3. Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ բազում ողորմութեան իւրում ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի, ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց:
Օրհնյա՛լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ:
4. Յանեղծ և յանարատ և յանթառամ ժառանգութիւնն, որ պահեալ է յերկինս ձեզ:
ծնեց անկեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար,
Մեկնություն
Հերթականությամբ խոսեց աստվածային շնորհների և երկնային խաղաղության մասին և հատկապես նրանց միտքը կենտրոնացրեց՝ խոսքը լսելու, որպեսզի չբավարարվեն միայն օրինակով, այլ՝ ձգտեն կենդանի պատկերին, որը կարող է սկզբնական կերպարանքը նորոգել և առաջին պատկերը ստանալ: Եվ սա ոչ թե չնչին բան է, այլ նոր արարչագործություն: Նախ և առաջ Աստծու շնորհների ու խաղաղության, ապա նաև մեզ համար է ջանում, նրա՝ տալով և մեր՝ ոչ միայն առնելով, այլև՝ գործի վերածելով: Ոչ թե ըստ առաջին՝ անախտ արարչությամբ, որով պատվի արժանացանք և նրանով էլ ախտավոր ու անհնազանդ դարձանք, որով նաև անշնորհակալ գտնվեցինք և դատապարտվեցինք, ու քանի որ չգոհացանք բարի ստացվածքից, չօրհնեցինք մեր Ստեղծիչին և պարգևատուին, չմտաբերեցինք մեր ազատությունն ու անախտությունը, անցավ կյանքն ու հրեշտակային վարքը, ամենաբարի տեղը և փափկության վայրը, աստվածային զանազան շնորհների առավելությունը, առանց հակառակության ու պատերազմի հանգիստը, որով չկրթվեցինք, ուստի և տարագրվեցինք աստվածային վայրից, փշով, քրտինքով ու ցավով դատապարտվեցինք և հող դարձանք:
Եկավ մեր Տերը, նորոգեց արարչությամբ, ոչ թե հողեղեն պատկերն առնելով, այլ աստվածային պատկերն անճառ միավորությամբ հողանյութ զանգվածիս հետ խառնելով, հողեղենս աստվածացրեց և Հոր աջ կողմում նստեցրեց: Եվ մի այլ ազատություն ու անախտություն շնորհեց մեզ, քան առաջինն էր. առանց ցավի կյանք, հրեշտակային վարք, դրախտի փոխարեն եկեղեցի տվեց, կենաց փայտի փոխարեն՝ խաչ, հանգստյան վայրի փոխարեն՝ երկնային հանգիստ և մահաբեր պտղի փոխարեն՝ անմահականը, իսկ անեծքն ու փուշը, քրտինքն ու ցավը, և մահն ամբողջովին իր մարմնի վրա վերցրեց: Եվ այսպիսի ու այսքան շնորհներով զարդարեց ու փառքով պսակեց, հոգևոր խաղաղություն պարգևեց, նոր ու աստվածատուր օրենք սահմանեց, վերակացուներ կարգեց առաքյալներին, մարգարեներին, հովիվներին ու վարդապետներին և հնազանդություն պահանջեց:
Իսկ նա, ով գլխավորն ու առաջնորդն էր այս շնորհների, և նրա վրա կառուցվեց եկեղեցին, ծանուցելով պարգևների մեծության մասին, հատկապես, որ ճաշակել էր շնորհների քաղցրությունը Հոգու փչմամբ, եկեղեցու միջոցով, բոլորի կողմից սկսեց օրհնել Աստծուն և փոխարենը բանավոր կերպով փոխհատուցել, և մյուսներին էլ հորդորել հետևյալ կերպ.
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի. սրբերի սովորությունն է, և հատկապես՝ առաքյալների ու մարգարեների, քանզի երբ սկսում են Աստծու անճառելի շնորհները մտաբերել և խոսքով ճառել դրանց մասին, կարծես թե նրանում են տեսնում ահավոր խորհուրդը, անքննելիությունն ու Աստծու մարդասիրության առավելությունը, և Աստծու շնորհների զանազանությամբ հիանում ու զարմանում են: Եվ քանի որ բավարար կարողություն չունեն՝ հատուցելու այդ երախտիքի վարձը, ուստի մշտապես իրենց վարժեցնում են օրհնությանն ու գոհությանը: Եվ մարգարեների գրեթե յուրաքանչյուր խոսքն ու Դավթի սաղմոսերգությունները դրան են ուղղված: Եվ առաքյալների նշանակությունն ու նրանց ավետարանչությունը, Բաբելոնի երեք մանուկների երգը մեզ դա է սովորեցնում՝ օրհնաբանել Աստծուն իր բոլոր արարածներով հանդերձ: Ուստի գիտեին, որ մեր օրհնությունը չափազանց քիչ է Աստծու պարգևների մեծության դիմաց, դրա համար էլ ամբողջ արարչական բնությանը՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա կանչում էին օրհնաբանության, որպեսզի դրա միջոցով գոնե մի փոքր մասը վճարեին այդ սիրո դիմաց: Թող ոչ ոք Աստծուն օրհնություն մատուցելը փոքր բան չհամարի, այլ՝ մեծ սիրո դրսևորում և Աստծու հետ ընտանություն ու հրեշտակային գործ, որովհետև անմարմին բնությունները և վերին դասապետությունները որևէ այլ բան չունեն Աստծուն տալու, բացի նրան օրհներգելուց և փառավորելուց, քանի որ նրանց գեղեցիկ պարը և ձայնային բոլոր հնչյունները, ուրախության տոնը, զանազան մեղեդիներով երգերը և հանգավոր խոսքն Աստծուն օրհնություն ու փառաբանություն է: Դրա համար էլ Հոգու նախախնամությունը, որ տնօրինում է մեր փրկությունը, փոփոխելով հաստատեց դա եկեղեցում, որպեսզի մարդիկ էլ՝ ըստ սերովբեների սրբաբանության, փառավորեն Աստծուն:
Եվ նրա փոխարեն, որ Ադամը չգոհացավ դրախտի փափկությունը վայելելու համար և չփառավորեց պարգևատուին, այլ զլացավ շնորհների մեջ, որի պատճառով էլ մերկացավ փառքից ու կորցրեց պարգևները, հետևաբար, նրանց հակառակ, Սուրբ Հոգին սովորեցրեց գոհություն մատուցել պարգևների և փառավորել շնորհների համար և զորանալ աստվածությամբ: Դրա համար էլ ասում է. Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
Ոչ միայն մեզ սովորեցնում է բանավոր օրհնություն երգել, այլև առավել մեծ ավանդություն է տալիս խոսքով. խոստովանել Որդուն Հոր բնությունից՝ նրան համանման և հավասար, ծնունդ, այլ ոչ թե արարած, քանզի Հորը խոստովանելով՝ նրա հետ մեկտեղ խոստովանվում է նաև Որդին, որովհետև Հայրը առանց Որդու չէ, և Որդի անվանելով, անվանվում է նաև Հայրը, քանզի չի կարող Որդին լինել առանց Հոր: Եվ այն դավանությունը, որ ինքը Հոր հայտնությամբ դավանեց Որդուն՝ ասելով. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16:16), դրանով եկեղեցում օրհնության ձև ներմուծեց՝ ասելով. Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար:
Սրանով ցանկանում է մեզ հայտնել Աստծու սիրո անսահման զորությունը, թե ինչպիսի սիրով սիրեց մեզ և կամ ինչի փոխարեն ինչ պարգևեց մեզ, որովհետև թշնամի էին Աստծու, սակայն նա իր սիրելի ու միածին Որդուն տվեց մեզ: Մենք, որ նույնիսկ երկրավոր բարության արժանի չեղանք, նա մեզ երկինք հրավիրեց և այնպիսի ու այնքան բարիքներ խոստացավ, որ մարդու մտքով անգամ չի կարող անցնել, և որ մարմնավոր կենդանությանն անգամ անարժան եղանք, սակայն նա մեզ հավիտենական կենդանություն պարգևեց, ոչ թե մի ուրիշ բան, այլ՝ իրենը, հավիտենականն ու անանցանելին, հրեշտակներին համապատիվ դարձրեց և նույնիսկ նրանցից առավել և բարձրագույնի՝ իր աջ կողմում նստեցրեց:
Եվ քանի որ այսպիսի բաների մասին էր պատրաստվում խոսել, ապա նախապես օրհնում է Աստծու ամենափրկիչ բնությունը և շնորհակալ է լինում երախտավորին, այնուհետև սկսում թվարկել նրա երախտիքները:
Շնորհների այսպիսի մեծության մասին գիտեր նաև աստվածընկալ Պողոսը, և այդ է պատծառը, որ խոսքը բազմիցս սկսում է օրհնությամբ և փառաբանությամբ, ինչպես որ ասում է. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ» (Եփես. 1:3), և նորից հորդորում է գոհանալ Հորից. «որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին. նա փրկեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց արքայությունն իր սիրելի Որդու» (Կողոս. 1:12-13):
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են այս երկուսը միաբերան փառավորում Աստծու երախտիքները և բոլորի առջև ահավոր ու պատկառելի ներկայացնում: Արդ, բոլոր արարածները, որ փրկվեցին Հիսուսի միջոցով, շնորհապարտ են Հորը, և նույն միտքն ու խոսքն են ասում: Քանզի այն, ինչ աստվածընկալ Պետրոսն ասաց մկրտության ժամանակ անճառելի շնորհների արգասիքի, կենդանի հույսի և Քրիստոսի միջոցով հարության մասին, նույնը նաև Պողոսն ասաց հոգևոր օրհնությունների, հավիտենական բարիքի, խավարից դեպի լույսի և սրբերի վիճակին արժանի լինելու և իր սիրելի Որդու միջոցով մեզ արքայություն փոխադրելու մասին: Բայց մոտ լինենք աստվածային խոսքի տեսությանը, որպեսզի ճառը հայտնի լինի:
Օրհնյա՜լ է Աստված, ասում է, և Հայրը մեր Տեր Հիսուսի Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ: Տեսնո՞ւմ ես շնորհի առավելությունը, տեսնո՞ւմ ես պարգևների առատությունը, և ինչո՞ւ է հոգնակի դնում խոսքը, որպեսզի ցույց տա Աստծու անսահման գթությունը՝ ասելով. իր առատ ողորմությամբ: Եվ քանի որ մենք ոչ թե մեկ, այլ բազում ողորմության ենք կարոտ մեր բազմաթիվ պարտքերի պատճառով, որովհետև ողորմություն է մեր մահկանացու բնությունը կենդանացնելը, ողորմություն է մեր հիվանդությունները վերցնելը, մեկ ուրիշ ողորմություն է արդարացնելը, սրբելը և փառավոր դարձնելը, դարձյալ մեկ այլ ողորմություն է իր որդեգրությանն ու արքայությանը մեզ բաժնեկից դարձնելը:
Եվ գրում է, թե, քանի որ մեր բոլորի փրկությունն ու ազատությունը Աստծու հաճությամբ և ողորմությամբ վճարվեց, քանի որ հեթանոսները ողորմությամբ են փառավորում Աստծուն՝ ըստ իմաստուն Պողոսի, և եթե հեթանոսները, ապա նրանց հետ նաև հրեաները և բոլորը միասին: Ուստի և սրանով ճշմարիտ է դառնում Պողոսի խոսքը, թե. «Աստված բոլորին էլ արգելափակեց անհավատության մեջ, որպեսզի բոլորին էլ ողորմի» (Հռոմ. 11:31), դրա համար էլ բազում ողորմություն ասաց. որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար:
Կարծում եմ այստեղ անջրպետ է դնում մարմնավոր, ախտավոր ծննդյան և հոգևորի միջև, քանզի մարմնականն այս մարմինն է ծնում՝ մահկանացու և ախտավոր, իսկ վերստին ծնունդը, որը ջրից է և հոգուց, մեզ ծնում է հոգևոր ու անապական: Եվ քանի որ այս օրինակը հենց Տիրոջից ունենք, որ Նիկոդեմոսին ասաց. «որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի», և քանի որ նա զարմացավ՝ ասաց. «Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում, այդպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված» (Հովհ. 3:5-8): Իսկ նախքան այս ասելը մեկ անգամ արդեն վճռեց՝ փառավորելով պարգևի շնորհը և ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհ. 3:5): Եվ դրա հիմքը ինքն անձամբ դրեց՝ հոգևորապես վերստին ծնվելով՝ մարմնով մկրտվելով աստվածային բնությամբ Հովհաննեսի միջոցով Հորդանան գետում, որի ժամանակ երկինքը բացվեց, Հոգին իջավ և հայրական ձայնը նրան Որդի դավանեց, նրա միջոցով մեզ տալով այն կյանքի երաշխիքը, այդ ընծաների հանդեպ բոլորի մեջ սեր արթնացնելով ու ծագեցնելով, և ճշմարիտ հավատ, որ նաև մեր մկրտության ժամանակ բացվելու է երկինքը և իջնելու է Հոգին, և հայրական ձայնը մեզ իր որդիներն է համարելու՝ ոչ ի տես զգալի աչքերի և ի լուր ականջների, քանզի ուր ճշմարիտ հավատքն է, այնտեղ մարմնավոր տեսքի վայելում չկա:
Որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար: Քրիստոսի մահվան օրինակն ինքնին նկարագրվում է մկրտության ավազանով. երեք անգամ ընկղմել ջրի մեջ, որը նշանակում է Քրիստոսի երեքօրյա թաղումը, իսկ ավազանի մեջ իջնելը և ելնելը՝ Տիրոջ հարությունն է խորհրդանշում: Եվ այս ամենն իմաստուն ճարտարապետ Պողոսը զարդարուն և բազմօրինակ խոսքով մեզ է ուսուցանում՝ ասելով. «Մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով… մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին», քանզի ասում է. «եթե նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև նրա հարության նմանությամբ» (Հռոմ. 7:3-6):
Տեսնո՞ւմ ես մեռած լինելու և կենդանության օրինակը, քանզի, ինչպես մեկ գերեզմանում մահն ու հարությունը հրաշագործվեց. ժամանակավոր մահ և հավիտենական հարություն, այդպես էլ մեկ ավազանում մահն ու կյանքը ներգործում են, մահը՝ մեկ վայրկյան, իսկ կյանքը՝ հավիտենական: Նաև նույն ինքը՝ Քրիստոսը, երբ չարչարվեց, ոչ թե վայել չէր [նրան], այլ [հակառակը]՝ ճշմարիտ գործերի դրսևորում: Ուստի նրանում մահն ու կյանքը միմյանց հավասար ընթանում էին, քանզի մարմնով մեռավ և գերեզման դրվեց, իսկ կենդանի աստվածությամբ նստեց փառքի աթոռին՝ կենդանությամբ՝ մահ և մահվամբ՝ կենդանություն, որը հրաշափառություն է: Նույնպես նաև մկրտության ժամանակ է երևում մահն ու կյանքը, մահ՝ մեղքերի և ապականության հանդեպ, և կյանք՝ Աստծու պատկերով և տիրական մարդու: Ինչպես որ մարդն է օրինակ մահվան և կյանքի, քանզի ոչ մահն է առանց կյանքի և ոչ էլ կյանքը՝ առանց մահվան: Արդ, այս ամենը տեսնելով՝ ասաց. մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար: Եվ քանի որ հայտնի չէր խոսքի իմաստը, ապա հայտնապես ասում է. մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ: Ոչ թե, ասում է, ապականացու մարմնով առօրյա կյանքում կրել այդ կենդանությունը, որ մեռելությամբ մեզ վրա ներգործում է, այլ ճշմարիտ հույսով կենդանություն ակնկալել: Ինչպես որ մեր Տերն օրինակ ցույց տվեց, որ մի անգամ մեռավ և հավերժ կենդանի է և մահն այլևս չի կարող նրան տիրել: Այս հույսը նաև մենք ունենք մեր հարության ժամանակ, քանզի երբ սերմանվում ենք ապականությամբ և հառնում անապական, սերմանվում ենք տկարությամբ և հառնում զորությամբ, սերմանվում ենք անարգանքով և հառնում փառքով, սերմանվում ենք որպես շնչավոր մարմին և հառնում հոգևոր մարմնով, ապա կատարվում է գրվածը, թե. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորթն. 15:55): Իսկ այնուհետև ճշմարիտ կյանքն է մեզ թագավորում և մահվան իշխանությունը լուծարվում է՝ Քրիստոսի հարությամբ խափանվելով, քանզի մասնավորի միջոցով ընդհանուրի մասին ենք իմանում:
Ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար: Հերթականությամբ փառավորում է Աստծու շնորհները և լսողների միտքը համբառնում է առավել գերագույն բարձրություններ՝ կենտրոնացնելով այն մտքի վրա, թե ինչի արժանի եղան և կամ Հոր Աստծու ողորմությունը Քրիստոսի միջոցով ինչպիսի և որքան երանություններ առաջ բերեց նրանց համար:
Ասում է. Անեղծ և անարատ. մի՛ կարծեք, ասում է, թե երկրավորների և ապականացուների մասին եմ խոսում ձեզ հետ, որ այսօր մարդկանց աչքին վայելուչ են երևում, իսկ վաղը կորսվելու են և ապականվելու, քանզի սարդոստայնից էլ վատթար են, տկար և անարգ: Այլ անեղծի մասին եմ խոսում, ասում է, որ օր-օրի ավելի է նորոգվում և ինչքան ժամանակ է անցնում նրա վրա, այդքան առավել աճում և պտղաբերում է, չի հնանում և չի ապականվում, այլ մշտապես կա և մնում է անեղծ:
Ասում է. Անեղծ և անարատ. անեղծ ասելով՝ իր մեջ բովանդակում է աստվածային ամեն բարություն, քանզի ինչպես որ առաքինության և մարմնավոր որևէ պակասության դեպքում կատարյալ չեն կարող լինել և ոչ էլ անարատ, նույնպես նաև Աստծու պարգևների մասին պիտի իմանալ: Դրա համար էլ անարատ է ասում, այսինքն՝ անթերի, լի և կատարյալ:
Անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար: Անթառամ ասելով՝ նույնօրինակ մնալն է ցույց տալիս, ոչ թե ըստ մարմնավոր ծառի և ծաղկի օրինակի, որ մի փոքր ժամանակ կանաչագեղ են երևում և պայծառ, ապա թառամում են, չորանում և տգեղ երևում, այլ այն ժառանգությունը, ասում է, որ ձեզ համար կա և մնայուն է, անեղծ է ու անարատ և անթառամ, միշտ ծաղկած, միշտ կանաչած, ամեն ժամ գարուն է, ամեն ժամ՝ ամառ և պտղառատ, ո՛չ աշուն է և ո՛չ ձմեռ: Այսպես ասելով՝ նկարագրում է անճառ բարիքները, «ինչ որ աչքը չտեսավ և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (Ա Կորթն. 2:9): Ինչպես, օրինակ բարիքներ տվողն իր բնությամբ անճառելի է, և ինչքան որ փորձենք բարի անվանումներ գտնել և նրան տալ, միևնույնն է, նրա էությունը չենք կարող հայտնել, այլ միայն կարող ենք բնութագրել նրա շուրջբոլորը: Այդպիսին են նաև երկնավոր բարիքները և Աստծու անճառ ժառանգությունը, և ինչ էլ որ ասվի նրա մասին, նույնությամբ չի ասվում, այլ՝ նմանությամբ:
Իսկ այն, որ ասում է. պահված է երկնքում ձեզ համար, տեղի հիշատակությամբ նրանց մտքերը վեր է ուղղում, որպեսզի չկարծեն, թե այդ բարիքները երկրավոր են և ոչ էլ անցավոր՝ ըստ առաջին ժողովրդի, որ ամեն բարի խոստում միայն երկրավոր էին ընկալում՝ իրենց կաթ ու մեղր բխող երկիր տալ, երկրի վրա երկարակյաց լինել, բազում որդիներ ունենալ, իրենց անասուններն ամուլ և անծնունդ չլինեն և նմանատիպ այլ բաներ, որոնք նկարագրում են նրանց ժառանգության օրինակը: Այդպիսին չէ ձերը, այլ երկնավոր է, մշտնջենավոր և հավիտենական:
Այս իմաստով ասաց. Պահված է երկնքում ձեզ համար, այսինքն՝ վայրի մասին կասկած լինել չի կարող, և գողերի համար անհասանելի է, իսկ պահապաններն արթուն են ու հավատարիմ:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը