Որ յանսկիզբն ի Հօրէ ընկալար զՀոգի գիտութեան,
Ո՛վ երանելի տէր սուրբ Յօհան.
Եւ լուսաւորեցէր աստուածային բանիւ զեկեղեցի սուրբ.
Մաղթեա՛ Փրկողին զթողութիւն մեղաց մերոց:
Որ անապական բանիւ քարոզ կոչեցար բերան ոսկի.
Յորմէ աղբիւր կենաց հոսեալ,
Արբուցանելով քառավտակ բղխմամբ զընդհանուր տիեզերս.
Մաղթեա՛ Փրկողին զթողութիւն մեղաց մերոց:
Որ յանճառելին մերձեալ ի լոյս հուպ Երրորդութեանն.
Ո՛վ երանելի տէր վարդապետ.
Այսօր տօնէ եկեղեցի զհանգստեան քո սուրբ զյիշատակս.
Մաղթեա՛ Փրկողին զթողութիւն մեղաց մերոց:
(Շարակնոց)
Երիցս երանելի սուրբ հայրապետը եւ եկեղեցու վարդապետ Յովհաննէս Ոսկեբերանը ծնուել է չորրորդ դարում՝ Տիրոջ 345 կամ 350 թուականին, ասորական Անտիոք մեծ քաղաքում, ազնուական ծնողների ընտանիքում: Հայրը, որի անունը Սեկունդոս էր, ասորիների կայսերական զօրքի զօրավարն էր, իսկ մօր անունն Անթուսա էր, որ յունարէնից թարգմանաբար նշանակում է ծաղիկ: Նա ունէր մէկ աւագ քոյր, եւ յիշատակւում է նաեւ նրա հօրաքոյրը՝ Սաբինիանան: Նրանց ամբողջ ընտանիքը ճանաչուած էր իր բարեպաշտութեամբ, միայն յայտնի չէ, թէ նրանք քրիստոնեայ են եղել ի սկզբանէ՞, թէ՞ յետոյ են դարձել: Հայրը մահացաւ, երբ Յովհաննէսը դեռ մանուկ էր, եւ նրա երիտասարդ մայրն այրիացաւ: Նա իր զաւակներին մեծացրեց պարկեշտ ու առաքինի վարքով: Յովհաննէսին կրթութեան տուեց, որն ըստ իրեն տրուած բնատուր ձիրքերի եւ Աստուծոյ Հոգու ի վերուստ տւչութեան՝ հիանալի առաջադիմութեամբ ուսանեց ողջ գիտութիւնն ու իմաստութիւնը՝ գերազանցելով ժամանակի հելլեն եւ քրիստոնեայ բոլոր իմաստուններին: Աթենական հռետորական արուեստը սովորեց Լիբանիոսի, իսկ իմաստասիրութիւնը՝ Անգրագաթ փիլիսոփայի մօտ: Այս պատճառով ոմանք ասում էին, թէ նա գնացել է Աթենք եւ կրթուել է այնտեղ, ոմանք էլ՝ թէ սովորել է Անտիոք քաղաքում, ուր այդ ժամանակ ծաղկունք էին ապրում յունական եւ ասորական դպրոցները ու չէին զիջում եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի դպրոցներին: Նա շատ արագ իւրացրեց օտար բոլոր ուսմունքները, որից յետոյ տասնութ տարեկան հասակում հեռացաւ սոփեստական բանաորսներից[1] եւ սկսեց ուսումնասիրել Սուրբ Գրքի վարդապետութիւնը: Եւ այս բանում նրան յորդորում էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը, որը եղաւ Յովհաննէսի հոգեւոր հայրը, ինչպէս որ կը պատմենք առաջիկայում:
Երբ Լիբանիոսը՝ ասորի հեթանոս եւ սոփեստոս[2] փիլիսոփան, մահամերձ էր, բարեկամները նրան հարցրեցին, թէ ո՞վ պէտք է յաջորդի իրեն՝ ճարտասանութեան ուսուցչին, նա պատասխանեց. «Յովհաննէսը, եթէ քրիստոնեաները նրան չկորզեն մեզնից»: Եւ հէնց նոյն օրը Յովհաննէսը հեռացաւ օտար ուսմունքների դպրոցից եւ ժամանակի ինքնակալների ատեանի առաջ հանդէս եկաւ իր հրաշալի ներբողական ատենախօսութեամբ՝ զարմացնելով նաեւ իր վարդապետին:
Ինչպէս Դաւիթը Յովնաթանին, այնպէս էլ Յովհաննէսն իր ուսումնակից Բասիլիոսին[3] կապուած էր սերտ բարեկամութեամբ: Եւ քանի որ Բասիլիոսն ուսումն աւարտելուց յետոյ անցաւ կրօնաւորական կեանքի, Յովհաննէսը եւս ցանկացաւ յետեւել նրա օրինակին, որովհետեւ նրանք չէին կարողանում բաժանուել միմեանցից: Բացի այդ նա հասկանում էր, որ բազմազբաղ աշխարհի վիճակը պիտի խանգարէր իր իմաստասիրութեանը, առաւել՝ հոգեւոր իմաստութեանը, որի հանդէպ սէրը տարիքին զուգընթաց աւելի ու աւելի էր բորբոքում:
Այդ շրջանում Անտիոքի եկեղեցու առաջնորդ, երանելի Մելիտոս խոստովանող հայրապետը, որն ազգութեամբ հայ էր, տեսնելով պատանի Յովհաննէսի ուշիմութիւնը եւ միաժամանակ սէր տածելով նրա հանդէպ, պատուիրեց այլեւս հեռանալ օտար դպրութիւնից եւ յաճախակի հայրապետանոց այցելել: Տեսնելով նրա առաջադիմութիւնը եւ երեք տարի դաստիարակելով նրան լիակատար հոգեւոր կրթութեամբ ու վարդապետութեամբ՝ Մելիտոսը մկրտեց նրան ու դարձրեց եկեղեցու դպիր եւ ընթերցող: Սակայն Յովհաննէս դպիրը չէր դադարեցնում իր սերտ բարեկամութիւնը Բասիլիոսի հետ, որը յաճախ գալիս էր իր մօտ, խօսում էր հոգեւոր ճանապարհի մասին եւ միաժամանակ յորդորում բնակակից լինել իրեն վանքերից մէկում՝ մենակեցութեան կարգով միասին ճգնելու եւ աստուածային իմաստութեան մէջ առաջադիմելու համար: Նոյնն էր ցանկանում նաեւ Յովհաննէսը, բայց ինչպէս պատմում էր նա ինքը, մայրը թախանձելով եւ ազդու խօսքերով շարժում էր իր գութը, որպէսզի այրի մօրը չթողնի անզաւակ ու անտերունչ, եւ այդպէս հետաձգւում էր նրա ցանկութեան իրականացումը:
Յովհաննէսը տանը մեծ ջանասիրութեամբ վարժեցնում էր իր անձը մենակեցութեան կարգին: Պահեցողութեամբ եւ տքնութեամբ հանդերձ՝ նա օրերն անց էր կացնում առանձնութեամբ եւ լռութեամբ՝ հարատեւելով աղօթքներով, Սուրբ Գրքի ընթերցանութեամբ, քնելով գետնատարած անկողնում, հիւծելով մարմինը: Իսկ մայրը սիրով թոյլ էր տալիս նրան ապրել այդ կեանքով, միայն թէ չհեռանար իրենից: Յովհաննէսը չէր կամենում գնալ որեւէ այլ տեղ, բացի եկեղեցուց եւ հայրապետանոցից: Նրա հարաբերութիւնները եւ մտերմութիւնը միայն Բասիլիոսի հետ էին, իսկ եթէ հարկ էր լինում խօսել որեւէ մէկի հետ, աւելի շատ առաջ էր բերում հոգեւոր խօսքեր եւ ընդհատում աշխարհիկ բոլոր խօսակցութիւնները:
Իր պատանեկութեան շրջանում Յովհաննէսը փրկուեց մի վտանգից, որի մասին նա գրում է. «Մինչ պատանի էի, բռնաւորների կողմից երկիւղ տարածուեց մեր քաղաքում: Նրանք զօրականներ արձակեցին բոլոր փողոցներով՝ որոնելու մի գրութիւն, որում գրուած էին մոգութիւններ եւ գուշակութիւններ ընդդէմ կայսրերի: Արդ, նա, ով գրել էր այդ գրութիւնը, նետեց գետի մէջ, ապա ձերբակալուեց, շղթայակապ քշուեց քաղաքի միջով եւ պատուհասուեց: Իսկ երբ ես ընկերոջս հետ գնացի վկայարան, որ գտնւում էր գետափին գտնուող պարտէզում, նա գետի երեսին տեսաւ գրութիւնը եւ իջաւ՝ այն վերցնելու: Ես ծաղրեցի նրան՝ ասելով, թէ դա գրութիւն չէ, այլ ինչ-որ մի այլ բան, բայց նա ինձ ասաց. “Թող տեսնենք, թէ դա ինչ է”: Նա վերցրեց ու տեսաւ, որ դրանում մոգական խօսքեր են: Յանկարծ վրայ հասաւ զօրականներից մէկը, որը տեղեակ չէր եղելութեանը: Ես եւ իմ ընկերը մեծ երկիւղ կրեցինք, որովհետեւ նրա առջեւ չէինք կարող գրութիւնը նետել, իսկ այն պահելու վտանգը մեծ էր: Եւ մենք փրկուեցինք Աստուծոյ օգնականութեամբ: Ես սա պատմեցի, որպէսզի եթէ որեւէ մէկին պատահեն նման դէպքեր, յիշի մեզ հետ կատարուածը, որովհետեւ զգուշաւորութիւնը մեզ Աստուծոյ բարեկամներ է դարձնում»:
Երանելի Յովհաննէսը մկրտուելուց յետոյ երբեւէ չերդուեց եւ որեւէ մէկին երդուել չտուեց, չստեց ու որեւէ մէկին բնաւ չանիծեց, ո՛չ խեղկատակութիւն արեց եւ ո՛չ էլ ծաղրաբանեց: Եւ քանի որ վսեմ եւ պատուական վարքագիծ ունէր, մանկամիտներից ոմանց թւում էր, թէ նա յանդուգն է, անբարեհամբոյր կամ զայրացկոտ: Մինչ նա մարդկանց հանդէպ մեծ ջերմութիւն ունէր, ամբողջ հոգով զգուշանում էր չբարկանալ ու ջանում էր ամէն բանում հեզ եւ խոնարհ վարք ցուցաբերել: Նրա համար արհամարհելի էր աշխարհը եւ ամէն բան, ինչ աշխարհինն էր: Ցնորք էր համարում ողջ հարստութիւնը, փառքը եւ փափուկ կեանքը ու դա քարոզում էր խօսքով եւ ցոյց տալիս իր օրինակով:
Իսկ անչափ ջերմեռանդ սէրը, որ Յովհաննէսը տածում էր Սուրբ Գրքի հանդէպ, ստիպեց նրան իր հոգեւոր վարդապետ սուրբ Մելիտոսի արտասահմանում գտնուելու ընթացքում փնտռել այլ վարդապետներ, որոնց էլ միառժամանակ աշակերտեց: Նրանցից մէկը Կարտերիոսն էր, որի մասին Գրիգոր Աստուածաբանն իր տաղերում մեծ գովեստի խօսքեր է ասել՝ գրելով. «Նրա միտքը համբարձւում էր երկնքի բարձունքներ, եւ մեծ էր նրա փառքը երկնաքաղաքացիների մօտ», իսկ միւսը Անտիոքի եկեղեցու Դիոդորոս քահանան էր, որը յետագայում եղաւ Տարսոնի եպիսկոպոսը:
Յովհաննեսը Սուրբ Գիրքն ուսումնասիրելուն զուգահեռ իր անձը կատարելապէս վարժեցնում էր մենակեցութեան կարգին: Այնուհետեւ ամբողջովին թողեց աշխարհը եւ անցաւ կրօնաւորական կեանքի՝ իր հետ տանելով երկու աշակերտակիցներին՝ Թէոդորոսին, որը յետագայում դարձաւ Կիլիկիայի եպիսկոպոսը եւ Մաքսիմոսին, որը թերեւս Բասիլիոսից յետոյ եղաւ Սելեւկիայի եպիսկոպոսը: Նրանցից Թէոդորոսը, չկարողանալով անբիծ կրօնաւորութեամբ տանել Քրիստոսի քաղցր լուծը, թողեց մենակեցութեան կարգը եւ վերադարձաւ աշխարհ՝ ամուսնանալու: Յովհաննէսը սաստիկ խոցուեց այս բանից ու մի քանի անգամ յոյժ զօրաւոր եւ հոգով լի նամակներ գրեց, որից ազդուած՝ Թէոդորոսը դարձեալ թողեց աշխարհն ու հարսանեաց տրամադրութիւնները եւ եկաւ ու դարձեալ մտաւ մենակեցութեան կարգի մէջ:
Յովհաննէսն ու նրա հոգեհարազատ եւ մտերիմ բարեկամ Բասիլիոսը յաճախ էին միմեանց հետ հոգեշահ զրոյցներ վարում: Բասիլիոսը մշտապէս խնդրում էր Յովհաննէսին չբաժանուել իրենից, այլ առանձնանալ իր հետ վանքերից մէկում, իսկ Յովհաննէսը հնար էր փնտռում, որպէսզի Բասիլիոսն ընտրի եպիսկոպոսութիւնը, որը Ոսկեբերանն ինքն այսպէս է պատմում. «Լուր տարածուեց, թէ կամենում են մեզ երկուսիս եպիսկոպոս ձեռնադրել: Ես չհաւատացի, որովհետեւ ինձ անարժան էի տեսնում, բայց երկիւղ ընկաւ իմ մէջ, որ չլինի թէ ակամայից յափշտակուեմ այդ մտքով: Առաքինի Բասիլիոսը եկաւ ու առանձին յայտնեց ինձ այդ մասին եւ խնդրեց, որ յանուն սիրոյ չբաժանուենք միմեանցից: Նա խոստանում էր ինձ գործակից լինել թէ՛ ձեռնադրութիւնից խոյս տալու, թէ՛ եպիսկոպոսութիւնը միաբան յանձն առնելու դէպքում: Այնժամ, տեսնելով նրա հոգու առաքինութիւնը եւ իմ անարժանութիւնը, ես որոշեցի այդ պատիւն ուղղել նրան, սակայն նրանից ծածկելով այս միտքը, որից երբէք չէի ծածկում իմ խորհուրդները, ասացի՝ թողնել այդ մտքերը մէկ այլ ժամանակի: “Մինչեւ այժմ ոչ ոք մեզ չի ստիպում, — ասացի, — իսկ եթէ հարկ լինի, առանց քեզ հարցնելու ես ոչինչ չեմ անի”: Եւ երբ կամենում էին ձեռնադրել, չգտան ինձ, որովհետեւ ես թաքնուել էի, իսկ Բասիլիոսին բռնեցին ու եպիսկոպոս ձեռնադրեցին: Այնուհետեւ երբ նա տեղեկացաւ իմ փախչելու եւ թաքնուելու մասին, եկաւ ու գտաւ ինձ: Նրա դէմքը լալագին էր եւ տրտմած: Եւ երբ ես իմացաւ պատճառը, ծիծաղեցի, բռնեցի նրա աջը եւ ցանկացայ համբուրել՝ գոհանալով Աստծուց, որովհետեւ իմ հնարքներն ի բարին կատարուեցին: Իսկ նա, տեսնելով իմ ուրախութիւնը եւ հասկանալով, որ խաբուել է ինձնից, առաւել դժկամեց», որովհետեւ մտածում էր, որ եթէ Յովհաննէսը չխաբէր, ինքը եւս կը փախչէր, կամ էլ եթէ միայն Յովհաննէսը ձեռնադրուէր, ընդ որում խօսքն աւելի շատ գնում էր նրա համար, ինքն ազատ կը լինէր: Սակայն Յովհաննէսն այնպէս շահեց նրա սիրտը, որ նրանք նախկինից առաւել սիրով կապուեցին միմեանց:
Այնուհետեւ Յովհաննէսն առանձնացաւ Անտիոքի անմարդաբնակ վայրերից մէկում՝ մի մօտակայ լերան վրայ, ուր կրօնաւորեց ազգութեամբ ասորի խստակրօն մի ծերի մօտ: Չորս տարի հետեւեց նրա ճգնողական կեանքին՝ պատերազմելով ընդդէմ մարմնի՝ ընտանի թշնամու դէմ, որին ճնշեց ճգնութեամբ, բայց առաւել՝ աստուածային իմաստութեամբ: Նա առանձնացաւ մի քարանձաւում՝ ծածկուելով մարդկանցից, որտեղ ապրեց երկու տարի: Անքուն գիշերներն անց էր կացնում՝ բերանացի սովորելով Քրիստոսի Կտակարանը: Ինչպէս ասում է Պալադիոսը, նա երկու տարի՝ գիշեր թէ ցերեկ, չընկողմանեց, ցամաքեցրեց որովայնը եւ ցրտից ցանկութեան զօրութիւնն իսպառ վերացրեց: Բայց թէ Հոգու ինչպիսի անճառելի պարգեւներով եւ հոգեւոր ուրախութեամբ անցկացրեց մենակեցութեան այդ ժամանակաշրջանը, յայտնի է միայն նրանց, ովքեր ճաշակել են դրանք առանձնութեան մէջ, ինչպէս եգիպտական սուրբ հայրերը:
Այդ ժամանակաշրջանում՝ Տիրոջ 375 թուականին, մեռաւ Վաղենտիանոս կայսրը, եւ արիոսական Վաղէսն սկսեց ինքնիշխանաբար վարել թագաւորութիւնը: Սա մի անօրէն հրաման արձակեց, ըստ որի բոլոր մենակեացները պէտք է դուրս գային իրենց բնակութեան վայրերից եւ զինուորագրուէին: Եւ սկսուեցին մեծ հալածանքներ, քաղաքներում եւ անապատներում այրեցին բազմաթիւ վանքեր ու մենակեացների խցեր եւ շատերն էլ ի սէր ճգնակեցութեան՝ նահատակուեցին: Իմանալով այս մասին՝ Յովհաննէսը գրում է. «Ես չէի կարողանում հաւատալ, բայց երբ ստուգեցի, գրեցի հոգոց հանելով: Ովքե՞ր են գործում են այս բաները, եւ ինչու են մարտնչելով Աստուծոյ դէմ՝ քարընկեց լինում Բարձունքներում եւ նետաձիգ՝ երկնքում: Պարսից անհաւատ թագաւորները սիրով ազատ են թողնում, իսկ քրիստոնեաների թագաւորները՝ հրապարակաւ մերժում: Եւ ես արտասուքներով ասում էի. “Աստուա՛ծ իմ, ա՛ռ իմ հոգին, որպէսզի չտեսնեմ ու չլսեմ այս չարիքները”»: Բարեկամներից մէկը նրան խորհուրդ տուեց գրութիւն թողնել այս դէպքերի մասին՝ ասելով. «Ես անձամբ կը տանեմ քո գրութիւնը, — ասաց, — քանի որ ծանօթներ ունեմ հալածողների մէջ եւ գիտեմ, որ դրանով ես կը շահեմ նրանց»: Այնժամ Յովհաննէսն ի գովութիւն եւ ի ջատագովութիւն ճգնաւորական կեանքի՝ իր հրաշալի գրչով գրութիւն թողեց: Էլ չասենք այլ ճառերի եւ մատեանների մասին, որոնք նա շարադրեց իր վեցամեայ ճգնողական կեանքի ժամանակաշրջանում:
Գէորգ Ալեքսանդրացին պատմում է մի սքանչելի տեսիլքի մասին, որը Յովհաննէսը տեսել էր իր առանձնութեան շրջանում: Պետրոս եւ Յովհաննէս առաքեալները երեւացել էին Յովհաննէսին: Պետրոսը փականներ էր տուել նրան՝ ի խորհուրդ գալիք քահանայութեան եւ եպիսկոպոսութեան, իսկ Յովհաննէսը՝ մատեան՝ ի խորհուրդ Սուրբ Գրքի կատարեալ մեկնիչ լինելու: Պատմում է նաեւ, որ անտիոքացիներից մէկը սուրբի աղօթքներով բժշկուեց գլխի եւ աչքերի անբուժելի ցաւերից, մէկ ուրիշն էլ՝ բորոտութիւնից: Եւ դա զարմանալի չէ, որովհետեւ սքանչելի է Աստուած Իր սուրբերի մէջ:
Բայց Աստուծոյ նախախնամութիւնը, ըստ որի Յովհաննէսը պէտք է աշխարհի լոյս եւ Ընդհանրական Եկեղեցու լուսափայլ վարդապետ լինէր, բնականաբար ստիպեց նրան թողնել անապատը եւ Անտիոք վերադառնալ: Եւ բացի այդ՝ քանի որ նա սաստիկ տկարացել էր խստակրօն ճգնաւորական կեանքից, ակամայ քաղաք իջաւ, ուր գտաւ սուրբ Մելիտոսին: Վերջինս Վաղէսի մահից յետոյ Թէոդոս Մեծ բարեպաշտ թագաւորի հրամանով վերադարձել էր աքսորավայրից, որի համար Յովհաննէսն անչափ ուրախ եղաւ: Կարճ ժամանակ անց, երբ վերականգնուեց նրա առողջութիւնը, սուրբ Մելիտոսը ստիպեց ու Տիրոջ 380 թուականին նրան սարկաւագ ձեռնադրեց: Այդ պաշտօնում Յովհաննէսը սպասաւորեց հինգ տարի, սակայն շատ նեղութիւններով հանդերձ, որովհետեւ նա զրկուեց ճգնաւորական կեանքից ու մտաւ Եկեղեցու բազմաթիւ հոգսերի տակ, որոնք կային մելիտոսեանների եւ պաւլինեանների պառակտութեան պատճառով:
Սուրբ Մելիտոսի վախճանից յետոյ Կոստանդնուպօլսի ժողովում անտիոքացիները դարձեալ երկու մասի բաժանուեցին. մի մասը՝ մելիտոսեանները, Մելիտոսի փոխարէն իրենց պատրիարք ընտրեցին Փլաբիանոսին՝ մի սրբասէր մարդու, իսկ միւս մասն էլ՝ պաւլինեանները, պատրիարքութեան համար կրկին հաստատեցին Պաւլինոս բարի ծերունուն: Այս հին եւ արմատացած պառակտութիւնը մեծ վիշտ էր պատճառում Յովհաննէսին, որովհետեւ նա չգիտէր, թէ ում յարէր: Ուստի որոշեց առանձնանալ եւ հեռանալ ամբոխից ու ճգնել տանը կամ մերձակայ մենարանում: Սակայն այս խռովութիւնը երկար չտեւեց, որովհետեւ Անտիոքի Աթոռին հաստատուեց Փլաբիանոսը, որը հանդէս եկաւ որպէս Մելիտոսին յաջորդող քաջ եւ արժանաւոր հովիւ: Հանդարտուեց Յովհաննէսի սիրտը, եւ նա յարեց Փլաբիանոսին: Յովհաննէսը յոյժ մտերիմ եւ սիրելի եղաւ թէ՛ նրան, թէ՛ եկեղեցու միաբանութեանը եւ թէ՛ ժողովրդին:
Ինչպէս գրում է Պալադիոսը, գնալով պայծառանում էր Յովհաննէսի խօսքի եւ գրչի հանճարը: Տեսնելով նրա սուրբ կենցաղավարութիւնը՝ ժողովուրդը քաղցրանում էր կեանքի դառնութիւնից: 386 թուականին Փլաբիանոս հայրապետը Յովհաննէսին քահանայ ձեռնադրեց, եւ ինչպէս գրում են Գէորգ Ալեքսանդրացին, Լեւոն Իմաստասէրը եւ այլ շատերը, դա առանց հրաշքի չեղաւ, քանզի գիշերային պաշտամունքի ժամանակ Աստուծոյ հրեշտակը երեւաց հայրապետին ու պատուիրեց Յովհաննէսին քահանայ ձեռնադրել, իսկ Յովհաննէսին էլ երեւալով, պատուիրեց չընդդիմանալ, «որովհետեւ, — ասաց, — այդ է Աստուծոյ կամքը»: Եւ ձեռնադրութեան պահին Սուրբ Հոգին աղաւնակերպ տեսքով իջաւ Յովհաննէսի գլխին: Ձեռնադրուելուց յետոյ Յովհաննէսն այս բանը խոնարհաբար յիշատակեց իր առաջին բեմասացութեան ժամանակ՝ նշելով, որ ինքը քահանայ է օծուել ոչ թէ մարդկային խորհրդով, այլ աստուածային տնօրինութեամբ:
Եւ ո՞վ կարող էր պատմել ժողովրդի ուրախութեան եւ Եկեղեցու պայծառութեան մասին, երբ Յովհաննէս քահանան քարոզչութեամբ հանդէս էր գալիս ատեանի առջեւ: Ոսկեբերան ասացողութեամբ հոգեշունչ եւ հոգեբուխ վարդապետութիւնը, սքանչելի համեստութեամբ հոգու եռանդը, դիւրիմաց պարզութեամբ պերճ ատենախօսութիւնը, քաղցրութիւնը զօրութեան հետ, բարձրութիւնը խոնարհութեան հետ եւ Հոգու շնորհների բոլոր ձիրքերը, որոնք արտափայլում էին երանելու բոլոր խօսքերում եւ գործերում, դէպի իրեն էին ձգում բոլոր տեսնողներին ու լսողներին: Նա մի նոր Յովհաննէս էր՝ Խօսքի ձայնը, կամ ինքնին Պօղոսը՝ յարութիւն առած տարսոնեան փողը, եւ կամ էլ մի երկնառաք հրեշտակ՝ մարմնով յայտնուած: Եւ եթէ իր մասին այդ են վկայում գրաւոր գործերը, ապա ինչպիսի՞ն կը լինէր նրա բանաւոր խօսքը կենդանի հնչմամբ:
Քահանայութեան շրջանում Սուրբ Հոգու թելադրանքով շարադրեց Հին եւ Նոր կտակարանների շատ գլուխների հրաշալի եւ մէկը միւսից սքանչելի մեկնութիւններ: Իմաստուն միտք ունեցողներին կասկածելի չէ սուրբի լիակատար վարքում գրուածն առ այն, թէ Յովհաննէսի ականջին սուրբ Պօղոս առաքեալն ինքն է երեւալով թելադրել իր թղթերի ճշմարիտ մեկնութիւնները: Եւ նոյնը պէտք է կարծել միւս մեկնութիւնների համար, որոնք նա գրեց լուսաւոր խօսքերով եւ Հոգու շնորհների ներգործութեամբ: Հիացմունքի էր արժանի այն, որ նա որպէս իր ճշմարիտ Վարդապետի՝ Քրիստոսի աշակերտ, ստանում էր Նրանից եւ ապա ուսուցանում: Բայց նախքան ուսուցանելը նա իր մէջ կրում էր բոլոր առաքինութիւնները, առաւելապէս՝ ծայրագոյն խոնարհութիւնը եւ Աստուծոյ սիրոյ հուրը, առաքեալների նմանութեամբ Փրկչին չարչարակից լինելու փափագը եւ մերձաւորի հանդէպ սէրը՝ պատրաստ լինելով անշահախնդիր դնել կեանքը եղբօր համար, առանց աչառութեան եւ մարդահաճութեան, հեռու փառասիրութիւնից եւ աշխարհիկ խորհուրդներից: Այս ամէնը գիտեն նրանք, ովքեր փոքր ի շատէ դեգերում են նրա ոսկէ մատեաններում: Եւ քանի որ Տիրոջ ու Յովհաննէս Մկրտչի օրինակով առաւելապէս ապաշխարութիւն եւ ողորմածութիւն էր հնչեցնում իր խօսքով ու գործով, ժողովուրդը նրան իրական ապաշխարութեան ու ողորմածութեան վարդապետ կոչեց, եւ ապա իր իսկ օրօք ազնուափայլ, անգին եւ անարատ ատենախօսութեան համար սկսեց Ոսկեբերան կոչել:
Էլ չասենք այն մեծամեծ գործերի մասին, որոնք նա արեց քահանայութիւնից սկսած, քանզի անտիոքացիների իւրաքանչիւր խնդրի, հակառակութիւնների, պառակտումների ու ապստամբութիւնների դէպքում արիութեամբ եւ անպարտելի առաքինութեամբ դեղ ու դարման էր գտնում: Թէ՛ առանձին եւ թէ՛ հրապարակաւ մէկին խրատում էր, միւսին՝ խնդրում, երբեմն յանդիմանում էր, երբեմն մխիթարում: Եւ այս ամէնն առաւել անում էր քարոզութեան ատեանից՝ ուղղուած բոլորին, թէ՛ մեծերին, թէ՛ փոքրերին: Արդարեւ, ամէնքին շահում էր, իսկ ում չէր շահում, չէր վհատւում, ինչպէս երբ նուաճեց հերետիկոսներին իր պատեհ ժամանակին: Այդ պատճառով նրա քարոզչութեան խօսքերը պտղաբեր էին, աճեցուն եւ բարեբեր: Նրա սրբութեան եւ վարդապետութեան համբաւը տարածւում էր տիեզերքով: «Եւ այսպէս, — գրում է Պալադիոսը, — տասներկու տարի Յովհաննէս քահանան փայլեց Անտիոքի եկեղեցու մէջ եւ իր անարատ կենցաղավարութեամբ պայծառացրեց Եկեղեցու միաբանութիւնը՝ համեմելով իմաստութեան աղով, լուսազարդելով վարդապետութեամբ եւ ոռոգելով Սուրբ Հոգու վտակներով»:
Այդ ժամանակաշրջանում՝ Տիրոջ 397 թուականի սեպտեմբերի 27-ին, վախճանուեց Կոստանդնուպօլսի Նեքտարիոս պատրիարքը եւ շատերն ակնկալում էին նստել այդ Աթոռին: Սակայն ամբողջ ժողովուրդը եկեղեցու միաբանութեան հետ ցանկանում էր իրեն հովիւ եւ առաջնորդ ունենալ Անտիոքի աշխարհաքարոզ քահանայ Յովհաննէսին: Այնժամ Թէոդոս Մեծ թագաւորի որդի Արկադէոս կայսրը, որն ականատես վկաներից լսել էր սքանչելի Յովհաննէսի գովքը, մի հրովարտակ ուղարկեց Արեւելքի Աստերիոս կոմսին, որ նա լուռ ու մունջ, առանց անտիոքացիների աղմուկն առաջացնելու Յովհաննէսին ուղարկի Կոստանդնուպօլիս: Եւ կոմսն իսկոյն լուր տուեց Յովհաննէսին, որ դուրս գայ քաղաքից իբրեւ թէ իրեն հարցում անելու համար եւ հասնի մինչեւ վկայարան: Այնտեղից նրան դուրս բերեց արքունի կառքով, հասաւ մինչեւ Պագրաս եւ նրան յանձնեց զօրապետի հետ եկած արքունիքի ներքինուն:
Յովհաննէսը դեռեւս Կոստանդնուպօլիս չէր հասել, բայց թագաւորի հրամանով նրան ձեռնադրելու համար արդէն հաւաքուել էին քաղաքների նշանաւոր եպիսկոպոսները: Եկել էր նաեւ պատրիարքներից երեւելին՝ Ալեքսանդրիայի Թէոփիլոս հայրապետը, որը մտադիր էր Կոստանդնուպօլսի Աթոռին կարգել Իսիդորոս քահանային` իր աշակերտին՝ Ալեքսանդրիայի աղքատանոցների ու օտարականների վերակացուին: Եւ դա ոչ միայն պարծանք կը բերէր իրեն, այլեւ օգուտ, որովհետեւ թագաւորանիստ քաղաքի պատրիարք կը լինէր իր աշակերտը: Ուստի երբ պատրաստւում էին ձեռնադրել Յովհաննէսին, Թէոփիլոսն առաջ էր բերում ինչ-ինչ պատճառներ ու ջանում խափանել ձեռնադրութիւնը, մանաւանդ Յովհաննէսին տեսնելուց ու նրա բերանի ոսկեղէն խօսքերը լսելուց յետոյ չէր ցանկանում, որ իրենից աւելի զօրաւոր մէկն արժանանայ նման պատուի: Եւ երբ վրդովմունք առաջացաւ ժողովի եպիսկոպոսների, աւագանու եւ ժողովրդի մէջ, որոնց բոլորի աչքը Յովհաննէսի վրայ էր, Եւտրոպիոս ներքինապետը, որն ինքնակալի սենեկապետն էր, Թէոփիլոսին ասաց. «Ընտրիր երկուսից մէկը, կամ միաբանուիր միւս եպիսկոպոսներին եւ մեզ համար ձեռնադրիր Յովհաննէսին, կամ էլ պատրաստուիր պատասխան տալ քո մասին եղած մեղադրանքներին: Ահա իմ ձեռքին է ամբաստանութիւնների ողջ նամականին, որը տրուել է ինձ՝ եպիսկոպոսների ատեանին յանձնելու համար»:
Այս լսելով՝ Թէոփիլոսը վախեցաւ եւ ժողովի միաբանութեամբ ձեռնադրեց Յովհաննէսին, որը եղաւ Տիրոջ 398 թուականի փետրուարի 26-ին: Այնուհետեւ քաջ հովիւն անմիջապէս սկսեց խնամել իր հօտը եւ հոսեցնել իր հոգեբուխ վարդապետութեան աղբիւրները՝ ծարաւ հոգիներին յագեցնելու համար: Թագաւորանիստ քաղաքում նա իր բոլոր խօսքերն ուղղում էր ժամանակի մոլորութիւնները եւ անկարգութիւնները վերացնելու ու ճշմարիտ բոլոր օրէնքները ծաղկեցնելու համար, որովհետեւ առաջ էին գալիս բազմատեսակ վնասակար երեւոյթներ ու տարածւում: Բայց թէ ինչպիսի հոգեւոր հմտութեամբ եւ հայրագութ սիրով էր նա իր ունկնդիրներին որսում Աւետարանի ուռկանի մէջ, կարող ենք իմանալ Կոստանդնուպօլսում ասուած նրա երկրորդ քարոզից, որն սկսւում էր այսպէս. «Մի օր խօսեցի ձեզ հետ, եւ այդ օրուանից ձեզ սիրեցի այնպէս, ասես ի բնէ ինձ հարազատ: Սիրոյ կապանքներով ձեզ շաղկապուեցի այնպէս, որպէս թէ երկար ժամանակ քաղցրութեամբ վայելած լինեմ ձեր մտերմութիւնը: Եւ սա եղաւ ոչ թէ նրա համար, որ ես ընդունելի կամ սիրելի մէկն եմ, այլ որովհետեւ դուք էք բոլորից առաւել ցանկալի ու սիրելի: Ուստի մենք ձեզ սիրում ենք ոչ պակաս, քան այն եկեղեցին, որում ե՛ւ ծնուեցիք, ե՛ւ կերակրուեցիք, ե՛ւ դաստիարակուեցիք … »: Եկեղեցու հայրապետանոցում ժողովուած բազմութեան առջեւ ոսկէ բերանով այսպիսի հրաշարուեստ խօսքեր քարոզելով՝ նա իսկ եւ իսկ նուաճեց այլեւայլ աղանդաւորներին ու ժողովրդին բոցավառեց Աստուծոյ խօսքի ունկնդրութեամբ: Այս կերպով, հետզհետէ եկեղեցին մաքրելով բոլոր վնասակար փշերից, ժիր մշակն սկսեց ցանել Աստուծոյ բարի սերմերը եւ մշակել լսողների հոգիները: Սակայն թագաւորանիստ քաղաքում երանելին վարդապետութեան եւ առաջնորդութեան իր ծանր աշխատանքից առաջին տարում հիւանդութիւն ստացաւ: Գուցէ դա եղաւ օդի փոփոխութիւնից, բայց առաւել՝ մեծ զբաղուածութեամբ հանդերձ տքնութիւններից եւ առօրեայ ճգնութիւններից: Բայց եւ այնպէս առողջութիւնը վերականգնուելուն պէս նա իսկոյն վերադառնում էր ի գործ վարդապետութեան:
Երանելին մեծ ջանք էր թափում եկեղեցու միաբանութեան բարեկարգման գործում, որի համար առաւել իր օրինակով, քան թէ խօսքով ժառանգաւորներին քարոզում էր արժանի լինել այն կոչմանը, որին հրաւիրուել են: Նախ կարգ սահմանեց իւրաքանչիւր անձի համար՝ միշտ ճաշակել առանձին, չգնալ այլոց սեղան, եւ ոչ էլ մէկին իր սեղան հրաւիրել: Սրանով փակուեցին բազում անկարգութիւնների ճանապարհներ ու դռներ, թէպէտ սուրբի այս կարգն անհաճոյ եղաւ մեծամեծներից եւ եկեղեցականներից շատերին, որոնք մտածում էին սոսկ մարդկայնօրէն: Եւ դարձեալ՝ նա եկեղեցու հասանելիքից երբէք իր անձին բաժին չէր հանում, այլ պատուիրում էր ամէն բան օգտագործել եկեղեցու եւ աղքատների կարիքները հոգալու համար: Ուսումնասիրում էր եկեղեցու տնտեսի հաշիւները, կրճատում հայրապետանոցի ծախսերը, որոնք աւելորդ էր համարում եւ աւելացնում աղքատների ու հիւանդների գանձանակները:
Երանելին իր քարոզներում կշտամբում էր ագահութիւնն ու որկրամոլութիւնը: Յաճախակի քարոզում էր առանձնական եւ ընդհանրական աղօթքների մասին՝ յորդորելով անփոյթ չլինել առաւօտեան եկեղեցի գնալու համար, իսկ ցերեկային եւ գիշերային աղօթքները գոնէ տանն անել: Ոսկեբերանը կարգաւորեց եկեղեցում կատարուող ձայնիւ սաղմոսերգութիւնները եւ հոգեւոր երգերը: Սրան հակառակ՝ արիանոսների մնացուկները Կոստանդնուպօլսում սկսել էին մոլար պաշտամունքի ինչ—ինչ երգեր երգել ուղղափառներին ուղղուած նախատինքներով: Նրանք յատկապէս շաբաթ եւ կիրակի օրերին շրջում էին տեղից տեղ եւ փոխ առ փոխ հնչեցնում դրանք: Այդ պատճառով երանելի Յովհաննէսը կարգ հաստատեց ընդդէմ այդ սովորութեան, ըստ որի պէտք է արծաթէ խաչերով, մոմերով եւ եկեղեցու երգերով հանդիսաւոր երթեր անէին քաղաքի շուրջը: Չարանալով այս բանից՝ արիանոսները խռովութիւն բարձրացրին քաղաքի մէջ, եւ մինչեւ անգամ երկու կողմից էլ մարդիկ մեռան: Արիանոսների կողմից քարկոծուեց նաեւ թագուհու սենեկապանը, որի պատճառով կայսրն իսպառ վերացրեց արիանոսների սովորութիւններն ու սանձեց նրանց համարձակութիւնը, իսկ ուղղափառ եկեղեցում Յովհաննէսի սահմանած կարգերը հաստատուն մնացին:
Սուրբ Յովհան հայրապետը կարգաւորեց յունաց պատարագամատոյցը, ինչպէս որ արել էր սուրբ Բարսեղը Կապադովկիայում: Ոսկեբերանի աշակերտը՝ սուրբ Պրոկղը, նրանց երկուսին մասին յիշատակում է. «Հռոմի Կղեմէս հայրապետի եւ Երուսաղէմի առաջին եպիսկոպոս սուրբ Յակոբոս տեառնեղբոր կողմից աւանդուած կարգերը նորոգուեցին, բայց յետոյ Բարսեղը եւ Ոսկեբերանը եղածը համառօտ դարձրին, որպէսզի ոմանք չխորշեն դրանց երկարութիւնից, չգնան օտար պաշտամունքների յետեւից եւ չհեռանան առաքելական աւանդութիւններից»:
Սողոմենոսը պատմում է հետեւեալ հրաշքի մասին: Հոգեմարտ մակեդոնական աղանդին յարողներից մէկը, ընդունելով երանելի Յովհաննէս հայրապետի վարդապետութիւնը, միացաւ ուղղափառ եկեղեցուն եւ նոյնը յորդորեց նաեւ իր կնոջը: Կինը երկիւղից ցոյց տուեց, թէ համոզուել է եւ, խաբելով իր ամուսնուն, խոստացաւ իր աղախնու հետ եկեղեցի գնալ: Ելաւ գնաց եկեղեցի, ուր սուրբ հաղորդութեան պահին համարձակուեց մօտենալ եւ ընդունել Սուրբ Խորհուրդը, սակայն նա չճաշակեց, այլ կախեց գլուխը, իբրեւ թէ աղօթում է, պահեց այն եւ կամեցաւ տանը ճաշակել: Եւ ահա ծամելու ժամանակ սուրբ Խորհուրդը քարի պէս կարծրացաւ: Այնժամ կինը վախեցաւ, թէ գուցէ ի վերուստ պատուհասուի, շտապ գնաց սուրբ հայրապետի մօտ, արտասուքներով ընկաւ նրա ոտքերը եւ պատմեց իր յանցանքը՝ ցոյց տալով քարը, որի վրայ նշմարւում էին ատամների հետքերը: Եւ այդպէս սուրբի խրատներով նա դարձաւ դէպի ուղղափառ հաւատքը: «Եւ եթէ մէկը չհաւատայ իմ այս խօսքերին, — գրում է պատմաբանը, — վկայ է այն քարը, որ մինչ օրս պահւում է Կոստանդնուպօլսի եկեղեցու գանձերի հետ, որն անհասկանալի նիւթից է եւ անսովոր գոյն ունի»:
Յովհաննէսն անդադար քարոզում էր եւ անիրաւութիւնների համար յանդիմանում թէ՛ մեծերին եւ թէ՛ փոքրերին: Բայց որքան հոգեշահ օգուտ էր տալիս հաւատացեալներին, այնքան նրա դէմ ատելութիւն էր հասունանում անօրէն վարք ունեցողների, չարաբարոյ անձանց եւ աղանդաւորների կողմից: Սակայն նա, որ յանձն էր առել մինչեւ մահ չարչարուել ճշմարտութեան համար, բամբասանքներ լսելիս կրկնում էր Պօղոսի խօսքերը. «Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի»[4] եւ Տիրոջ խօսքով աւելի ու աւելի համարձակ էր կշտամբում սխալ ճանապարհ բռնած անձանց: Եւ ոչ միայն, սարկաւագներից երկուսին, որոնց հրապարակաւ գտել էր ծանր յանցանքի մէջ, արտաքսեց եկեղեցուց. մէկին շնութեան համար, միւսին՝ մարդասպանութեան, որոշ անարժան քահանաների էլ արգելեց մօտենալ սուրբ Խորհրդին: Անաչառ ու խիստ էր անզեղջ անձանց, բայց քաղցրահայեաց եւ բարեգութ էր զղջացող եւ բոլոր բարեսէր անձանց հանդէպ: Նա վշտացողների մխիթարիչն էր, նեղեալների ապաւէնը, մերժուածներին յուսադրողը, կարօտեալների խնամակալը, բոլորի հոգեւոր եւ մարմնաւոր կարիքներին սատարողը: Եւ սա անում էր ոչ միայն մերձաւորների, այլեւ օտարների հանդէպ:
Տիրոջ 399 թուականին արքայի Եւտրոպիոս ներքինապետը, որ նաեւ սենեկապետն էր, հիւպատոսութեան աստիճան ստացաւ: Նա օրէցօր աւելի մեծամիտ էր դառնում ու չէր ենթարկւում եկեղեցու եւ թագաւորի հրամաններին: Որպէս սուրբ հայրապետի բարեկամ՝ բազմաթիւ անգամներ սիրով հանդերձ խրատւում էր Յովհաննէսի կողմից, բայց նա չէր լսում, այլ յանդգնօրէն օրէնքներ էր սահմանում ընդդէմ եկեղեցու ազատութեան, ըստ որոնց՝ եկեղեցուն ապաւինած մեղաւոր մարդը պէտք է անպատիժ չմնար, այլ բռնութեամբ հեռացուէր եւ պատժուէր: Բայց շուտով նա ինքը եկեղեցու կարօտ եղաւ, որովհետեւ բռնուելով մի քրէական յանցանքի մէջ, մերկացաւ իր ողջ պատուից: Արքայից հրաման ելաւ, որով նա պիտի աքսորուէր Կիպրոս, սակայն մինչ այս, մինչ այն գաղտնի դուրս եկաւ պալատից, գնաց դէպի մեծ եկեղեցին եւ ապաստան գտաւ հայրապետի ողորմածութեան մէջ: Հայրապետը եկեղեցու մօտ ընդունեց նրան մեծ մարդասիրութեամբ, սակայն ողջ ժողովրդի առաջ նրան ուղղուած այսպիսի խրատական ճառ ասաց. «Արդարեւ միշտ, սակայն առաւել այժմ պատեհ է ասել՝ “Ունայնութիւն ունայնութեանց, ամէն ինչ ունայն է“: Ո՞ւր է այժմ հիւպատոսութեան պայծառ պատմուճանը, ո՞ւր են լուսափայլ ջահերը, ո՞ւր են ծափերն ու պարերը, խնջոյքներն ու բազմամարդ տօնակատարութիւնները… Այդ ամէնը տեղի տուեց, որովհետեւ փչեց ուժգին հողմը, տերեւները թափուեցին, ծառերը մերկացան ու իրենց արմատներով ամբողջովին երերուն դարձան: Ո՞ւր են աշխարհի քո բարեկամները, որոնք լքեցին քեզ: Մինչ եկեղեցին, որի դէմ դու պատերազմում էիր, բացեց իր գիրկը եւ ընդունեց քեզ»: Բայց յետոյ մխիթարական խօսքերով քաջալերեց նրան, որ եթէ Տէրը ողորմի, ապա ինքնակալը կը խնայի իր կեանքը: Եւ իրականում երբ արքունի սպասաւորները կամենում էին բռնութեամբ դուրս բերել նրան եկեղեցուց, սուրբ հայրապէտն ընդդիմացաւ: Եւտրոպիոսն անձամբ կամեցաւ եկեղեցուց այլ տեղ փախչել, սակայն նրան մատնեցին, եւ նա բռնուեց ու աքսորուեց: Սուրբ հայրապետն այս մասին իր միւս ճառում ասում է. «Մի՛ ասա, թէ եկեղեցու միջից մատնուեց մատնուողը: Եթէ նա չլքէր եկեղեցին, ինչպէ՞ս կը մատնուէր… Ոչ թէ եկեղեցին նրան թողեց, այլ նա եկեղեցուն թողեց: Նրան մատնեցին ոչ թէ ներսից, այլ դրսից»:
Այդ տարի քառասնորդական պահքի վերջին օրերին յորդ անձրեւ տեղաց Կոստանդնուպօլսում, որը ողողեց եւ ապականեց բոլոր անդաստանները: Այդ պատճառով սուրբ հայրապետը բոլորին պատուիրեց Աւագ Չորեքշաբթի օրը հաւաքուել ս. Առաքելոց տաճարում եւ միաբան աղօթքներով սուրբ Պետրոս, Անդրէաս, Պօղոս եւ Տիմոթէոս առաքեալների բարեխօսութեամբ Տիրոջից ողորմութիւն խնդրել: Եւ Աւագ Ուրբաթ օրը, երբ եղանակն արդէն պարզուել էր, հեթանոսներն սկսեցին ցուցադրել կրկէսային ծիծաղաշարժ եւ յաջորդ օրը եւս՝ թատերական հանդիսութիւններ, որին մասնակցեցին նաեւ որոշ քրիստոնեաներ: Սուրբ հայրապետը չհանդուրժեց այս բանը եւ Սուրբ Զատկի քարոզի ժամանակ խստութեամբ յանդիմանեց այդպիսիններին՝ սպառնալով բանադրել նրանց, ովքեր միւս անգամ մասնակից կը լինեն դրանց:
Այդ օրերին թագաւորանիստ քաղաքում հաւաքուեցին թուով քսաներկու ասիացի եպիսկոպոսներ եւ Յովհաննէս հայրապետի առաջ թէ՛ գրաւոր եւ թէ՛ բանաւոր կերպով ամբաստանեցին Եփեսոսի Անտոնինոս եպիսկոպոսին: Իսկ սուրբ հայրապետը խրատեց Վաղենտինուպօլսի Եւսեբիոս եպիսկոպոսին, որն ամբաստանողների բերանն էր եւ ասաց. «Արդարեւ, մի՛ վարուէք ատելութեան եւ մարդկային կրքերով»: Առկայ հանգամանքները եւ գործի քննութիւնը ցոյց չտուեցին ճշմարիտ վկաներ: Եւ քանի որ նոյն օրն ամբաստանեալը մեռաւ, Ոսկեբերանն անձամբ բոլոր եպիսկոպոսների հետ ճանապարհուեց դէպի Եփեսոս, որտեղ նրանց միացան նաեւ եօթանասուն եպիսկոպոսներ: Բայց քանի որ առաջնորդների միջեւ կային այլեւայլ խնդիրներ եւ հակառակութիւններ, այդ պատճառով իրադարձութիւնները երկարաձգուեցին այնքան, մինչեւ որ Ոսկեբերանը եկեղեցու միաբանութեան հետ Հերակլիդէսին կարգեց Եփեսոսի եպիսկոպոս, իսկ վեց եպիսկոպոսների, որոնք յարում էին սիմոնականներին, հեռացրեց Աթոռից եւ նրանց փոխարեն կարգեց ուրիշներին: Այդպէս իր այցելած բոլոր վայրերում անարժաններին եւ այլափառներին փոխարինեց արժանաւորներով եւ ուղղափառներով: Այդ պատճառով օրըստօրէ շատացան սուրբի թշնամիները, որովհետեւ ամէն ոք, ով չարիք է գործում, ատում է լոյսը: Բայց ամենավատն այն էր, որ ընդդէմ Ոսկեբերանի չարիք գործողներն իրենց կողմն էին ձգում որոշ ազնիւ մարդկանց եւ մինչեւ իսկ ամբողջովին պղտորում որոշ եպիսկոպոսների, թագաւորի եւ թագուհու մտքերը:
Եւդոքսիա թագուհին ատելութիւն էր տածում Ոսկեբերանի հանդէպ, որի պատճառը, ինչպէս վկայում է Գազայի Պորփիւրոս եպիսկոպոսի Մարկոս սարկաւագը, մի այրի կնոջ հետ կապուած դէպքերն էին: Եւդոքսիան բռնութեամբ յափշտակել էր այդ կնոջ այգին, որի պատճառով հայրապետը խրատել էր նրան նախ քաղցրութեամբ եւ ապա յանդիմանութեամբ: Ոսկեբերանի ոսոխների եւ հալածողների գլուխը Ալեքսանդրիայի Թէոփիլոս հայրապետն էր, որը թէպէտ մեծ համբաւ ունէր, սակայն յոխորտ էր իր բնոյթով եւ խիստ դիմադարձ՝ իր անձի դէմ հանդէս եկողների հանդէպ: Սա էր, որ հակառակ իր կամքի ձեռնադրել էր Ոսկեբերանին՝ կամենալով նրա փոխարէն կարգել իր սիրելի Իսիդորոս քահանային: Մի քանի տարի անց դրամի պատճառով Թէոփիլոսը գժտուեց այդ նոյն Իսիդորոսի հետ, որն առանց իր հրամանի ընծայաբեր ուխտաւորի խնդրանքով ծախս էր արել աղքատների կարիքների համար: Այդ պատճառով Իսիդորոսը, որն արդէն առաջացած տարիքում էր, խոյս տուեց դէպի անապատ եւ ծառայեց սկիտացիների սուրբ մենակեացներին: Բայց Իսիդորոսի դէմ Թէոփիլոսի բարկութիւնն այնքան շատ էր, որ նրա պատճառով հալածեց նաեւ մենակեացներին՝ պատճառ բռնելով, թէ նրանց մէջ կան Որոգինէսի հետեւորդներ, որը սուտ չէր, բայց եւ ճշմարիտ չէր նրանց հանդէպ, որոնց հալածում էր: Ընդդէմ Որոգինէսի գումարած իր ժողովում Թէոփիլոսն անուանապէս դատապարտեց նրանցից մի քանիսին եւ առանց հաւաստի քննութեան՝ արտաքսեց եկեղեցուց: Սուրբ Հերոնիմոսը, որը որոգինէսեաններին պարտութեան մատնող զօրաւոր մարտիկ էր, երբ լսեց Թէոփիլոսի այս նախանձախնդրութեան մասին, տեղեակ չլինելով նրա վրէժխնդրութեան դրդող հանգամանքներին, ուրախակցութեան մի նամակ գրեց եւ այդ գործում ոգեւորեց նրան: Այս նոյն կարծիքին էր նաեւ Կիպրոսի սուրբ Եպիփան եպիսկոպոսը՝ սուրբ Հերոնիմոսի աջակիցը:
Իսկ Թէոփիլոսը, իրեն համամիտ տեսնելով այսպիսի անուանի եւ սքանչելի մարդկանց, անցաւ իր չափերն ու մեղաւորների հետ անխտիր հալածեց նաեւ անմեղներին: Մինչեւ իսկ չկարողացան համբերել մենակեացները, եւ նրանցից շատերը եկան Կոստանդնուպօլիս՝ Ոսկեբերան հայրապետի մօտ: Նա որպէս սուրբ հայրերի մարդասիրութեամբ ընդունեց նրանց եւ ջանաց հաշտեցնել իրենց Թէոփիլոս պատրիարքի հետ, միայն թէ զգուշացաւ նրանց հաղորդ դարձնել սուրբ Խորհրդին, մինչեւ իմանար ընդդէմ նրանց Թէոփիլոսի գումարած ժողովի դրդապատճառների մասին: Եւ ինքը, ինչպէս գրում է Պալադիոսը, Թէոփիլոսին ուղղուած մի նամակ գրեց հետեւեալ բովանդակութեամբ. «Շնորհ արա՛ ինձ այս մասին՝ իբրեւ որդու եւ եղբօր, եւ այս մարդկանց ընդունի՛ր սիրով: Իսկ եթէ դա քեզ դժուար կը լինի, ապա իմացի՛ր, որ այս տառապած անձինք ստիպում են մէջտեղ բերել քո մասին ամբաստանագիրը»:
Այնժամ Թէոփիլոսը խիստ պատասխան գրեց՝ շարադրելով. «Կարծեմ թէ տեղեակ ես նիկիական կանոնների վճռին, ըստ որի՝ եպիսկոպոսներից ոչ ոք չպէտք է դատի իր սահմաններից դուրս եղող վէճերը: Եթէ չգիտես, ապա սովորի՛ր եւ հեռու մնայ իմ դէմ գրուած ամբաստանիչ մուրհակներից, որովհետեւ եթէ դատուելու լինէի, ապա կը դատուէի եգիպտացի եպիսկոպոսների եւ ոչ թէ քո կողմից, որ հինգ օրուայ ճանապարհով հեռու ես այստեղից»: Տեսնելով, որ իր առաջարկը չընկալուեց ուղիղ մտքով, Ոսկեբերանը հրաժարուեց սկիտացիներին իրենց պատրիարքի հետ հաշտեցնելու մտքից, խաղաղութեամբ արձակեց նրանց, որպէսզի ինքնովի հաշտուեն, եւ չխափանուի իր կարեւոր ծառայութիւնը սեփական հօտին: Բայց բանսարկուները սուտ լուրեր տարան Թէոփիլոսին, թէ նա քո կողմից բանադրուածներին ընդունել է սուրբ Խորհրդի մէջ եւ ձեռնամուխ է եղել նրանց թիկունք լինել: Այդ պատճառով Թէոփիլոսն իր ամբողջ ցասումը դարձրեց Ոսկեբերանի վրայ եւ որոշեց հեռացնել նրան Աթոռից:
Իսկ սուրբ Եպիփանը, որն անտեղեակ էր Թէոփիլոսի խորհուրդներին, շարժուելով նրա օրինակով, ինքը եւս ժողով գումարեց եւ արգելեց Որոգինէսի գրութիւնները ու գրեց Ոսկեբերանին՝ անել նոյն բանը: Բայց Ոսկեբերանը, զբաղուած լինելով եկեղեցու հոգսերով, որոնցում չկար որոգինէսեան խնդիրը, ազատ էր համարում իրեն այդ խնդրից եւ ուշադրութիւն էր դարձնում միայն Աստուծոյ խօսքի ամենօրեայ քարոզչութեանը: Այնժամ Եպիփանը որոշեց անձամբ գալ Կոստանդնուպօլիս, բերան առ բերան խօսել Ոսկեբերանի հետ ու միաժամանակ արդարացնել Թէոփիլոսին:
Այդ նոյն օրերին Կոստանդնուպօլիս քաղաքում Ոսկեբերանի թշնամիները, որոնք կային թէ՛ իշխանաւորներից եւ թէ՛ եկեղեցականներից, շատերին՝ այդ թւում եւ Թէոփիլոսին, նամակներ էին ուղարկել, որպէսզի հաւաքուէին թագաւորանիստ քաղաքում, ժողով գումարէին ու հեռացնէին Ոսկեբերանին: Թէոփիլոսն այս մասին տեղեկացրեց եգիպտացի եպիսկոպոսներին ու կամեցաւ ճանապարհ ընկնել, բայց ահա մի հրովարտակ ստացաւ Արկադէոս ինքնակալից, որը ոչ թէ Յովհաննէսի մասին էր, այլ սկիտացիների հետ կապուած իրադարձութիւնների ու այլ բաների մասին եւ որով նա պէտք է ներկայանար արքունիք՝ պատասխան տալու իր մասին եղած ամբաստանութիւններին:
Արդ, Թէոփիլոսը ճանապարհ ընկաւ երկմտութեամբ, իսկ նրա եպիսկոպոսներն ուղեւորուել էին իրենից առաջ: Նրանցից ոմանք Եպիփանից շուտ էին հասել Կոստանդնուպօլիս քաղաք, իսկ երբ Եպիփանը եւս տեղ հասաւ, պղտորեցին նրա միտքն՝ ընդդէմ Ոսկեբերանի: Այդ պատճառով երբ Ոսկեբերանը սիրով Եպիփանին ընդառաջ ելաւ ու հրաւիրեց նրան իջեւանել հայրապետանոցում, նա հրաժարուեց, որից Ոսկեբերանը հասկացաւ, որ ներսում բանսարկուներ կան: Ապա Թէոփիլոսի համախոհները յորդորեցին Եպիփանին, որ նա ստիպի Յովհաննէսին՝ դատապարտել Որոգինէսի բոլոր գրուածքները, բայց սկիւթացիների Թէոդիմոս եպիսկոպոսը, որը մի սուրբ այր էր, ընդդիմացաւ եւ ասաց. «Ի՞նչ հարկ կայ այժմ, Որոգինէսի մոլորութիւնները թէպէտ յայտնի են իմաստուններին, սակայն նրա գրքերում կան բազմաթիւ ընտիր եւ պիտանի խօսքեր»: Իսկ Ոսկեբերանը Եպիփանին պատասխանեց, թէ այդ գործը կարիք ունի երկար ժամանակի եւ քննութեան:
Թէոփիլոսը, Քաղկեդոն հասնելով, իր շուրջը համախմբեց բազմաթիւ եպիսկոպոսների: Տեսնելով, որ Քաղկեդոնի Կիւրինոս եպիսկոպոսը, որն ազգութեամբ եգիպտացի էր, եւս իր կողմից է, մեծապէս ուրախ եղաւ: Միաբանուած Ոսկեբերանի ոսոխների հետ, որոնց մէջ աչքի էին ընկնում Ակակիոսը, Անտիոքոս եւ Սեւերիանոս եպիսկոպոսները, կանչեց Յովհաննէսին՝ ներկայանալու ու դատուելու եպիսկոպոսական ժողովի առաջ: Ոսկեբերանն ասաց. «Թող նախ Թէոփիլոսը գայ եւ պատասխանի իր չարախօսներին, եւ ապա ինձ դատուելու կանչի: Երբ Թէոփիլոսը հեռանայ այդ ժողովից, ու մէկ ուրիշ անաչառ դատաւոր գայ, այնժամ ես կը ներկայանամ, որովհետեւ իմ անձի դէմ Թէոփիլոսի թշնամութեան վկաներ ունեմ, որոնք Ալեքսանդրիայում եւ Լիկիայում իր ասած այն խօսքերն են, թէ “Ես կը գնամ ժողովին, որպէսզի Յովհաննէսին հեռացնեմ Աթոռից” »:
Տեսնելով, որ Քաղկեդոնում ոչինչ չկարողացաւ անել եւ իմանալով, որ թագուհին համախոհ է իրեն, Թէոփիլոսը գնաց Կոստանդնուպօլիս: Սակայն երբ նա թագաւորանիստ քաղաք մտաւ, եկեղեցու միաբանութիւնից ոչ ոք նրան ընդառաջ չելաւ, որովհետեւ բոլորը գիտէին, որ նա հակառակ է իրենց հայրապետին: Այդպէս, չհանդիպելով եկեղեցու ընդունելութեանը, նա ուղիղ գնաց արքունի պալատ, որովհետեւ ունէր Եւդոքսիա թագուհու հրաւէրը, որը ժամ առ ժամ սպասում էր նրա գալստեանը:
Մինչ այդ պահը Արկադէոս թագաւորը, որը համակրում էր Ոսկեբերանին, հրամայեց նրան գալ պալատ եւ վճռել Թէոփիլոսի ու նրա ոսոխների դատը, բայց Ոսկեբերանը հրաժարուեց՝ ասելով. «Թող նա դատուի իր երկրում՝ իր եպիսկոպոսների ատեանի առաջ, եւ ոչ թէ մեզ մօտ՝ մեր Աթոռում»: Իսկ Թէոփիլոսն իր համախոհների եւ Եւդոքսիա թագուհու հետ հնարքներ էր որոնում կտրել եկեղեցու միաբանութեանը Յովհաննէսից եւ իրաւունք ստանալ՝ նրան Աթոռից հեռացնելու համար: Եւ արդարեւ, նրանք միաբանութիւնից ոմանց իրենց կողմը դարձրին ու ատելութեան հոգով գտան ամբաստանիչ խօսքեր՝ չարութեամբ խեղաթիւրելով նրա բարի գործերը: Ասում էին. «Յովհաննէսը նորաձեւութիւններ է մուծում եկեղեցու մէջ: Նախ գործում եւ ապա ուսուցանում է, որ սուրբ Խորհրդին հաղորդուելուց յետոյ մի քիչ ջուր առնեն բերանների մէջ, կամ մի բան ծամեն, որպէսզի բերանի մէջ նշխարի մնացուկներ չմնան», եւ այլ նման բաներ: Բայց առաւել հանդէս էր գալիս Եւդոքսիա թագուհին՝ պատճառաբանելով, թէ այդ օրերին Յովհաննէսն իր անձի դէմ խիստ խօսքեր է ասել եւ թէ ինչպէս է շատ անգամ քարոզելիս վատաբանել կանանց՝ կամենալով անարգել իրեն: Եւ արդարեւ, սուրբը խօսել էր, բայց ոչ ընդդէմ թագուհու, այլ ընդդէմ կանանց մէջ եղած անկարգութիւնների: Եւ ահա այսպիսի կանացի պատճառաբանութիւններով Եւդոքսիան շրջեց անարի Արկադէոս կայսեր միտքը եւ ստիպեց օր առաջ Յովհաննէսին հեռացնել Աթոռից:
Եւդոքսիան կանչեց նաեւ սուրբ Եպիփանին եւ ստիպեց Յովհաննէսի հեռացման հարցում միաբանուել իրեն: Բայց երբ սուրբը չհամաձայնեց առանց պատճառի անել այդ բանը, Եւդոքսիան ասաց. «Եթէ չհեռացնէք Յովհաննէսին, ապա ես բացել կը տամ կուռքերի տաճարները»: Այնժամ սուրբ Եպիփանը հեռացաւ ատեանից՝ ասելով. «Ես անպարտ եմ Աստուծոյ առաջ» եւ շտապեց նաւ նստել ու գնալ Կիպրոս՝ դէպի իր Աթոռը:
Այստեղ Ոսկեբերանի բոլոր վարքագիրները միաբան գրում են, թէ երկու սուրբերը՝ Եպիփանն ու Ոսկեբերանը, մարգարէացան միմեանց լինելիքը: Թագուհու հրամանով Յովհաննէսին տեղեկացրին, թէ Եպիփանն իր նախաձեռնութեամբ Թէոփիլոսի համախոհների հետ ստորագրել է իր հեռացման եւ աքսորուելու մասին թուղթը, որից Յովհաննէսը տրտմեց եւ Եպիփանին գրեց. «Ով սքանչելիդ Եպիփա՛ն, որ յօժարեցար իմ հեռացումը, դու չես հասնի քո Աթոռը, յատկապես որ գործեցիր առաքելական սահմանադրումներից եւ կանոններից դուրս՝ ձեռնադրութիւն անելով իմ թեմում եւ առանց քննելու պատճառները՝ արձակեցիր իմ կողմից բանադրուածներին»: Եպիփանն էլ Յովհաննէսին պատասխանեց. «Ով երիցս երանելի ճգնաւո՛ր Քրիստոսի, դու յաղթեցիր եւ պիտի յաղթես: Եւ ըստ քո խօսքի՝ ինչպէս որ ես չեմ հասնի իմ Աթոռին, այնպէս էլ դու չես հասնի քո աքսորավայրը»: Եպիփանը վախճանուեց դէպի Կիպրոս նաւարկութեան ճանապարհին, նոյնպէս էլ երանելի Յովհաննէսն իր երկրորդ տարագրութեան ժամանակ չհասաւ սահմանուած աքսորավայրը: Սակայն վերադառնանք մեր պատմութեանը:
Արդ, երբ Թէոփիլոսը տեսաւ, որ թագուհին ցանկանում է Յովհաննէսին հեռացնել Աթոռից, ինչը կամենում էր նաեւ ինքը, ժողովրդից վախենալով՝ մտածեց դա իրականացնել օրինաւոր ժողովի միջոցով եւ այն գումարել պալատից, եւ նաեւ թագաւորանիստ քաղաքից դուրս: Այդ պատճառով գնաց Քաղկեդոն եւ այնտեղ՝ Կաղնիք կոչուած վայրում ժողով գումարեց, որին մասնակցեցին 35-40 եպիսկոպոսներ: Այնտեղ Թէոփիլոսը նախ սիրով ընդունեց Սկիտէի մենակեացներին, որպէսզի նրանք չխոչընդոտէին իր առաջարկութիւններին, ապա առաջ բերեց Ոսկեբերանի մասին նախապէս պատրաստած ամբաստանութեան մուրհակները, որոնց մի մասը չնչին եւ ունայն բաների մասին էին, մի մասն էլ աւելի ծանր էին՝ լեցուն ստայօդ բարբաջանքներով: Ժողովը հրաւիրեց Կոստանդնուպօլսի եկեղեցու միաբանութեանը եւ հարկադրեց նրանց միաբանուել Յովհաննէսի հեռացման գործում, մինչեւ իսկ ով չհնազանդուէր, կը հեռացուէր ծառայութիւնից: Ցաւօք, գտնուեցին քահանաներ, որոնք միաբանուեցին նրանց: Նրանցից էին Արսակիոս աւագերէցը, որը յաջորդեց Ոսկեբերանին, Ատտիկոս, Ելպիտիոս եւ Ակակիոս երէցները:
Կոստանդնուպօլսում հաւաքուել էին նաեւ Ոսկեբերանին համախոհ քառասուն եպիսկոպոսներ, որոնցից մէկը Պալադիոսն էր, որը պատմում է հետեւեալը: «Մինչ նստած էինք հայրապետանոցում, — գրում է նա, — երանելի Յովհաննէսը, լցուած Աստուծոյ Հոգով, ասաց մեզ. “Աղօթէ՛ք ինձ համար, եղբայրնե՛ր, եւ եթէ սիրում էք Քրիստոսին, ապա թող ոչ ոք իմ պատճառով չլքի իր եկեղեցին: Ինչպէս Պօղոս առաքեալն է ասում, եկել է իմ ժամանակը: Կարծում եմ, որ պիտի թողնեմ տառապանքներով լի իմ կեանքը, որովհետեւ գիտեմ բանսարկուի դաւաճանութեան մասին, որը չկարողացաւ տանել իր դէմ ասուած խօսքերիս ծանրութիւնը”: Իսկ եպիսկոպոսներն արտասուքներով համբուրում էին նրա սուրբ գլուխն ու շնորհալի ոսկէ բերանը: Նրանք չէին կարողանում տանել կատարուածի ծանրութիւնը, բայց քանի որ թագուհին բռնացել էր բոլորի վրայ, մի մասը կամենում էր հեռանալ, միւս մասն էլ տատանւում էր, ինչպէս մեղուները փեթակում: Յովհաննէսն ասաց. “Նստէ՛ք ձեր տեղերում, եւ խնդրում եմ դադարէ՛ք լաց լինելուց: Մի՛ ճմլէք իմ սիրտը, որովհետեւ իմ կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ: Յիշեցէ՛ք, որ միշտ ասում էի ձեզ, թէ այս կեանքը մի ճանապարհ է, որի ուրախութիւններն ու տրտմութիւններն անցնում են միօրինակ: Աշխարհը շահաւէտ վաճառական է, առնում ենք, վաճառում եւ հեռանում: Մի՞թէ մենք աւելի լաւն ենք, քան նահապետները, մարգարէները եւ առաքեալները, որ անմահ մնանք այստեղ”: Եւ երբ նրանք ասացին, թէ մենք որբանում ենք քեզնից, իսկ եկեղեցին այրիանում է, նա պատասխանեց. “Քարոզչութեան պաշտօնն ինձնից չէ, որ սկիզբ է առել եւ ոչ էլ ինձնով կը դադարի: Արդեօք Յեսուն չյաջորդե՞ց Մովսէսին, կամ Դաւիթը՝ Սամուէլին, Բարուքը՝ Երեմիային, Եղիսէն՝ Եղիային, Տիմոթէոսը, Տիտոսը եւ շատ շատերը՝ Պօղոսին”: Այնժամ Բութանիայի Եւղիւսիոս եպիսկոպոսն ասաց. “Եթէ պէտք է մնանք եկեղեցում, ինչպէս որ պատուիրում ես, ապա հարկ կը լինի, որ մենք հաղորդուենք հակառակորդների հետ եւ ստորագրենք քո մասին ամբաստանութեան մուրհակը”: Սուրբն ասաց. “Հաղորդուել կարող էք, որպէսզի չպառակտուի եկեղեցին, սակայն մի՛ ստորագրէք, որովհետեւ ես չեմ տեսնում իմ կողմից արուած չար գործեր, որոնց պատճառով արժանի լինէի հեռացուել Աթոռից”»: Այդ պահին Թէոփիլոսի երկու նորընծայ եպիսկոպոսները՝ Դիոսկորոսը եւ Պօղոսը, մօտեցան եւ Ոսկեբերանին յանձնեցին մի նամակ՝ հետեւեալ բովանդակութեամբ. «Սուրբ ժողովը ստացել է ամբաստանութիւնների մուրհակը, որ լի է քո մասին բազմաթիւ մեղադրանքներով: Արդ, ե՛կ եւ քեզ հետ բե՛ր Սրապիոն եւ Տիգրիոս երէցներին ու Պօղոս վերծանողին»: Ոսկեբերանին համախոհ եպիսկոպոսները պատասխանեցին. «Ասացէ՛ք Թէփիլոս եպիսկոպոսին, որ նա չխանգարի ու չպառակտի եկեղեցին: Թող նա յիշի՛ Նիկիայի կանոնները, եւ թող նա ինքը չգայ թագաւորանիստ քաղաք ու մեզ չկանչի դաշտ, ինչպէս Կայէնը Հաբէլին: Մենք պէտք է նախ իր դատը լսենք, որովհետեւ մեզ մօտ են նրա մասին ծանր մեղադրանքներով ամբաստանութեան մուրհակները: Եւ բացի այդ՝ մենք, որ Աստուծոյ շնորհով հաւաքուել ենք եկեղեցու խաղաղութեան համար, աւելի բազմաթիւ ենք, քան դուք»: Երանելի Ոսկեբերանը եւս պատասխանեց՝ գրելով. «Ես կը գամ ժողովին, եթէ նախ դուրս հանէք իմ անձի յայտնի թշնամիներին՝ Թէոփիլոսին, Ակակիոսին, Անտիոքոսին եւ Սեւերիանոսին: Նրանք չեն կարող լինել իմ դատաւորները: Իսկ եթէ նրանք պիտի ամբաստանեն ինձ, ապա ասացէ՛ք ինձ, ես պատրաստուեմ ընդդէմ ոսոխների՞, թէ՞ դատաւորների: Եւ արդ, իմացէ՛ք, որ թէպէտ հազարաւոր մարդիկ ուղարկէք ինձ մօտ, աւել բան չէք լսի ինձնից»: Նոյնը պատասխանեց իր մօտ եկած երեք-չորս պատգամաւորներին, եւ նոյնը՝ Եւդոքսիա թագուհու եւ Արկադէոս կայսեր անունով եկած պատուիրակներին:
Թէոփիլեանների կողմից գրուեցին այլեւայլ նամակներ՝ ուղղուած Հռոմի գահին եւ այլ տեղերի աթոռակալներին, բայց մինչեւ նրանցից պատասխան ստանալը, Եւդոքսիան շտապեցրեց Թէոփիլոսին հեռացնել Յովհաննէսին՝ մեղադրելով նրան ընդհանուր ժողովում: Թէոփիլեան ժողովականը Յովհաննէսին ուղարկեց Աթոռից հեռացման վճիռը եւ պատճենն ուղարկեց Արկադէոս թագաւորին՝ յայտնի չարախօսութեան յաւելուածով, ըստ որի Յովհաննէսը նաեւ քրէական յանցանք է գործել ընդդէմ թագաւորութեան՝ «Յեզաբել» կոչելով թագուհուն:
Եւ ահա մի կոմսի հետ արքունիքից զինուորներ եկան՝ Յովհաննէսին եկեղեցուց եւ հայրապետանոցից հեռացնելու համար: Եւ նա յօժարութեամբ կամեցաւ գնալ նրանց հետ, որովհետեւ ականջին էին հասել թագուհու չար սպառնալիքները, թէ եթէ Յովհաննէսը մնայ, ապա ես կը բացեմ մեհեանները: Բայց ժողովուրդը, երեկոյից իմանալով եղելութիւնը, ողջ գիշեր հսկում էր եկեղեցու շուրջը, որպէսզի չտանէին հայրապետին: Իսկ երանելին առաւօտեան քարոզի մէջ գովեց առաքինի հօտի ջանքերն իր հովուի համար, որից յետոյ յորդորեց նրանց խաղաղուել եւ չխոչընդոտել իր հեռանալուն: «Քանզի, — ասաց, — Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, եւ ես պատրաստ եմ մահուան՝ Նրա անուան համար: Հաստատուն մնացէք ի Տէր՝ անբիծ հաւատով եւ անարատ վարքով, որովհետեւ այդ իսկ է ինձ համար պարծանքների պսակը, մխիթարութիւնը, օծութիւնը, կեանքը եւ անմահութիւնը»:
Սակայն տեսնելով, որ ժողովուրդը թոյլ չի տալիս, եւ կը լինի աղմուկ ու արիւնահեղութիւն, այդ օրը դեգերեց հայրապետանոցում, իսկ երեք օր յետոյ ծածկաբար մատնուեց արքունի սպասաւորների ձեռքը, որպէսզի չթուար, թէ հակառակւում է թագաւորական իշխանութեանը: Եւ այդ օրը՝ երեկոյեան, երանելուն նաւով ուղարկեցին Բութանիա՝ Պռենետոն: Ո՞վ կարող էր պատմել ժողովրդի բողոքի եւ ողբի, ինչպէս նաեւ թէոփիլեաններին ուղղուած անէծքների մասին: Իսկ թէոփիլեանները, որպէս թէ յաղթանակ տարած, եկան թագաւորանիստ քաղաք, բոլորի մօտ չարախօսեցին Յովհաննէսից ու կամեցան Կոստանդնուպօլսի Աթոռին կարգել ուրիշին, որից քաղաքը վրդովուեց: Նաեւ համարձակուեցին ասել, թէ Յովհաննէսը թէեւ ազատ լինէր բոլոր յանցանքներից, սակայն նա դատապարտելի է իր հպարտութեան պատճառով, որովհետեւ Տէրը, որ թողութիւն է տալիս բոլոր մեղքերին, հակառակ է ամբարտաւաններին: Այնժամ ժողովուրդը չհամբերելով հաւաքուեց եկեղեցում եւ ապա դուրս վազելով՝ բազմութեամբ դիմեց արքունիք: Նրանք բարձրաձայն աղաղակում էին՝ գոչելով եւ բողոքելով ու պահանջում յետ բերել իրենց սուրբ Յովհաննէս հայրապետին: Թէոփիլոսն էլ արքունի զօրականների միջոցով բռնութեամբ գրաւեց քաղաքի նշանաւոր եկեղեցին եւ սրերով ու բրիչներով սկսեց հարուածել հաւաքուած ժողովրդին: Արիւնահեղութիւն եւ բռնութեան դէպքեր եղան, սակայն բովանդակ քաղաքի առ Աստուած աղօթքի գոչիւնը յաղթեց բռնութեանը, եւ անգամ Եւդոքսիա թագուհու սիրտը մեղմացաւ հասարակութեան բողոքից: Տէրը հրաշքով փոխեց նաեւ թագուհու սիրտը, քանզի այդ գիշեր մեծ երկրաշարժ եղաւ, եւ մեծ սարսափ պատեց Եւդոքսիային, որի համար յաջորդ օրը Եւդոքսիան անձամբ ստիպեց Արկադէոսին, որպէսզի պատուիրակներ ուղարկի եւ Յովհաննէսին իր Աթոռին վերադարձնի: Այնժամ թագաւորը խոնարհութիւն արտայայտող բովանդակութեամբ նամակ գրեց սուրբին, յայտնելով, թէ ինքը կցորդ չի եղել նրա անձի դէմ չարախօսող եւ դաւաճանող անձանց եւ թէ յարգում է նրան որպէս Աստուծոյ քահանայի ու հոգեւոր հօր: Այն անմիջապէս ուղարկեց իր հաւատարիմ ներքինու եւ Յովհաննէսի բարեկամի ձեռքով, որպէսզի սուրբ հայրապետին վերադարձնէր Բութանիայի աքսորավայրից: Չքմեղաբար նամակ գրեց նաեւ Եւդոքսիան՝ յայտնելով. «Մի՛ համարիր, որ ես տեղեակ եմ եղել կատարուած իրադարձութիւններին: Ես անպարտ եմ քո արիւնից, այդ ամէնն արեցին չար եւ անզգամ մարդիկ: Իմ արտասուքներին վկայ է Աստուած, որին ընծայաբերութիւններ եմ անում… : Չեմ մոռանում նաեւ, որ իմ զաւակները քո ձեռքով մկրտուեցին»:
Արդ, պատուիրակը եկաւ Բութանիա՝ Պրենետոն, որը գտնւում էր Նիկոմիդեայի դիմաց, սակայն Յովհաննէսը չկամեցաւ վերադառնալ թագաւորանիստ քաղաք, այլ դադար առաւ մի գիւղում, մինչեւ որ ժողովի իրաւացի քննութեամբ յայտնի կը դառնար իր անմեղութիւնը: Բայց քանի որ պատուիրակները, մէկը միւսի յետեւից գնալով, այնքան շատացան, որ սուրբ հայրապետը հարկադրուած մի քանի օր յետոյ Կոստանդնուպօլիս գնաց: Երբ մտաւ թագուհու կալուածքը, սպասեց, որ եպիսկոպոսները նախ արդարացնեն իրեն եւ ապա եկեղեցի մտնի, իսկ ժողովուրդն այս իմանալով՝ վերստին բորբոքուեց ընդդէմ եպիսկոպոսների, որի պատճառով Ոսկեբերանը եկեղեցի մտաւ: Խոյս տալով՝ Յովհաննէսի հակառակորդները, որ կային եպիսկոպոսների եւ քահանաների մէջ, փախան, իսկ Թէոփիլոսն ինքը բոլորից առաջ էր աճապարելով փախել դէպի ասիական կողմերը:
Երանելի Յովհաննէսը եկեղեցի մտնելուն պէս մխիթարական մի քանի խօսք ասաց ժողովրդին, իսկ յաջորդ օրը, մատուցելով իր ոսկեբուխ վարդապետութիւնը, բոլորին հիացրեց իր անձի անոխակալ եւ անայլայլ առաքինութեամբ, ինչպէս նաեւ հօտի հանդէպ ունեցած սիրով եւ իր հոգու զուարթութեամբ, որով գոհանում էր Աստծուց՝ կատարուած բոլոր դէպքերի համար: Արդ, Ոսկեբերանի դէմ եղած այս խռովութիւնները կատարուել են Տիրոջ 403-404 թուականներին, իսկ տարագրութիւնը տեւել է միայն մէկ օր, որովհետեեւ յաջորդ օրը նա յետ կանչուեց, իսկ երրորդ կամ չորրորդ օրը քաղաք մտաւ:
Այնժամ հաւաքուեցին շուրջ վաթսուն եպիսկոպոսներ, որոնք հաստատեցին քաջ հովուի անմեղութիւնն ու բացայայտեցին թէոփիլեանների բոլոր զրպարտութիւնները, եւ թագաւորանիստ քաղաքում միառժամանակ խաղաղութիւն տիրեց:
Սակայն երկու ամիս անց Եւդոքսիա թագուհու մէջ չարի դրդմամբ դարձեալ թշնամութիւն բորբոքուեց ընդդէմ Ոսկեբերանի, որովհետեւ հայրապետը յորդորել էր հեռացնել թագուհու արձանը սուրբ Սոփիա եկեղեցու դիմաց գտնուող հրապարակից, որտեղ հեթանոսական հանդիսութիւններ էին լինում: Այս բանից թագուհին ըմբոստացաւ եւ սկսեց չարանալ Յովհաննէսի դէմ: Յովհաննէսն իր քարոզներում իրեն յատուկ համարձակախօսութեամբ ազդու խօսքեր էր ասում՝ կշտամբելով մեծ եւ փոքր անիրաւութիւնները, իսկ Եւդոքսիան համարում էր, որ նա իր բոլոր խօսքերով իրեն է խոցում: Ոսկեբերանն այդ օրերին իր ճառի մէջ գրեց. «Հերովդիադան դարձեալ մոլեգնում է, դարձեալ խռովւում, դարձեալ կաքաւում եւ դարձեալ կամենում է Յովհաննէսի գլուխը սկուտեղի վրայ առնել»:
Ոսկեբերանի հակառակորդները, իմանալով, որ թագուհին մեծ ցասումով է լցուած նրա դէմ, իսկոյն գրեցին Թէոփիլոսին, որ դարձեալ անձամբ գայ, կամ էլ ուղարկի իւրայիններից մէկին՝ Յովհաննէսին Աթոռից դարձեալ հեռացնելու համար: Բայց նա վախեցաւ ու չեկաւ, այլ միայն ուղարկեց իր երեք եպիսկոպոսներին: Եկան նաեւ այլ առաջնորդներ ասորիներից, պոնտացիներից, փռիւգեցիներից եւ կապադովկիացիներից: Արկադէոսին թւում էր, թէ նրանք պիտի ձայն տային Ոսկեբերանի համար, իսկ Եւդոքսիան՝ ընդդէմ նրա: Եւ ահա նրանց մէջ պառակտութիւն ընկաւ, որովհետեւ եկողներից ոմանք հաղորդուեցին Ոսկեբերանի հետ, ոմանք էլ իրենց հեռու պահեցին նրա հետ հաղորդակցութիւնից՝ ամբողջովին յետ պահելով նաեւ թագաւորին, որպէսզի նա եկեղեցում չմասնակցի Տիրոջ հրաշափառ Ծննդեան տօնակատարութեանը: Եւ ժողովում նորանոր մեղքեր բարդեցին երանելու դէմ՝ յայտարարելով, թէ նրա վերադարձն անօրէն է: Այդպէս համոզեցին նաեւ թագաւորին եւ մինչեւ անգամ պատուիրակներ ուղարկեցին, որ գնան Յովհաննէսի մօտ ու եկեղեցուց հեռացնեն նրան: Այնժամ Յովհաննէսը նրանց պատասխանեց. «Ես այս եկեղեցին ստացել եմ Փրկիչ Աստծուց, որպէսզի հոգ տանեմ ժողովրդի փրկութեան համար: Եւ ես չեմ կարող այն թողնել: Բայց եթէ այդ է քո կամքը, արտաքսի՛ր ինձ բռնութեամբ, քանի որ այս քաղաքը քո իշխանութեան տակ է: Եւ թող քո իշխանութիւնն ինձ անմեղադրելի դարձնի իմ կարգը թողնելուս համար»: Այնժամ եկան արքունի դռնից եւ նրան եկեղեցուց հայրապետանոց տարան:
Իսկ Զատկի Ճրագալոյցին, երբ Ոսկեբերանը եկեղեու միաբանութեան եւ ժողովրդի խնդրանքով եկեղեցի մտաւ, արքունի զօրքը վրայ հասաւ, հարուածեց ու տաճարից ցրիւ տուեց ժողովրդին՝ քահանաներով հանդերձ: Երեկոյեան ժողովուրդը փախաւ դէպի ընդարձակ մկրտարանը, սակայն գիշերուայ մէջ զօրականները եկան եւ այնտեղից հեռացրին նրանց: Նոյն օրինակով Զատկի օրը զինուորները հալածեցին ժողովրդի նորակնունք բազմութեանը եւ մինչեւ անգամ բանտարկեցին: Իսկ Պենտեկոստէից յետոյ՝ Տիրոջ 404 թուականի յունիսի 20-ին, Պատրիկոս անունով արքունի նօտարը Արկադէոս կայսեր հրամանով եկաւ սուրբ հայրապետի մօտ եւ ասաց. «Ակակիոս, Անտիոքոս, Սեւերիանոս եւ Կիւրինոս եպիսկոպոսներն ասացին, որ թող մեր գլխին լինի Յովհաննէսին հեռացնելը: Արդ, Աստծուց քեզ յանձնարարուած է, որ դու հեռանաս եկեղեցուց եւ այս քաղաքից»: Լսելով արքայի այս պատգամը՝ երանելի հայրապետը գոհացաւ Աստծուց, ողջոյն տուեց եպիսկոպոսներին եւ քահանաներին ու արտասուքներով հրաժեշտ տուեց: Արքունիքից եկած մարդիկ անմիջապէս վերցրին նրան, իր ընկերների հետ շղթայակապ դրեցին մի նաւի մէջ եւ պատուիրեցին տանել Բութանիայի Նիկիա քաղաքը եւ այնտեղից էլ՝ որոշուած աքսորավայրը, որպէսզի ժողովուրդը նրա վերադարձի յոյսն այլեւս չունենայ:
Եւ ի նշան Աստուծոյ ցասման՝ յանկարծակի բոց ելաւ այն Աթոռից, որտեղ նստում էր սուրբ հայրապետը, եւ ի վրէժխնդրութիւն Աստուծոյ խօսքի ճշմարիտ քարոզչի, որի յարգը չճանաչեցին, այրեց եկեղեցին եւ անցնելով օդի միջով՝ բռնեց ծերակոյտի ապարանքն ու երեք ժամուայ մէջ փոշիացրեց:
Բայց զարմանալին այն է, որ երբ Ոսկեբերանը հասաւ Բութանիա, արդէն տարածուել էր թագաւորանիստ քաղաքի հրդեհի լուրը եւ որի պատճառը որպէս թէ ինքը եւ իր հետ եղող ընկերներն էին: Զօրականները սպառնացին սուրբին, իսկ նրա ընկերներին կապուած յետ վերադարձրին՝ Կոստանդնուպօլսում դատուելու համար, սակայն այնտեղ նրանց անպարտ ճանաչելով՝ ազատ արձակեցին: Իսկ զինուորները, գիշեր-ցերեկ առաջ շարժուելով, Ոսկեբերանին տանում էին որոշուած հեռաւոր վայրը՝ Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը: Սուրբ հայրապետն աքսորի ճանապարհը գնում էր ուրախութեամբ եւ ուր որ իջեւանում էր, չէր դադարում քարոզել Աստուծոյ խօսքը եւ զօրաւոր նամակներ գրել, որը յայտնի էր դարձնում նրա սքանչելի համբերութիւնը եւ կատարեալ ներողամտութիւնը իր բոլոր տառապանքներում: Գրեց նաեւ մխիթարական խօսքեր՝ ուղղուած այն եպիսկոպոսներին ու քահանաներին, որոնք Կոստանդնուպօլսում բանտարկուել էին իր պատճառով: Իր թղթերում նա պատմում է երկար՝ եօթանասուն օր տեւած ճանապարհին իր կրած տառապանքների մասին: Նիկիայից անցաւ գաղատացիների եւ կապադովկիացիների երկրներով, որի ընթացքում հիւանդացաւ եւ տենդի մէջ այլուելով հազիւ Կեսարիա հասաւ: Այնտեղ կարճ ժամանակ դադար առաւ, գրեց շատ այլ թղթեր՝ իր տեսակ-տեսակ նեղութիւնների ու հոգու անպատմելի մխիթարութիւնների մասին: Եւ երբ հասաւ Կոկիսոն, ազատուել էր տենդից ու բոլոր տառապանքներից, ինչպէս նաեւ բարբարոսների երկիւղից, քանզի Կեսարիայից մինչեւ Կոկիսոն ընկած ճանապարհին մեծ երկիւղ կար իսաւրացիներից: Եւ նա իր խօսքերի շարքին միահիւսեց նաեւ այս խօսքերը. «Փա՛ռք Աստուծոյ ամէն բանի համար: Ես չեմ դադարելու կրկնել այդ խօսքերը այն ամէնի պատճառով, ինչ կատարուեց ինձ հետ»: Ահա այստեղից է վերցուել եկեղեցու այս մաղթանքը. «Փա՜ռք Քեզ, Տէ՛ր, փա՜ռք Քեզ, յաղագս ամենայնի, Տէ՛ր, փա՛ռք Քեզ»:
Բարեկամներից ոմանք այցելում էին նրան եւ ցանկանում էին միջնորդել նրա պահապաններին, որպէսզի այդ անշուք եւ աղքատ աւանից նրան տեղափոխեն առաւել բարւօք տեղ: Բայց սուրբը ցանկանում էր մնալ, յատկապէս որ տեղի հայ բնակիչներն ու եպիսկոպոսը մեծ սիրով էին կապուել իր հետ: Սուրբ Լուսաւորչի պարթեւական ցեղից հայոց Դիոսկորոս վարդապետը եւ եպիսկոպոսը եւս սիրելի ու մտերիմ էր դարձել սուրբին: Նրա եւ ժողովրդի խնդրանքով Ոսկեբերանը ի պատիւ Հայաստանեայց սուրբ Գրիգոր Լուսաւորչի՝ մէկ-երկու անգամ ճառ ասաց եւ նրա տօնի օրը ուրախացրեց նրա զաւակներին:
405 թուականի ձմռանը երանելին հիւանդացաւ, իսկ գարնան սկզբին, երբ արդէն առողջացել էր, սկսեց դարձեալ գրել ու քարոզել Աստուծոյ խօսքը: Պալադիոսը գրում է. «Մէկ տարի եւ չորս ամիս մնալով Կոկիսոնում՝ երանելի Յովհաննէսը կերակրեց շատ հայերի, սակայն ոչ այնքան հացով, որքան՝ խօսքով»: Երբ Յովհաննէսի թշնամիներն իմացան, որ նա առողջացել է եւ հանգիստ է գտել Կոկիսոնում, ջանացին տեղափոխել նրան եւ տանել ամայի Արաբիսոն ամրոցը: Սակայն նրան չտարան ուղիղ ճանապարհով, այլ շրջեցրին լեռներով ու անտառներով, այն էլ՝ ձմռան օրերին, որի պատճառով նորոգուեց նրա հիւանդութիւնը, ինչպէս յայտնի է նրա թղթերից: Դրանցում նա յիշատակում է Արաբիսոն հասնելու ճանապարհին իր կրած մեծ տառապանքների մասին, որոնք եղան հիւանդութեան, աղքատութեան եւ աւազակների երեսից: Այնտեղ ոսկէ Գրիչը նամակի տեսքով գրեց սքանչելի մի թուղթ՝ «Ով չի վնասում իր անձին, նրան ոչ ոք չի կարող վնասել» վերտառութեամբ: Գրեց նաեւ այլ թղթեր՝ ուղղուած Կոստանդնուպօլսի, Հռոմի եւ այլ տեղերի առաջնորդներին: Ինչպէս Կոկիսոնում, այնպէս էլ Արաբիսոնում Աստուած պատուեց սուրբ Ոսկեբերանին՝ բոլորի առաջ տալով նրան խօսքի, վարդապետութեան եւ հրաշագործութեան շնորհներ: Նրա ոսոխները չկարողացան յանդուրժել եւ արքունի դռնից բերեցին հրաման, որ նրան Պոնտոսի կողմերը տանեն: Եւ զինուորները, որոնք ճանապարհին շտապեցնում էին նրան, ասում էին. «Եթէ դու ճանապարհին մեռնես, մենք մեծամեծ պարգեւներ կը ստանանք արքունիքից», որի համար երեք ամիս չարչարելով տարուբերում էին նրան անկոխ վայրերով:
Երբ արդէն հասնում էին սահմանուած վայրին, սուրբը, որը գնում էր նրանց յետեւից, տկարութիւնից չկարողացաւ առաջ գնալ: Այդ պատճառով մի փոքր հանգստացան Պոնտոսի Կոմանա քաղաքի մօտ եւ ապա, հինգ-վեց մղոն անցնելով, օթեւանեցին քաղաքի պարիսպներից դուրս՝ սուրբ Բասիլիոսի վկայարանում: Այդ գիշեր Քրիստոսի վկան երեւաց երանելի Յովհաննէսին եւ ասաց. «Զօրացի՛ր եւ արիացի՛ր, եղբայր Յովհաննէ՛ս, որովհետեւ վաղը մենք միասին կը լինենք»: Սուրբ վկան երեւացել էր նաեւ վկայարանի երէցին եւ ասել նրան. «Տեղ պատրաստիր մեր եղբայր Յովհաննէսի համար, որովհետեւ նա պիտի գայ»: Սուրբ Ոսկեբերանը զօրացաւ այս տեսիլքից եւ մեծապէս մխիթարուեց: Յաջորդ օրը խնդրեց զինուորներին, որ թոյլ տան իրեն մնալ մինչեւ օրուայ հինգերորդ ժամը, բայց նրանք չլսեցին եւ իրեն վերցնելով գնացին: Երեսուն ասպարէզ անցնելուց յետոյ երբ տեսան, որ նա մեռնում է, սուրբի խնդրանքով վերադարձան վկայարան, որտեղից եկել էին եւ տեսան, որ հաւատացեալների մեծ բազմութիւն էր հաւաքուել: Այնժամ սուրբը հանեց ճանապարհի իր հանդերձները եւ տուեց այնտեղ գտնուղներին, իսկ ինքը, ինչպէս ուրախ օրերին, հագաւ նորը: Հաղորդուեց սուրբ Խորհրդին, վկայարանում ասաց իր վերջին աղօթքը՝ կրկնելով իր սովորական խօսքերը՝ «Փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ, ամէն բանի համար» եւ ուրախութեամբ իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը:
Ինչպէս գրում է Պալադիոսը, սքանչելին այն էր, որ այդ ժամին հաւաքուել էր մենակեացների, կոյսերի եւ երանելի Յովհաննէսի սրբութեանը ծանօթ մեծ բազմութիւն, որոնք եկել էին Պոնտոսից, Հայաստանից, ասորիների եւ կիլիկեցիների երկրներից: Սուրբ մարմինը դիազարդուեց մեծ պատուով եւ շուքով ու հանդիսութեամբ մեծարուեց տեղի քահանաների եւ եպիսոկոպոսների կողմից: Աստուծոյ մարդուն՝ որպէս յաղթող նահատակի, թաղեցին այդ նոյն վկայարանում՝ սուրբ Բասիլիոսի գերեզմանի մօտ: Նրա վախճանը եղաւ 407 թուականին՝ շուրջ վեցամեայ հայրապետութիւնից եւ եռամեայ տարագրութիւնից յետոյ, մօտաւորապէս եօթանասուն տարեկան հասակում:
Թէ՛ նրա կենդանութեան եւ թէ՛ մահից յետոյ Աստուած շատ հրաշքներ գործեց Ոսկեբերանի միջոցով, սակայն անդրադառնանք տեսիլքներին եւ յայտնութիւններին, որոնք սուրբ Նեղոսը լսել է իր վարդապետի բերանից եւ յիշատակել Անաստաս եպիսկոպոսին ուղղուած թղթում՝ գրելով. «… Սքանչելի Յովհաննէս քահանան իր սրատես աչքով շատ անգամ է տեսել Աստուծոյ տաճարը հրեշտակների պահպանութեամբ, նրանց կողմից միշտ շրջապատուած եւ ոչ երբէք լքուած: Եւ առաւելապէս այդ տեսնում էր սուրբ եւ անարիւն պատարագի ժամին: Զարմանքով եւ ուրախութեամբ լցուած՝ նա այս մասին պատմում էր իր հարազատ եւ հոգեկցորդ բարեկամներին: Նա ասում էր. “Երբ քահանան սկսեց մատուցել սուրբ պատարագը, յանկարծակի երկնային երանելի Իշխանութիւններից բազմութիւններ իջան՝ պարուրուած պայծառափայլ զգեստներով, բոկոտն, անթարթափ աչքերով ու խոնարհ երեսներով եւ շրջապատեցին Սեղանը: Ակնածալի պատկառանքով, մեծ հանդարտութեամբ ու լռութեամբ կանգնեցին մինչեւ ահաւոր Խորհրդի աւարտը, ապա տարածուելով պատուական տաճարի բոլոր կողմերում՝ սպասաւորեցին, օգնեցին եւ զօրացրին եպիսկոպոսներին, քահանաներին ու սարկաւագներին, որոնք բաշխում էին պատուական Մարմինն ու Արիւնը”»:
Արժանահաւատ են նաեւ այն տեսիլքները, որոնք տեսան ուրիշները, ինչպէս այն մէկը, որ նրա փոխուելուց յետոյ Կոկիսոնում տեսաւ Ատելփոս եպիսկոպոսը, որն իր տանը հիւընկալել էր Ոսկեբերանին: Երբ նա լսեց Կոմանայում նրա վախճանի մասին, ցանկացաւ իմանալ, թէ նա ինչ փառքի է հասել: Եւ երկնքի Արքայութեան մէջ հոգու աչքով տեսաւ սուրբ հայրապետներին եւ վարդապետներին: Մինչ նայում էր նրանց՝ տեսնելու Յովհաննէս Ոսկեբերանին եւ մինչ ցանկանում էր հարցնել, թէ ուր է նա, հրեշտակն ասաց իրեն. «Փնտռում ես ապաշխարութեան վարդապետ Յովհաննէսի՞ն: Մահկանացու մարմին ունեցողներից ոչ ոք չի կարող տեսնել նրան, որովհետեւ նա այնտեղ է, ուր Աստուծոյ Աթոռն է»: Եւ առ այս եկեղեցին պանծալի գովեստով երգում է. «Որ յանճառելին մերձեալ ՚ի լոյս հուպ Երրորդութեան՝ ո՛վ երանելի տէր վարդապետ. այսօր տօնէ եկեղեցի զհանգստեան քո սուրբ զյիշատակս. մաղթեա՛ Փրկողին զթողութիւն մեղաց մերոց»:
Յովհան Դամասկացին պատմում է նաեւ մէկ այլ հրաշքի մասին՝ գրելով. «Թէոփիլոսը Եւդոքսիա թագուհու առաջ զրպարտեց Ոսկեբերանին, եւ նա մեղանչեց: Եւ այդ մեղքի պատճառով Թէոփիլոսը չկարողացաւ հոգին տալ իր վախճանի ժամին, բայց երբ նրա մօտ բերեցին Ոսկեբերանի պատկերը, նա երկրպագեց ու արձակեց հոգին»:
Սուրբ Ոսկեբերանի վախճանուելուց ու Կոմանայում թաղուելուց յետոյ նրա սուրբ անունը առաւել, քան իր կենդանութեան օրօք, իսկ եւ իսկ հռչակուեց ողջ աշխարհով մէկ:
Տիրոջ 438 թուականին նրա աճիւնը աքսորավայրից տեղափոխուել է Կոստանդնուպօլիս եւ ամփոփուել ս. Առաքելոց Մայր տաճարում:
Յովհաննէս Ոսկեբերանը ընդհանրական եկեղեցու նշանաւոր հայրապետներից է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաքրիստոնէական տօնելի սուրբ հայրերից, որոնք յայտնի են «տասներկու վարդապետներ» անունով:
Մեզ են հասել Ոսկեբերանի Հին եւ Նոր կտակարանների քարոզ-մեկնութիւններ: Մեկնել է Ծննդոց գրքի 1-28 գլուխները, նաև Եսայու, Երեմիայի, Դանիէլի մարգարէութիւնները, Առակների եւ Յոբի գրքերը, Ա Թագաւորութիւնից որոշ հատուածներ, սաղմոսները: Նոր կտակարանից Յովհաննէս Ոսկեբերանը մեկնել է բոլոր չորս Աւետարանները: Մեկնողական աշխատութիւնների մեծագոյն մասը նուիրուած է Պօղոս առաքեալի կեանքին, գործունէութեանը եւ թղթերի մեկնութեանը: Գրել է նաեւ ներբողներ՝ նուիրուած Հին կտակարանի սուրբերին՝ Պօղոս առաքեալին, մարտիրոսներին, Անտիոքի եկեղեցու նշանաւոր հայրապետներին, ինչպէս նաեւ սուրբ Գրիգոր Լուսաւորչին նուիրուած «Ներբողեանք»-ը, որը Ոսկեբերանը գրել է աքսորավայրում, Կոկիսոնի հայութեան խնդրանքով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յովհաննէս Ոսկեբերանի յիշատակը տօնում է տարին երկու անգամ՝ Խաչվերացի եօթերորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:
[1] Խօսք որսացող:
[2] Հռետոր, բանագէտ:
[3] Ըստ Սոկրատէսի՝ այս Բասիլիոսը Կեսարիայի հայրապետ Բարսեղ Մեծն էր:
[4] Գաղ. Ա 10:
Աղբյուր՝https://shavigh.am/