Մի մարդ դժգոհ էր իր ճակատագրիցիր կյանքի բեռը չափազանց ծանր համարելով: Նա շարունակ տրտնջում էր, թե իր խաչն անկարելի է կրել: Աստված նրան մի երազ է պարգևում: Երազում մարդը հայտնվում է մի վայրում, որտեղ շուրջբոլորը տարբեր չափերի խաչեր էին դրված: Մի ձայն հրամայում է նրան ընտրել այն խաչը, որն իր կարծիքով հարմար է իրեն, և ինքն այն կարող է կրել: Մարդն սկսում է շրջել
փնտրելով ու զննելով: Նա փորձում
է մեկը մյուսի ետևից բարձրացնել խաչերը: Մի քանիսը շատ
ծանր էին, մյուսները` անհարմար: Նա բարձրացնում է մեկ
այս, մեկ այն խաչը, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում:
Մարդը նորից ու նորից է զննում բոլոր խաչերը և ի վերջո
գտնում մեկը, որն իր համար ամենից ավելի դյուրատարն էր:
Նա վերցնում է այն ու գնում Աստծո մոտ: Այդժամ գիտակցում
է, որ դա հենց իր կյանքի խաչն է, որից մինչ այդ դժգոհում էր
ու կամենում հրաժարվել:
Երբ մարդն արթնանում է, երախտագիտությամբ ուսերին
է առնում իր կյանքի բեռն ու այլևս երբեք չի տրտնջում, թե իր
խաչը չափազանց ծանր է:
«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» գրքից