Չէ՞ որ նա ամենից մեծն է հայոց ձեռագրերի մեջ ո՛չ միայն և ո՛չ այնքան իր չափերով ու բովանդակությամբ, այլև՝ իր կրած տառապանքների իմաստով․
Ձեռագիր այս մատյանն ստեղծվել է Երզնկայի գավառի Ավագ վանքում:
Գրիչ Վարդան Կարնեցին աշխատել է ձեռագրի վրա երեք տարի և արտագրել-ավարտել է 1104 թվականին:
Հսկայական այս ձեռագիրը կշռում է երկու փութ (առանց կազմի)։
Նրա վեց հարյուր յոթ մագաղաթյա մեծադիր էջերը պատրաստելու համար օգտագործվել է մոտավորապես վեց հարյուր արջառի և երինջի մորթի…
Ձեռագիրը հարուստ է մանրանկարներով, լուսանցազարդերով և գլխազարդերով, որոնց հեղինակը Ստեփանոս Ծաղկողն է։
Շա՜տ բան են պատմում այս ձեռագրի «հիշատակարանները»—մեծ մասամբ՝… տխուր բաներ:
Նրանք պատմում են 1204 թվականի Բասենի ճակատամարտի՛ մասին, որտեղ հայ-վրացական միացյալ զորքերը ջախջախեցին սելջուկ Ռուքն-էդ-Դինի հրոսակներին, այս ձեռագրի տիրոջ (պատվիրատուի) սպանությա՛ն
մասին և ա՛յն մասին, թե ինչպես «Ճառընտիրը» գերի ընկավ, և հայերը, գյուղեգյուղ և տնետուն ընկած 4000 դրամ
հավաքեցին (մոտավորապես 20 կիլոգրամ արծաթ) և, փրկագին վճարելով, օտար ափերից այս ձեռագիրը ետ բերին Մշո վանքը։
Փակագծի մեջ ասե՛նք, որ Հայաստանի վրա արշավող վաչկատուն և բարբարոս ցեղերը, որոնք սկզբում, որպես օրենք, ՈՉՆՉԱՑՆՈՒՄ էին հայոց ձեռագրերը (շա՜տ-շա՜տ՝
թալանելով մայն նրանց թանկարժեք կազմերը), հետագայում, զարմանքով տեսնելով, որ միամիտ հայերը այդ «մունտա՜ռ» և անպետք թղթերի կամ մագաղաթի կտորների համար ահագին փո՛ղ են վճարում, այլևս չէին ոչնչացնում ձեռագրերը, այլ՝ թալանում ու իրենց հետ տանում, որպես «շահի ու եկամուտի աղբյուր».
Գ. Էմին