— Հա՛յր, մի անգամ մեզ ասացիք. «Հոգևոր կյանքում պետք է մեկուսացնել (հակառակորդին): Ի՞նչ նկատի ունեիք:
— Պատերազմի ժամանակ աշխատում են թշնամուն շրջափակել: Նրան շրջափակում են, քշում քաղաքի պատերից ներս ու թողնում սոված: Այնուհետև նրան ջրից են զրկում: Քանի որ, եթե թշնամին ջրի, պարենամթերքի ու զինամթերքի պաշար չունի, ապա ստիպված է հանձնվել: Ուզում եմ ասել, որ եթե սատանայի դեմ նույն կերպ ենք պայքարում՝ պահքով և արթնությամբ, ապա նա մի կողմ է նետում իր զենքն ու նահանջում է: «Պահքով, հսկումով, աղոթքով ընդունում ենք երկնային օրհնությունները…» — ասում է շարականագիրը:
Խիստ ճգնավորության, սխրանքի շնորհիվ մարդը նմանվում է անմարմին ուժերին: Իհարկե պետք է ժուժկալել միայն բարձրագույն հոգևոր նպատակն ի նկատի ունենալով: Եթե մարդ իրեն զսպում է, որպեսզի առողջության համար վնասակար ճարպերից ազատվի, ապա նա միայն իր մարմնի մասին է հոգ տանում: Այդ պարագայում նրա ճգնակեցությունը նման է նրանց ճգնակեցությանը, ովքեր յոգայով են զբաղվում: Ցավոք սրտի, խիստ ճգնակեցության հարցը նույնիսկ եկեղեցապատկան մարդիկ են հետին պլան մղել: «Իսկ ի՞նչ է, որ,- ասում են այդպիսի մարդիկ,- չէ՞ որ պետք է ուտել, վայելել մեկը, մյուսը… Քանի որ Աստված ամեն ինչ մեզ համար ստեղծեց»: Գիտե՞ք, թե մի ծայրագույն վարդապետ ինձ ինչ ասաց մեր պատվին կազմակերպված ճաշի ժամանակ: Նկատելով, որ չեմ կարողանում ինձ ստիպել սովորականից ավելին ուտել, վարդապետն ասաց. «Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի» (Ա Կորնթ. 3:16): «Իսկ դու, պատահաբար, ոչինչ չե՞ս շփոթում,- հարցրի նրան: Սուրբ Գրքի այդ հատվածն ինչի՞ն է վերաբերում: Ճգնավորությա՞նը, թե՞ մեղսավոր, սանձարձակ կյանքին: Սուրբ Գիրքը նկատի ունի նրանց, ովքեր կործանում են (իրենց մարմինը) Աստծու տաճարը անառակությամբ, չարաշահելով: Աստվածաշունչը նկատի չունի նրանց, ովքեր Քրիստոսի սիրուց մղված ճգնակեցության են գնում»: Իսկ նա հանգստացնում էր ինքն իրեն ու ասում. «Մենք պետք է ինչպես հարկն է ուտենք, որպեսզի «չապականենք» (մեր պահեցողությամբ) Աստծու տաճարը (մեր մարմինը)»: Իսկ մի մարդ էլ, վանք այցելելով, իր տպավորություններով կիսվեց ինձ հետ. «Ես մի վանք էի գնացել, որտեղ վանականներն այնպիսի պահք էին պահել, որ հիվանդացել էին: Յուղի կաթսաներն ամբողջական էին մնացել: Ահա, թե ուր է հասցնում պահքն ու հսկումը»: Ի՞նչ ասես այս պարագայում: Այդպիսի մարդիկ չեն ուզում ոչնչից զրկվել: Նրանք իրենց ճաշը, մրգերն ու քաղցրաբլիթներն ուտում են, իսկ հետո, կամենալով արդարացնել իրենց՝ սկսում են ուրիշներին մեղադրել, նրանց, ովքեր խիստ ճգնակեցության սխրանքն են գործում: Այդպիսի մարդիկ երբեք այն հոգևոր ուրախությունը չեն ապրել, որ ճգնակեցությունն ու պահեցողությունն են տալիս: «Ես պետք է այսքան բաժակ կաթ խմեմ,- ասում է այդպիսի մարդը:- Չէ՜, պահք կպահեմ իհարկե: Սակայն հետագայում կլրացնեմ կաթի այն բաժակները, որոնցից օրգանիզմս զրկված է եղել պահքի ժամանակ: Չէ՞ որ անհրաժեշտ է այսքան սպիտակուց ստանալ»: Եվ բանը նրանում չէ, որ նրա օրգանիզմն իսկապես սպիտակուցի կարիք ունի: Ո՛չ, նա ասում է, որ իրավունք ունի (խմելու այդ կաթը) և հանգստացնում է իրեն նրանով, որ իր մոտ ամեն բան կարգին է, որ դա մեղք չէ: Բայց նույնիսկ միայն այդ կերպ մտածելն արդեն մեղք է: Ո՜ւր է հասնում մարդկային տրամաբանությունը: Մարդը (հաջողեցնում է) Եկեղեցու կողմից սահմանված պահքերը պահել, սակայն միևնույն ժամանակ չզրկվել նրանից, ինչ կորցրել է այդ պահքերի ժամանակ: Դե էլ ինչպե՞ս Սուրբ Հոգին կմնա (այդպիսի մարդու մեջ) դրանից հետո:
Իսկ տես, թե ինչպիսի բարեպաշտությամբ են առանձնանում որոշ ընտանիքատեր մարդիկ: Մի անգամ, մի շատ հասարակ մարդ, որ ինը երեխա ուներ, խոստովանության եկավ, և հոգևոր հայրն իր օրհնությունը տվեց Սուրբ Հաղորդություն ստանալու համար: «Է՜հ, հայր,- պատասխանեց նա,- ինչպե՞ս հաղորդվեմ: Ախր մենք յուղով ենք ուտում ճաշը: Քանի որ ես աշխատում եմ: Երեխաներս՝ նույնպես»: «Իսկ քանի՞ երեխա ունես»,- հարցրեց նրան հոգևորականը: «Ինը»: «Իսկ շա՞տ յուղ եք ավելացնում ճաշերին»: «Երկու գդալ բուսական յուղ»: «Եվ որքա՞ն յուղ է բաժին հասնում քեզ դրանից, ա՜յ իմ թշվառական,- բացականչեց հոգևոր հայրը,- գնա և Սուրբ Հաղորդություն ստացիր»: Տասնմեկ հոգու համար միայն երկու գդալ բուսական յուղ: Դեռ խիղճն էլ տանջում էր նրան:
Ես աշխարհիկ մարդկանց էի ճանաչում, որ օրհնվել էին այն ճգնակեցությունից, որ գործում էին: Ոչ շատ վաղ անցյալում, Սուրբ Լեռան վրա մի աշխարհիկ մարդ էր աշխատում իր որդու հետ: Նրանք բավական երկար ժամանակ աշխատեցին Աթոսում: Այնուհետև իրենց հայրենի վայրերում լավ աշխատանք ճարվեց և հայրը որոշեց մեկնել Սուրբ լեռից՝ իր հետ տանելով նաև երեխային, որպեսզի ողջ ընտանիքը միասին ապրի: Սակայն որդին հիացած էր վանականների ճգնավորական կյանքով և հիշելով աշխարհիկ կյանքի պատճառած հոգեկան խռովությունները՝ չցանկացավ վերադառնալ: «Հա՛յր, դու ուրիշ երեխաներ էլ ունես,- ասում էր նա,- մեկին թող Ամենասուրբ Աստվածամոր Այգում»: Նա տեղի չտվեց հոր հորդորներին, և հայրը ստիպված եղավ որդուն Սուրբ լեռան վրա թողնել: Այդ տղան գրագետ չէր, սակայն շատ ուշադիր էր, նա մեծ բարեպաշտություն և պարզություն ուներ: Նա իրեն անարժան էր համարում կուսակրոն ձեռնադրվելու համար, քանի որ կարծում էր, որ կուսակրոնի կանոններն իր ուժերից վեր կլինեին: Եվ ահա նա մի փոքր խուց գտավ, որը նախկինում որպես մսուր էին օգտագործում բեռնակիր կենդանիների համար, դուռն ու լուսամուտը քարերով ու ճյուղերով փակեց և միայն մի փոքր ճեղք թողեց, որպեսզի դրանով դուրս ու ներս սողա: Ներսից իր «որջը» ինչ-որ տեղից գտած մի հնամաշ վերարկուով էր պատում: Նա նույնիսկ կրակ չէր վառում: Թռչունների բներն ավելի լավ բնակատեղի էին, քան նրանը, կենդանիների որջերն ավելի լավ տներ էին, քան այն, որտեղ նա էր ապրում: Սակայն այն ուրախությունը, որ այդ հոգին ուներ, չունեն նույնիսկ նրանք, ովքեր շքեղ դղյակներում են ապրում: Քանի որ այդ մարդը հանուն Քրիստոսի էր ճգնում, և Քրիստոս նրա կողքին էր, ոչ միայն նրա խցում, այլև՝ նրա հոգևոր տանը՝ նրա մարմնում ու սրտում: Դրա համար էլ նա Դրախտում էր ապրում: Հազվադեպ դուրս էր գալիս իր որջից և ինչ-որ խուց էր գնում, որտեղ եղբայրները զբաղվում էին բանջարանոցի գործերով: Նա օգնում էր եղբայրներին և դրա դիմաց մի քիչ պաքսիմատ ու ձիթապտղի հատիկներ էր ստանում: Եթե նրան աշխատանք չէին տալիս, ապա այդ պաքսիմատն ու հատիկները չէր վերցնում: Նա համարում էր, որ իր աշխատանքով կրկնակի պիտի վճարի այն օրհնությունների համար, որ ստանում էր: Նրա հոգևոր կյանքի մասին, իհարկե, միայն Աստված գիտեր, որովհետև նա անհայտության մեջ էր ապրում, պարզ ու անաղմուկ: Սակայն շատ բան կարելի է հասկանալ մի դեպքից հետո, որ հետագայում հայտնի դարձավ: Մի անգամ նա մի վանք մտավ և հարցրեց, թե երբ է սկսվում Մեծ Պահքը, չնայած, որ գրեթե ողջ տարին Մեծ Պահք էր այդ մարդու համար: Այնուհետև նա գնաց իր «որջն» ու փակվեց: Համարյա երեք ամիս անցավ, իսկ նա նույնիսկ չնկատեց դա: Հետո դուրս եկավ իր խցից և գնաց վանքերից մեկը, որպեսզի հարցնի, թե երբ է Սուրբ Հարության տոնը: Նա մասնակցեց ծառայությանը, Սուրբ Հաղորդություն ստացավ Պատարագի ժամանակ և այնուհետև հայրերի հետ ճաշի գնաց: Ճաշին նա կարմիր հավկիթներ տեսավ: Դա Զատկին հաջորդող երեսունիններորդ օրն էր, երբ վերջին անգամ է եկեղեցում երգվում «Քրիստոս հարյավ»-ը և Սուրբ Հարության այլ շարականները: Նա տեսավ և հարցրեց եղբայրներից մեկին. «Լսիր, մի՞թե արդեն Սուրբ Զատիկն է»: «Ի՞նչ Սուրբ Զատիկ,- պատասխանեց նա,- վաղն արդեն Համբարձման տոնն է»: Այսինքն, այդ մարդը ոչ միայն Մեծ Պահքն էր պահել, այլև հաջորդ քառասուն օրերն էլ էր պահքի մեջ եղել: Ահա այսպես նա ճգնեց մինչև իր մահկանացուն կնքելը: Մի որսորդ գտավ նրան մահվանից երկու ամիս անց և ոստիկանությանն ու բժշկին հայտնեց այդ մասին: «Նրա մարմնից ոչ միայն դիակահոտ չէր գալիս,- պատմեց ինձ բժիշկը,- այլև անուշահոտություն էր բուրում»:
* Սուրբ Հայրերին ուղղված ընդհանուր շարականին. «Անապատական և հրեշտակակերպ»:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի