Արդ, այս ամենն իմանալով՝ իրապես նախանձախնդիր լինենք բարի գործերի և նրանց նմանվելուց հետ չմնանք, թեև հոգու բազում խեղություններ ունենք, սակայն նա, որ մեզ բժշկելու է կանչում, զորավոր է և պատրաստ, ո՛չ մերժում է, ո՛չ անարգում, ո՛չ գարշում է նեխոտությունից և ոչ էլ երես է դարձնում թարախից, այլ իր գիրկն է առնում և սիրով համբուրում, և մատանիով ու կոշիկով շքեղացնում, պատմուճանով զարդարում և պարարտ եզ մորթելով՝ զվարճացնում: Ուստի և հրեշտակային զորությունները տեսնելով մեր անզուգական պատիվը՝ անգամ չարանում և նախանձում են, քանի որ այն, ինչ ի սկզբանե իրենք ցանկանում էին տեսնել, չտեսան, իսկ մենք ձրի շնորհով ոչ միայն տեսանք, այլև վայելեցինք և մեռած վիճակից կենդանացանք:
Արդ, եթե նա այսպիսի սիրով սիրեց մեզ, ապա մենք ևս պետք է նույն չափով և կամովի սիրենք նրան, ո՛չ հարկադրաբար կամ բռնի ուժով, ո՛չ երկյուղից դրդված կամ աչառությամբ, ո՛չ վարձքի ակնկալությամբ, այլ՝ սիրով և հոժար կամքով ինչպես Հայր՝ պատվելով, և ինչպես Աստված՝ ծառայելով: Քանի որ, ըստ մարգարեի, ո՞ր որդին է, որ չի պատվում հորը, որպեսզի ինքն էլ, տեսնելով սիրո պատվիրանի մեջ մեր ծուլությունը, մեր դեմ չդնի սա, թե՝ «Եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը» (Մաղ. 1:6): Թեև այսպես է ասում, սակայն չի ցանկանում ոչ ոքի բռնի կերպով իրեն ծառայեցնել կամ սիրել տալ: Դրա համար սիրո այսպիսի օրենք դրեց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Մարկ. 12:30), այսպես ասելու հետ մեկտեղ ստիպողաբար չպահանջեց, այլ լսողի կամքին թողեց սիրելը:
Սակայն տեսնենք՝ բնությա՞մբ ունենք սիրելու զորությունը, թե հետո է ներմուծվել մեր մեջ: Քավ լիցի, որ վերջինը լինի, այլ ստեղծման առաջին իսկ պահից Արարիչը մեզ սիրելու հատկությամբ ստեղծեց, և մեր բնության համար այդքան պատշաճ ու հարմար այլ բան չհամարեց, քան սիրո զգացումը: Հետևաբար, այն, ինչ բնությամբ մեր մեջ չի դրել, դրա իրագործումը չէր կարող պահանջել մեզանից, և եղծելու ու լուծարելու համար դատաստանով չի դատի մեզ, իսկ ինչի սերմերը թաղեց մեր բնության մեջ, դրանցից էլ պտուղ է պահանջում, և եղծելու կամ լուծարելու համար դատաստանով է դատում:
Իսկ եթե բնությամբ բարի ցանկացող ենք, ապա Աստծուց մեծագույն բարի ի՞նչ կա և կամ ո՞ր գեղեցկությունն է առավել քան Աստծու մեծավայելչությունը, որ երկնքից ու բոլոր արարածների բնությունից առավել վեր բարձրացավ: Նրա՛ն սիրենք, նրա՛ն ցանկանանք, ամեն ինչ փոխանակենք նրա սիրո հետ. ունեցվածքը, սիրելիներին, նույնիսկ մեր մարմինները, և եթե հնարավոր է, նույնիսկ մեր հոգիները: Մերկանա՛նք երկրավոր բաներից և Աստծու սերը փնտրելո՛ւ ելնենք, միգուցե կարողանանք գտնել այն: Երկնայինի՛ն հարենք, պաղատե՛նք նրան, արտասուքո՛վ աղաչենք, որպեսզի հայտնի մեզ իր սիրո օրինակը: Չկանգնենք և չմնանք խոնարհ մարմնի մեջ, այլ մեր աչքերը երկնավորի՛ն հառենք, սնոտի բաների մեջ չդեգերենք և սրանցից ոչինչ բարի չհամարենք: Մեր իշխանական միտքը մեզ վրա՛ կենտրոնացնենք և մտաբերե՛նք Աստծու երախտիքները՝ թե՛ ներկայի և թե՛ գալիքի, երկրավոր և երկնավոր երախտիքները, որպեսզի Աստծու սիրով առաջնորդվելով՝ ճանաչենք բարեգործին և ապերախտ չգտնվենք երախտավորի առջև, որովհետև չար խորհուրդներն ու չար մտքերը Աստծուն հակառակ են հատուցում:
Նա ստեղծեց մեզ և ոչնչից գոյության կոչեց, խոսքով պատվեց և պատկերով զարդարեց, իսկ մենք նույնիսկ խոսքով շնորհակալ չենք լինում: Նա մեզ համար ստեղծեց երևելի արարածներին, մեզ բոլորի վրա տեր, իշխան և թագավոր կարգեց, իսկ մենք ուրանում ենք նրա պարգևները: Նա իր միածին ու սիրելի Որդուն մեզ համար տվեց, և էակից ու համագո Սուրբ Հոգուն ուղարկեց, իսկ մենք հանուն նրա սիրո ոչ մի վշտի մեջ համբերություն չենք ցուցաբերում: Նա արքայություն խոստացավ, նա գեհենով սպառնաց, իսկ մենք կա՛մ հանուն առաջինի սիրենք և կա՛մ հանուն երկրորդի՝ վախենանք:
Արդ, տեսնենք, թե հնարավո՞ր է, որ մեկն իսկապես Աստծու սիրուն հասնի: Հնարավոր է, հավատում եմ, թեև ես ինքս անհաղորդ եմ այդ շնորհներին ու քաղցրությանը, և զրկված Աստծու սիրուց: Ոմանք ասում են, թե որտեղի՞ց է հայտնի, որ մարդ կարող է հասնել: Բազում օրինակներից և Աստծու օրենսդրությունից, քանի որ բնությամբ ամենաբարին անհնար բան և մեր բնությունից դուրս չէր սահմանի և չէր պահանջի, որ մենք կատարենք, քանի որ եթե հրամայեր մեզ թռչել, կամ ծովի վրայով քայլել կամ օդը տրորել ոտքերով՝ մեզ այդպիսին չստեղծելով, արդարև, ո՞վ մի բան կասեր: Իսկ այն, ինչ պահանջում է մեզանից, որը բնությամբ մեր մեջ է դրել՝ իր սիրո օրենքը, և մարդկանցից, որ նույն կարիքների և նույն տկարությանը ենթակա էին, առանց օրենքի և պատվիրանի կարողացան իրապես կատարել այն, ինչպես Աբրահամն էր, որ Աստծու հանդեպ ունեցած սիրով և հավատով շատերի համար օրինակ եղավ և Աստծու բարեկամ կոչվեց և շատ ազգերի հայր եղավ ու նրանով էին օրհնվում երկրի բոլոր ազգերը: Ինչպիսին էին Իսահակն ու Հակոբը, որ իրենց հոր նույն սիրով ճգնեցին, և բազում փորձությունների ենթարկվելով՝ Աստծուն սիրելուց և նրան հավատալուց չդադարեցին: Ինչպիսին էին Մելքիսեդեկն ու Հոբը, որ զարդարված էին Աստծու սիրով, դրա համար էլ մեկը արդարության ու խաղաղության թագավոր էր կոչվում և բարձրյալ Աստծու քահանա՝ անմայր, անհայր, անազգ, որպեսզի այդ բոլորով Աստծու Որդու օրինակը հանդիսանա: Իսկ մյուսն անարատ ու արդար այր էր և Սուրբ Գրքի ճշմարիտ վկան, որ իր ունեցվածքն ամբողջովին Աստծու սիրո հետ փոխանակեց և Աստծու դեմ երբեք տրտնջալով չխոսեց և ոչ էլ մտածեց, այլ հաստատուն մնաց և Աստծու սիրուց երբեք չհեռացավ: Ինչպիսին էին Մովսեսն ու Ահարոնը, և արդարների ամբողջ ցեղը, որ Աստծու սիրով զորացան, արդարացան ու փառավորվեցին և բոլոր մարդկանցից վեր եղան իրենց պատվով:
Տեսնո՞ւմ ես նրանց, որ առանց օրինակի և պատվիրանի սիրեցին Աստծուն ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ: Արդ, նայի՛ր և տե՛ս նաև բազում այլ օրինակներ, երբ օրենքով ու պատվիրանով սիրեցին, և ամեն ինչ Աստծու սիրո հետ փոխանակեցին, քանի որ այնպես սիրեցին նրան, ինչպես որ հարկն էր սիրել: Ինչպես մարգարեների դասն էր, որոնք ստվերի մեջ էին, ինչպես առաքյալների դասն էր, որոնք ճշմարտությամբ էին զվարճանում, ինչպես մարտիրոսների գունդն էր, որ իրենց պարանոցի արյունը տվեցին Աստծու սիրո համար, ինչպես ճգնավորների ու կույսերի դասն էր, որ իրենց կյանքը, մարմինը և հոգին փոխանակեցին Քրիստոս Աստծու սիրո հետ, որպեսզի չզրկվեն նրանից, ուստի ոչ միայն խոսքով սիրեցին, այլ՝ գործերով և ճշմարտությամբ:
Այսպիսի սիրով սիրենք նաև մենք, այսպիսի հոժար կամք ունենանք և ամեն հնար օգտագործենք, որպեսզի կարողանանք հասնել Աստծու սիրուն: Քանի որ նրանք, որ արդար էին, սիրեցին Աստծուն և նույն սիրով սիրվեցին, սրբվեցին և պսակվեցին նրանից, իսկ մենք, որ մեղավոր ենք, առավել ևս չդադարենք Աստծու սիրո մեջ մնալուց, քանի որ ինքն էլ, որ սիրող Աստված է, սիրեց մեղավորներին, եկավ՝ փնտրելու մեղավորներին, մեղավորների համար մարդ եղավ, մարմին առավ ու չարչարվեց:
Եվ եթե նա այսպիսի սեր ցուցաբերեց մեր հանդեպ, մինչդեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ, ապա որքան առավել, երբ մենք հաշտվենք նրա հետ, կապրենք նրա կյանքով:
Ուստի, սիրե՛նք Աստծուն, ինչպես որ հարկն է, և կսիրենք, եթե արհամարհենք երկրավորը, եթե մարմնի հանդեպ խնամք չտանենք՝ ցանկությունները բավարարելու համար, եթե երկրի վրա մեռցնենք մեր երկրավոր անդամները, փակենք մեր զգայարանները, եթե Պողոսի միտքը ստանանք, եթե նրա խոսքերով ասենք. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը, ինչպես գրված էլ է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք որպես ոչխար սպանդի համար… որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը… ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները… և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսով»» (Հռոմ. 8:35-39):
Այսպե՛ս մտածենք, այսպիսի խոսքե՛ր ասենք, և Աստծու սերը մեզ համար կյանք, հույս, ցնծություն, արքայություն, անճառ բարիքներ և պարծանքի պսակ համարենք: Այս բաների մեջ փութանք և սրանում մնանք, մեր միտքն ու սիրտը հաստատենք Աստծու սիրո մեջ, որպեսզի մտքի խաբեությամբ չզրկվենք նրանից: Քանզի չկա առավել դառնագույն գեհեն, կամ տանջող հուր, կամ անքուն որդ, կամ աչքերի լաց և ատամների կրճտոց, քանի որ այս ամենից առավել դառնագույն է մտքի սխալի պատճառով Աստծու սիրուց զրկվելը և Քրիստոսից նախատինք լսելը՝ ապերախտ գտնվելով նրա՝ մեզ համար կատարածի հանդեպ:
Այս ամենն իմանալով, սիրելինե՛ր, զգո՛ւյշ լինենք մեր անձերի հադեպ, և այն ամենն, ինչ հակառակ է Աստծու սիրուն, հեռացնե՛նք մեզանից և դրանց փոխարեն Աստծու սիրո զորությունը մեր հոգիներում ընդունենք և դրանով զարդարենք մեր անձերը, նրանով պսակենք մեր գլուխները, նրանով սրբենք մեր մտքերն ու սիրտը: Լսե՛ք Որոտման որդուն, որ ավետիս է տալիս և երաշխավոր լինում այս անճառելի շնորհներին և ստանալու օրինակն իրապես ուսուցանում՝ ասելով. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16): Տեսնո՞ւմ ես սիրո օրինակը, տեսնո՞ւմ ես Աստծու անճառելի կապը մարդու հետ: Այս շնորհներին արժանի՛ դարձնենք մեր անձերը բարեգործությամբ, որպեսզի կարողանանք հասնել խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Նրա հետ նաև Հորը, միասնաբար և Սուրբ Հոգուն վայել է փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: