2. Ըստ կանուխ գիտութեանն Աստուծոյ Հօր, սրբութեամբ Հոգւոյն, ի հնազանդութիւն և ի հեղումն արեանն Յիսուսի Քրիստոսի:
Ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով:
Վայելուչ և գեղեցիկ սովորություն է սրբերի և հատկապես Աստծուց ազդված այրերի մոտ, երբ սկսում են իրենց խրատական խոսքը, բազմիցս հավատքի մասին են խոսում և իրենց խրատի հիմքը դնելով հավատի վրա՝ վարժեցնում են դրան, ինչպես այստեղ երանելի Պետրոսի պարագայում է: Ուստի և սկսելով իր գործը, նախ հարգանքի է արժանացնում նրանց, ովքեր առաքինությամբ են զարդարված և հավատքի մեջ ծաղկած, այնուհետև անմիջապես մտցնում է հավատի խոստովանությունը՝ երեք անձերի և մի բնության ու աստվածության մասին՝ ցույց տալով կամքի հավասարությունը, թեև աստվածային գործերն անճառելի են, անիմանալի ու անասելի և որոշ բաներ չեն կարող սահմանվել: Քանզի ով մի անգամ որևէ բան է ասում նրա մասին, նրան սահմանում է որպես անգո՝ յուրաքանչյուրի տարբերությունն ու յուրահատկությունն առաջ բերելով՝ հաստատում է անձնավորությունը: Քանզի, թեև ոչնչով չեն բաժանվում, բացի անձերից, սակայն նա առանձին հատկություններ է առաջ բերում, ոչ թե բաժանելու համար, քավ լիցի, այլ հատկապես՝ ավելի միավորելու և անձնավորությունը խոստովանելու համար: Ուստի և նրանց համար է այսպես գրում, ովքեր մի անձ և մի բնություն են խոստովանում, որոնք տարբերվում են միայն անուններով, երկյուղում են նրանից, որտեղ վախ չկա, որովհետև ասում են, թե երեք տարբեր անձեր չեն կարող մի բնություն լինել:
Այդ պատճառով էլ ասում է. ըստ Հայր Աստծու կանխագիտության: Եվ Հորը տալով կանխագիտությունը, Որդուն և Հոգուն չի զրկում նախագիտությունից: Ուստի այն, ինչ աստվածությանն է ու առաջին բնությանը, ընդհանուր է, սակայն հայրությունը Որդունը չէ, ոչ էլ որդիությունը՝ Հորը և Հոգուն, և անճառելի բխումը Որդունը և Հորը չէ: Իսկ կանխագիտությունը Հորը տալով՝ բացահայտ վկայությամբ ցույց է տալիս, որ ինչ մեկ անգամ աստվածային բարեգործությամբ եղավ մարդկային բնության համար՝ փրկություն չարից, ազատություն մեղքից և որդեգրություն Աստծու՝ Որդու և Սուրբ Հոգու միջոցով, ապա Հոր կանխագիտությամբ նախապես սահմանվել էր նախքան աշխարհի լինելը՝ Հոր փառքով: Եվ սա է նշանակում ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով:
Նորից՝ սրբագործությունը Հոգուն տալով՝ Հորն ու Որդուն չի առանձնացնում սրբագործությունից, քանզի սուրբ է Հայրը, սուրբ է Որդին, սուրբ է նաև Սուրբ Հոգին, ոչ թե տարբեր սրբություններ են ստացել, այլ՝ մի սրբություն Հորից ստանալով, որովհետև միակ սուրբ Հորից ծնվեց սուրբ Որդին և բխեց Սուրբ Հոգին, ըստ սերովբեների վկայության՝ երեք անգամ սուրբ ասելով և մեկ անգամ՝ Տեր:
Իսկ այստեղ սրբությունը Հոգուն տալով՝ անջրպետ է դնում արարչական Հոգու և արարածի միջև, քանի որ ըստ Սուրբ Գրքի վկայության՝ հոգի են հրեշտակները, հոգի ենք նաև մենք՝ հողեղեն պատկերի մեջ դրված, բայց ոչ թե ճշմարիտ հոգի, քանի որ ստեղծված ենք: Ուստի և միակ ու ճշմարիտ Սուրբ Հոգին Աստծու Հոգին է, հետևաբար նրա բնությունից է, այլ ոչ թե նրա բնությունից դուրս, իսկ մնացած բոլոր հոգիները, ինչպես որ նրանից վերցրին էությունը և լինելությունը, այդպես էլ նրանից ունեն հավետ սրբություն և հավիտենականություն:
Հետևաբար ասում է. Հոգու սրբագործումով՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով: Այն հատկությունը, որ պատշաճ է աստվածությանը, ինչպես ասվեց, ընդհանուր է. թե՛ կանխագիտություն, թե ՛սրբություն և այն ամենն, ինչ բնությունից է, քանզի Որդին չունի մի բան, որ Հայրը չունենա, և ոչ էլ Հոգին չունի մի բան, որ Որդին չունենա, և սրանք ըստ աստվածության են, իսկ Որդու առանձին հատկությունը, այն, ինչ տնօրինաբար ստացավ և մարդանալով կրեց, ինչպես որ այստեղ հայտնապես ցույց է տալիս:
Հնազանդվելու համար, ասում է, Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով: Այս հատկությունը ոչ իրապես Հորն է ասում և ոչ էլ Սուրբ Հոգուն, քանզի նրանք չմարմնացան, այլ առավել նրան, ով մարմնացավ և իր անհուն աստվածությունն ու մեծությունը բովանդակեց մարմնի մեջ և իր անսահման բնությունը սահմանի մեջ առավ՝ խառնելով մեր բնությանը, և մեր բոլոր հատկությունները յուրացրեց՝ բացի մեղքից, ինչպես նաև կրեց այն հատկությունը, որը հար և պատշաճ էր մեր բնությանը:
Իսկ հնազանդվելու համար ասելով կարծում եմ ծածկապես այն նկատի ուներ, ինչի մասին Պողոսը հայտնապես գրեց. «Հնազանդ եղավ Հորը մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փիլ. 2:8): Արդ, Որդու հնազանդությունը Հորը, ասում են, թե կամքի կատարումն է, այլ ոչ թե առաջին անհնազանդության մատնանշումը, այն, որի մասին ինքը՝ Տերը, խոստովանելով ասաց. «Կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է» (Հովհ. 4:34), և կամ՝ «Մնում եմ նրա սիրո մեջ» (Հովհ. 15:10), և նորից. «Ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, որ ինձ առաքեց» (Հովհ. 5:30): Եվ առաքչի կամքն այն էր, որ Որդու մահվամբ փրկվեն արարածները, որի համար էլ նրան աշխարհ ուղարկեց, և դա՝ նախահոր՝ Ադամի անհնազանդության պատճառով, որի համար ապականություն մտավ բնության մեջ: Իսկ մեր Տերն իր վրա կրելով Ադամի եղծված պատկերը՝ դրանով հնազանդվեց Հորը, որպեսզի մարդկանց տա կյանք ու անապականություն: Եվ քանի որ անհնազանդությունը ծառի պտղի ճաշակման և անմահ բնությունն աստվածացնելու պատճառով եղավ, որով մահը թագավորեց, իսկ հնազանդությունը նրա փոխարեն ցույց տվեց՝ հանձն առնելով խաչի մահը, որով էլ կյանքը թագավորեց: Ուստի ասաց. «Հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փիլ. 2:8):
Սրանք երկուսն էլ՝ Պետրոսն ու Պողոսը, այստեղ միաբանվելով, Քրիստոսի չարչարանքների և մահվան տնօրինությունն են հավաստիացնում լսողների ականջին, և որքան հնարավոր է և պատշաճ նաև խոսքով են մեզ մատուցում: Նաև նրանց համար, ովքեր, թեև իրենց աչքերով չեն տեսել նրա չարչարանքները, սակայն ականջով լսածը որպես աչքով տեսածի հավատան: Ուստի և տարբեր խոսքերով ամբողջ բովանդակությունն են ցույց տալիս. մեկը՝ Հորը հնազանդվելը մինչև մահ և խաչ, իսկ մյուսը՝ հնազանդության միջոցով պատկառելի արյունն է մեջբերում, Հոր կամքի հետ համաձայնությունը, պաշտելի հրեշտակներին և բոլոր գերերկրային զինվորություններին, բանսարկուի վշտանալը, բոլոր մեղքերի մաքրումը, աշխարհին թանկ գնով գնելը և մարդկային ցեղի փրկությունը, դևերի համար ահարկուն և Ադամի որդիների ազատությունը նրանց ծառայությունից:
Շնորհք ընդ ձեզ և խաղաղութիւն բազմասցի:
Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեր վրա:
Սրանք պատրաստվում էր ասել և Աստծու մեծ մարդասիրության փակված դռները բացել նրանց առջև, դա էր պատճառը, որ նախ և առաջ սկզբում նրանց մտքերում հաստատեց և ահավորով պատկառեցրեց, որպեսզի ընդունայն շնորհները չընդունեն և աշխարհային խաղաղություն չսպասեն, այլ պարգևները համարեն Աստծու անսպառ և անսահման գթության արդյունք: Կարծես ասելով՝ այս շնորհը և խաղաղությունը, որ ձեզ տրվեց Հոր կանխագիտությամբ և Հոգու սրբությամբ ու Քրիստոսի չարչարանքներով, գործ է և խորհուրդ, որպեսզի այս իմանալով շնորհները չարհամարհեն և երախտավորի հանդեպ ապերախտ չգտնվեն:
Արդ, իմանում ենք երկու բարձր գաղափար այս շնորհների և խաղաղության մասին, քանզի կա, որ նյութական է և զգալի, և կա, որ իմանալի է և աննյութ: Քանզի այն, ինչ նյութական է և տեսանելի, առարկաների միջոցով է երևում, ուխտով է սահմանվում և կապվում, և դրանից առավել սրանց մասին ոչինչ հայտնի չէ, ոչ երևացող և ոչ էլ պատկերի կարիք կա, որ նրանց առջև դրվի, որով իմանան:
Իսկ նյութականը և իմանալին անհուն է ու անսահման, որևէ տեսակով չի չափվում և ոչ մի տեղ չի բովանդակում, և մտքի մեջ չի մտնում, այլ պարուրված կա և մնում է տվողի մոտ և վերցնողի համար երանություններ է գործում:
Իմանալին ու աննյութն էլ երկու տեսակի են բաժանվում: Մեկը արարչական պարգև է և Աստծու կողմից ուղղորդված արժանի գործ՝ աստվածային և աստվածարար, որը բարի է, չի պակասում և չի աճում, ուստի և բոլոր բանականները հավերժ ստանում են նրանից և վայելում, և չի պակասում, քանզի անբաժանելի բնություն է, և ավելացում չի ընդունում, քանի որ անթերի է:
Իսկ մյուսը ձեռքբերովի է, թեև բնությունից ունենք այն, որով, եթե միշտ բարու կողմը նայենք, մենք էլ բարի կլինենք և ո՛չ խռովություն, ո՛չ պատերազմ չի կարող բաժանել մեզ բարուց, եթե երկնավոր շնորհի օրինակը մեր հոգիներում կրենք, որ ինքներս մեզանից ենք ստանում, և որ անխլելի կա և մնում է մեր մեջ:
Բայց նորից, առավել հայտնի խոսքով կասեմ. այն շնորհը, որ Աստծու կողմից է մեզ տրվել, ձրի է, ոչ թե առաքինության հաղթանակ է, այլ՝ պարգև, ոչ թե արդարության հատուցում է, այլ՝ մարդասիրություն, և ոչ էլ փոխադարձ վարձք, որպեսզի մեր արժանիքից դուրս մեզ երանելի դարձնի:
Նույնն է նաև երկնավոր խաղաղությունը, որ մեր Տերը տվեց իր աշակերտներին և նրանց միջոցով սփռելով՝ տարածեց՝ մտցնելով յուրաքանչյուր տուն, որպեսզի այնտեղի որդիները խաղաղություն գտնեն, և հանդարտվի վրդովված ու ալեկոծված բնությունը, որով երկարաժամկետ պատերազմը վերացրեց և կատարյալ խաղաղություն հաստատեց մեր մտքերում, սրտերում և հոգիներում:
Իսկ երկրորդ շնորհը խաղաղությունը կարգեց, հատկապես որ առաջինի լրումն է, և որ ինքներս մեզանից ենք ստանում, այլ ոչ թե միջնորդի միջոցով: Եվ ինչպիսի՞ն է այն. ամեն տեսակի բարերարություն տալ Հոգու շնորհների միջոցով, և ամեն տեսակի խռովությունները, որ մեղքի պատճառով են, մեկընդմիշտ հեռու վանել մեր մտքից, ինչպես Տերը՝ վաճառականին՝ տաճարից, և նման ձևով ճշմարիտ խաղաղությունը առանց խռովության բնակեցնել մեր սրտերում: Բայց եթե այս ամենը չպահենք և մեր կյանքը բարու մեջ չտնօրինենք իրապես, ապա ստորադաս կլինենք, քանզի, ինչպես Սողոմոնն է ասում. «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ» (Իմստ. Սղմ. 1:4), և Աստծու Սուրբ Հոգին փախչում է մեղքի մեջ ապրող մարդուց:
Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեր վրա: Իրական բարի այս շնորհի ու խաղաղության մասին հայտնեց նաև աստվածային Պողոսը, հատկապես, երբ ինքն էլ ճաշակել և իմացել էր, որ աստվածային ողջույն է, այլ ոչ թե աշխարհային պարգև, դրա համար էլ իր բոլոր թղթերի սկզբում և վերջում այսպես է կարգում՝ սրանով հաստատելով աշակերտների հոգիները: Քանզի Ավետարանին աշակերտողների համար առավել տիրական պատճառ չկա, քան շնորհներ ստանալը, որոնցից է նաև խաղաղությունը և հատկապես նրանց համար, ովքեր իրենց անձերն ըստ արժանվույնս զարդարեցին աստվածային պարգևների համար: Ուստի և տալով այս՝ ընկածներին կանգնեցնում է, մեղքով մեռածներին հարություն տալիս, մտքի պակասությունը լրացնում և լքված մտքերը հաստատում, իսկ նրանք, ովքեր զգուշությամբ են ապրում, թույլ չի տալիս, որ ընկնեն:
Այլ թերևս շնորհ է կոչում նաև Սուրբ Հոգուն՝ բոլոր շնորհների պարգևողին, որ մեր Տերը տվեց իր աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելով, իսկ խաղաղություն նույն ինքը՝ Քրիստոսն է կոչվում, այն, որի մասին նաև Պողոսն ասաց. «Նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց» (Եփես. 2:14) և հաշտեցրեց Հորը արարածների հետ, և նորից. «Խաղաղություն արեց խաչի վրա թափած իր արյամբ» (Կողոս. 1:20):
Արդ, հոգևոր ողջույնի միջոցով տալով սրանք կարոտյալներին, ինչո՞ւ չեն լցվում աստվածային բոլոր շնորհներով և ամեն տեսակի հակասական խռովություն, մտքերի խառնակ հույզերի ու տրտմության տեղի տալով՝ չեն նահանջում: Որովհետև խոսքիս բուն գաղափարն աղոթքն է ու օրհնությունը՝ առաջին նզովքի փոխարեն, որ բոլորի վրա եղավ, այդ պատճառով պատվիրվեց քահանային հանապազօրյա աղոթք մատուցել ժողովրդի համար և փոխարենը նրանցից ստանալ ու հակառակը հակառակով բժշկել և օրհնությամբ անեծքը լուծարել: Հետևաբար, եթե ճիշտ է ասված, թե հայրերի օրհնությունը կզորացնի որդիներին, ապա որքան առավել հոգևոր հայրերի օրհնությունը կզորացնի հոգևոր որդիներին, որոնց հանդեպ անձուկ սիրով էին լցված և գթությամբ գերազանցում էին բոլոր հայրերին, որոնց համար տոչորվում էին, վշտանում և հառաչում: Քանզի ո՞ր սիրելի հայրը կամ ո՞ր գորովագութ մայրն այդպես աղիողորմ կողբա միակ մեռած որդուն, ինչպես Պողոսը նրանց վրա, որոնց Ավետարանով ծնեց, որոնց ընկնելու և երկմտելու ժամանակ ասում էր. «Որդյակնե՛րս, դուք, որոնց համար վերստին երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանվի ձեր մեջ» (Գաղատ. 4:19), և թե՝ «Կա՞ տկար մեկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ, կա՞ գայթակղված մեկը, որի համար իմ սիրտը այրված չլինի» (Բ Կորնթ. 12:29):
Վարդապետն ու վերակացուն պետք է ունենար այսպիսի սիրտ և միտք, այսպես անձուկ, գորովագին սեր, ինչպես օրինակով տեսնում ենք: Քանզի զուր չնտրեց նրանց Բանը, այլ որպեսզի լինեն նախապատկերի օրինակը վերակացուների և վարդապետների համար, քանզի նրանց հետևից պիտի գնան հաջորդները և իրենց փափագը տարածեն նաև աշակերտների մեջ՝ առավել գործով, քան խոսքով ցույց տալով վարդապետությունը: Ոչ միայն հաճախ խրատել և հանդիմանել, այլև՝ աղոթել, վշտակից լինել, որպեսզի արժանանան հոգևոր շնորհներին և խաղաղություն ունենան, ինչպես հոգևոր հայրերն ունեին: Այդ պատճառով էլ բոլորին շահում էին, բոլորին արթնացնում՝ բարին գործելու, բոլորին կապում էին Աստծու սիրով ինչպես շղթայով, բոլորին Հոգուն արժանի էին դարձնում, ամենուր Աստծու օթևաններն էին հաստատում:
Հորդորակ
Վա՜յ է ինձ և թշվառ եմ ես, քանզի անչափելի հեռավորությամբ հեռացա նրանց ճանապարհից, և նրանց մոտ այնպես ենք, ինչպես խավարը՝ լույսի և կամ մահը՝ կյանքի, և սուտը՝ ճշմարտության: Որքան հեռու են արևելքն արևմուտքից, այդպես հեռու են մեր ճանապարհները նրանց ճանապարհից, և մեր խորհուրդները՝ նրանց խորհուրդներից: Եվ քանի որ քանդեցինք հայրենի ցանկապատը, այդ պատճառով բազմաթիվ օձեր խայթում են մեր կրունկները, և ամբողջ աշխարհի առջև խայտառակ եղանք, իսկ մեր թշնամիների համար՝ ծաղրի առարկա, և ճանապարհի անցորդները տրորում են մեզ ու անմնացորդ ոչնչացնում մեր հոգևոր այգին:
Եվ ինչո՞ւ է այս ամենը: Քանի որ Աստծու խոսքի վաճառական դարձանք՝ սեղանավորների մոտ տանելով ոչ թե ի շահ լսողների, այլ՝ մեր անձերի օգուտի համար, ոչ թե Աստծու փառքը գովաբանելու համար, այլ՝ մեր անձերի փառքի և գովության համար: Միայն խոսքով և լեզվով ենք շտապում խրատել, սակայն գործի մեջ թերի ենք, չենք ջանում հոտի համար և ոչ էլ աղոթում ենք նրանց փրկության համար, ոչ արտասուքով խրատում ենք և ոչ էլ ողբալով աղերսում, ոչ հառաչելով աղաչում ենք, այլ ամբարտավանությամբ ենք խոսում և վրեժխնդրությամբ հանդիմանում և մեր խոսքը գեղեցիկ զարդարելով՝ ճառում: Մինչդեռ Պողոսն այդպիսին չէր, նա երկու տարի այդքան բազմությանը յուրաքանչյուրին առանձին-առանձին արտասուքով խրատեց և այն էլ ինչպես. «Բազում վշտերի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով» (Բ Կորնթ. 2:4): Իսկ մենք տեսնում ենք մեր հոգևոր որդիներին գազանի կողմից հոշոտված և ահավոր պատառոտված, սակայն բնավ չենք ցավում նրանց կորստյան համար, չենք տխրում, չենք տրտմում, այլ հակառակը՝ բամբասում ենք և ծաղրելով՝ անարգում ու կեղեքելով նրանց վերքերը հրապարակում ենք՝ չամաչելով և չակնածելով պատվիրանից, որ հրամայում է մեզ ընկերոջը սիրել սեփական անձի պես, և հոր պես գթասիրտ լինել հոգևոր որդիների հանդեպ: Թերևս մեզ է պատշաճում մարգարեական առակը, որով մարգարեն Աստծու անունից սպառնում է՝ ասելով. «Ո՛վ հովիվներդ Իսրայելի, ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտը չեք արածեցնում, տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք փայփայել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին չեք դարձրել, կորածին չեք փնտրել» (Եզեկ. 34:3-4), և բնավ ցավ չեն զգում հոտի կորստյան համար, արդ ես, ասում է, դատելու եմ նրանց իմ բարկության դատաստանով և իմ ժողովրդին այցելելու եմ բարությամբ:
Արդ, այս անխուսափելի դատաստանը նաև մեր առջև է, և չենք զարհուրում, ու ոչ էլ գետինն ենք մտնում: Հատկապես այս մյուսի համար, որն առավել սարսափելի ու անտանելի է, որ բոլոր մտքերը շարժում է և սրտերը՝ դողացնում, որովհետև Աստված մեզ վերակացու կարգեց, իսկ մենք անհոգ գտնվեցինք, հետևաբար ասում է. «Անօրենն իր անօրինությունների մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ» (Եզեկ. 33:8): Տեսնո՞ւմ ես արտասուքի արժանի սպառնալիքը, տեսնո՞ւմ ես պատժի սոսկալի տոկոսը և փոխարենը հատուցում, թե ինչի համար ինչ ենք ժառանգելու:
Արդ, սթափվենք այսպիսի խելագարությունից, եղբայրնե՛ր, ինքներս մեզ նայենք և ճշմարիտ օրինակի նկարագիրը մեր մտքերում պահենք: Նախ և առաջ բարեգործությամբ մեր անձերը շահենք, ապա ուրիշներին բարի օրինակ լինենք գործով առավել, քան խոսքով խրատելով, որովհետև գործի արդյունքներն ինքնին կաղաղակեն բարի գործերի մասին, լինի դա խոնարհություն, ժուժկալություն, աղքատություն, և նմանատիպ այլ բաների համար խոսքի ճարտարությունը պետք չի գա, քանզի աչքի տեսածը վկայում է բարին, որն ավելի հավաստի է քան ականջի լսածը, ինչը կասկածելի է:
Եվ ըստ Պողոսի. «Որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն» (Հռոմ 2:13), և երկյուղը բարի է նրանց համար, ովքեր կատարում են այն և ոչ թե միայն քարոզում: Ուստի այս ամենը մեկընդմիշտ իմանալով, միայն քարոզիչներ չլինենք, այլև՝ կատարողներ: Ճշմարիտ հովիվների՛ն հետևենք, որոնք ամեն ժամ երկուսն էլ կատարեցին և մատակարարեցին, ու եղան մշակներ առանց ամոթի՝ օրենքով գործելով հոգևոր այգում և առանց մոլորության առաջնորդելով բանավոր հոտին՝ արածելու դալար վայրերում և հանդարտ ջրերի մոտ սնուցելու և հատկապես՝ հեռացնելու գայլերից ու բժշկելու վիրավոր հոգիները:
Մենք ևս նախ մեր անձերը շահենք, դարմանենք ու բժշկենք, այստեղ իսկ մեզ կոչելով աստվածային շնորհներին և երկնային խաղաղության, և ապա ուրիշներին մատուցենք՝ խրատելով և հաստատելով նրանց առաքելական վեմի վրա, որպեսզի սաստիկ հողմերը, անձրևների հարվածները և գետերի հորձանքները չկարողանան շարժել աստվածային շնորհներով և երկնային խաղաղությամբ հիմնադրված տունը: Աստծուն տեսնենք որքան հնարավոր է և հանուն Աստծու սիրո՝ ընկերոջ հանդեպ մեր սերը հաստատուն պահենք, սիրենք ինչպես եղբայրների, պատվենք ինչպես հարսերի և գթանք ինչպես որդիների, որպեսզի մենք էլ կարողանանք ասել. «Ահավասի՛կ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Եբր. 2:13), և փոխարենը նրանից ժառանգել երկնքի արքայություն, շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՛ռք, պատի՛վ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը