Աստծո շնորհի սպասավորները Սուրբ Հոգու միջոցով խոսեցին զղջման մասին և Ինքը՝ ամեն ինչի Տերը, զղջման մասին խոսեց երդմամբ. «Կենդանի եմ Ես, -ասում է Տերը, -չեմ կամենում մեղավորի մահը, այլ՝ զղջումը». և Նա կցեց հետևյալ բարի միտքը. «Տո՛ւն Իսրայելի, հե՛տ դարձեք ձեր անօրինություններից»: «Ասացի Իմ ժողովրդի որդիներին՝ թեև ձեր մեղքերը ձգվեն երկրից մինչև երկինք և թեև լինեն որդան կարմրից ավելի կարմիր և ավելի սև, քան քուրձը, սակայն եթե դուք ամբողջ սրտով դառնաք դեպի Ինձ և ասեք՝ Հա՛յր, Ես կլսեմ ձեզ՝ որպես սուրբ ժողովրդի»:
Եվ մի այլ տեղում այսպես է ասում. «Լվացվեցե՛ք, սրբվեցե՛ք, ձեր հոգիներից դեն նետեք չարիքը Իմ աչքերի առջև, հե՛տ կանգնեցեք ձեր չարիքներից. սովորեցե՛ք բարիք գործել, արդարություն փնտրեցեք, սատարե՛ք զրկվածին, որբի դա՛տը պաշպանեցեք, արդարացրե՛ք այրուն. և եկեք քննենք միասին,- ասում է Տերը,- և եթե ձեր մեղքերը բոսորագույն լինեն, ձյան նման սպիտակ կդարձնեմ, և եթե որդան կարմիրի պես լինեն, ճերմակ գեղմի նման կսպիտակեցնեմ. և եթե ախորժեք լսել Ինձ, երկրի բարիքները կճաշակեք, իսկ եթե չկամենաք Ինձ լսել, ապա սուրը կուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս ամենը»: Եվ այսպես, Նա Իր բոլոր սիրելիներին կամենում է զղջման մասնակիցներ դարձնել, և այդ հաստատեց Իր ամենակարող կամքով (Կղեմես Հռովմեացի):