Եվ չկա մեկը որ կարողանա գործել կատարյալ բարիք, թեպետ և դնի սկիզբը, ինչպես որ Տերն ասում է. «Սառեց երկիրը, և սկսվեց բանսարկվի պիղծ թագավորությունը, որովհետև նշանն այստեղից ճանաչիր, որ ծուլացան մարդիկ, և հայտնապես հանդգնեց մեղքը»: Սա է նրա իշխանության սկիզբը: Եվ որքան օրերն անցնեն, այնքան բազմանալու է չարիքը, ու քիչ-քիչ աճելու է մեղքը: Բայց նա, ով կջանա ու մի փոքր բարիք կգործի այս ցուրտ ժամանակներում, Աստված առավել կուրախանա և բազում վարձ կտա նրան, որովհետև ցանկանում է մեր դարձը դեպի Ինքը: Աստված շատ է սիրում նրան, ով խոստովանությամբ ու արտասուքով ապաշխարում է իր մեղքերն ու անօրենությունները:
Ուստի, աղաչում եմ՝ չծուլանանք, այլ արիաբար միշտ աղոթենք օր ու գիշեր, քուն թե արթուն, քայլելիս թե նստած ժամանակ, առավոտյան թե երեկոյան, աշխատելիս և թե հանգստի պահին, այսինքն՝ միշտ օրհնենք և փառաբանենք Աստծուն, որովհետև, ո՞վ գիտե, գուցե աստվածային այդ շնորհներից մեզ էլ պատահի մի ցանկալի պահ, ջերմ արտասուքը կլվանա մեր հոգու վերքերի շարավը և լույսի յուղ կդառնա մեր լապտերներում :
Վարդան Այգեկցի