Այնուհետև պատիվների այլ շարք է ներկայացնում, որն առաջինից առավել գերազանց է և բարձր, որով մեծարում է հողեղեն բնությունը, թե ինչ էինք և ինչի արժանացանք, և թե ինչպես և ում միջոցով ազատվեցինք մեղքի ծառայությունից ու ապականությունից, ոչ թե ապականացուի ու անցավորի միջոցով, այլ՝ անապականի և հավիտենականի՝ ասելով.
18. Գիտասջի՛ք, զի ո՛չ ապականացու արծաթեղինօք և ոսկեղինօքն փրկեցարուք ի ձերոց ունայնութեան հայրենատուր գնացիցն:
19. Այլ պատուական արեամբն Քրիստոսի, իբրև անբիծ և անարատ գառին Աստուծոյ:
18. Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից,
19. այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է, ինչպես մի գառ:
Աստվածային ամեն ինչ պիտի իմանանք և առավել ևս իմանանք, որպեսզի երբեք չմոլորվենք, սակայն Քրիստոսի անքննելի տնօրինությունն ավելի տեսնելու կամ դրա մասին առավել խոսել ցանկանալու համար մեզ պետք է բարձրագույն գիտություն, ինչն էլ երանելին պահանջում է մեզանից: Իմացեք, ասում է, այսինքն՝ մտապահեք և դրա վրա հաստատվեք, թե ինչպես եղավ ձեր փրկությունը: Ոչ թե այն, ինչ մարդկանց համար հարգի է և պանծալի՝ գեղեցկությունը, նյութի պայծառությունը, որ գրավում են տեսնողի աչքը և դյութելով՝ իրենց կողմ դարձնում, քանի որ բնությամբ ապականացու են և անցավոր, իսկ ապականացուն ապականացուին չի կարող փրկել, ոչ էլ՝ հանցավորը հանցավորին: Ուստի, եթե մարդիկ այս ամենի մեջ տկարանում են՝ ապականացու լինելու պատճառով, և եղբայրը եղբորը չի կարողանում փրկել, ինչպես Դավիթն է ասում. «Եղբայրն իր եղբորը չի փրկի, ոչ էլ մարդը կփրկի նրան. նա փրկանք չի տա Աստծուն» (Սղմ. 48:8): Եվ այն, որ մարդը բոլոր առարկաներից պատվական է Աստծու առաջ, ապա որքան են անշունչները տկարանում այս ամենից: Քանի որ ո՛չ ոսկով, ո՛չ արծաթով, և ո՛չ էլ պատվական քարերով հոգևոր փրկություն չի կարող լինել, ուրեմն, եթե այդպես է, ապա զորավոր մի բան էր պետք փրկության համար:
Բայց արդ, տեսե՛ք, նրանք, ովքեր մարմնավոր գերության մեջ են, ունեցվածքը կարող է մարմինն ազատել, իսկ ովքեր հոգևոր գերության մեջ են, ի՞նչ պիտի փնտրեն փրկության համար, որովհետև ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ կփրկվեն: Քանի որ եթե անգամ բոլոր թագավորությունները մի տեղ հավաքվեն, միևնույն է, դրանց մեծությունը չի կարող նույնիսկ մեկ հոգու ազատել, ով մեղքերի գերության մեջ է, ինչը հայրենատուր ավանդություն է կոչում: Կարծում եմ, որ հայրենատուր ավանդություն ասելով նկատի ունի առաջին մարդու անհնազանդությունն ու պատվիրանազանցությունը, որով մեղքն աշխարհ մտավ, իսկ մեղքի հետ՝ մահը, և այդպես բոլոր մարդկանց վրա տարածվեց մահը և նրանց համար դարձավ հորից ավանդված ժառանգություն, որը ոչ ոք չկարողացավ վերացնել. ո՛չ թագավորներն իրենց մեծությամբ, ո՛չ քահանաներն իրենց ողջակիզությամբ, ո՛չ մարգարեներն իրենց պատգամներով և ո՛չ էլ արդարներն իրենց արդարությամբ, այլ մեծագույնին էին սպասում՝ ազատության համար:
Նորից, եթե մեկը օրենքին ասի հայրենատուր ավանդություն, սխալված չի լինի, ոչ թե նրա համար, որ ճշմարտանման էր և Աստծու կողմից տրված, սակայն մարդկանց չկարողացավ ազատել, այլ ընդհակառակը՝ վիրավորվեցին անեծքով և դատապարտությամբ՝ մարմինը ծայրատելով և արյան դիմաց արյուն տալով: Եվ հատկապես տարատեսակ խտրականությունները, որ օրենքից դուրս ավանդեցին դպիրներն ու փարիսեցիները՝ ծերերից ստանալով, որ մեր Տերը ևս հանդիմանեց անկարգորեն բերելու և օրենքից դուրս գործելու համար: Այսպիսով, ասում է, բազում ավանդություններ ընդունեցին ծերերից, որոնք Մովսեսի օրենքում գրված չէին. «բաժակների, պղնձե ամանների և մահիճների լվացումները» (Մարկ. 7:4): Արդ, ասում է, հայրերի կողմից տրված այսպիսի ավանդությունները, որ օրենքով և օրենքից դուրս էին կատարում, ճգնում ու բազում աշխատանքներ էին տանում շաբաթը պահելու, թլփատության, զոհաբերությունների, մարմնի զանազան լվացումների համար, սակայն դրանցից փրկության համար ոչ մի օգուտ չէին ստանում և ոչ ոք չէր կարող ազատվել դրանցով. ո՛չ արծաթեղենով, ո՛չ ոսկեղենով, ո՛չ հորթերի մատուցումը, որոնք ստվերանման էին, ապա պարզ է, որ հրեաներն ու հեթանոսները փրկության համար Միածնի արյան կարիքն ունեին, որին էլ արժանացան, ինչպես որ ասում է. այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է ինչպես մի գառ: Այս ասելով՝ սոսկալի խոսքեր է ասում՝ առավել ևս ծանրացնելով մարդկության փրկության գինը, որպեսզի այլ տիրոջ ծառայություն չմատուցեն: Այս ամենի մասին նաև աստվածընկալ Պողոսն է ասում և առավել ևս զգուշացնում. «Մե՛ծ գնով գնվեցիք: Մարդկանց ծառաներ մի՛ եղեք» (Ա Կորնթ. 7:23), և նորից. «Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար» (Գաղատ. 3:13):
Տեսնո՞ւմ ես ծանր գինը, թե որքան սարսափելի է և դողով լի, քանի որ Աստծու չարչարանքների ու արյան գինն է: Ուստի, ինչպես Աստծու մարմինն էր հավաստի, այդպես էլ Աստծու արյունը, չարչարանքները, խաչը, մահն ու աստվածընկալ գերեզմանը: Հետևաբար, պետք է և պատշաճ միշտ հաստատուն մնալ, հավատալ սրանց և խոստովանել: Թող որ ցած չիջնենք անաստվածաբար ասելով, թե արյունը, չարչարանքն ու մահը Աստծուն վայել չեն, քանի որ Աստծու արյամբ եղանք փրկվածներ և ազատներ, որովհետև Պողոսը չխաչվեց հանուն մեզ և ոչ էլ Պողոսի համար մկրտվեցինք, որովհետև մարդու արյունը մարդուն չի կարող փրկել, և ոչ էլ մարգարեինը, արդարինը և բոլոր սրբերինը: Նաև երկնային զորություններից կամ հրեշտակապետաց դասից որևէ մեկը չի կարող մարմին առնելով և մարդկանց համար չարչարվելով՝ արդարացնել մարդկանց, քանի որ նրանք էլ արարված բնություններ են և արարածը արարածին ինչպե՞ս կարող է փրկել մահվանից: Ապա հայտնի է, որ կարիք ունեին Արարչի բնության, որ մարմնանար, մեռներ, չարչարվելով՝ մնար անչարչարելի, մեռնելով՝ անմահ, թշնամիների հանդեպ չթշնամացող, խոցերի մեջ՝ անխոցելի, և այդպիսի աստվածային արյամբ փրկել մեզ և կենդանություն պարգևել: Դրա համար էլ ասում է. թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է, ինչպես մի գառ:
Ոչ թե հատուկ աստվածությանն է ասում անբիծ և անարատ, որը գերագույն սրբություն ու մաքրություն է, այլ՝ լոկ մարդեղությանը, քանի որ մեր առավել արատավոր և մեղավոր բնությունը խառնելով՝ միացրեց աստվածային անարատ բնության հետ, սրբեց այն և մաքրեց, և դարձրեց այնպես, ինչպես աստվածայինն է: Եվ որ մեծն Եսային տեսնելով նրա անարատությունը և առանց հանցանքների կյանքը, նախանձեց՝ ասելով. «Նա անօրինություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում» (Ես. 53:9): Եվ Տերն ինքն էլ իր անմեղությունն առաջ բերելով՝ համարձակությամբ ասաց. «Ձեզանից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46), և՝ «Գալիս է աշխարհի իշխանը և իմ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհ. 14:30): Արդ, թեև մեր տկարություններն առավ և մեր ցավերը վերցրեց, սակայն ինքն անախտ մնաց և բժշկության կարիք չունեցավ, քանի որ մեր բնությունն ամբողջությամբ վերցրեց՝ մեղքից բացի: Սա նկատի ունենալով էլ ասաց. անբիծ և անարատ: Սուրբգրային սովորություն է մեր Տիրոջը կոչել մարդասիրության բոլոր անուններով, որպեսզի դրանով կարողանա մեզ ցույց տալ նրա անսահման գթության առավելությունը: Բոլոր մարգարեները և Հովհաննես Մկրտիչը հովիվ, ոչխար և գառ կոչեցին՝ տեսնելով նրա հեզությունը և չբարկացող բնությունը, Պողոսը այդտեղից էլ վերցնելով՝ նրան կոչում է քահանայապետ, պատարագ, խորան և վարագույր՝ առաջ բերելով նրա տնօրինության ներգործությունը, քանի որ Տերը պատրաստվում էր մեզ համար չարչարվել, մեռնել և իր արյունը հեղել:
Եվ քանի որ հնարավոր չէր միայն աստվածությամբ այս ամենը կրել, ապա վերցնում է նաև չարչարանքի ենթակա մարմին, որպեսզի չարչարվելիքով չարչարվի և անչարչարելի աստվածությամբ փրկի բանսարկուի ծառայությանը տարագրվածներիս, և նմանը նմանով մաքրի: Այս ամենը տեսնելով Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթում ասաց. «Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակություն ունենք Հիսուսի արյամբ մտնելու սրբարանից ներս այն նոր ու կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջով, որ է իր մարմինը» (Եբր. 10:19-20): Եվ նորից. «Իսկ Քրիստոս, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով» (Եբր. 9:11), այսինքն՝ իր մարմնով: Եվ քանի որ այն բոլոր գառները, որ զոհաբերվում էին, մեզ այս միակ Գառանն էին նայել տալիս, և հատկապես ողջակեզը, որ մեղքերի համար էր արվում, որի մարմինը բանակատեղից դուրս տանելով այրում էին, իսկ Հիսուսը ճշմարիտ ողջակեզն է, ըստ օրինակի, ասում է, դռնից դուրս չարչարվեց՝ իր վրա վերցնելով նախատինքը, որպեսզի իր արյամբ սրբի մեզ, ոչ թե այս արարածների, ցուլերի և նոխազների արյունով, այլ իր արյամբ մտնելով սրբություն սրբոց՝ փրկություն ստանանք: «Որովհետև եթե ցուլերի ու նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են մարմնի մաքրությունը պղծածներին, որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9:13-14):
Տեսնո՞ւմ ես օրինակի նկարագիրը, որ օրենքով էր, արդ՝ նայի՛ր նաև ճշմարտությանը և տե՛ս ըստ օրինակի եղածը, այդ պատճառով էլ մարգարեները նրան գառ ու ոչխար էին անվանում: Ինչպես նաև աստվածաբան Եսային, տեսնելով նրա անպարտ չարչարանքները, դատաապարտության ժամանակ լուռ ու անխոս մնալը, հեզությունն ու խոնարհությունը, ասաց. «Ինչպես ոչխար՝ նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առջև, նրա նման իր բերանը չի բացում: Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ» (Ես. 53:7-8): Իսկ Հովհաննեսը նրան Գառ է կոչում, Աստծու Գառ (1:36) և աշխարհի մեղքը իր վրա վերցնող (1:29), այսպես ասելով՝ լսողին ցանկանում է հասկացնել, որ զատկի գառը և ողջակեզը մեղքերի օրինակ էին, և չէին կարող կատարողների մտքերը մաքրել կամ վերացնել, ուստի Առաքյալն ասում է. «Քանզի, ինչ որ անհնար էր օրենքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը» (Հռոմ. 8:3), և մեզ սրբեց ու արդարացրեց և հաղորդակից դարձրեց իր անմեղությանն ու փառքին, այդ պատճառով արդարը մեռավ անարդարների համար և անարատ Գառը պիղծերի համար պատարագվեց ու իր պատվական արյամբ լվաց մեզ անօրինության մեղքերի տիղմից, որ ունայն կենցաղով ունեինք հայրենատուր ընթացքից: Ոչ թե ապականացու արծաթեղենով և ոսկեղենով փրկվեցինք, այլ՝ Քրիստոսի չարչարանքներով, որ աստվածային կողից հոսեցրած ջրով ավազանի մեջ մաքրեց մեզ մեղքերից և հաղորդակից դարձրեց իր մարմնին ու արյանը, ինչպես որ նորից Առաքյալն ասում է. «Որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, որ, մահվան երկյուղով, միշտ գերության վիճակում էին… Ուստի պետք էր նա այսպես աներ, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու համար ժողովրդի մեղքերը» (Եբր. 3:14-15, 17):
Արդ, երբ այս ամենն ասաց և կարճ խոսքով ու բազում օրինակներով հավաստիացրեց լսողներին, թե ինչպես փրկվեցին և ինչի փոխարեն ինչ ժառանգություն ստացան և կամ ո՞ւմ արդյոք հաղորդակից ու բաժնեկից եղան: Ապա ասում է, որ հայտնի չէր նա իրենց ժամանակներում, այլ ծածուկ խորհուրդներով էին քարոզում նրան, մինչև որ եկավ և երևաց աշխարհին:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը