Իմաստ. Սողոմոնի 4.7-15
7 իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կգտնի: 8 Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով, 9 այլ մարդու համար իմաստութիւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեանքն է նրա ծերութեան հասակը: 10 Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան եւ նրան իր կենդանութեան ժամանակ մեղաւորների միջից փոխադրեց երկինք: 11 Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին: 12 Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը: 13 Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ: 14 Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան, ոչ էլ նոյնիսկ մտածեցին, 15 թէ Աստծոյ արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից:
Եսայի 12.1-6
1 Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ: 2 Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար»: 3 Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից: 4 Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը: 5 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում: 6 Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի Սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»:
Ա Հովհաննես 5.1-6
1 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ Տուողին, սիրում է նաեւ նրանից Ծնուածին: 2 Սրանով ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծոյ Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. 3 քանզի այս է Աստծոյ հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները: 4 Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: 5 Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին: 6 Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով:
Ավ. ըստ Ղուկասի 9.23-27
23 Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: