12․ Զի աչք Տեառն ՚ի վերայ արդարոց, և ականջք նորա յաղօթս նոցա. երե՛սք Տեառն ՚ի վերայ չարագործաց։
Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։
13․ Եւ ո՞ իցէ որ չարչարիցէ զձեզ, եթէ դուք բարւոյն նախանձաւորք լինիցիք։
Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն:
14․ Այլ թէ և չարչարիցիք ևս վասն արդարութեան, երանելի՛ էք. բայց յերկիւղէ նոցա մի՛ երկնչիցիք, և մի՛ խռովեսջիք։ Այլ զՏէր զնոյն և զՔրիստոս՝ սո՛ւրբ ունիջիք ՚ի սիրտս ձեր։
Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ: Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում:
Մեկնություն
Առաքյալը, երբ խոսեց մարդուն անհրաժեշտ առաքինությունների մասին՝ ասելով, թե դրանք որքան և որչափ պիտի լինեն, և թե ինչպես է պետք սիրել կյանքն ու կյանքի օրերում բարիքներ գտնել, թե ինչպես է պետք լռել և չչարախոսել, ինչպես է պետք ամուր կողպեք դնել շուրթերի վրա, որպեսզի այն երբևէ նենգություն խոսելու համար չբացվի, թե ինչպես է պետք խոտորվել չարից ու ինչպես է պետք խաղաղության հետևից գնալ, այդուհետ էլ Աստծու անեզրական մարդասիրության մասին սկսեց խոսել, որպեսզի այդպիսով կարողանա արթնացնել իր ունկնդիրների միտքն ու հիշեցնել, որ նրանք, Տիրոջ շնորհին արժանանալով, այդպիսով մե՜ծ երանության են արժանանում։ Այդ նպատակով առաքյալն այս միտքն է արտահայտում հետևյալ բառերով․«Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։
Աստվածային գրքերում այսպիսի մի սովորություն կա․ նյութական օրինակների միջոցով, որոնք մեր աչքին տեսանելի են, անտեսանելի ու անիմանալի նախախնամությունը մեզ ներկայացնել։ «Աստծու աչքը», «ականջը», «ձեռքն» ու «ոտքը» իրականում Աստծուն «չեն պատկանում», քանի որ այսպիսի նյութական երևույթներից, որոնք որ մեզ են բնորոշ, Աստվածությունն անմասն է։
Մեր զգայարաններից յուրաքանչյուրը մեկ գործառույթի համար է պատասխանատու, քանի որ աչքերով միայն տեսնում ենք, սակայն չենք լսում, ականջներով լսում ենք, սակայն չենք տեսնում։ Մինչդեռ Աստված Իր ամբողջությամբ լսում է ու Իր ողջ բնույթով՝ տեսնում, սակայն մեզ համար հասկանալի լինելու պատճառով թույլ է տալիս, որ Իրեն մեր կերպարանքի նմանողությամբ պատկերացնենք։
Դրա համար էլ, ահա, առաքյալն ասում է․ «Տիրոջ աչքը արդարների վրա է»։ Սա էլ Աստծու խոստումներից մեկն է, որ ամփոփված է օրենքի մեջ․ «Քո Տեր Աստծու աչքը,- գրված է,- քեզ վրա է տարվա սկզբից մինչև տարվա ավարտը, և մարդու համար տարվա սկիզբը նաև իր առաքինությունների գործադրման սկիզբն է խորհրդանշում, իսկ տարվա ավարտը՝ պատվիրանների ամբողջական կատարումը մարդու կողմից»։
Եվ, հետևաբար, առաքյալն այս խոսքն է ասում․ «Տիրոջ աչքը արդարների վրա է»։ Այսինքն՝ արդարների վրա է ուղղված Աստծու տեսողական զորությունը, որով Տերը հավիտյան պահպանում ու զորացնում է նրանց, որպեսզի այդ արդարներն անխաթար կերպով արդարության պտուղներ տան և երբևէ որևէ անիրավություն չխառնեն այդ արդարությանը։
Իսկ «արդարություն» ասելով էլ՝ առաքյալն այստեղ հենց առաքինությո՛ւնը նկատի ունի, ինչպես որ և Հոբի մասին էր վկայում Աստված՝ ասելով․ «Նա արդար, անարատ, ճշմարտախոս ու աստվածապաշտ մարդ էր»։ Իսկ Զաքարիայի և Եղիսաբեթի մասին էլ Ավետարանիչն է ասում․ «Երկուսն էլ արդար էին և անարատ կերպով էին ընթանում Տիրոջ օրենքների ճանապարհով»։
Նմանապես էլ առաքյալի այս խոսքում, երբ խոսվում է «արդարների» մասին, որոնք արժանացել են Տիրոջ աչքերի «հովանավորությանը», նկատի են առնվում հենց առաքինի՛ մարդիկ, որոնք Տիրոջ պատվիրաններից որևէ մեկը կատարելիս չեն թերանում, այլ կատարելապես իրականացնում են Տիրոջ կամքը։ Նրանք կենցաղային հակասական երևույթների ծառան բնավ չեն դառնում և ոչ թե անիրավությամբ որևէ գործ են անում, իսկ արդարությամբ՝ մեկ ուրիշ գործ, այլ անիրավությունն անսահմանորեն հեռու են վանում իրենցից և արդարությունն են մշտապես իրենց ձեռքի մեջ պահում։
Ինչպես որ կշեռքի սլաքն է մշտապես ցույց տալիս ճշմարիտ թիվը և երբեք սխալ չի գործում՝ մարդու հայացքի «պատճառով», այլ իր վրա դրված ամեն բանի կշիռը ճշմարտապես արտացոլում է, այդպես էլ արդարներն են մշտապես արդարամիտ իրենց բոլոր գործերում։ Հենց այսպիսի արդարների վրա է Աստծու աչքը «և Նրա ականջները բաց՝ նրա՛նց աղոթքին»։
Աղոթքի մասին բազմիցս արդեն ասել ենք, թե այն որքա՜ն օգտակար ու պիտանի է և առավել շատ է մարդուն մտերմացնում Աստծուն, քան թե՝ բոլոր բարեգործությունները։ Այդ իսկ պատճառով Աստված էլ պատրաստակամ է՝ Իրենից խնդրողների պաղատանքները կատարելու։ «Նախքան որ դուք դիմում եք Ինձ,- ասում է Տերը,- Ես լսում եմ ձեզ, և նախքան ձեր խնդրելը, Ես արդեն գիտեմ, թե դուք ինչ եք խնդրելու»։
«Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին» խոսքի իրականացման օրինակներից է Կոռնելիոսի դեպքը, որի աղոթքներն ու ողորմությունները հիշատակվեցին Աստծու առաջ։ Նաև՝ առաքյալների աղոթքները նույնպես լսելի եղան Աստծու ականջին, ինչի հետևանքով դղրդյուն եղավ այն վայրում, որտեղ աստվածահաճո աղոթքներ էին անում։
Իսկ ահա ուրիշ շատերի աղոթքները Տերը չլսեց, չնայած որ այդ մարդիկ սուրբ էին և բարեմիտ, սակայն նրանց խնդրանքները այս կամ այն նյութական մատակարություն էին ենթադրում։ Այսպես եղավ Պողոսի դեպքում, որը թեպետ երկու անգամ աղաչեց Աստծուն, սակայն Տերը առաքյալին հետևյալն ասաց․ «Իմ տված շնորհները բավ են քեզ, Պողո՛ս, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Իսկ Երեմիային էլ Տերն այս պատասխանը տվեց․ «Աղոթքի մի՛ կանգնիր, քանի որ չեմ լսելու քեզ»։
Աստված նրանցից մեկին այդպիսով խոնարհություն էր ուսուցանում, իսկ մյուսին այն մտքին էր հաղորդ դարձնում, որ ապերախտ ժողովուրդներն արժանի չեն ողորմության։ Մնացյալներին էլ, որոնք ախտավորաբար էին աղոթում, Տերն այս էր ասում․ «Ձեզ ի՞նչ օգուտ, եթե դուք գաք ու բողոքեք Ինձ, սակայն Ես ձեր խոսքերը չլսեմ»։
Իսկ ահա նրանց, ովքեր իսկապես արդար էին ու գիտեին վայելուչ և Աստծուց խնդրելու համար պատճաշող որևէ բան հայցել Տիրոջից, այդպիսինների խնդրանքները Տերը լսում էր, քանի որ Աստված ողորմության ու արդարության պարգևիչն է և, հետևաբար, չի զլանում մեզ շնորհել այն, ինչը պիտանի ու շահեկան է մեզ համար։ Այդ պատճառով էր, որ առաքյալն ասաց․«Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։
«Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն»:
Երանելի առաքյալը, երբ մարգարեների վկայությունը բերեց և մարդկանց վստահեցրեց բարեգործության անհրաժեշտության ու Աստծու նախախնամության գոյության մասին, այնուհետ նաև իր սեփական խոսքերն է հավելում, որոնցով առավել ևս մատնացույց է անում Աստծու անեզրական խնամքը մարդկության նկատմամբ։
«Քանի որ,- ասում է,- եթե Նա այցելու և օգնական լինի ձեզ Իր ամենակարող զորությամբ, ապա ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն»: Առաքյալն այստեղ «բարի» ասելով՝ նկատի ունի բոլոր աստվածատուր առաքինությունները, որոնք մենք ի բնե իսկ ունենք և որոնք մենք պարտավոր ենք ունենալ ըստ մեզ տրված օրենքների, ուստի հենց այդ առաքինություններին է, որ ամեն ոք պիտի նախանձախնդիր լինի։ Եվ թեպետ նախանձն ինքնին՝ իր բնույթով, չար է և բանսարկուի հնարանքն է, սակայն եթե մեկը, նախանձախնդրությամբ լցված, չարը բարու վերածի, ապա այդ կլինի Աստծու շնորհների գործադրումը։
Քանի որ, ինչպես որ չարը նախանձով լցվեց և այդ պատճառով էլ դատապարտվեց ու եղավ և կոչվեց «սատանա», այդպես էլ նա, ով չարը «գտնելով»՝ այն բարու կվերածի, Աստծու պատվին և պսակներին է արժանի։ Այդ բանի համար էլ, ահա՛, առաքյալն ասում է․ «Եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն, ոչ ոք չի կարողանա չարչարել ձեզ»։
Ինձ այնպես է թվում, թե սա այն նույն միտքն է, որը նաև Պողոսն է արտահայտում՝ ասելով․ «Կամենո՞ւմ ես չերկնչել որևէ իշխանությունից․ բարի՛ն գործիր, և գովասանքի կարժանանաս այդ իշխանության կողմից։ Բայց եթե չարը գործես, երկնչի՛ր, քանի որ այդ իշխանության մեջքին սուրը իզուր չէ կապված, այլ Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր՝ նրանց նկատմամբ, ովքեր չարիք են գործում»։
«Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ»։
Սրբերի սովորությունն է խրատական խոսքերը զգուշությամբ հաղորդելը՝ երկու պատճառներից ելնելով։ Նախ, որպեսզի չլինի թե Աստծու, Նրա արդարության և Քրիստոսի չարչարանքների մասին խոսելիս որևէ սխալ բան ասեն և այդ սխալաբանության համար ենթակա դառնան դատաստանի։ Եվ երկրորդ, որպեսզի ունկնդիրները, լսելով իրենց ասված խոսքերը, սակայն «տեսնելով», որ այլ բան է ասվել և «մեկ այլ բան» կատարվել, գայթակղության մեջ չընկնեն իբրև պարզամիտներ ու դատարկաբաններ։
Ահա այս նույն պատճառով էլ այստեղ, երբ առաքյալն ասաց՝ «ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն», այդուհետ, որպեսզի չլինի թե աստվածպաշտության մեջ նախանձախնդիր եղողները, չարչարանքի մատնվելով, այն նույն գայթակղության մեջ հայտնվեն, որի մասին վերևում խոսեցի, ուստի առաքյալը, շարունակելով իր խոսքը, հետևյալն է ասում․ «Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ»։
Այս միևնույն միտքը նաև մեր Տերն էր հայտնել՝ մի փոքր հավելումով ասելով․ «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է», քանի որ այն չարչարանքները, որոնք Քրիստոսի անճառելի տնօրինությամբ են տեղի ունենում, աստվածային ու աստվածացնող են։ Առհասարակ, ինձ այնպես է թվում, որ առաքյալը «արդարություն» է կոչում հենց Նրան, ով Իր անպարտական չարչարանքների միջոցով արդարացրեց ու փառավորեց մեզ։
Արդ, ուրեմն, եթե մենք ևս չարչարվենք հանուն Նրա չարչարանքների և մեռնենք իսկ հանուն Նրա մահվան, կրկնակի ու բազմապատիկ երանության արժանի կլինենք։ Մի երանությունն այն բանի համար, որ հանուն Աստծու ենք չարչարվում, իսկ մյուսը՝ քանի որ չարչարանքները սպանում են մեր մեջ եղող ախտերը, ինչպես որ առաքյալն է ասում։
Արդարև, բարեգործությունների մեջ չկա այնպիսի մի բարեգործություն, որը այնքան է սրբում մեղքերից և արդարացնում, որքան որ այդ անում է չարչարանքը, քանի որ չարչարանքը ո՛չ միայն բժշկում է վերքերը, որ մեղքերի պատճառով են ի հայտ եկել, և ո՛չ միայն սրբում ու արդարացնում է մարդուն, այլ նաև սպիները և՛ս ջնջում է։
Եվ երկրորդ հերթին էլ չարչարանքն այլևս թույլ չի տալիս աղտեղությամբ արատավորվել, ինչի շնորհիվ մարդն իր մաքուր հոգին ու մաքուր մարմինն է ընծայում ամենապարգև Աստծուն։ Այս պատճառով էր, որ առաքյալն ասաց․ «Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, իսկապես որ երանի՜ է ձեզ», քանի որ այդպիսով դուք ցավերի ենթակա ձեր մարմիններով անմարմին հրեշտակների նմանությունը ձեռք կբերեք, իսկ ձեր գործելիք առաքինությամբ մինչև իսկ այդ հրեշտակները մեծապես կզարմանան ու կկամենան, եթե իհարկե այդ հնարավոր լինել, իրենց անմարմին բնությամբ չարչարանքների այդ միևնույն սխրագործությունը կատարել հանուն Քրիստոսի։
Եվ դեռ հրեշտակներն այնքա՜ն մեծ ցանկություն կունենան ձեր գործած այդ սխրագործությունը կատարելու, որ ավելի նախընտրելի կհամարեն մարմնազգեստ մարդ լինելն ու հանուն Աստծու չարչարվելը, քան թե՝ հրեշտակ լինելն ու մշտապես անչարչարելի մնալը, որովհետև հանուն Աստծու կրած մարդկային չարչարանքների պատիվը գերազանցում է հրեշտակային ու գերաշխարհիկ զորությունների բոլոր պատիվները։ Արդ, ուրեմն, ով որ այդ պատիվն ունի, նա ունի ամեն բան և երանելի է, քան բոլորը, իսկ նա, ով զուրկ է այդ պատվից, այդպիսին ենթակա է մեծագույն պատժի և եղկելի է, քան մնացյալ բոլորը։
Իսկ երանելի առաքյալը, իր այդ խոսքն ասելով, սկսում է քաջալերել իր ունկնդիրներին, որպեսզի նրանք, չարչարանքների ենթարկվելով, թուլասիրտ չգտնվեն և չուրանան Աստծուն։ Ուստի և առաքյալն ասում է․«Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում»։
«Քանի որ եթե իսկապես հանուն Աստծու եք չարչարվում,- ասում է երանելին,-ինչքա՜ն էլ որ չարչարվեք, ինչքա՜ն էլ որ տանջեն ու լլկեն ձեզ, մի՛ երկնչեք նրանցից, քանի որ նրանք տանջելիս ավելի տկար են, քան սարդն՝ իր ոստայնը հյուսելիս, և քան մեղուն՝ իր նեկտարը հավաքելիս։
Եվ երբ որ մեկը քարին է հարվածում, ի՛նքն է վնասվում և քարին որևէ վնաս տալ չի կարողանում։ Իսկ հրի միջով անցկացված երկաթն էլ, երբ այնուհետ թրջվում է ջրով, կորցնում է իր նախկին փափկությունն ու պնդանալով՝ ամեն բան հատելու կարողունակ է դառնում։ Արդ, ուրեմն,- ասում է առաքյալը, եթե կարծրանաք հավատով և առաքինությունների միջոցով էլ հրացայտ դառնաք, ամրանաք Մկրտությամբ և նորոգվեք Հաղորդությամբ ու ներկվեք Արյամբ, ապա այլևս նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում»։
Սրբությանն անկարոտ Տիրոջը «սուրբ պահելը» ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Նրա պատվիրաններն ամբողջությամբ և անթերիորեն կատարելը։ Իսկ Տիրոջ չարչարանքների ու համբերության մասին Նրա պատվիրաններն էլ բազմապատիկ են։ Ահավասի՛կ, մեր Տերն ասում է․ «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ», և թե՝ «մինչև իսկ պիտի սպանեն ձեզ», դարձյալ, թե՝ «Իմ անվան պատճառով ատելի եք լինելու բոլորի կողմից», ու այսպիսի ուրիշ, բազմապատիկ և հորդորեցուցիչ խոսքեր, որոնք միևնույն միտքն են արտահայտում, այն է, թե՝ Տերը Իր այդ օրենքն է սահմանել Իր ծառաների համար, որը գործում է ողջ տիեզերքի համար։
Արդ, «չարչարանքների մասին» այդ օրենքը կատարելով՝ դուք սուրբ պահած կլինեք Աստծուն, այսինքն՝ «կարդարացնեք» Նրա խոսքերը, որոնք թեպետ ծանր են թվում, սակայն արժանահավատ են։ Իսկ Աստծուն սուրբ պահել անհրաժեշտ է ոչ թե միայն խոսքերով, այլև՝ գործերով։
Ինչ վերաբերում է «սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում» խոսքին, ապա ինձ այնպես է թվում, այս խոսքը այն միևնույն միտքն է բովանդակում, որը նաև Պողոսն արտահայտեց՝ ասելով․ «Սրտով հավատում ենք արդարության և բերանով խոստովանում ենք՝ փրկության համար»։
Հորդորակ
Մենք ևս խոստովանե՛նք և հավատա՛նք, սուրբ ու փառավո՛ր պահենք Աստծուն մեր սրտերում, «փառավորե՛ք Աստծուն,- ասվում է,- ձեր մարմիններում»։ Եթե այդ անել է պատվիրվում մեր մարմիններում, ապա որքան ևս առավել մենք մեր մտքում ու հոգո՛ւմ պիտի փառավորենք Աստծուն, քանի որ միտքն ու հոգին միայն Տիրոջ կողմից, Արարչի պատկերով ստեղծված մարդուն են բնորոշ։ Իսկ մենք ա՛յն ժամանակ փառավորած կլինենք Աստծուն, երբ Աստծու փառքին հակասող ամեն բան մեր անձերից կմերժենք։
Եվ Երրորդությունն էլ մեր մեջ խաղաղությամբ պահպանելով՝ ճշմարիտ խաղաղությամբ կանդորրանանք, երբ մարմնի խորհուրդը մերժենք ու հոգու հետևից գնանք և երբ ինքներս մեզ իբրև բոլորանվեր պատարագ ընծայենք Աստծուն։ Ո՛չ թե մի մասը, ո՛չ՝ երկուսը, կամ էլ երեք մասը միայն, ո՛չ թե միայն քահանաներին մատուցվող կրծքամիսը, ո՛չ թե լերդաբույթը միայն կամ ճարպը, որոնք, ըստ օրենքի, Աստծուն է նվիրաբերվում, այլ մեր «բնական» ծառայությունը, որն ավելի հարազատ ու սիրելի է Աստծուն, քան օրենքի «պահանջած» խունկը և քան բյուրավոր պարարտ գառները։
Չծուլանա՛նք բարեգործություններ անելիս, քանի որ դրանց միջոցով է փառավորվում Աստված։ «Պիտի տեսնեն,- ասում է Քրիստոս,- ձեր բարի գործերն ու պիտի փառավորեն ձեր Հորը, որ երկնքում»։ Ուստի այդ դեպքում մեզ համար կրկնապատիկ փրկություն է տնօրինված՝ և՛ Աստծուն մատուցված փառքի, և՛ մեր բարեգործության համար։
Իսկ իրական բարեգործությունը մեղքից զատվելն ու անօրենությունից հեռանալն է, բարիքը սիրելն ու Աստծու պատվիրանները կատարելը, քանի որ իզուր և անիմաստ տեղը չէ, որ Աստծու պատվիրանները գրի են առնվել, այլ՝ մեզ ապրեցնելու նպատակով: Քանի որ մենք էլ պատահականորեն կամ անտեղի տեղը չենք եկել այս անցավոր կյանքով ապրելու, որի ժամանակ մեծ է դյուրությամբ վնասվելու հավանականությունը և որը լի է դառնությամբ ու բյուրապատիկ խռովություններով, այլ մենք լույս աշխարհ ենք եկել առաքինությունների սխրագործության և բարեգործությունների ճիգեր գործադրելու համար, մենք աշխարհ ենք եկել Աստծու պատվիրանների կատարման, ինչպես նաև անհնազանդության պատճառով մեզ վրա դրված դատապարտության կնիքը ջնջելու համար:
Եվ ինչպես որ այն ժամանակ անհնազանդության պատճառով երկնքից՝ երկիր «խոնարհվեցինք» և մեր մեջքը հողին դիպավ, այդպես էլ այժմ երկրից՝ մահկանացուների այս բնակավայրից, դեպի երկինք բարձրանանք Աստծու պատվիրաններին հնազանդության միջոցով, անմահական կյա՛նքը ժառանգենք և մեր անցավոր կյանքը հավիտենական կենդանության հետ փոխարինենք:
Սա ևս Աստծու մարդասիրության, մեծ ողորմության և անեզր գթասրտության շնորհիվ է, քանի որ Տերը մեր այս «ստորին» կյանքը, որ լեցուն է բյուրապատիկ մեղքերով, կարճ տևողությամբ սահմանեց, որպեսզի մեղքերից «բուսնող» փշերի բազմությունը մեզ առավել բազմապատիկ անգամներ չծակծկի՝ վիրավորելով մեր պարզ հոգին ու մարմինը և ասես լույսի աղբյուրը փակող մի գերանի միջոցով՝ կուրացնելով մեր մտքի տեսությունը, ինչի պատճառով անկարող կդառնայինք տեսնելու Աստծու պատվիրանների լույսը:
Իսկ Աստծու պատվիրանները ինքնին լույս են և լույս են տալիս մեր աչքերին, ճրագ են դառնում մեր ոտքերի համար, լուսավորում են մեր շավիղները և հեռու են պահում մեզ մեղքերի խավարային աղջամուղջից, որ դեպի գեհեն է տանում: Ուստի և մենք, ինչքան էլ որ ճգնենք Աստծու փառքի համար, ինչքան էլ չարչարվենք՝ սովի և ծարավի, մերկության ու աղքատության, ողբի ու հառաչանքի, արտասուքի ու նախատինքի, բամբասանքի ու զրկանքների մատնվելու պատճառով, միևնույն է, չչարանա՛նք երկարատև այդ նեղություններից և մեր այդ վշտերի մեջ չհուսալքվե՛նք, այլ մարգարեական ձայնով բարբառե՛նք. «Վա՜յ ինձ, քանի որ երկարեց իմ պանդխտությունը, որը ես անցկացնում եմ այս խավարային վրանում»։
Արդարև, խավարամած է մեր այս կյանքը և խավարով է լցնում բոլոր նրանց, ովքեր անմտաբար են կենցաղավարում այս աշխարհում և անասնական օրենքներով են ապրում՝ իրենց փորին ու որովայնին ծառայելով։ Արդ, չանմտանա՛նք իբրև անասուններ և մեր պատիվը կորստյան չմատնե՛նք։ Գայթակղությամբ լեցուն շավիղներով չընթանա՛նք և ոչխարների հոտի նման դեպի դժոխային մահը չգնա՛նք, որպեսզի այդ մահը չտիրի մեզ և մենք, առանց օգնության մնացած, դժոխքի գերին չդառնանք։ Որպեսզի չկործանենք մեր փառքը և մեր երախտիքներն ի չիք չդարձնենք ու որպեսզի մեր օրհնությունն այս կյանքով չսահմանափակվի։
Այլ ամենայն զգոնությամբ խորհենք, թե ինչու ենք այս աշխարհ եկել, թե ինչ պատճառով է մեզ ստեղծել մեր Արարիչն ու Տերը և թե ինչու է այս աշխարհ «ուղարկել»։ Եվ դեռ Նա մեզ օրենքներ է տվել, մեզ մոտ մարգարեներ է ուղարկել՝ մեր գործած չարիքների համար հանդիմանելու, իսկ բարիքների համար՝ գովաբանելու նպատակով։
Նաև Տերը մեզ գեհենի սպառնալիքն է տվել և խոստացել է Իր Արքայությունը, որպեսզի կա՛մ հանուն այդ Արքայության սիրենք, կա՛մ էլ գեհենի սարսափից՝ երկնչենք։ Իսկ մենք այդ երկուսի ընտրության առջև անշարժ կանգնած ենք, ինչի պատճառով էլ մեզ վրա եկան-հասան տրտմությունները, որոնք հանդերձյալ տանջանքների «առհավատչյան» են, քանի որ ինչպես այստեղ ենք տանջվում սոդոմայեցիների նմանողությամբ, այդպես էլ այնտեղ պիտի տանջվենք անշեջ հրի միջոցով։
Այդպիսով մենք նախատինք եղանք մեր մերձավորների համար, ծաղրի ու ամոթանքի արժանի դարձանք մեր թշնամիների աչքին և զգուշացնող խրատ՝ ամենքի համար։ Ու քանի որ մենք օտար և անկոխելի ճանապարհով ընթացանք ու Աստծու փառքի համար ոչինչ չարեցինք, այդ իսկ պատճառով էլ մեր փառքը գետնին հավասարվեց և մեր սրբությունը ոտքի կոխան դարձավ պղծությունների կողմից։
Ամբարիշների ձեռքով աղտեղվեց մեր ծառայական սպասավորությունը և սպասավորներն էլ սրի ու գերության մատնվեցին, գավառները մարդազրկվեցին և քաղաքները կործանվեցին, շենքերը տապալվեցին ու բնակիչների բացակայության պատճառով ուրվականներն ու ջայլամների ձագերը պիտի այնտեղ հաստատվեն, ոզնիները պիտի սկսեն ձագեր հանել այդ տների նկուղներում և այնտեղ, որտեղ որ տասը լուծ եզներ էին բանում, այնտեղ մի սափոր ջուր իսկ չի գտնվի ու «մեր վաստակն էլ,- ասում է մարգարեն,- օտարները կուտեն մեր աչքերի առջև»։
Սպառնալիքներով լեցուն այս բոլոր նզովքները, որ ապերախտ ու չար Իսրայելին էին ուղղված, եկան ու մեզ էլ պատուհասեցին, և մանավանդ մեզ բաժին հասածը գերազանցեց նրանց բաժին հասածին, քանի որ իսրայելացիները իրենց գերողների գթությանն էին արժանանում, իսկ մենք, վայր ընկնելով, Տիրոջ ձեռքը հեռու վանեցինք մեզնից, մեր բոլոր մեղքերը եկան և տիրեցին մեզ ու ամենքին գերության վարեցին․ թե՛ մեծին, և թե՛ փոքրին, թե՛ ծերին և թե՛ երիտասարդին, թե՛ քահանային և թե՛ ժողովրդին։
Ոչ ոք չկար, որ օգնության ձեռք մեկներ մեղքի այդ գերության մեջ եղողներին, ոչ ոք չկար, որպեսզի թիկունք դառնար նրանց։ Ոչ ոք չկար, որ իր ձեռքը մեկներ ու քաղցածին հաց տար, ոչ ոք չկար, որ ծարավածին ջուր հասցներ։ Չկար որևէ մեկը, որը գերյալներին իր հարկի տակ կընդուներ և ոչ էլ այնպիսի մեկը կար, որը մերկ եղողներին հանդերձանք կբաժաներ։ Ոչ ոք չկար, որ դարմաներ հիվանդներին, և ոչ էլ կար մեկը, որը մեռածներին ըստ պատշաճի կպատաներ ու կթաղեր։ Այլ նրանք, իբրև աղբ, ընկած էին ճանապարհի եզրերին, կամ էլ, իբրև կենդանական մարմիններ, երկնքում սավառնող գիշանգղերի ու երկրի գազանների կեր էին դարձել։
Ոչ ոք չկար, որ սփոփեր ու սրտապնդեր սգավորներին, ոչ ոք չկար, որ սգո սեղան գցեր ու մխիթարեր մյուսներին, քանի որ հուրը ճարակեց մեր երիտասարդներին, իսկ մեր ապականված կույսերի համար էլ ոչ ոք չսգաց։ Մեր քահանաները ընկան սրից, իսկ նրանց այրիներից ոչ ոք լաց չեղավ։
Սակայն այս ամենն ինչո՞ւ եկան ու մեզ վրա հասան․ քանի որ մենք սոդոմացի իշխաններ ու գոմորացի ժողովուրդներ եղանք և մեր մեղքերը տիրեցին մեզ ու մեր անօրենությունները մեր գլխից էլ վեր բարձրացան։ Եվ, առհասարակ, խոտորվեցինք ամենքս՝ միասին, և՛ քահանաները, և՛ ժողովուրդը։ Ամենքս էլ անպիտանացանք և չկար մեկը, որ բարիք գործեր, գե՜թ մեկը չկար։
Եվ քանի որ մենք ողջ ազգով նախանձախնդիր չեղանք մեր Արարչի կամքը կատարելուն, ուստի նա մեր ողջ ազգին կսկիծ պատճառեց։ Ու քանի որ մենք մեղանչեցինք, Նա բարկացավ մեզ վրա և մեզնից վերացրեց մեծին ու փոքրին, ծերին ու պատվականին, քահանային, որ մեր մեղքերի քավիչն էր, և իմաստուն ճարտարապետին, խորհուրդ տվողին և ունկնդրին։ Ոչ ոք մեր խրամատի ցանկապատից այս կողմ չմնաց, այլ խաբեբաները տիրեցին մեզ։ Իշխաններն ու քահանաները անիրավության սիրողները եղան, և ոչ թե՝ արդարության, եղան կաշառակեր ու ագահ, ավելի շատ արծաթասեր, քան թե՝ աստվածասեր։
Ամենքը տմարդի ու անագորույն էին, կողպեք չունեին նրանց բերաններն ու անսանձ էին նրանց լեզուները, շվայտ ու արբեցող էին նրանք, ծույլ ու աղոթատյաց, պոռնկասեր և լրբաբույծ, գողերին՝ գողակից, իսկ ավազակներին՝ համաբարո, կեղծավոր ու փառասեր, աշխարհավեր ու նենգավոր, երդմնազանց ու արյունահեղ, գերող ու կողոպտող։ Եվ դեռ նրանք այնքա՜ն սաստկացան չարիք գործելու մեջ, որ հաճախ ու բազմաթիվ հարցերում հեթանոսների իրավարարության և արդարության հետ ավելի շատ հույս էր կարելի կապել, քան թե՝ նրանց։
Իմ այս խոսքերը ոչ թե միայն մեկ ազգի կամ ժողովրդի մասին են, այլ քրիստոնյա բոլոր ազգերի ու ժողովուրդների մասին։ Եվ եթե իշխաններին ու թագավորներին «անիրավ» կոչելու լինես՝ զանազան պատճառներ կարող ես թվարկել քո այդ ասածը հիմնավորելու համար․ անարդարացի դատերն ու կաշառքով իրականացվող դատաստանները, աղքատներին զրկանքների ենթարկելն ու այլ, բյուրավոր սխալները, որ նրանք գործում են իրենց դատաստանի ժամանակ։ Այդ պատճառներն անթիվ են, ավելի շատ, քան ծովի ավազը։
Եվ եթե քահանաներին էլ «անկարգապահ» կոչելու լինես, կարող ես թվարկել կյանքում նրանց ծուլությունը և անօրեն գործերը, որոնք անհանդուրժելի և անտանելի են, ատելի՝ Աստծու, և արհամարհելի՝ մարդկանց առաջ։ Իսկ ահա հասարակ ժողովրդի և ռամիկ մարդկանց տհասությունը, նրանց գործած չարիքների զանազանությունն ու նրանց անդուռ շուրթերի կատաղությունն ո՜վ է կարող նկարագրել։
Եթե մեր՝ կրոնավորներիս մասին որևէ բան կամենաս ասել, ապա մենք լիովին զուրկ կլինենք պատասխանից, քանի որ դուրս եկանք Սոդոմից և փախանք Գոմորից, փրկվեցինք հրկիզումից ու լեռներում ծվարեցինք, ապաստանեցինք քարայրներում, այսինքն՝ Աստծու անձեռագործ շինություններում, սակայն այնուհետ դարձյալ մեր նախկին կյանքին վերադարձանք՝ աշխարհային ծփանքներին ու հոգսերին մատնվելով։
Եվ դա դեռ այն դեպքում, որ մենք ոչ թե, ինչպես Ղովտը, հրեշտակներից հրաման առանք, այլ ամենքի Տե՛րը մեզ հրամայեց հետ չդառնալ՝ աղե արձանի չվերածվելու համար։ «Եվ իմ ի՞նչ գործն է դատելու դրսիններին»,- ասում է առաքյալը: Չէ՞ որ այն նույն արարքը, որի համար ես մեղադրում եմ ուրիշներին, նաև ի՛նքս եմ գործում՝ առանց Աստծունց երկնչելու և մարդկանցից ամաչելու։
Եվ նրանց, որոնց համար պարտավոր էի փրկության առիթ լինել՝ «շենացնելով» ու խրատելով, այդպիսինների համար գայթակղությա՛ն առիթ եմ դառնում իմ գործած անկարգություններով։ Քանի որ անտեսում եմ ամենքի չարագնա ընթացքը և ախտավոր արարքները ու այդպիսով նրանց հաստատում եմ իրենց չարիքի մեջ՝ փոխարենը նրանց հոգում մեղքի զգացողություն արթնացնելու։
Ես նմանվեցի խնամված գերեզմանի, որ արտաքնապես մարդկանց աչքին գեղեցիկ է թվում, սակայն ներքուստ լեցուն է ժահահոտությամբ և ամեն տեսակի պղծություններով։ Այդ նույն կերպ էլ ես մարդկանց աչքին կեղծավորություն եմ անում՝ արդար և օրինուսույց վարդապետ ձևանալով, սակայն ներքուստ հոգիս լցված է ամեն տեսակի անկարգ խառնակությամբ, որի պատճառով առավել ևս դատապարտելի եմ ես։
Քանի որ ո՞վ է, որ կազատի ինձ հանդերձյալ տանջանքներից, կամ ո՞ւմ կողմից ներման և թողության կարժանանամ։ Կամ ի՞նչ պատասխան պիտի ես տամ այն բանի համար, որ Աստծուց այսքա՜ն երախտիքների արժանանալով՝ իմ ողջ կյանքում որևէ բան չկամեցա գործել Աստծու փառքի համար և որևէ չարչարանք կամ նախատինք հանձն չառա կրել հանուն Տիրոջ պատվիրանների։
Այլ միայն Աստծու խոսքի վաճառականը եղա, և ամեն բան, ինչ որ անում էի, ինչ որ գործում և ինչ որ խոսում էի, կեղծավորությամբ՝ իմ հանգստության համար, մարդկանց կողմից փառավորվելու և գովասանքների արժանանալու համար ու բազմաթիվ ուրիշ ախտավոր կրքերի պատճառով էի անում։
Եվ քանի որ շատ դժվարությամբ էի կանգուն մնում ու անզգուշությամբ էի ընթանում իմ կյանքի ճանապարհը, այդ պատճառով էլ չէի դադարում սայթաքելուց։ Թեպետ ես կամենում եմ արձանագրել իմ բոլոր կրքերը, սակայն վախենում եմ, որ գուցե պարզամիտների համար դա գայթակղության առիթ դառնա։ Իսկ այսքանն էլ խոստովանաբար գրեցի, որպեսզի ինձնից հետո եկողների կողմից թողություն և ցավակցություն գտնեմ իմ այս հիվանդությունների համար և որպեսզի իմ հետնորդները իրենց աղոթքները խառնեն իմ թվարկած կրքերին և ազատեն ինձ տանջանքների երկյուղից ու խղճիս վրա քարացած այն զգացողությունից, որի պատճառով ես մշտապես տագնապում և սարսռում եմ։
Եվ եթե ես այսպիսի դատապարտության ենթակա եմ ինձ կարծում իմ մարդկային մտածումներով, ապա ուրեմն ի՞նչ հույս կարող են ունենալ նրանք, ովքեր տգիտության խավարի մեջ են և զրկված՝ Սուրբ Գրքի մխիթարությունից, առանց ճաշակելու մնացած երկնային բարիքներն ու հանապազ մարմնական կարիքներով տարված։ Նրա՛նք, ովքեր ճիճուների պես ընկղմված են տիղմի մեջ․ մեկն իր որովայնին է ծառայում, մյուսն՝ իր վավաշոտ ցանկություններին, մեկ ուրիշը՝ կործանեցուցիչ արծաթսիրությանը, իսկ մյուսը՝ փառքին կամ ամբարտավանությանը, գազանական բարկությանը, կամ էլ՝ ոխակալությանը, ատելությանը, նախանձին, բամբասանքներին և նմանատիպ ուրիշ ախտերի։
Ու դեռ այս ամենին գումարած էլ նրանք ամենավերջին չարիքն են նաև գործում․ անմտանալով՝ չեն ուզում հավատալ Սուրբ Գրքի հանդիմանություններին և Աստծու սպառնալիքներից էլ չեն երկնչում, ա՛յն դեպքում, որ Տերը թվարկված այս բոլոր մեղքերի համար սպառնում է պատժել ոչ միայն այստեղ, այլ նաև հանդերձյա՛լ կյանքում, և այդ մեղքերի համար էլ արդարադատ կերպով հատուցում պահանջել։
Բայց և միայն հանդերձյալ կյանքում չէ, որ մեղքերին հատուցում է տրվելու, այլ արդեն իսկ այս կյանքից սկսած Տերը անաչառորեն հատուցում է մեր գործած չար մեղքերի և մեր անօրեն ընթացքի համար՝ սրի, սովի ու գերության մատնելով մեզ, ինչի ականտեսն իսկ եղանք մեր աչքերով և ինչի մասին լսեցինք մեր ականջներով։ Այդ հայտնի դեպքերի մասին ավելորդ եմ համարում խոսել ու «արձանագրել» այդ պատուհասների պատճառ հանդիսացող կրքերը՝ այդպիսով երկարացրած լինելով ասելիքս։
Այլ մենք միայն ա՛յս պիտի ասենք և հավիտյան ա՛յս պիտի գործենք․ զղջման գալ մեր մեղքերի համար ու ողբալ ցավերով և տառապանքներով լեցուն մեր կյանքը՝ հիշելով, թե ինչպիսի՜ սարսափելի չարիքների մեջ ընկանք, ինչպիսի՜ աղետներ պաշարեցին մեզ, ինչպիսի՜ դառնությամբ լցվեց մեր կյանքն ու մեր այս մարմնական, առօրյա կենցաղը։
Իսկ ահա հանդերձյալ կյանքում սպասվող անճառելի ու անիմանալի աղետների մասին ո՞վ է, որ կարող է պատմել, քանի որ ինչպես աչքը՝ չի տեսել, ականջը՝ չի լսել, և մարդու սիրտն էլ չի զգացել այն փառքը, որն Աստված պատրաստել է Իր սիրելիների համար, այդ նույն կերպ էլ՝ չտեսնված ու չլսված են մեղավորներին սպասվող տեսակ-տեսակ տանջանքները։
Եվ արդ, այս ամենը լսելով, սիրելինե՛ր, ուշքի՛ գանք, աղաչո՜ւմ եմ ձեզ, ուշքի՛ գանք և առավել քան երկյուղենք։ Խոստովանե՛նք մեր գործած մեղքերը և արտասուքներով ապաշխարե՛նք, զգուշանա՛նք գալիքից, որպեսզի վերստին մեր փսխածին չվերադառնանք, ուստի մեր կյանքը խելամիտ կերպո՛վ տնօրինենք։ Բարի՛ն գործենք, քանի դեռ ժամանակը «մեր ձեռքում է», քանի որ գալու է գիշերը, երբ մենք որևէ բան անելու անկարող ենք լինելու։
Ամեն բան անե՛նք, ամեն հնար գտնե՛նք, որպեսզի փառավորենք Աստծուն՝ լինի դա կյանքով, թե՝ մահվամբ, որպեսզի արժանի լինենք ժառանգելու հանդերձյալ բարիքները՝ շնորհներով ու մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Որի միջոցով ու Որի հետ Հորը և Սուրբ Հոգուն փա՜ռք, իշխանությո՛ւն, պատի՜վ և երկրպագությո՛ւն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը