանքը:
Եղե՞լ է արդյոք մի մարդ, ում սրտի բոլոր փափագները հագեցում են գտել երկրի վրա:
Մանուկը իմացականության արթնանալու պահից լույս է փնտրում իր մտքի համար և երջանկություն՝ իր սրտի համար: Որքան մեծանում է նա, այնքան ավելի է ընդարձակվում իր իղձերի սահմանագիծը, այնքան ավելի ուժ ու կորով են ստանում իր մտքի թևերը, որ անհանգիստ թիթեռի նման ծաղկից ծաղիկ, հաճույքից հաճույք է թռչկոտում՝ կյանքի երջանկության ամբողջ հույզը ներծծելու համար: Որքան առատորեն է խմում երկրային հաճույքների բաժակից, այնքան ավելի է տոչորվում ծարավից, որքան ուզում է կառչել հաճույքին, այնքան ավելի խաբուսիկ ու խույս տվող է դառնում այն, որքան քրտինք և արցունք է թափում՝ շոշափելի և հաստատուն դարձնելու համար երկրավոր գանձերը, այնքան ավելի մտահոգություն և խռովք են դրանք պատճառում:
Ժամանակավոր բոլոր հաճույքները բացվում են արշալույսի հրապույրով և ցնդում են ծխի պատրանքով: Այն, ինչը գարուն է թվում մանուկին, խորը ձմեռ է ծերուկի համար:
Տևական մի քաղց կա ամեն սրտի մեջ, մի դատարկություն կա յուրաքանչյուր հոգու ներսում: Ժամանակավոր ոչ մի բարիք չի կարող հագեցնել այդ քաղցը և լցնել այդ դատարկությունը, որ անհուն է: Դրանք մեր տենչերը միայն կարճ ժամանակով են կարողանում հագեցնել: Որովհետև երկրավոր ամեն բարիք, որ վայելում ենք, իր մեջ ունի ցավի թաքուն սերմեր:
Եթե երկրավոր բոլոր բարիքների օվկիանոսում էլ լողալու լինենք, մահվան չարաշուք սպառնալիքը միշտ թևատարած սավառնում է մեր գլխավերևում: Տառապանքն անբաժան ընկերն է մեր սրտի:
Ի հեճուկս գիտության սրընթաց առաջադիմության, տակավին ոչ ոք չի կարողացել հնարել հոգու ցավն ու վիշտը սպանող զենքը, ոչ ոք չի գտել մեր սրտի վերքերը սպիացնող դեղը և արցունքի աղբյուրը ցամաքեցնող դարմանը:
Բացարձակ երջանկության «մեկ աչքն ունենք այստեղ», ասում է Ռ. Բերբերյանը, «հույժ դառը պետք է լինի հուսախաբությունը: Այս անցավոր, այս կարիքավոր, այս սահմանափակ աշխարհում կարո՞ղ է լինել բացարձակ երջանկություն»[2]:
Երկրային բոլոր բարիքները – առանձին վերցված, թե միասին – մի պսակ կազմած ու մեր գլխին դրված, անկարող են վերջ տալու մեր մշտաբուխ մտատանջություններին ու երջանկության անհուն փափագին:
Երջանկության այս փափագը երևակայական կամ ցնորական զգացում չէ, այլ՝ իրական և «բնական», այսինքն՝ այն մեր բնության մի մասն է կազմում և իր արմատները խրել է մինչև մեր էության խորքերը, այնպես՝ որ հնարավոր չէ արմատախիլ անել այն՝ առանց վնասելու նաև մեր էությանը:
Այս փափագը բնական է, որովհետև ընդհանրական է (այսինքն՝ բոլոր մարդկանց մեջ է գտնվում առանց բացառության), անհաղթելի է ու անշիջանելի:
ա) Անհուն երջանկության փափագն ընդհանրական է:
Հիվանդն ու առողջը, աղքատն ու հարուստը, վայրենին ու քաղաքակիրթը, կույրն ու կաղը, հին մարդն ու ժամանակակիցը, ո՛ւր էլ որ գտնվեն՝ սառուցյալ երկրներում, թե անապատամերձ գոտիների այրող հրայրքի ներքո, լեռների գագաթին կամ ձորի խորքում, անպատճառ իրենց մեջ կրում են անխառն երջանկության անհուն տենչանքը:
Աշխատավորը քրտնաթոր ճակատով կքում է աշխատանքի ծանրության տակ՝ երջանիկ լինելու երազով, մեծազոր արքաներն ու իշխանները, լինեն շքեղ պալատներում, թե պատերազմի կրակի առջև, ձգտում են գերագույն երջանկության:
Բանաստեղծը՝ նոր երգեր հյուսելիս, նկարիչը՝ անկենդան գույներով պաստառին կյանք տալիս, երաժիշտը՝ քաղցրահնչյուն երաժշտություն ստեղծելիս, փառքի անշեջ ծարավն ունեն իրենց սրտում:
Վերջապես, ամեն անհատ՝ բռնի կախաղան բարձրացող ոճրագործից մինչև կամավոր ինքնասպանը, իր սիրտն ուղղում է երջանկության արևին:
բ) Անհուն երջանկության փափագը անհաղթելի է և անշիջանելի:
Երջանկության այս տենչանքը ոչ ոք չի կարող իր սրտից արմատախիլ անել, ոչ ոք չի կարող մարել դրա երկնահաս բոցերը:
Մեր բոլոր զգացումները վերածվում են երջանիկ լինելու փափագի:
Դողահար վախկոտը, ատելությամբ վառված զրպարտիչը, որովայնապաշտ շատակերը, ամբարտավանը, տռփասերը, բարկացողը … գործում են ու շարժվում միայն իրենց սրտի փափագը հագեցնելու նպատակով:
Ինքնասպանն անգամ, ինքն իրեն սպանելու մեջ իր երջանկությունն է փնտրում: Նա, ինքն իրեն սպանելով, մտածում է, թե ազատվում է մեծագույն տառապանքից:
Ոչ ոք չի կարող իր անձին հավիտենական դժբախտություն մաղթել:
Այս երջանկության փափագն, ուստի, կախված չէ մեր ազատ կամքից: Ուզենք թե չուզենք, մեր բոլոր գործերը կատարում ենք՝ մղված երջանկության հայտնի կամ թաքուն փափագից:
[1] Հ. ՇԻՐԱԶ, Գիրք խաղաղության և սիրո, Երևան 1950.
[2] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Դաստիարակի մը խօսքերը, Վիեննա 1901, էջ 4.
Հայր Եփրեմ Տեր-Ղազարյանի (1920-1993) «Դեպի Աղբյուրը Լույսի, կամ՝ Տիեզերքի առեղծվածը» գրքից
Աղբյուր՝www.mashtoz.org