4. Որով օտարացեալք՝ ո՛չ ընդ ձեզ վարին. ՚ի նոյն անկարգութեան զեղխութիւն, և հայհոյեն։
Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին, և հայհոյում են ձեզ։
5. Որ տացեն պատասխանի՛ այնմ որ ՚ի պատրաստին ունի դատել զկենդանի՛ս և զմեռեալս։
Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին։
Այդ հեթանոսները յուրաքանչյուր աստծու տոնին սաստիկ անվայելուչ անօրենություններ էին գործում, որոնք ուսանել էին իրենց «վարդապետներից»: Դրա համար է առաքյալն ասում. «Կռապաշտական անօրեն սովորություններով հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին»։
Այս խոսքով արդեն երանելի առաքյալը իր հարգանքն է արտահայտում ու գովում է նրանց, ովքեր հավատ ունեն և առաքինի ու պարկեշտ գործերի ու վարքուբարքի շնորհիվ գարշելի կռապաշտությունից հանկարծակի դարձի եկան և, թարախահոսությունից մաքրվելով, Քրիստոսի անուշահոտությամբ լցվեցին: Դրա համար է ասում. «Տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք….»:
Դեռևս հեթանոս եղողների մասին առաքյալն ասում է, որ նրանք շնորհի ներկա ժամանակում ևս շարունակում են իրենց չարաբարո ընթացքը և ընկղմված են անօրեն կռապաշտության, արբեցության և վավաշոտության տիղմի մեջ: «Նրանք արդարև,- ասում է առաքյալը,- իրենց գործածներին համարժեք դատաստանի ու աններելի տանջանքների են ենթակա»: Դա է վկայում առաքյալի այս հաջորդ խոսքը. «Նրանք նույն սանձարձակ զեխություններին են հետևում և հայհոյում են ձեզ»։
Մեկ այլ, այն առաջինից ավելի մեծ ամբաստանություն են հարուցում իրենց վրա հեթանոսները, քանի որ հերիք չէ սանձարձակ ու չարափառ զեխություններ և բյուրավոր անօրենություններ են գործում, դեռ մի բան էլ այդ ամենին են հավելում այն, որ ձեզ ու ձեր բարի համբավը հայհոյության են ենթարկում:
Ուստի առաքյալը հաջորդիվ խոսում է սպառնալիքների «լեզվով» սրանց մխիթարելու և նրանց երկյուղ ազդելու համար: Հիրավի, չարչարանքների մատնվածների երերուն մտքի համար ավելի մեծ մխիթարություն չի կարող լինել, քան լսելը, որ իրենց չարչարողները տանջվելու են, և տանջվելու են՝ աստվածաառաք տանջանքների մատնվելով: Եվ ահա առաքյալն ասում է. «Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին»։
Երանելին մեծաբարբառ և հույժ երկյուղալի խոսքեր է արտաբերում՝ ասելով, որ ամենքը Քրիստոսի Դատաստանին են ենթարկվելու և յուրաքանչյուրն իր գործերի, մտածումների ու խոսքերի քննությամբ հատուցման է արժանանալու: Եվ եթե օրենքի տակ չեղող հեթանոսները՝ մեղանչելով, այդպիսի խիստ դատաստանի են ենթարկվելու, ապա որչա՜փ ևս առավել խիստ է լինելու դատաստանը մեզ համար, որ, օրենքի ու պատվիրանների տակ լինելով, մեղանչում ենք:
Արդ, նորից տեսնե՛նք, թե ի՞նչ է ասում առաքյալը. «Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին»: Այս խոսքով Պետրոսը առավել մեծ երկյուղի պատճառ է տալիս անօրեններին՝ հիշեցնելով, թե Ո՛վ պիտի հաշիվ պահանջի Դատաստանի ժամանակ, և թե այնժամ մենք Ո՛ւմ պիտի պատասխան տանք: «Նրան,- ասում է,- Ով պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին»:
«Պատրաստ է» ասելով՝ Պետրոսը Աստծու անսխալական ամենիմացությունն է շեշտում: Չէ՞ որ Տերը դատաստանի ենթարկելու համար «հավելյալ» քննության կամ վկաների կարիք չունի, այլ ամեն բան, այդ թվում և մեր խոսքերը, մերկապարանոց «կանգնած» են լինելու Աստծու առջև: Եվ եթե Տերը համաձայն մարգարեության տեսնում է «անգործներին», ապա որքա՜ն առավել «լավ» է տեսնում մեր գործածները: Առաքյալը միայն սա չի ասում, այլև մեզ հայտնում է Աստծու ամենակալ զորության և այն մասին, որ Նրա առջև ամեն բան անզօր է:
Աստված ամեն ինչ «պատրաստի» ունի այժմվա ու ապագայի համար, և արդարությամբ, ասես կշեռքով, դատում ու հատուցում է այժմ ապրողներին և հանդերձյալներին: Ուստի Տերը մեղքերի համար նաև ողջերին է դատում պես-պես ու զանազանատեսակ տանջանքներով. երբեմն սրի և երբեմն սովի, երբեմն գերության ու երբեմն այլ պատիժների մատնելով, որոնք, երկնքից, երկրից և ծովից «ելնելով», պատուհասում են մեղապարտներին: Աստված Իր ամենակալ զորությամբ ու անվրեպ քննությամբ վերջին, մեծ և ահասարսուռ օրը նաև մեռյալներին է դատում:
Բացի այս, ինձ թվում է, որ առաքյալն իր այս խոսքով կամենում է անհրաժեշտ մի քայլ ևս կատարել՝ զատորոշում դնել սրբերի ու անսուրբների, հավատացյալների և անհավատների միջև: Երանելին իր այս խոսքով երկու տեսակի «կենդանություն» ու երկու տեսակի «մեռելություն» է մատնանշում և ուսուցանում է, որ եթե մեկը, մարմնական կենդանության մեջ լինելով, տեղի տա փառքին, գովասանքներին ու պես-պես մարմնական հեշտություններին, իր այդ մարմինը կորստյան ու մահվան կմատնի՝ գեհենային տանջանքների «նյութ» դարձնելով այն:
Իսկ նա, ով այսաշխարհային «մեռելությամբ», անփառունակությամբ և ինքնաքննադատ պարսավանքներով, խոնարհությամբ և անարգանքներ կրելով ու զանազան այլ դժվարությունների միջոցով մարմնական ախտերը մեռցնելով «կորցնի» իր անձը, հավիտենական կենդանության մեջ գտնի այն:
Արդ, Տերը այսպիսի ողջերին ու մեռյալներին է «պատրաստ դատելու» և արդարացի քննությամբ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իրենց գործերի:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը