Սակայն ինչպե՞ս ես ասում դու, որ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդը չի կարող օրը երեք ժամ աղոթել և եկեղեցի այցելել: Հնարավոր է, և շատ հեշտությամբ: Նույնիսկ եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք: Ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Սամվելի մորը՝ Աննային, Աստված լսեց ոչ թե բարձր ձայնով աղերսելու, այլ սրտում ունեցած աղաղակի շնորհիվ (Ա թագ. 1-13): Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Դու էլ այդպես արա: Հառաչիր դառնորեն, հիշիր մեղքերդ և մտքումդ ասա. «Ողորմիր ինձ, Աստված»: Ահա և աղոթեցիր:
Նույնիսկ, եթե ծունկի չես եկել, եթե կուրծքդ չես ծեծում, եթե ձեռքերդ չես պարզել դեպի երկինք, բայց սրտումդ ջերմեռանդ ես, աղոթքդ կարող է լսելի դառնալ: Կինը խոհանոցում կամ կար անելիս, տղամարդը արհեստանոցում կամ ճանապարհին, շուկայում թե ծառայության մեջ կարող է ջերմեռանդ աղոթել: Հիշիր, ինչպես բանտախցի հատակին պառկած աղոթեց Պողոսը, և սասանվեց բանտը, սարսափեց բանտապետը և ի վերջո մկրտվեց: Հիշիր Եզեկիային, որ պառկած էր հիվանդ և այդ վիճակում ջերմորեն աղոթեց, ու Աստված փոխեց իր վճիռը և առողջացրեց նրան: Նույնիսկ մեծ մեղավորներն աղոթքով Աստծո ողորմությունն ստացան: Ավազակը եկեղեցում ծունկի եկած չէր, այլ գամված էր խաչին և Երկնքի արքայությանն արժանացավ: Մեկը՝ հոտի, մյուսը՝ գազանների մեջ, մյուսը՝ ձկան որովայնում Աստծուն կանչելով՝ ազատվեցին և Աստծո հաճությանն արժանացան:
Հաճախեցեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեցեք: Նաև տանը աղոթեցեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեցեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք: