8. Եւ վէմ գլորմա՛ն և վէմ գայթագղութեան, որ գայթագղին ապստամբեա՛լք ՚ի բանէն՝ յոր և եդան։
Ինչպես նաև՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին:
Մեր Տիրոջը «վեմ գլորման» և «վեմ գայթակղության» կոչելով՝ առաքյալը չի կամենում ասել այն, որ Տերը աշխարհ եկավ, որպեսզի հրեաները գլորվեին կամ գայթակղվեին, այլ այն բանի համար, որպեսզի նրանք ոտքի կանգնեին ու հաստատվեին Աստծու հավատի ու սիրո մեջ՝ ըստ մարգարեի կանխասացության: Իսկ նրանք իրենց իսկ անձերի անհավատության պատճառով հեռացան Քրիստոսից ու նմանվեցին սողացող, կամակոր օձի՝ գետնի վրա «քարշ» գալով: Ես նկատի ունեմ ա՛յն օձի հետ համեմատությունը, որը անկարող եղավ իր հետագիծը թողնելու վեմի վրա՝ ըստ առակի խոսքի: Մեր Տերն էլ, հավատի ու անհավատության սահմանին կանգնած, մեկին զորացնելով՝ բարձրացնում էր դեպի վեր, մյուսին՝ իր տկարությամբ, վար գլորում:
Իսկ ահա գլորման վեմի ու գայթակղության քարի մասին, միմյանց ձայնակցելով, վկայում են մեծն Պողոսը և Սիմեոն մարգարեն: Նրանցից մեկը, Վեմն իր գիրկն առնելով, ասում էր, որ «ահա՛ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի բարձրացման ու անկման և նշան՝ հակառակության», իսկ մյուսը «հրեաների գայթակղություն» և «հեթանոսների իմաստություն» անվանեց այն, և մեզ՝ Քրիստոսին հավատացողներիս համար էլ իբրև «Աստծու զորություն ու իմաստություն» քարոզեց Նրան։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես մարգարեության միտքը պարզ դարձավ մեզ համար երկու հավատարիմ վկաների շնորհիվ, քանի որ նրանք վերցրին Վեմի մասին ասված այն խոսքը, որը մարգարեն խորհրդանշորեն և առակավոր եղանակով հայտնեց, ու այդ շատ պարզորոշ և ուղիղ կերպով մեկնեցին մեզ համար՝ կարծես իրենց մատի մեկ շարժումով մատնանշելով խնդրի հանգուցալուծումը։
«Որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին»:
Ինձ թվում է, որ առաքյալը հրեաներին է կոչում «անհնազանդներ», և դա ա՛յն պատճառով, քանի որ բնավ չկա ու գոյություն չունի նրանց պես հեգ ու թշվառական ուրիշ որևէ այլ ազգ։ Չէ՞ որ նրանք այդքան անգամ Աստծու բարիքներն ու երախտիքները վայելելով՝ ապերախտ գտնվեցին ու բազմիցս իրենց կռապաշտությամբ հեռացան Նրանից։
Սակայն այդուհետ նրանք ապստամբեցին անհավատությամբ, քանի որ տեսան Քրիստոսին ու Նրա գործերը, որոնց նմանը մարդկանցից որևէ մեկը երբևէ չի գործել, սակայն գայթակղվելով՝ ատեցին Նրան էլ, Նրա խոսքերն էլ։ Ինձ այնպես է թվում, որ այստեղ Պետրոս առաքյալը մեջբերում է այս մարգարեական պատգամները՝ ցույց տալու համար, որ մարգարեները դեռ շատ վաղուց՝ ամենասկզբից իսկ, հրեաների ականջներին խոսում ու այն ավետիսն էին տալիս, որ նրանց մոտ է գալու Օծյալ Փրկիչը ու Ապրեցուցիչը և ազատելու է նրանց օրենքի ու անօրենության ծանր լծից։
Այդ պատճառով էլ մարգարեները Նրան Իր կատարելիք գործերը բնութագրող զանազան անուններով կոչեցին՝ հրեաներին քարոզելով Նրա գալստյան ժամանակն ու, ըստ իրենց մարգարեական անվանադրումների, Նրա կողմից կատարվելիք գործերը, որպեսզի այդ ամենն իմանալով՝ հրեաները չմոլորվեին ճշմարտությունից անգիտության խաբեությանը տրվելու պատճառով։
Ուստի մարգարեները և՛ «Հովիվ» անվանեցին Քրիստոսին, և՛ «Քահանա», և՛ «Ոչխար», և՛ «Գառ», և՛ «Զվարակ», և՛ «Պատարագ», և՛ «Վեմ», և՛ «Օծյալ», և՛ «Հիսուս», և՛ «Էմմանուել», և՛ «Հրեշտակ», և՛ «Միջնորդ», և՛ «Բան», և՛ «Բժիշկ»։ Սակայն հրեաները, երբ տեսան Քրիստոսին ու մարգարեների կանխասած անուններին համապատասխանող Նրա կատարած գործերը, միևնույն է, չճանաչեցին Նրան, այլ իրենց ինքնիշխան կամքով չարագործեցին ու գայթակղվեցին այն անունների պատճառով, որոնք Հիսուսի վրա էին դրվել։
Եվ արդ, առաքյալը Հիսուսի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ որդեգրած երկու «կողմերին» զանազանում է իրարից ու մարգարեների վկայությամբ էլ հաստատում է, որ ով հավատա կենդանի Վեմին, գովասանքի ու փառքի է արժանի, իսկ ով անարգի ու գայթակղվի, արժանի կդառնա պարսավանքի ու նախատինքի։
Այնուհետև առաքյալն, իր հաջորդիվ հնչեցրած խոսքերով ի նկատի ունենալով հավատացյալներին, անհամեմատելի վեհությամբ հարգում ու գովաբանում է նրանց և աստվածային խոստումների պատմությամբ էլ, որը նախկինում խորհրդանշաբար Իսրայելի մասին էր «վկայում», ճշմարտապես վկայակոչում է այդ խոստումների իրականացումը հավատացյալների վրա՝ ասելով․ «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ»։
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը