Կողոսացիներ 1.12-23
12 Գոհութի՛ւն Հօրը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին. 13 նա փրկեց մեզ խաւարի իշխանութիւնից եւ մեզ փոխադրեց արքայութիւնն իր սիրելի Որդու, 14 որով փրկութիւն ունենք նրա արեամբ եւ մեղքերի թողութիւն՝ նրա մարմնով: 15 Նա պատկերն է աներեւոյթ Աստծոյ, անդրանիկը բոլոր արարածների. 16 որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ինչ որ երեւում է եւ ինչ որ չի երեւում. թէ՛ գահեր, թէ՛ տէրութիւններ, թէ՛ պետութիւններ, թէ՛ իշխանութիւններ՝ ամէն ինչ նրանով եւ նրա համար ստեղծուեց. 17 եւ նա կար առաջ, քան ամէն ինչ. եւ ամէն ինչ նրանով է կանգնած հաստատ: 18 Եւ նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է. նա, որ սկիզբ է, անդրանիկը՝ մեռելների միջից, որպէսզի ինքը լինի ամէն ինչում նախապատիւը. 19 որովհետեւ Աստուածութեան լրիւ ամբողջութիւնը նրա մէջ հաճեց բնակուել 20 եւ նրանով հաշտեցնել ամէն ինչ իր հետ՝ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ ե՛ւ երկրի վրայ, ե՛ւ երկնքում եղածների համար: 21 Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք նրան ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ, 22 ահաւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահուամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծոյ առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, 23 եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն աւետարանի, որ լսեցիք, եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ:
Ավ. ըստ Ղուկասի 11.27-32
27 Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ սնեց քեզ»: 28 Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծոյ խօսքը եւ կպահեն»: 29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ: