Աստված է միայն սրտագետ, իսկ սատանան այն քննել չի կարող. «Թե ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ» (Հոբ 7:20), «Նա, որ ստեղծել է նրանցից յուրաքանչյուրի սիրտը, հաշվի է առնում նրանց բոլոր գործերը» (Սաղմ. 32:15): Բայց այն խոսքերից, որ մենք արտաբերում ենք, կամ մարմնի ինչ որ շարժմամբ նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում մեր սրտում: Օրինակ, երբ մենք խոսակցության մեջ մերկացնում ենք նրանց, ովքեր մեզ չարախոսել են, մեր այդ խոսքերից դևերը հանգում են այն բանին, որ մենք նրանց հանդեպ սիրով չենք տրամադրված, և սկսում են նրանց դեմ չար մտքեր հարուցել մեր մեջ և ընդունելով այն՝ մենք ընկնում ենք հիշաչարության դևի բռնակալության տակ, իսկ սա մշտապես վրեժխնդրության մտքեր է հարուցում: Եվ սրա համար Սուրբ Հոգին մերկացնում է մեզ, ասելով. «Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում» (Սաղմ. 49:20): Սրանք բացելով մտքերի դուռը, հիշաչարությամբ խռովում են միտքը, աղոթքի ժամանակ անընդմեջ պատկերելով թշնամու դեմքը մեր առջև, և նրան միշտ մեր առջև ենք տեսնում` Աստծո փոխարեն նրան ունենալով որպես աստված: Քանի որ աղոթքի ժամանակ ով որ մեր մտածմունքի առարկան է, նա էլ մեր աստվածն է: Դրա համար էլ խուսափենք չարախոսության հիվանդությունից, ոչ ոքի չհիշենք չարությամբ, նաև չծամածռենք մեր դեմքը, երբ հիշեցնում են որևէ մերձավորի մասին: Քանի որ չար դևերը հետաքրքրությամբ հետևում են մեր բոլոր շարժումներին և ուսումնասիրում այն ամենը, ինչը կարող են օգտագործել մեր դեմ: Ոչ մեր վեր կենալը, ոչ նստելը, ոչ կանգնելը, ոչ արարքները, ոչ խոսքերը, ոչ հայացքը բաց չեն թողնում. «Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողները անօրենություն խոսեցին և գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին» (Սաղմ. 37:13), որպեսզի աղոթքի ժամանակ աղտոտեն խոնարհ միտքը և հանգցնեն երանելի լույսը :
Եվագր Պոնտացի