Եսայի 35.4-8
4 Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ: 5 Այն ժամանակ կոյրերի աչքերը պիտի բացուեն, եւ խուլերի ականջները լսեն: 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի, եւ ծանրախօսների լեզուն պարզ պիտի դառնայ, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաւած հողում: 7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն: Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ: 8 Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի – պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու – մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորուեն:
Բ Կորնթացիներ 3.18-4.6
3.18 Եւ մենք բոլորս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով նորոգւում ենք փառքից փառք՝ որպէս թէ Տիրոջ Հոգով:
4.1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. 2 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: 3 Եւ եթէ մեր աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, 4 որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծոյ: 5 Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից:
Ավ. ըստ Ղուկասի 21.12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: