Եսայի 36.22-37.11
36.22 Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապտն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը:
37.1 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը: 2 Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3 որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. “Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել: 4 Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը: Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար”»: 5 Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն: 6 Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդէք ձեր տիրոջը: Այսպէս է ասում Տէրը. “Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները: 7 Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կսերմանեմ. լուր առնելով՝ նա կվերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կդառնայ”»: 8 Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ: 9 Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով. 10 «Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը: 11 Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ինչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէս կործանեցին նրանց: Իսկ ինչ է, դու փրկուելո՞ւ ես:
Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11
1 Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ: 2 Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով. 3 որովհետեւ Աստծոյ կամքը այս է, որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից, 4 ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով 5 եւ ոչ թէ՝ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: 6 Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. 7 արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան: 8 Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդուն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ: 9 Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել. 10 որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում: Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ, որ առաւել եւս աճէք եւ առաջ գնաք, 11 ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղուէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատուիրել ենք ձեզ, որպէսզի պարկեշտութեամբ վարուէք դրսինների հետ եւ ոչ մի բանի կարօտ չլինէք:
Ավ. ըստ Ղուկասի 13.1-9
1 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: 3 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6 Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում”: 8 Այգեգործը պատասխանեց եւ ասաց. “Տէ՛ր իմ, դա այս տարի՛ էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն”»: