Իմաստ. Սողոմոնի 14.1-8
1 Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը, 2 քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել, 3 սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝ 4 ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու: 5 Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ: 6 Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի. 7 քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում, 8 եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց:
Եսայի 33.22-34.1
33.22 Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ: 23 Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը: 24 Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն: Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու:
34.1 Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ:
Ա Կորնթացիներ 1.18-24
18 որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծոյ զօրութիւն. 19 քանի որ գրուած է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»: 20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ դպիրը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ: 21 Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ: 22 Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտրում, 23 մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների. 24 բայց նրանց համար, որ կանչուած են՝ հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծոյ զօրութիւնն ու Աստծոյ իմաստութիւնն է.
Ավ. ըստ Մատթեոսի 24.27-36
27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: 28 Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: 29 Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: 36 Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: