Իմաստ. Սողոմոնի 8.7-10
7 Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8 իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը: 9 Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից՝ գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար եւ կմխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից: 10 Ես նրա շնորհիւ փառք կվաստակեմ ժողովրդի մէջ եւ պատիւ՝ ծերերի առջեւ:
Ամոս 5.10-14
10 Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին: 11 Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12 քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով, եւ աղքատին դռնէդուռ էիք գցում: 13 Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է: 14 Բարի՛ն փնտրեցէք եւ ոչ թէ՝ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կլինի Ամենակալ Տէր Աստուած.
Ա Կորնթացիներ 12.5-11
5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: 6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամէնքի մէջ: 7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն իւրաքանչիւրի օգուտի համար: 8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ: 11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին, ինչպէս որ կամենում է:
Ավ. ըստ Մատթեոսի 7.6-12
6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կտայ ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեր առաջ. 8 որովհետեւ ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կբացուի: 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կտայ նրան. 10 եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կտայ նրան: 11 Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտայ նրանց, որ ուզում են իրենից: 12 Այն ամէնը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ այդ իսկ են օրէնքն ու մարգարէները: