Երգ երգոց 8.14
14 «Փախի՛ր, իմ սիրեցեա՛լ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:
Եսայի 61.9-11
9 Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ “Սրանք Աստծոյ օրհնեալ զաւակներն են”, ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր»: 10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով: 11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ:
Ա Պետրոս 5.8-11
8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն:
Ավ. ըստ Ղուկասի 12.32-40
32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»: