«Մի՛ գողացիր» (Ելք 20։25)։
Ունկնդիրներիցս ոմանք թերևս իրենք իրենց ասեն՝ մի՞թե մենք գող ենք, որ մեզ հետ խոսում է նման թեմայի մասին: Գողերը բանտ են նետվում, ուստի այնտե՛ղ պետք է խոսել այդ հարցի վերաբերյալ: Սակայն եթե փոքր-ինչ համբերությամբ հետևեք խորհրդածություններիս ընթացքին, կհամոզվեք, որ կան մարդիկ, որ թեպետ կատարյալ ազատության մեջ են ապրում և իրենց կյանքի ընթացքում երբևէ բանտի երես չեն տեսել, թեև նույնիսկ բարձր դիրքի են հասել ու սավառնում են փառքի թևերով և արժանանում ամենքի հարգանքին, սակայն իրականում նրանք հենց գող են, որ կան:
Այդպիսիք շա՜տ ճարպիկ ու ճկուն գողեր են, որ մեծ ճարպկությամբ կարողանում են խուսափել ձերբակալվելուց և դարձյալ շարունակում են գողությամբ զբաղվել: Լիկուրգոսի օրենքների մեջ գողությունն արտոնված էր այն «պայմանով», որ գողը պետք է կարողանար խույս տալ բռնվելուց: Բայց եթե բռնվեր, սարսափելի պատժի էր արժանանալու: Այդ օրենքը կարծես լռելյայն ուժի մեջ է նաև ներկայումս….
Դժբախտաբար, մարդկային արդարությունը երբեմն ծայրահեղ անարդարության է վերածվում: Այն դատապարտում է թշվառ ու դժբախտ աղքատին, որն առանց աշխատանքի մնալու և իր ընտանիքի քաղցած լինելու պատճառով հաց է գողանում: Սակայն այդ նույն «արդարությունը» լռում է, երբ առևտրի մեջ սխալ չափ ու կշիռ է արվում, երբ ապրանքափոխանակության գործընթացում խարդախություն է բանեցվում և վատորակ ապրանքը լավի տեղ է մատուցվում: Սրանք քաղաքավարի ձևով գործվող լիկուրգոսյան գողություններ են:
Առակացն ասում է. «Խարդախ կշեռքը պիղծ է Աստծու առջև» (հմմտ. Առակ. 11։1) և «Տիրոջ առջև պիղծ է երկու տեսակի չափը, և խարդախ կշեռքը մերժելի է Աստծու համար» (հմմտ. Առակ. 20։23):
Թերևս ոմանք առարկեն՝ նշելով, որ եթե առևտրական հարաբերություններում այդ ճարպկությունն ու աչքաբացությունը չլինի, շուկայում շարժ չի լինի, վաճառականը կմնա այնտեղ, որտեղ որ էր և գուցե նույնիսկ սնանկանա: Սակայն ինչպե՞ս պետք է բացատրենք ա՛յն առևտրականների անխարդախ ու մաքուր գործունեությունը, որոնք իրենց առևտրական գործերում անգամ աննշան նենգություն թույլ չեն տալիս, և դեռ իրենց այդ ուղղամտությամբ բարձր դիրքի են հասել՝ ամենքի հիացմունքին արժանանալով:
Հասարակական երևույթներն ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ գողության ախտանիշը մեզ վրա երևում է դեռ մանկուց, և առհասարակ մանուկները փոքրիկ, չարաճճի «գողեր» են: Ծնողների բացակայության պայմաններում քաղցրավենիք գողանալու կամ ուրիշին պատկանող ուտելիքից զգուշաբար մի փոքրիկ կտոր վերցնելու միտումներն ու ներքին մղումները մանուկների շրջանում քիչ չեն: Եվ այսօր, չնայած դաստիարակության ու ծնողների հորդորներին, գողանալու այդ տրամադրություններն առավել կամ նվազ չափով առկա են բոլոր խավերի մեջ:
Հասարակական կյանքում էլ շատ հաճախ գողությունն անպատիժ է մնում: Յուրաքանչյուր անհատ հասարակության առջև նվիրական մի պարտականություն ունի՝ ջանք թափել հանուն հասարակության շահի, սակայն երբեմն տեսնում ենք, որ նրանք, ովքեր հասարակական որևէ նախաձեռնության գլուխ են անցնում, հասարակության շահի մասին խորհելու փոխարեն իրենց անձնական շահն են հետապնդում, իսկ ինչպես մի իմաստուն է ասել՝ «Սեփական անձի շահերը հետապնդողը հասարակության ամենամեծ թշնամին է»:
Արդ, հակառակ արդարության այդքան կազմակերպված լինելուն, հակառակ հասարակական կազմակերպությունների սահմանած կարգուկանոնին, հակառակ դատարանների ու օրենքների գոյությանը, հակառակ ոստիկանության խիստ հսկողությանը՝ տակավին օրը ցերեկով գողություններ են կատարվում: Ահա թե ինչու մեր զգայուն խիղճը, Հիսուսի սրբազան հոգու ներգործությամբ, «արդյո՞ք մենք գող ենք» հարցին պիտի պատասխանի. «Այո՛, մենք գող ենք»:
Ամեն բանից առաջ աչքի առջև ունեցեք աղքատությունը՝ ա՛յն մարդկանց կացությունը, որոնք ոչ թե մոլությունների հետևանքով, այլ աշխատանքի բացակայության պատճառով ամենաթշվառ վիճակի մեջ են ընկել ու ոչ միայն տվայտվում են քաղցի պատճառով, այլև սննդի անբավարարության հետևանքով հիվանդագին տառապում են: Երբ այսպիսի կացության մեջ գտնվող աղքատներին մենք վճարում ենք հազիվ մի կտոր չոր հաց գնելուն հերիքող օրավարձ, մի՞թե գողություն արած չենք լինում:
Ագահությունն էլ գողության մի տեսակ է: Թեև ոմանք ագահությունը մեղք չեն համարում, սակայն իրականում այն մահացու մեղք է: Ագահներն իրենց խղճի ձայնը լռեցնում են՝ ուրիշներին ասելով, թե իրենք խնայողություն են անում, և ոչ թե ագահություն:
Այս ագահությունն է, որ մոռանալ է տալիս մեր պարտականությունը մերձավորի նկատմամբ: Այն մեզ մղում է մոլեռանդորեն պահպանելու այն, ինչ ունենք որպես ունեցվածք կամ սեփականություն՝ առանց դրանից գեթ մի փոքր բաժին տալու դժբախտին՝ նրան ուրախացնելու համար: Ագահ մարդը մոռանում է, որ «երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք. 20։35):
Որոշ ծայրահեղականներ էլ կան, որ, ի դեպ, մեր օրերում բավականին մեծ թիվ են կազմում բոլոր ազգերի մեջ, «համայնավար» անունն են կրում և հետևյալ տեսակետն են պաշտպանում. «Սեփականությունը գողություն է» կամ ինչպես նշում են՝ «Կալվածատիրությունը գողություն է»: Սա հիմնովին սխալ տեսություն է, քանի որ եթե մենք հարուստ ու ագահ մարդու վարմունքը գողություն ենք համարում, ապա դա այն պատճառով է, որ նա զրկում է թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին ու իր զավակներին և թե՛ աղքատներին:
Մինչդեռ պարկեշտ, բարեխիղճ և ուղղամիտ հարուստը բնավ գող չէ, նրա հարստությունն էլ գողություն չէ: Այլ, ընդհակառակը, ինչպես առակացն է ասում. «Հարստությունը մարդու իմաստության պսակն է»:
Հայտնի է, որ համայնավարների՝ անհատական ունեցվածքի դեմ պայքարն այլ նպատակ չունի, եթե ոչ տիրապետելի դարձնել հավաքական սեփականատիրությունը: Հիշենք քրիստոնեության ծագման առաջին տարիները, այսինքն՝ առաքելական շրջանը, երբ հանուն հավաքական սեփականության ամեն ոք իր ունեցածն ու իր կալվածքները պետք է հանձներ ընդհանուրի բարօրությանը:
Նմանատիպ գործունեությունը, սակայն, երկարատև չեղավ, քանի որ բարգավաճման ու առաջադիմության փոխարեն աղքատությունը կրկնապատկվեց այնքան, որ Պողոս առաքյալը ստիպված եղավ Երուսաղեմի հավատացյալների թշվառությունը մեղմացնելու համար քանիցս հանգանակություններ կազմակերպել: Հետևաբար այն տեսությունը, ըստ որի՝ սեփականությունները պետք է հասարակությանը տրամադրվեն ու հավասարապես բոլորին պատկանեն, արդեն իսկ առաջին պահից նորանոր թշվառությունների ու անկումների ծագմանը պետք է ծառայեր:
Հարստությունը պետք է հարգվի: Հարուստները մեծապես պիտի պատվվեն: Հարուստ մարդկանցից զուրկ ազգերը գնչուների և թափառաշրջիկների կարգին են դասվում: Հարուստներն են, որ օգնության են հասնում մեր աղքատներին: Որքան էլ հարուստներն ավելացնեն իրենց ունեցվածքը, ոչ ոք իրավունք չունի նրանց գող համարելու, եթե նրանք բարեխղճորեն որոշակի գումար են տրամադրում աղքատներին:
Սուրբ Գիրքը հաճախ է հիշատակում հարուստ սեփականատերների: Հիսուս Ինքը, որ աղքատի զավակ էր, հարուստներին պախարակելու միտք երբևէ չունեցավ:
Ամենազարհուրելին այն է, երբ համայնավարական խմբավորումները, ժողովրդի զանազան խավերի մեջ ներթափանցելով, ցանկանում են ավելացնել դժգոհ մարդկանց թիվը և նրանց մղել գողության՝ իբրև թե գողությունը օրինավոր բան է: Սակայն ի՞նչ միջոցներ է պետք ձեռք առնել այդ հոսանքների դեմն առնելու համար, ի՞նչ պետք է անել Աստվածային օրենքի հանդեպ մաքուր ու պարզ հնազանդություն ցուցաբերելու համար:
Ամեն ինչից առաջ պետք է բոլոր հնարավոր միջոցներով բացառել աղքատներին անիրավորեն զրկանքի ենթարկելը: Երբ մաքսավոր Զակքեոսը Հիսուսին ընդունեց իր տանը, Նրան ասաց. «Տե՛ր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ» (Ղուկ. 19։8):
Երկրորդ՝ բոլոր խնդիրների պարագայում էլ ամենից ավելի պետք է ուշադրություն դարձնենք մեր պարտականություններին, քան մեր իրավունքներին:
Երրորդ՝ պետք է պարզասեր լինել, չափավորությամբ ապրել, նյութական հարցերում հրաժարվել փառասիրությունից, ինչպես նաև աչքի զարնող ամեն բանից:
Չորրորդ՝ վաստակածից ավելի չծախսել: Օրինակ՝ ամսական 25 սթերլինգ վաստակողը չպետք է 30 սթերլինգ ծախսի, այլապես պարտքի տակ կմնա և անօրինություններ գործելուն կհակվի: Հարկ է հետևել Պողոս առաքյալի հիանալի խորհուրդներին, որպեսզի կարողանանք օգնել այլոց. «Ով գողանում էր, այլևս թող չգողանա, այլ մանավանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մեջ է» (Եփես. 4։27):
Հինգերորդ՝ պետք է մեր մեջ գոհունակության ոգի դաստիարակել: Պողոս առաքյալն ասում է, որ գոհունակությունը մարդու համար մեծագույն շահ է. «Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմ. 6։6-10):
Առաքյալը կարիք զգաց սովորելու գոհ լինելու եղանակը։ Նա հասավ դրան՝ ինքն իրեն վարժեցնելով, և իր կյանքի վերջում էլ փիլիպեցիներին գրեց հետևյալը. «Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից: Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատության մեջ լինել: Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թե՛ կուշտ լինել, թե՛ քաղցած մնալ, թե՛ առատության մեջ լինել, թե՛ զրկանք կրել: Ամեն ինչի կարող եմ Նրա՛ շնորհիվ, Ով ինձ զորացրեց» (Փիլիպ. 4։11-13):
Մի՞թե նույնը չէր ասում նաև Առակաց գրքի հեղինակներից մեկը. «Երկու բան եմ խնդրում Քեզանից. մինչև մեռնելս ինձ չզրկես Քո շնորհներից: Զուր և սուտ խոսքը հեռո՛ւ վանիր ինձանից: Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է: Չլինի թե հարստանամ և ուրանամ Քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ. 30։7-9):
Եթե վերոնշյալ հինգ պայմանները պահենք, դժվար թե թշնամին կարողանա նույնիսկ գողության մտածումով փորձել մեզ: Իսկ եթե կարևորություն չենք տալիս Տասնաբանյայի այդ պատվիրանին և ազատորեն շրջող գողերի պես ծածկաբար շարունակում ենք մեր գողությունը, մի օր կարող ենք Գեեզիլի նման բորոտության ախտով վարակվել (տե՛ս Գ Թագ. 5։20-27), Աքարի պես քայքայվել (Հեսու 7։17-26), Անանիայի ու Սափիրայի նման հանկարծամահ լինել (Գործք. 7։1-8). ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել աշխարհից:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը