Եփեսացիներ 6.13-24
13 Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14 եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ. եւ հագած արդարութեան զրահը՝ 15 ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան աւետարանի պատրաստութեամբ: 16 Եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: 17 Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծոյ խօսքը: 18 Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, 19 նաեւ ինձ համար, որպէսզի ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու համարձակութեամբ՝ ցոյց տալու համար աւետարանի խորհուրդը, 20 որի պատգամաւորն եմ ես այս կապանքներով, որպէսզի իմ այս վիճակում համարձակուեմ խօսել, ինչպէս որ պարտաւոր եմ խօսել: 21 Բայց որպէսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թէ ինչ եմ անում, Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ Տիրոջ հաւատարիմ պաշտօնեան ձեզ ամէն ինչ կտեղեկացնի այդ մասին. 22 նրան ուղարկեցի ձեզ մօտ, որպէսզի դուք տեղեակ լինէք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը: 23 Խաղաղութի՜ւն եղբայրներին եւ սէ՜ր հաւատով հանդերձ՝ Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 24 Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ:
Ավ. ըստ Ղուկասի 9.37-44
37 Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն: 38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մինուճարն է. 39 ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ խորտակելով նրան՝ հազիւ է հեռանում նրանից: 40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»: 41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»: 42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետնին խփեց նրան ու ցնցեց: 43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը: 44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: