Հայ ժողովրդական «Այ, հևա, հևա սիրտըս» երգն է՝ Կոմիտասի մշակմամբ: Կատարում է «Լույս» վոկալ հնգյակը: Գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան: Այս վերնագրով և գրեթե նույն բառերով մեկ այլ երգ հայտնի է «Մարաթուկ» անսամբլի երգացանկից: Սակայն մեղեդոիով այս երկուսը մեկը մյուսից էականորեն տարբերվում են (տե՛ս https://youtu.be/BATwX48co_Y): Հավանաբար աղջկա հայրը դստերն ամուսնացրել է ուրիշ տղայի հետ և մեծ տառապանք է պատճառել երկուսին էլ: Տղան երգում է, որ դողում է իր սիրտը կատարվածից, ասես ճնճղուկի թև լինի: Այն կարմիր է, ինչպես կակաչը, բայց եթե բացի, բոլորը կտեսնեն, թե որքան սև է իր սիրտը: Հաջորդ տան մեջ աղջիկն իրեն համեմատում է ցանկապատով չպաշտպանված պարտեզի հետ. այլաբանորեն այդ ցանկապատը պետք է տղան լիներ, որը չկարողացավ իր սիրած աղջկան պաշտպանել ուրիշից, և հիմա նա չսիրած տղայի հետ է ամուսնանում: Տղան էլ իր հերթին երգում է, որ թեև կտրիճ է, բայց չկարողացավ աղջկա հոր կամքից պաշտպանել իր յարին, և հիմա արտասվում է, որ իր համար կյանքը կորցրել է իմաստը: Երգի խոսքերը` Յար, յար, Այ հևա, հևա սիրտըս, Վայ, յար, լե, Ճընճըղկան թև ա սիրտըս. Յար, յար: Քան պուտը կարմիր չըկա, Վայ, յար, լե, Բաց անեմ՝ սև ա սիրտըս: Պարտեզ եմ՝ չափար չունեմ, Իսկ կըտրիճ եմ՝ յար չունեմ. Գընաց ձեռնես իմ կյանքը, Ջահել եմ՝ խաբար չունեմ: Ուռի ծառին բար չի ‘լնի, Տակը քար ա՝ վար չի ‘լնի. Էն աստվածն ու երկինքը, Սիրատերին ճար չի ‘լնի:
Աղբյուր՝AYGABER