Թեև հունական անուններով են, բայց նրանք Սեբաստիայի շրջանից հայազգի վկաներ էին, որոնք Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ իրենց արյունը թափեցին Քրիստոսի համար:
Եվստրատիոսը բարձր դասակարգի պատկանող զինվորական էր և ծածուկ քրիստոնյա: Երբ հալածանքների հրովարտակը հրապարակում կարդացվեց՝ հայտնապես հայտարարեց իր քրիստոնյա լինելը: Նախ իշխանական պատիվներից մերկացրին նրան, գանակոծեցին և բանտարկեցին: Եվստրատիոսի ընկերներից մեկը՝ Եվգենիոսը, նույնպես հրապարակեց իր քրիստոնյա լինելը և բանտակից դարձավ իր ընկերոջը: Եվստրատիոսի ծառաներից մեկը՝ Մարդայր կամ Մարդարիոս, նույնպես միացավ իր տիրոջը՝ հայտարարելով, որ ինքը քրիստոնյա է: Իսկ մեկ այլ զինվորի՝ Օվրեստես անունով, պարանոցին նշմարելով խաչը՝ նրան նույնպես խառնեցին նրանց խմբին; Երբ նահատակության պահը հասավ՝ նախ գլխատեցին Եվստրատիոսի երեցին՝ Օգսենտիոսին: Իսկ Մարդարիոսի ոտքի պճեղները ծակելով՝ գլխիվայր կախեցին և ականջների միջով շամփուր անցկացնելով նահատակեցին: Եվգենիոսի ձեռքերը և լեզուն կտրեցին և այդպես ավանդեց հոգին: Օվրեստեսը երկաթի շիկացրած մահճակալի վրա այրվելով՝ ավանդեց հոգին: Իսկ Եվստրատիոսին կրակի վրա այրեցին 302 թ.-ին: Հայ Եկեղեցին այս նահատակյալների խմբին պատվել է հատուկ շարականով:
Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ հինգշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997