Իգնատիոս Անտիոքի Հայրապետ
Ինգնատիոսը հանդիսանում է Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը, համարվում է, որ Զմյուռնիայի Պողիկարպոս եպիսկոպոսի հետ աշակերտել է Հովհաննես Առաքյալին, հավանաբար Եփեսոսում: Կոչվել է «Աստվածազգյաց», որից էլ հավանաբար ծագել է այն ավանդությունը, ըստ որի Իգնատիոսը հանդիսանում է այն մանուկը, որին Հիսուսը, որպես խոնահության օրինակ, «գրկեց և աշակերտների մոտ կանգնեցրեց և ապա իր գիրկն առնելով» օրհնեց նրան (Մտթ. 9:35): Եթե համարենք, որ գրկված ժամանակ հինգ-վեց տարեկան էր, ապա իր նահատակության ժամանակ՝ 115 թ.-ին ավելի քան ութսուն տարեկան պիտի լիներ, երբ երկար ճանապարհորդություն ձեռնարկեց ՝ Անտիոքից դեպի Հռոմ, որն անհնարին պիտի լիներ այդ տարիքի մի ծերունու համար (ոմանք նրա նահատակությունը 107 թ.-ին են համարում): Հետևաբար, ըստ մեր կարծիքի, այդ տիտղոսը պետք է առավել հոգևոր իմաստով հասկանալ, այսինքն որպես մեկի, որն արդարև և իրավամբ «զգեստավորվել» էր Քրիստոսով, ինչպես որ պատվիրում է Պողոս Առաքյալն ասելով. «զգեստավորվեք Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 13:14), կամ «Քրիստոսով եք զգեստավորված» (Գաղ. 3:27): Արդարև Իգնատիոս Հայրապետի մասին մեր ունեցած գիտելիքները և նրա գրական ժառանգությունը լիովին ապացուցում են, որ ամբողջությամբ և կատարելապես նվիրյալ մարդ էր նա, իդեալական հովիվ և Քրիստոսի քաջ մարտիկ: Այնքան, որ երբ Դոմետիանոսի հալածանքները նաև Անտիոքում «պայթեցին» 95-ական թվականներին, երբ նա արդեն Անտիոքի եպիսկոպոսն էր, գրեթե ամեն տեղ հասցնում էր լինել և հույս ու քաջություն ներշնչել իր հոտին և զորացնում էր տկարանալու հակում ունեցողներին:
Իգնատիոսի կյանքից մեզ հայտնի դրվագը Անտիոքից Հռոմ կատարած իր ճամփորդությունն է, որը մեզ է հասել «Իգնատիոսի մարտիրոսությունը» գրվածքում, որը կարծես պատրասված է ականատեսի կողմից, հավանաբար գրվել է իրեն ընկերակցող մարդկանցից մեկի կողմից:
Երբ Տրայանոս կայսրը (98-117թթ.) իր արշավանքներից մեկի ժամանակ Անտիոք է գալիս, որպես կայսրական հրովարտակներին չենթարկվող և ուրիշներին հորդորող, որ չհպատակվեն այդ հրովարտակներին, որոնք բոլորին հրավիրում էին պաշտել պետական աստվածներին, նրա մոտ են տանում Իգնատիոսին: Իգնատիոսը քաջաբար պաշտպանեց քրիստոնեությունը և հիանալի պերճախոսությամբ հերքեց կռապաշտությունը: Կայսրը, չկարողանալով տեղում որոշում արձակել, հրամայեց նրան Հռոմ ուղարկել:
Ճանապարհորդության տանջանքների մասին գաղափար ենք կազմում նրա «Հռոմեացիներին» ուղղված նամակից, որտեղ, ակնարկելով իրեն ընկերակցող տասը զինվորներին, ասում է. «Սիրիայից Հռոմ ամբողջ ճանապարհին պայքարեցի վայրի գազանների հետ: Գիշեր ու ցերեկ տասը ընձառյուծների մեջ կապված մնացի, որոնք ավելի էին կատաղում, երբ նրանց հանդեպ ազնիվ վերաբերմունք էր լինում»: Հակառակ իր տառապանքներին, և որպես մեղադրյալ և ձերբակալված Հռոմ տարվելուն, նրա ճամփորդությունը սակայն, հաղթական մի ընթացք եղավ, քանզի նրա ժամանման մասին կանխօրոք ամեն տեղ հայտնի էր դարձել, և քրիստոնյա քաղաքացիների մի մեծ բազմություն դուրս էր եկել մեծ հարգանքով նրան դիմավորելու: Ի վերջո հասնում է Զմյուռնիա՝ Իզմիր, որտեղի եպիսկոպոսն էր իր աշակերտակից ընկեր Պողիկարպոսը: Աստծո նախախնամությամբ անհրաժեշտ եղավ երկար ժամանակով մնալ Զմյուռնիայում, ինչը ոչ միայն առիթ եղավ չարչարված հարյարպետի մի քիչ հանգստանալուն, այլ նաև երջանիկ առիթ, որ շրջակայքի քրիստոնյաներն այցելեն նրան և լսեն բացառիկ շնորհներով լեցուն Եկեղեցու այս պատկառելի հովվին: Ինքն էլ, օգտվելով այս դադարից, զանազան նամակներ գրեց շրջակա քաղաքների քրիստոնյաներին՝ նրանց հորդորելով, որ հնազանդության մեջ մնան իրենց եպիսկոպոսների հանդեպ և զգուշանան և չվարակվեն այդ օրերին տարածված ինչ-ինչ հերետիկոսական գաղափարներից: Այս նամակը լի է քրիստոնեական սիրո ազնիվ հոգով, հովվական հոգածությամբ և առաքելական նախանձահուզությամբ: Գրեց նաև Հռոմի եկեղեցուն, որում, ի թիվս այլ հորդորների, խնդրում էր, որպեսզի չմիջամտեն իր ազատութան համար և չզրկեն նրան մարտիրոսական պսակներից: Ի վերջո ծովային և ցամաքային երկար ճանապարհորդությունից հետո հասավ Հռոմ, որտեղ արդարև իրականացավ հանուն Քրիստոսի մարտիրոսանալու իր փափագը: Կոլիզեի ամֆիթատրոնի մեջ գազանների առջև նետվեց և առյուծները նրան պատառոտեցին:
Մի եվրոպացի հեղինակ հետևյալ խորհրդածությունն է անում նրա մասին. «Նրան տրված երեք տիտղոսները՝ «առաքյալ», «եպիսիսկոպոս» (վերակացու) և «մարտիրոս», լիովին արդարացրեց Իգնատիոսն՝ իր առաքելատիպ զորեղ քարոզչությամբ, գործունեությամբ և անզիջում արիությամբ; Նրա գլխավոր հատկանիշներն էին իր պարտականությանը ամբողջական նվիրվածությունը, նվիրումի հզոր հոգին և քրիստոնեությունն անսահման համարձակությամբ պաշտպանելը: Իր հոգատարությանը հանձնվածների հոգևոր բարիքի համար ցուցաբերած իր հոգևոր խանդը ճառագում է իր գրած նամակների ամեն մի տողից: Անչափ արթուն էր, որ չլինի թե հավատացյալները վարակվեն այդ օրերին իրենց գլուխները բարձրացրած հերետիկոսություններով, աղոթում էր նրանց համար, որպեսզի այդ օրերին չպակասի նրանց քաջությունը հալածանքների ժամերին: Շարունակ հորդորում էր, որ անայլայլ հնազանդություն ցուցաբերեն իրենց եպիսկոպոսների հանդեպ, մեծ փափագով ձգտում էր մարտիրոսության պսակին, որպեսզի իր արյունը էլ առավել շնորհներ պտղաբերի իր ժողովրդի սրտում: Այս ամենով Իգնատիոսը հոգիների քաջ և հարազատ հովվի մարմնացում էր, որն իրեն զոհաբերում էր իր գառների համար:
Նրա նամակները, որոնցից առնվազն յոթը մեզ են հասել, առաքելական դարի քրիստոնեական ուսուցման և սովորությունների վերաբերյալ անսպառ աղբյուր են: Ինգնատիոսը, «Առաքելական հայրեր»-ից երկրորդը հանդիսանալով, ամենակարևոր օղակներից մեկն է այս խմբի և եկեղեցական մեծ հայրերի մեջ: Ապրած և գործունեություն ծավալած լինելով այն քաղաքում՝ Անտիոքում, որը Երուսաղեմից հետո առաջին կարևորագույն կենտրոնը հանդիսացավ քրիստոնյաների համար, անձամբ ունկնդրած լինելով կարևորագույն առաքյալներին՝ Պետրոսին, Պողոսին և Հովհաննեսին, նրա վկայությունները քրիստոնեական ճշմարտությունների վերաբերյալ պետք է ունենան իրենց ուրույն կարևորագույն կշիռը: Կարևոր է իմանալ, որ Եկեղեցու հիմնական բոլոր ուսուցումները, որոնց մի մասը բողոքականները կամ արմատական քննադատները հետագա դարերի հավելում են համարում, գրեթե ամբողջությամբ, առնվազն ընդհանուր գծերով, ընդգրկված են նրա յոթ նամակներում, որոնց վավերականության մասին ոչ մի տարակուսանք չի առաջանում: Կարող ենք թվել դրանցից մի քանիսը.
1. Եկեղեցին Աստծո կողմից հաստատված մի տեսանելի հաստատություն է, որի նպատակը հոգիների փրկությունն է. բոլոր նրանք, որոնք բաժանվում են նրանից, խզում են Աստծո հետ իրենց կապը: Եկեղեցին Սուրբ է, Մեկ է, Ընդհանրական է և անսխալական:
2. Եկեղեցու նվիրապետությունը հաստատվել է Քրիստոսի կողմից և եռակի նկարագիր ունի՝ վարչական, սրբագործական և ծառայական, որոնց համապատասխան կարգերն են՝ եպիսկոպոսություն, քահանայություն և սարկավագություն: Բնականաբար, սրանց մեջ, Աստվածային տնօրինությամբ, բարձրագույնը եպիսկոպոսությունն է, որից էլ բխում է եպիսկոպոսության, որպես եկեղեցական միության կենտրոնի և մարմնի անհրաժեշտությունը;
3. Կուսակրոնության առաքինությունը և ուխտը առավել է սովորական կենցաղից:
4. Ամուսնությունը հոգևոր նկարագիր ունի:
5. Միացյալ աղոթքը մեծ արժեք է ներկայացնում:
6. Հերետիկոսությունը Եկեղեցու մեծագույն վտանգն է:
Եվ տակավին բազմաթիվ այլ վարդապետական և գործնական կետեր, որոնք հաստատում են, որ եկեղեցին հիմնականում նույնն է մնացել ինչպես նրա ժամանակներում՝ սկզբնական դարերում, նույքան էլ և հետագա դարերին:
Իգնատիոսի բոլոր թղթերը՝ վավերականները և անվավերականները, թվով տասներեքը, Ե դարում թարգմանվել են հայերեն և 1783 թ.-ին տպագրվել Կ. Պոլսում:
Մենք նրա տոնը նշում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, դեկտեմբերի կեսերին:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը
Ադդե Հայրապետ
Ըստ հայկական և ասորական ավանդությունների Ադդեն ներկայանում է որպես «մետաքսագործ-կերպասագործ» և Եդեսիա քաղաքում Աբգար թագավորի «խույրարար-թագագործ» պաշտոնյան: Երբ Թադեոս Առաքալը Եդեսիա (Ուրֆա) եկավ և Ավետարանը քարոզեց, Աբգար թագավորը, պալատականներից և ժողովրդից շատերը դարձի եկան, որոնց թվում էր նաև Ադդեն, որն ավելի խորությամբ աշակերտեց առաքյալին: Երբ անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի Թադեոս Առաքյալը հեռանա Ուրֆայից, իր փախարեն Ադդեին ձեռնադրեց և այսպիսով նա դարձավ Ուրֆայի առաջին եպիսկոպոսը:
Աբգար թագավորից հետո, նրա հաջորդը հեթանոսության վերադարձավ: Օրերից մի օր, երբ նոր թագավորը հրաման ուղարկեց Ադդեին, որպեսզի իր համար էլ մի թանկարժեք և փառավոր թագ պատրաստի, ինչպիսին պատրաստում էր Աբգարի համար, Ադդեն պատասխան ուղարկելով ասաց. «Իմ ձեռքերն ուրացող թագավորի համար թագ չեն կարող պատրաստել»: Այս մերժման պատճառով բարկացավ թագավորը և մարդ ուղարկեց, որպեսզի սպանեն նրան: Նրան եկեղեցում աթոռի վրա նստած քարոզելիս գտան: Կտրեցին նրա սրունքները, որից էլ նույն տեղում մահացավ նա:
Հույների և լատինների մոտ նրա տոնը կատարած լինելու ոչ մի հիշատակում չկա: Շատ հնուց մեր տոնացույցի մեջ առանձին է ընգրկվել, իսկ հետագայում տոնակից դարձավ Աբգար թագավորին: Սիմոնյան տոնացույցով կրկին միմյանցից բաժանվեցին և այժմ տոնվում է Հիսնակի պահոց չորրորդ երկուշաբթի օրը:
«Հայազգի Սուրբեր» Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը
Մարութա Եպիսկոպոս
Ազգությամբ ասորի էր, մայրական կողմից՝ հայ: Ընտրվել է Հայոց Միջագետքի, կամ Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոս, որն այժմ կոչվում է Ֆարղին Մադենի, գտնվում է Դիարբեքիրից ոչ շատ հեռու: Այս քաղաքն աննշան մի քաղաք էր, բայց Մարութա եպիսկոպոսի շնորհիվ, որն այնտեղ կենտրոնացրեց բազմաթիվ սրբերի մարմիններ և մասունքներ, այն նշանավոր դարձավ և նաև այդ պատճառով քաղաքը կոչվեց Մարտիրոպոլիս՝ մարտիրոսների քաղաք:
Մարութա Եպիսկոպոսը հատուկ հարգանքի էր արժանացել թե՛ պարսկական և թե՛ բյուզանդական արքունիքում և այդ իսկ պատճառով թե՛ պետական և մանավանդ թե՛ իր Եկեղեցու կրոնական ազատության գործերով, որից այն զրկված էր Շապուհ Բ. (310-380) Երկարակյաց թագավորի օրոք: Բազմիցս բանագնաց է եղել Տիզբոնի և Կ. Պոլսի միջև: Սակայն Բյուզանդիայի արքունիքն այնքան էր զբաղված իր ներքին խնդիրներով, որ առհասարակ անտարբեր էր Արևելքի Եկեղեցիների տառապանքների և հալածանքների հանդեպ. ինչպես նաև պիտի լիներ մի քանի տասնամյակներ անց՝ Վարդանանց շարժման ժամանակ: Այս դեպքում էլ, օրվա Արկադիոս կայսրը այնքան զբաղված էր Ոսկեբերանի բերանը փակելով և նրան աքսորելու հարցով, որ ժամանակ չունեցավ Մարութայի հարուցած հարցով զբաղվելու: Ի վերջո պատվական եպիսկոպոսն, Արևմուտքից հուսահատված, անձամբ է դիմում Պարսից արքունիք և ի հեճուկս մոգերի կատաղի դիմադրութան և սադրանքների, իր քաղցր վարվեցությամբ, խոհեմ իմաստությամբ և բժշկական օգտակարությամբ, կարողանում է շահել Հազկերտ Ա-ի (399-420թթ.) բարյացկամությունը և ձեռք է բերում իր հոտի հալածանքի դադարման հրահանգը:
381թ.-ին ներկա գտնվեց Կ. Պոլսի տիեզերական ժողովին: Պարսկական Եկեղեցին բարեկարգելու և զորացնելու համար Տիզբոնում երկու ժողով գումարեց: Նաև մատենագրական վաստակ է ունեցել, որոնցից 4-5 կտոր թարգմանվել են հայերեն: Նրա գլխավոր գործերն են համարվում «Պարսիկ մարտիրոսների գործերը», «Նիկիայի ժողովի պատմությունը», «Տիզբոնի ժողովի գործերը»: Նաև գրել է ասորական պատարագի համար և սրբերին ձոնված շարականներ: Որպես սուրբ հարգվում է Արևելյան և Արևմտյան բոլոր Եկեղեցիներում: Վախճանվել է 420 թ.-ին:
Մենք նրա տոնը նշում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը