Ինչպիսի՜ գովքի է արժանի արևի շողարձակումը: Արդարև, Բարուց է բխում նրա լույսը, և ինքն իսկ Բարու պատկերն է: Ուստի պարծանք է տրվում Բարուն, այն անվանելով Լույս: […] Փաստացիորեն, ինչպես աստվածությանը բնորոշ բարությունը […] ներթափանցում է գոյություն ունեցող ամեն ինչի մեջ, […] այնպես՝ որ ամեն բան լուսավորում է, կենագործում, […] հանդիսանում է նրա չափը, նրա տարածումը, նրա պատճառն ու նրա վախճանը, այդպես էլ, հավասարապես, կատարվում է պատկերի պարագային, ուր աստվածային բարությունը բացահայտվում է, այս մեծ արևը, որն ամբողջովին լույս է, և որի պայծառությունը երբեք չի դադարելու: […] Նա է, որ ամեն բան լուսավորում է […] և տեսանելի ամբողջ աշխարհի վրա տարածում է իր ճառագայթների փայլը: […] Նա է, որ հնարավոր է դարձնում մարմինների աճը, նրանց պարգևում է կյանք, մաքրագործում է նրանց ու նորոգում: […] Եվ ինչպես բարությունը գործուն է դարձնում ամեն բան, և քանի որ Արարիչ Աստվածությունը հավաքում է այն ամենը, որ ցրված է, այնպես՝ որ ամեն բան ձգտի դեպի Ինքը իբրև իր սկզբին, հարակցության իր կենտրոնին, իր կատարյալ ամբողջացմանը. ինչպես, Աստվածաշնչի համաձայն, ամեն բան Բարուց ստանում է իր կառուցվածքն ու գոյությունը, […] նրա մեջ ամեն բան գտնում է իր սահմանը և նրան են ձգտում բոլոր գոյակները. իմացականությամբ, եթե օժտված են մտքով. զգացողությամբ, եթե օժտված են զգայականությամբ. կենսական բնազդի բնական շարժումով, եթե զգայարաններով օժտված չեն. գոյությանը իրենց պարզ մասնակցությամբ, եթե կենդանի չեն և ունեն միայն նյութական գոյությունը. – այսպիսով,հայտնող պատկեր հանդիսանալու իր որակի համաձայն, լույսը միևնույն կերպ հավաքում և ձգում է դեպի ինքը […] ամեն բան, որ ստանում է իր ճառագայթները: Սրա համար է, որ կոչվում է արև («hélios»), որովհետև ամեն բան նրանում հավաքված է («aollés») և վերամիավորում է այն, ինչը որ ցրված է: Դեպի այս լույսն են ձգտում զգայական բոլոր իրականությունները: […] Ես անշուշտ չեմ ասում, ինչպես հներն էին վարվում, թե արևը, որպես աստված և տիեզերքի արարիչ, ինքնակամ կառավարում է տեսանելի աշխարհը, այլ՝ որ աշխարհի ստեղծումից ի վեր, Աստծո անտեսանելի խորհուրդները, Իր հավիտենական զորության ու աստվածության հետ, մտքի կողմից ընկալվում են արարածների միջոցով (հմմտ. Հռմ 1, 20):
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, IV, 4
Աղբյուր՝https://mashtoz.org/