«Երկինքը երկրի վրա». այսպես է հասկացվել Սուրբ Պատարագը վաղնջական օրերին, այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին այնտեղ գտնվող հավատացյալների հետ միասին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: Թեպետ Պատարագը երկրի վրա է կատարվում, սակայն երկրային ընծայով չէ, այլ երկնքից իջնող Հացով (Հովհաննես 6:41), Ով կյանք է տալիս աշխարհին:
Նոր Ուխտում Հիսուսի զոհաբերությունը վերածվեց մի խորհրդի, որն արարողության ձևերով, աղոթքներով ու երգերով նվիրագործվեց Սբ. Պատարագ անվան տակ: Այն Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդի արարողությունն է, սիրո խորհուրդ է, որովհետև դրանով Հայր Աստված սրբագործված հացն ու գինին Սուրբ Հոգու ներգործությամբ վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ու ճաշակողներին միավորելով Իր հետ: Պատարագ բառն իսկ ստուգաբանորեն նշանակում է «մատուցում», «զոհաբերում», «նվեր», վերցված է պահլավերեն բառից, իսկ ծագումը զենտերեն բայից է, որի իմաստն է «կմատուցեմ», «կընծայեմ», «կտամ»:
Սուրբ Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և Նրա բոլոր փրկագործության տնօրինությունները: Արարողության ընթացքում կարդացվող աղոթքների, քարոզների, սուրբգրային ընթերցումների, երգվող շարականների միջոցով պատմվում են Քրիստոսի մարդեղությունը, խաչելությունը, քավչարար մահը, հրաշափառ Հարությունը, մշտնջենական բարեխոսությունը և Երկրորդ Գալուստը:
Սուրբ Պատարագը Հին Ուխտում և Երկիր մոլորակի առաջին աստվածպաշտության սրբատեղին
Հին Կտակարանում Սբ. Պատարագ բառը նշանակել է ընծա, զոհ և ողջակեզ. «Եբեր` Կայեն ի պտղոյ երկրին պատարագ Աստուծոյ» (Ծննդոց 4:3): Եվ որպես զոհ. «Զամենայն ընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտեցէք Աստուծոյ ձերում» (Բ Օրենք 12:11), կամ «Յիշեսցէ Տեր զամենայն պատարագս քո» (Սաղմոս 19: 4):
Անդրադառնալով Հին Ուխտի պատարագին՝ նշենք, որ Հայաստանն է բուն արևածագի երկիրը՝ Արևելքը, այստեղ էին Եդեմը, Դրախտը և կյանքի ծառը: Հայաստանն է առաջին մարդկանց՝ Ադամի և Եվայի բնակության վայրը, որտեղ իջել է Աստված և երես առ երես զրուցել Իր նմանությամբ ու պատկերով ստեղծած առաջին մարդու՝ Ադամի հետ: Հայոց հողը նախաստեղծ մարդկանց և Աստծո անմիջական շփման վայրը լինելով՝ նաև Երկիր մոլորակի առաջին աստվածպաշտության սրբատեղին էր: Արտադրախտային շրջանում Արարատյան դաշտավայրում կառուցվեց մարդկային առաջին սրբարանը:
Մեկնիչները գրում են, որ աստվածպաշտությունը օրեցօր բարգավաճում էր Արարատյան երկրում, իսկ տոնակատարություններն իրականացվում էին Արարատ լեռան ստորոտին կառուցված սրբարանում, և զոհաբերություններն էլ իրականացվում էին այդտեղ՝ Ադամի կառուցած զոհասեղանի վրա, որտեղ իր հաճելի զոհն էր մատուցել Աբելը: Արդար Աբելի Պատարագը Քրիստոսի Պատարագի խորհրդանիշն է: Թեպետ Աբելը մեռավ, բայց դեռևս խոսում է Քրիստոսի Արյան նման՝ այսօրվա մատուցված Սբ. Պատարագներով: Ադամի և Աբելի զոհ մատուցած սրբավայրում հանդիսավորությամբ և մեծ երկյուղով հավաքվել էին ջրհեղեղին նախորդող մարդկության մնացորդ այն ութ հոգին, որ ջրհեղեղից առաջ էլ միայն իրենք էին երկյուղածությամբ կանգնել զոհասեղանի առջև՝ չնայած բազմահազար մարդիկ կային այն ժամանակ, որոնք հոգևորապես արդեն մեռած էին, ըստ այնմ թե. «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին» (Ղուկաս 9:60):
Նույն սրբավայր-զոհասեղանը ջրհեղեղից հետո էլ չկորցրեց իր նշանակությունը. հետջրհեղեղյան մարդկությունը Նոյ նահապետի առաջնորդությամբ այդ նույն վայրում էր փառաբանում Արարչին: Դարեր անց՝ հայերն ընկան հեթանոսության մեջ, ինչը մի նոր՝ արդեն հոգևոր ջրհեղեղ էր. զոհասեղանն ավերվեց հոգևորապես, սակայն նյութապես մնաց կանգուն: Այդ վայրը դարձրին մեհյան, ուր զոհեր էին մատուցում ոչ թե Աստծուն, այլ կուռքերին: Սակայն 301 թ. մեծ փառքով, անթիվ-անհամար երկնային զորությունների ուղեկցությամբ Տերը Սբ. Գրիգորին հայտնվեց հենց նույն վայրում (որտեղ ժամանակին հայտնվել էր Նոյին), ոսկե մուրճով հարվածեց մեհենատեղին, որից, ինչպես ասում է ավանդությունը, ցնցվեց սանդարամետը: Եվ պատվիրեց այդտեղ կառուցել սուրբ տաճար: Այստեղ մինչ օրս կանգուն է Տիրոջ իջման Սուրբ Սեղանը: Եվ այդ վայրը հավետ կմնա սրբավայր՝ մինչև Տիրոջ Երկրորդ Գալուստ:
Հաջորդ Պատարագը Հին Ուխտի Աբրահամի մատուցածն էր: Աստված, Աբրահամին փորձելով, հրամայեց, որ մեկ հատիկ սիրելի որդուն՝ Իսահակին, իբրև զոհ-պատարագ մատուցի Իրեն: Աբրահամը ցույց տվեց իր հավատի մեծությունը և հնազանդությունն առ Աստված: Աբրահամի այս Պատարագի շնորհիվ Աստված նրա սերունդն ընտրեց, որից և ծնվեց Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը: Այդ պատճառով էլ Մատթեոսն իր Ավետարանի սկզբում գրում է. «Գիրք ծննդյան Հիսուս Քրիստոսի՝ Դավթի Որդու, Աբրահամի Որդու» (Մատթեոս 1:1):
Հին Կտակարանում առաջին անգամ Մովսեսն էր, որ զոհաբերության կարգ ու կանոն հաստատեց: Մովսեսի կողմից հաստատված օրենքների համաձայն՝ զոհաբերության տեսակները հետևյալներն են՝ ողջակեզը, բարոյական հանցանքի Պատարագը, խաղաղության, շնորհակալության և այլ ուխտի Պատարագներ, մշտնջենավոր Պատարագը, Զատիկ-Պասեք կամ Բաղարջակերաց տոնը:
Նոր Կտակարանում Պատարագը ունի նոր իմաստ և բովանդակություն, որպես Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդի արարողություն. «Քրիստոս մի անգամ մատուցեալ Պատարագ» (Եբրայեցիներ 9:28):
Սուրբ Պատարագի խորհրդի հաստատումը
Սուրբ Պատարագ մատուցելը հստակորեն պատվիրված է մեզ Սուրբ Գրքով: Արարողության առանցքը Սուրբ Հաղորդության խորհուրդն է, որ հաստատեց Քրիստոս Խորհրդավոր ընթրիքին՝ Իր Մարմինն ու Արյունը բաշխելով աշակերտներին: Սուրբ Հաղորդության խորհուրդն աստվածային զոհաբերությունն է մարդկանց փրկության համար: Այն Աստծո հավերժական սիրո արտահայտությունն է մարդու հանդեպ: Քրիստոս պատարագվում և բաշխվում է մեր բոլորի մեջ՝ մեր մեղքերի քավության և թողության համար: Իր չարչարանքների և մահվան գնով մեր Տերը մարդկությանը ցույց տվեց բարու և ճշմարտի հավիտենական լույսը և այդ լույսով՝ մարդկային հոգու և փրկության անմահության ճանապարհը: Այն սրբացնում է անհատի կյանքը: Սբ. Հաղորդության խորհուրդը քավություն է մեղքերից և հաշտություն Աստծո հետ: Քրիստոս մի անգամ մահացավ, բայց եկեղեցում Սբ. Պատարագի կատարումով հավերժորեն Նա պատարագվում է անարյուն և խորհրդավոր կերպով հացի և գինու տեսակներով, և եկեղեցին վայելում է Քրիստոսի փրկագործության պտուղները: Ամեն անգամ Սբ. Պատարագի խորհրդով Աստված դարձյալ ներկա է մեր մեջ՝ «լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհաննես 1:14): Սբ. Հաղորդությամբ մարդը մաքրվում է Քրիստոսի Արյունով և զորանում է մեղքի և բռնության դեմ: Մարդու մեջ վերանորոգվում է խաթարված Աստվածային պատկերը: Ինչպես վկայում են Ավետարանները. «Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հացը վերցրեց, օրհնեց, կտրեց և բաժանեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ Մարմինն է»: Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ Արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26:26-28, Մարկոս 14:22-25, Ղուկաս 22:17-20, Ա Կորնթացիներ 11:23-29)»: Քրիստոսի պատվերը, թե՝ «Կատարեցե՛ք այս Իմ հիշատակի համար» (Ղուկաս 22:19), գործադրվեց Իր առաքյալների և աշակերտների կողմից:
Սուրբ Պատարագն առաքելական շրջանում
Առաքելական շրջանում քրիստոնյաները հավաքվում էին, կարդում էին սաղմոսներ, մարգարեական և առաքելական գրություններ, երեցը քարոզում էր, իրար ողջունում էին խաղաղության համբույրներով, օրհնվում էր հացն ու գինին, և սարկավագների կողմից մատակարարվում էր ներկաներին: Որից հետո տեղի էր ունենում հասարակաց ճաշը՝ Ագապեն: Սուրբ Հաղորդության խորհուրդը և Սիրո ճաշը՝ Ագապեն, միասին էին կատարում: Արարողության վերջում յուրաքանչյուրն իր նվերն էր հանձնում երեցին և հանձնվում էր որբերին, այրիներին և աղքատներին: Սիրո ճաշի այս ձևը երկար չտևեց: Քանի դեռ քրիստոնյաները փոքրաթիվ էին, ներշնչվեցին Քրիստոսի պատգամներով, սակայն, երբ բազմացան, զեղծումներ սկեցին գործել: Այսպես եղավ նաև Սուրբ Հաղորդության խորհրդի մատակարարությունը: Պողոս առաքյալը դատապարտեց այդ զեղծումները և Տերունական ընթրիքի անվան տակ գործված գինովությունները և աղքատների հանդեպ ցույց տրված զրկանքները արգելելու համար պարզ ընթրիքը բաժանեց Տերունական ընթրիքից, այսինքն՝ Հաղորդությունից: Այս ընթրիքն էլ Պատարագ կոչվեց:
Առաքելական այդ շրջանում Սուրբ Պատարագն ամեն օր ամենապարզ, նախնական ձևով էր կատարվում (Գործք Առաքելոց 2:46), իսկ հետո սովորություն դարձավ Սուրբ Պատարագը մատուցել շաբաթ, կիրակի և սրբերի հիշատակության օրերին:
Հետագայում Սուրբ Պատարագի արարողությունը ճոխանում է, փոփոխություններ կրում, և մի քանի դար շարունակ հայրապետներ և ներշնչված կրոնականներ կատարելագործում են այն: Այս ամենով հանդերձ, սակայն, Սուրբ Պատարագի խորհրդի էությունը մնացել է անփոփոխ:
Սուրբ Պատարագը Հայ եկեղեցում
Սուրբ Պատարագը Հայ եկեղեցու սրբազնագույն խորհուրդն է: Հայ եկեղեցում Պատարագի օրերը դարեդար ենթարկվել է փոփոխության: 4-րդ և 5-րդ դարերում Սուրբ Պատարագ մատուցվում էր կիրակի օրից բացի նաև ուրբաթ օրը, ինչպես վկայում են Մովսես Խորենացին և Հովհաննես Ա Մանդակունին: 6-րդ դարում ուրբաթ օրվա տեղը Պատարագ մատուցվեց շաբաթ օրը՝ նկատի ունենալով այդ օրը կատարվող սրբերի հիշատակությունները: 9-րդ դարում Պատարագը դառնում է ամենօրյա և շարունակվում այսպես մինչև 15-րդ դար: Պատարագ տեղի չէր ունենում միայն Առաջավորաց պահքի հինգ օրերին և Մեծ պահքի շրջանում, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հաջորդ դարերին (16-17-րդ դդ.) ամենօրյա Պատարագը հետզհետե դադարեց և հնագույն սովորության համաձայն՝ մատուցվեց միայն շաբաթ և կիրակի օրերին: Երուսաղեմի և Բեթղեհեմի տնօրինական սրբավայրերում Պատարագը ամենօրյա է, բացի Ավագ Ուրբաթից և Բուն Բարեկենդանի երկուշաբթի օրվանից:
Ներկայումս Հայ եկեղեցում Պատարագ, որպես կանոն, կատարվում է կիրակի օրերին, նաև՝ շաբաթ օրերին և սրբերին նվիրված հիշատակության օրերին: Սովորաբար Սուրբ Պատարագը մատուցվում է կեսօրից առաջ, առավոտյան ժամը 11-ին: Երեկոյան Պատարագ մատուցվում է միայն Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:
Սբ. Պատարագի արարողության գիրքը
Չորրորդ դարում, երբ քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվեց հայ ժողովրդի պետական կրոն և սկսեցին եկեղեցիներ կառուցվել ու կազմակերպվեց հայ հոգևորականաց դասը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադարձին իր հետ բերեց Պատարագամատույց (Սբ. Պատարագի արարողության գիրքն է): Հայ եկեղեցին 4-րդ դարից մինչև 17-րդ դարը զանազան Պատարագամատույցներ ունեցավ:
Հայ եկեղեցին օգտագործել է ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերի կողմից գրված Պատարագամատույցները, որոնք արդեն 5-րդ դարի երկրորդ կեսից թարգմանվել և մշակվել են մեր եկեղեցու հայրերի կողմից:
5-րդ դարում Հայաստանում գոյություն ուներ հունական հինգ տեսակ Պատարագ` Բարսեղյան, Նազիազյան, Ոսկեբերանյան, իսկ մյուս երկուսն անհետացած են: Այս 5 Պատարագներն էլ որպես հիմք ունեցել են Երուսաղեմի Հակոբյան Պատարագը:
480 թվականին Հովհան Մանդակունի Հայրապետը Բարսեղյան, Նազիազյան և Ոսկեբերանյան երեք Պատարագները և ասորական հնագույն ավադույթը բյուրեղացրեց հայ Ոսկեդարյան Պատարագի մեջ:
Հայոց Պատարագամատույցը թարգմանված է բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իտալերեն, լատիներեն, հունարեն, ռումիներեն, ռուսերեն և ֆրանսերեն: