Երեմիա 33.14-22
14 Ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին: 15 Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ: 16 Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի: Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ “Տէրն է մեր արդարութիւնը”»: 17 Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, 18 եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»: 19 Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. 20 «Այսպէս է ասում Տէրը. եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, 21 ապա կխափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, նաեւ՝ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ: 22 Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
Եսայի 18.7
7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում՝ գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լեռան վրայ:
Եբրայեցիներ 10.32-36
32 Արդ, յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորուած՝ բազում տքնութիւնների եւ չարչարանքների համբերեցիք՝ 33 մերթ նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով. 34 քանզի ե՛ւ բանտարկուածներին կարեկից եղաք, ե՛ւ ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է: 35 Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: 36 Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը,
Ավ. ըստ Ղուկասի 10.21-24
21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: