12. Որոց և յայտնեցաւ իսկ:
Նրանց հայտնեց նաև:
Այսինքն՝ փառքով ցույց տվեց իրեն նրանց, որոնց հայտնվեց հարությունից հետո գերեզմանում, ինչպես նաև վերնատանը՝ փակ դռների միջից, Գալիլիայի լեռան վրա, և այն երկուսին՝ ճանապարհին, ինչպես նաև Տիբերիայի ծովեզրին: Ուստի և այս ամենը մեծ սքանչելիքով հայտնեց նրանց, որոնց հայտնվեց և հատկապես, երբ տեսան նրա՝ փառքով երկինք գնալը, հրեշտակների զարմանքը, վկայությունն ու փառավորելը: Կարծում եմ, այս ամենի մեջ է մտնում նաև մարգարեների հայտնությունը, քանի որ բոլոր մարգարեները միևնույն բանը չասացին և ոչ էլ մեկը՝ ամեն ինչ, այլ, ինչպես հայտնեց նրանց Հոգին, ոմանք չարչարանքների մասին ասացին, ոմանք՝ փառքի, և ոմանք էլ՝ երկուսը միասին: Սա է նշանակում, որ ասում է.
Որոց և յայտնեցաւ իսկ, զի ոչ եթէ անձանց, այլ մեզ մատակարարք լինէին:
Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները:
Մարգարեները, որ Աստծու խոսքը խոսեցին և բազում օրինակներով պատմեցին Աստծու տնօրինության և մեր փրկության մասին, ոչ թե իրենց անձերի համար էին ծառայեցնում այդ, որ վայելեին, որը, իհարկե, չվայելեցին, այլ հատկապես ուժգին ցանկությամբ տենչում էին մարմնի մեջ տեսնել անտեսանելին, սակայն չտեսան: Դրա համար էլ ողբում էին, հառաչում, հոգոց հանում և ի խորոց սրտի Աստծուն աղաղակում՝ ասելով. «Արթնացրո՛ւ քո զորությունը և արի՛ մեզ փրկելու» (Սղմ. 79:3): Ապա պարզ է, որ իրավամբ ասաց. ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները և ի ծառայություն մեզ, որ վայելեցինք շնորհները և տեսանք փրկությունը՝ պատրաստված բոլոր ազգերի համար, և լույսը, որ հայտնվեց հեթանոսներին և Իսրայելի փառքը:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես էին մեզ տալիս մարգարեները. նրանք տնկեցին ընտիր այգին, իսկ մենք արբեցինք ուրախարար գինով, նրանք կառուցեցին տունը, իսկ մենք հանգիստ վայելեցինք նրանում, նրանք պատրաստեցին հարսանյաց սեղանը, իսկ մենք ճաշակեցինք փեսայի քաղցրությունը, նրանք հարսանիքի կանչեցին, իսկ մենք ներս հրավիրվեցինք և արժանի եղանք սուրբ առագաստին, նրանք խոսքի համար սպանվեցին, իսկ մենք նրանց արյան միջոցով լվացվեցինք անօրինության մեղքերի տիղմից: Այդ էր պատճառը, որ ասաց. ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին պատրաստված այդ պատգամները:
Նոցին՝ որք այժմ պատմեցան, այնոքիւք, որք աւետարանեցինն մեզ Հոգւովն Սրբով, որ առաքէրն յերկնից:
Որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից:
Սա հայտնապես առաքյալների մասին է կանխատեսում, որոնք ականատեսն ու սպասավորը եղան Բանի, որոնք մարգարեների առակավոր և օրինակով ասած խոսքերը մեզ պարզ ու շիտակ ավետարանում էին, և բոլորի համար հեշտալուր հոգևոր կերակուր մատակարարում: Ուստի և մարգարեները ցանեցին աստվածային գիտության սերմերը և հունձքի հասցրին, իսկ առաքյալները մտան նրանց սերմանածի մեջ, հնձեցին և աստվածայինը շտեմարաններում հավաքեցին, ըստ Նոր կտակարանյան Տիրոջ ձայնի՝ թե. «Իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք» (Հովհ. 4:38), և նորից ասում է. «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են և հասել հնձի համար: Եվ ով հնձում է, վարձ է ստանում» (Հովհ. 4:35-36): Եվ ահա մտքում ասվածները հայտնապես մեր առջև է դնում՝ ասված, ասում է, մարգարեների վկայությամբ Սուրբ Հոգու միջոցով, որ Քրիստոսի չարչարանքների և փառքի մասին ավետարանիչներից առավել ավետարանելով՝ պատմեցին մեզ: Քանզի յուրաքանչյուր մարգարեության կատարում, որ Քրիստոսի ծննդյան, սնվելու և բնակության, հրաշագործությունների, խաչի և չարչարանքների մասին էր, պատմածը լրացրին, որովհետև, ասում է, կատարվեցին մարգարեների խոսքերը, սակայն ոչ առանց Հոգու, քանզի միևնույն Սուրբ Հոգին խոսեց օրենքով, մարգարեներով և ավետարանով:
Եվ որպեսզի սրանք մարգարեներից կրտսեր չերևան, որոնք Հոգով խոսեցին, նաև հրաշափառ հայտնությամբ [տեսան], քանի որ եթե մարգարեներին հաճախակի տեսիլքով էր երևում, կամ գիշերային տեսիլիքի միջոցով կամ առաջնորդական մտքով էր նրանց մեջ հաստատում, ապա սրանց երկնքից երևաց՝ հողմի ուժգին ձայնով և հրաշափառ լույսի փայլատակմամբ, և ականատեսների աչքի առաջ հայտնապես հրեղեն լեզուների բաժանվեց, նստեց յուրաքանչյուրի վրա, որոնք, ի զարմանք և ի հիացմունք տեսնողների, սկսեցին խոսել լեզուներով, որոնք որ Հոգին տալիս էր նրանց խոսելու: Եվ սա ըստ մարգարեության է, որ ասվեց. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, նրա առջևից հուր պիտի բորբոքվի» (Սղմ. 49:3): Եվ ովքեր լսում էին Աստծու հրաշագործությունների մասին, զարմանում էին, քանի որ գալիլեացիները հույների, բարբարոսների և բոլոր այլազգի ցեղերի լեզուներով էին խոսում՝ վարժ և անսայթաք:
Այսքան խոսելուց հետո պահն է՝ տեսնելու աստվածային խոսքը: Ասում է. որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից: Սրանով առաքյալների պատիվն առավել է դասում մարգարեներից, քանի որ նրանք մեկ ազգի և մեկ ժողովրդի համար էին միայն խոսում պատգամ-առակներով և օրինակներով, իսկ սրանք՝ բոլոր ազգերի և ամբողջ տիեզերքի համար՝ Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից՝ ավետիս տալով: Ոչ թե ինչ-որ անցյալ բաների մասին կամ գալիքի, ինչպես մարգարեներն էին ասում, այլ կատարվածի և հաստատվածի մասին, որով Աստծու անսահման գթությունն էին արմատավորում մարդկանց սրտերում: Եվ այն էր սքանչելին և Աստծու զորությանն արժանի, որ հակառակով հակառակն էր ներգործում, որ հեշտությամբ դժվարագույնի մասին էր հավաստիացնում և չարչարանքով հանգիստ պարգևում և այդ օրինակով բոլորին հորդորում երկնային լինել և ստորին կենցաղային ամեն ինչ իբրև անպիտան աղբ համարել, ու չարչարանքներով Քրիստոսի չարչարանքներին նմանվել և արյամբ վկայություն տալ առաջին վկայի արյան դիմաց և Հորը հաշտեցնել արարածների հետ:
Այնուհետև մեր առջև է դնում Աստծու անճառելի բարիքները, որով լսողների ուշադրությունը սևեռում է գերագույն բարու վրա, ոչ այնպիսի բարու, որ միայն մարդկանց է ցանկալի, այլ այն, որ հրեշտակներին և բոլոր գերաշխարհիկ բնություններին է բաղձալի ու ցանկալի, որով մարդիկ պատվի արժանացան, զարդարվեցին ու Աստծու հետ միավորվեցին, և ինչը հրեշտակները տեսնելով՝ սաստիկ ցանկությամբ բորբոքվեցին և երանի տվեցին մեր բնությանը, քանզի այն, ինչ իրենք առաջին ստեղծված պահից ցանկանում էին գոնե աղոտ տեսնել, մարդիկ իրենց մեջ բնակեցրին և իրենք միավորվեցին նրա հետ և աստվածության փառքը վայելեցին, որն այսպես է բնութագրվում.
Զոր ցանկային տեսանել գոնեայ ընդ աղօտ հրեշտակք:
Մի բան, որը կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել:
Խոսեց առաքյալների անզուգական պատվի մասին, և որ Հոգին երկնքից ուղարկվեց նրանց, և նրանք նրա Հոգով պատմեցին Ավետարանը, որը վկայվել էր մարգարեների միջոցով, և դրանով ցույց տվեց Աստծու անսահման սերը մարդկանց հանդեպ: Քանի որ նաև Որդուն տվեց մարդկանց համար մարդանալու, որպեսզի մարդով մարդուն փրկի և իր աջ կողմում նստեցնի: Նաև Հոգուն ուղարկեց՝ տիրական աղտոտված պատկերը նորոգելու և առաջին գեղեցկությանը վերստին բերելու:
Այս շնորհի մեծությանն էին բաղձում հրեշտակները, ոչ թե դեմ դիմաց տեսնել ու վայելել, ինչպես մենք, այլ՝ գոնե աղոտ կերպով տեսնել, այսինքն՝ նվազագույն տեսությամբ, ինչպես հայելու մեջ, արժանի լինել անճառելի բնությանը: Քանի որ թեև հրեշտակները սուրբ են և մաքուր՝ բնությամբ և արարչությամբ, սակայն Աստծու գերագույն բնությանը երբեք չեն կարող հասնել, որովետև արարածի բնություն ունեն և արարածն Արարչի բնությանը չի կարող հասնել, թեպետ հավետ երկնային մաքրություն ունի: Քանի որ որքան մոտենում է տեսնելու, այդքան անսահման հեռավորությամբ հեռու է փախչում նրանից, ուստի թեև Հոգուց են ստացել հոգու էանալու հատկությունը և մաքուր ու անախտ լինելը, սակայն Հոգու էությանն ու բնությանը տեղեկությամբ հասու լինել չեն կարող: Դրա համար էլ մարգարեների պես կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել:
Սակայն որպեսզի խոսքն ավելի պարզ լինի, պետք է և պատշաճ, որպեսզի սրան ավելացնենք Պողոսի՝ Եփեսացիներին ուղղված խոսքերը, որ Քրիստոսի մեծ տնօրինությունը նրանց առջև դնելով՝ ասում է, թե ոչ միայն մարդիկ այս շնորհների միջոցով իմացան Աստծու՝ Հիսուս Քրիստոսի իմաստության մասին, այլև երկնային բնությունները՝ զորություններն ու իշխանությունները, եկեղեցու միջոցով իմացան Աստծու բազմապատիկ իմաստությունը Հիսուս Քրիստոսով (տե՛ս Եփես. 3:9-10): Ուստի թեև սկզբում գիտեին, բայց անմարմին, պարզ ու միատեսակ, որ ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել: Իսկ մարմնով տեսնելով նրան և հակառակով հակառակի վրա ներգործելով՝ զարմանում էին, թե ինչպե՞ս կարող է Բանը մարմին առնել կամ ինչպե՞ս՝ աստվածությունը մարմին առնել, ինչպե՞ս կարող է մահվանից կյանք լինել, կամ կյանքից՝ մահ, ինչպե՞ս կարող է լույսը խավարել, կամ խավարը լուսավորվել, ինչպե՞ս կարող է տկարությունը զորություն ստանալ, կամ ինչպե՞ս զորությունը՝ տկարություն, ինչպիսի՞ն է փրկության գինը, կամ գնով՝ փրկությունը:
Արդ, այս ներգործությունների մասին վերին դասերն ու պետությունները եկեղեցու միջոցով իմացան, և մաքուր ջրի պես ամբողջ բովանդակությամբ տեսան արդարության Արեգակին, այդ պատճառով էլ սքանչանալով զարմանում էին մեր՝ պատվի արժանացած բնության վրա: Քանզի այն, ինչ իրենք ի սկզբանե ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, մարդիկ հանկարծ դեմ հանդիման տեսան և վայելեցին ու գերագույն զորություններին սովորեցրին խորհրդի տեսությունը: Այս ամենի հետ, ինչ ասվեց, կարծում եմ, եթե մարգարեներին ու արդարներին էլ հրեշտակ ասեն, ճշմարտությունից վրիպած չեն լինի, քանի որ արդարև հրեշտակներ էին և սպասավոր հոգիներ՝ մարմնով ուղարկված իբրև անմարմին՝ ծառայելու մարդկանց փրկությանը: Եվ քանի որ Մաղաքիան հրեշտակ է կոչվում թե՛ տեսքով և թե՛ անվամբ, և եթե նա հրեշտակ է, ապա նրա նման մյուս բոլորն էլ հրեշտակներ են: Այս անունն Աստված մարգարեների միջոցով քահանաների վրա էր դնում՝ ասելով. «Նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղաք. 2:7): Սրա մասին նաև Պողոսն է վկայում, երբ պատվիրում է կանանց քող դնել գլխին հրեշտակների պատճառով, որոնք առաջին եկեղեցին են: Իսկ եթե քահանաները հրեշտակներ են, ապա առավել ևս մարգարեներն ու արդարները: Արդ սրանք՝ այս հրեշտակները, ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել պատրաստված բարիքները, որ պետք է իրականանար մարդկային բնության համար իր ժամանակին, սակայն չտեսան: Եվ սա ըստ անսուտ Տիրոջ ձայնի, որ ասաց. «Շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. 13:17): Եվ արդ, Դավիթը գոչում է. «Ո՞վ պիտի պատմի զորությունը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնությունը» (Սղմ. 105:2), թե որքա՜ն նախախնամեց մարդկային բնությունը և ինչպիսի փառքով զարդարեց, ու ինչու առաջին պատկերը եղծվեց և ապականվեց, ընկած ու կործանված մարդկային ցեղին ինչպիսի գերագույն բարձրության հասցրեց: Ինչպիսի սիրով սիրեց և ինչպիսի պատվով պատվեց, կամ ինչի հետ ինչ փոխանակեց, կամ որի մեջ ում ուղարկեց բնակվելու, քանի որ դևերին հավասարված բնությունը հրեշտակներին հավասար սարքեց և Աստծու որդիներ կոչեց: Եվ այս ամենի հիմքը դրեց մարգարեների միջոցով, որոնք Հոգով վկայեցին Քրիստոսի չարչարանքների և փառքի մասին, և դրա վրա դրեց վեմի անկյունաքարը, և կատարեց Որդու ու Հոգու միջոցով և ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների միջոցով ավետարանեց: Եվ ճանապարհներից, անդունդներից, այգիներից, քաղաքներից և փողոցներից հավաքեց հեթանոսական ազգերին՝ խեղերին, կաղերին, կույրերին ու հաշմանդամներին և իր ուրախության սեղանին ու աստվածության փառքին հաղորդակից ու տեսնողներ դարձրեց:
Հորդորակ
Արդ, այս ամենն իմանալով՝ իրապես նախանձախնդիր լինենք բարի գործերի և նրանց նմանվելուց հետ չմնանք, թեև հոգու բազում խեղություններ ունենք, սակայն նա, որ մեզ բժշկելու է կանչում, զորավոր է և պատրաստ, ո՛չ մերժում է, ո՛չ անարգում, ո՛չ գարշում է նեխոտությունից և ոչ էլ երես է դարձնում թարախից, այլ իր գիրկն է առնում և սիրով համբուրում, և մատանիով ու կոշիկով շքեղացնում, պատմուճանով զարդարում և պարարտ եզ մորթելով՝ զվարճացնում: Ուստի և հրեշտակային զորությունները տեսնելով մեր անզուգական պատիվը՝ անգամ չարանում և նախանձում են, քանի որ այն, ինչ ի սկզբանե իրենք ցանկանում էին տեսնել, չտեսան, իսկ մենք ձրի շնորհով ոչ միայն տեսանք, այլև վայելեցինք և մեռած վիճակից կենդանացանք:
Արդ, եթե նա այսպիսի սիրով սիրեց մեզ, ապա մենք ևս պետք է նույն չափով և կամովի սիրենք նրան, ո՛չ հարկադրաբար կամ բռնի ուժով, ո՛չ երկյուղից դրդված կամ աչառությամբ, ո՛չ վարձքի ակնկալությամբ, այլ՝ սիրով և հոժար կամքով ինչպես Հայր՝ պատվելով, և ինչպես Աստված՝ ծառայելով: Քանի որ, ըստ մարգարեի, ո՞ր որդին է, որ չի պատվում հորը, որպեսզի ինքն էլ, տեսնելով սիրո պատվիրանի մեջ մեր ծուլությունը, մեր դեմ չդնի սա, թե՝ «Եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը» (Մաղ. 1:6): Թեև այսպես է ասում, սակայն չի ցանկանում ոչ ոքի բռնի կերպով իրեն ծառայեցնել կամ սիրել տալ: Դրա համար սիրո այսպիսի օրենք դրեց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Մարկ. 12:30), այսպես ասելու հետ մեկտեղ ստիպողաբար չպահանջեց, այլ լսողի կամքին թողեց սիրելը:
Սակայն տեսնենք՝ բնությա՞մբ ունենք սիրելու զորությունը, թե հետո է ներմուծվել մեր մեջ: Քավ լիցի, որ վերջինը լինի, այլ ստեղծման առաջին իսկ պահից Արարիչը մեզ սիրելու հատկությամբ ստեղծեց, և մեր բնության համար այդքան պատշաճ ու հարմար այլ բան չհամարեց, քան սիրո զգացումը: Հետևաբար, այն, ինչ բնությամբ մեր մեջ չի դրել, դրա իրագործումը չէր կարող պահանջել մեզանից, և եղծելու ու լուծարելու համար դատաստանով չի դատի մեզ, իսկ ինչի սերմերը թաղեց մեր բնության մեջ, դրանցից էլ պտուղ է պահանջում, և եղծելու կամ լուծարելու համար դատաստանով է դատում:
Իսկ եթե բնությամբ բարի ցանկացող ենք, ապա Աստծուց մեծագույն բարի ի՞նչ կա և կամ ո՞ր գեղեցկությունն է առավել քան Աստծու մեծավայելչությունը, որ երկնքից ու բոլոր արարածների բնությունից առավել վեր բարձրացավ: Նրա՛ն սիրենք, նրա՛ն ցանկանանք, ամեն ինչ փոխանակենք նրա սիրո հետ. ունեցվածքը, սիրելիներին, նույնիսկ մեր մարմինները, և եթե հնարավոր է, նույնիսկ մեր հոգիները: Մերկանա՛նք երկրավոր բաներից և Աստծու սերը փնտրելո՛ւ ելնենք, միգուցե կարողանանք գտնել այն: Երկնայինի՛ն հարենք, պաղատե՛նք նրան, արտասուքո՛վ աղաչենք, որպեսզի հայտնի մեզ իր սիրո օրինակը: Չկանգնենք և չմնանք խոնարհ մարմնի մեջ, այլ մեր աչքերը երկնավորի՛ն հառենք, սնոտի բաների մեջ չդեգերենք և սրանցից ոչինչ բարի չհամարենք: Մեր իշխանական միտքը մեզ վրա՛ կենտրոնացնենք և մտաբերե՛նք Աստծու երախտիքները՝ թե՛ ներկայի և թե՛ գալիքի, երկրավոր և երկնավոր երախտիքները, որպեսզի Աստծու սիրով առաջնորդվելով՝ ճանաչենք բարեգործին և ապերախտ չգտնվենք երախտավորի առջև, որովհետև չար խորհուրդներն ու չար մտքերը Աստծուն հակառակ են հատուցում:
Նա ստեղծեց մեզ և ոչնչից գոյության կոչեց, խոսքով պատվեց և պատկերով զարդարեց, իսկ մենք նույնիսկ խոսքով շնորհակալ չենք լինում: Նա մեզ համար ստեղծեց երևելի արարածներին, մեզ բոլորի վրա տեր, իշխան և թագավոր կարգեց, իսկ մենք ուրանում ենք նրա պարգևները: Նա իր միածին ու սիրելի Որդուն մեզ համար տվեց, և էակից ու համագո Սուրբ Հոգուն ուղարկեց, իսկ մենք հանուն նրա սիրո ոչ մի վշտի մեջ համբերություն չենք ցուցաբերում: Նա արքայություն խոստացավ, նա գեհենով սպառնաց, իսկ մենք կա՛մ հանուն առաջինի սիրենք և կա՛մ հանուն երկրորդի՝ վախենանք:
Արդ, տեսնենք, թե հնարավո՞ր է, որ մեկն իսկապես Աստծու սիրուն հասնի: Հնարավոր է, հավատում եմ, թեև ես ինքս անհաղորդ եմ այդ շնորհներին ու քաղցրությանը, և զրկված Աստծու սիրուց: Ոմանք ասում են, թե որտեղի՞ց է հայտնի, որ մարդ կարող է հասնել: Բազում օրինակներից և Աստծու օրենսդրությունից, քանի որ բնությամբ ամենաբարին անհնար բան և մեր բնությունից դուրս չէր սահմանի և չէր պահանջի, որ մենք կատարենք, քանի որ եթե հրամայեր մեզ թռչել, կամ ծովի վրայով քայլել կամ օդը տրորել ոտքերով՝ մեզ այդպիսին չստեղծելով, արդարև, ո՞վ մի բան կասեր: Իսկ այն, ինչ պահանջում է մեզանից, որը բնությամբ մեր մեջ է դրել՝ իր սիրո օրենքը, և մարդկանցից, որ նույն կարիքների և նույն տկարությանը ենթակա էին, առանց օրենքի և պատվիրանի կարողացան իրապես կատարել այն, ինչպես Աբրահամն էր, որ Աստծու հանդեպ ունեցած սիրով և հավատով շատերի համար օրինակ եղավ և Աստծու բարեկամ կոչվեց և շատ ազգերի հայր եղավ ու նրանով էին օրհնվում երկրի բոլոր ազգերը: Ինչպիսին էին Իսահակն ու Հակոբը, որ իրենց հոր նույն սիրով ճգնեցին, և բազում փորձությունների ենթարկվելով՝ Աստծուն սիրելուց և նրան հավատալուց չդադարեցին: Ինչպիսին էին Մելքիսեդեկն ու Հոբը, որ զարդարված էին Աստծու սիրով, դրա համար էլ մեկը արդարության ու խաղաղության թագավոր էր կոչվում և բարձրյալ Աստծու քահանա՝ անմայր, անհայր, անազգ, որպեսզի այդ բոլորով Աստծու Որդու օրինակը հանդիսանա: Իսկ մյուսն անարատ ու արդար այր էր և Սուրբ Գրքի ճշմարիտ վկան, որ իր ունեցվածքն ամբողջովին Աստծու սիրո հետ փոխանակեց և Աստծու դեմ երբեք տրտնջալով չխոսեց և ոչ էլ մտածեց, այլ հաստատուն մնաց և Աստծու սիրուց երբեք չհեռացավ: Ինչպիսին էին Մովսեսն ու Ահարոնը, և արդարների ամբողջ ցեղը, որ Աստծու սիրով զորացան, արդարացան ու փառավորվեցին և բոլոր մարդկանցից վեր եղան իրենց պատվով:
Տեսնո՞ւմ ես նրանց, որ առանց օրինակի և պատվիրանի սիրեցին Աստծուն ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ: Արդ, նայի՛ր և տե՛ս նաև բազում այլ օրինակներ, երբ օրենքով ու պատվիրանով սիրեցին, և ամեն ինչ Աստծու սիրո հետ փոխանակեցին, քանի որ այնպես սիրեցին նրան, ինչպես որ հարկն էր սիրել: Ինչպես մարգարեների դասն էր, որոնք ստվերի մեջ էին, ինչպես առաքյալների դասն էր, որոնք ճշմարտությամբ էին զվարճանում, ինչպես մարտիրոսների գունդն էր, որ իրենց պարանոցի արյունը տվեցին Աստծու սիրո համար, ինչպես ճգնավորների ու կույսերի դասն էր, որ իրենց կյանքը, մարմինը և հոգին փոխանակեցին Քրիստոս Աստծու սիրո հետ, որպեսզի չզրկվեն նրանից, ուստի ոչ միայն խոսքով սիրեցին, այլ՝ գործերով և ճշմարտությամբ:
Այսպիսի սիրով սիրենք նաև մենք, այսպիսի հոժար կամք ունենանք և ամեն հնար օգտագործենք, որպեսզի կարողանանք հասնել Աստծու սիրուն: Քանի որ նրանք, որ արդար էին, սիրեցին Աստծուն և նույն սիրով սիրվեցին, սրբվեցին և պսակվեցին նրանից, իսկ մենք, որ մեղավոր ենք, առավել ևս չդադարենք Աստծու սիրո մեջ մնալուց, քանի որ ինքն էլ, որ սիրող Աստված է, սիրեց մեղավորներին, եկավ՝ փնտրելու մեղավորներին, մեղավորների համար մարդ եղավ, մարմին առավ ու չարչարվեց:
Եվ եթե նա այսպիսի սեր ցուցաբերեց մեր հանդեպ, մինչդեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ, ապա որքան առավել, երբ մենք հաշտվենք նրա հետ, կապրենք նրա կյանքով:
Ուստի, սիրե՛նք Աստծուն, ինչպես որ հարկն է, և կսիրենք, եթե արհամարհենք երկրավորը, եթե մարմնի հանդեպ խնամք չտանենք՝ ցանկությունները բավարարելու համար, եթե երկրի վրա մեռցնենք մեր երկրավոր անդամները, փակենք մեր զգայարանները, եթե Պողոսի միտքը ստանանք, եթե նրա խոսքերով ասենք. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը, ինչպես գրված էլ է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք որպես ոչխար սպանդի համար… որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը… ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները… և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսով»» (Հռոմ. 8:35-39):
Այսպե՛ս մտածենք, այսպիսի խոսքե՛ր ասենք, և Աստծու սերը մեզ համար կյանք, հույս, ցնծություն, արքայություն, անճառ բարիքներ և պարծանքի պսակ համարենք: Այս բաների մեջ փութանք և սրանում մնանք, մեր միտքն ու սիրտը հաստատենք Աստծու սիրո մեջ, որպեսզի մտքի խաբեությամբ չզրկվենք նրանից: Քանզի չկա առավել դառնագույն գեհեն, կամ տանջող հուր, կամ անքուն որդ, կամ աչքերի լաց և ատամների կրճտոց, քանի որ այս ամենից առավել դառնագույն է մտքի սխալի պատճառով Աստծու սիրուց զրկվելը և Քրիստոսից նախատինք լսելը՝ ապերախտ գտնվելով նրա՝ մեզ համար կատարածի հանդեպ:
Այս ամենն իմանալով, սիրելինե՛ր, զգո՛ւյշ լինենք մեր անձերի հադեպ, և այն ամենն, ինչ հակառակ է Աստծու սիրուն, հեռացնե՛նք մեզանից և դրանց փոխարեն Աստծու սիրո զորությունը մեր հոգիներում ընդունենք և դրանով զարդարենք մեր անձերը, նրանով պսակենք մեր գլուխները, նրանով սրբենք մեր մտքերն ու սիրտը: Լսե՛ք Որոտման որդուն, որ ավետիս է տալիս և երաշխավոր լինում այս անճառելի շնորհներին և ստանալու օրինակն իրապես ուսուցանում՝ ասելով. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16): Տեսնո՞ւմ ես սիրո օրինակը, տեսնո՞ւմ ես Աստծու անճառելի կապը մարդու հետ: Այս շնորհներին արժանի՛ դարձնենք մեր անձերը բարեգործությամբ, որպեսզի կարողանանք հասնել խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Նրա հետ նաև Հորը, միասնաբար և Սուրբ Հոգուն վայել է փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը