Գաղատացիներ 5.2-15
2 Ահաւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի: 3 Վկայում եմ թլփատուող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել: 4 Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրուած էք, շնորհից ընկած. 5 որովհետեւ մենք Հոգու միջոցով հաւատից ենք սպասում արդարութեան յոյսը. 6 քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում: 7 Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդուէք ճշմարտութեանը: 8 Այս թելադրանքը նրանից չէ, ով ձեզ կանչում է: 9 Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգուածը: 10 Իսկ ես վստահ եմ ձեզ վրայ Տիրոջով, թէ ուրիշ կերպ չէք խորհում. եւ ով ձեր միտքը խռովում է, դատաստան կկրի, ով էլ լինի: 11 Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում: Ապա ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է: 12 Երանի՜ թէ արմատախիլ լինէին նրանք, որ ձեր միտքը խռովում են: 13 Եղբայրնե՛ր, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց. 14 որովհետեւ ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ»: 15 Իսկ եթէ միմեանց խածոտէք եւ յօշոտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք:
Ավ. ըստ Ղուկասի 5.17-26
17 Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: 18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: 19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ՝ Յիսուսի առաջ: 20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: 21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: 22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին), քեզ եմ ասում. վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: 26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»: