Ո՜վ մարդ, Աստված քեզ պարգևած Իր անեզրական բարիքների փոխարեն մեծամեծ բաներ չի խնդրում քեզնից, այլ միայն շուրթերիդ փառաբանությունը: Արդ, չուրանա՛նք աստվածային պարգևներն ու չանտեսե՛նք Տիրոջ պատգամը, այլ մշտապես հիշե՛նք Աստծու բյուրավոր պարգևները՝ և՛ այսաշխարհային, և՛ գալիք, ու ջանանք այդ պարգևների գոնե մի մասը «փոխհատուցել» մեր Շնորհատուին:
Ես չեմ խոսում հանդերձյալ կյանքում սպասվող անպատում և անասելի բարիքների դիմաց «փոխհատուցելու» մասին, քանի որ գալիք այդ շնորհներն անգամ մտքով տեսանելի չեն և ոչ էլ խոսքով ճառելի, ուստի քրտնաջան աշխատանք ու վաստակ, էլ չեմ ասում՝ բազմապատիկ առաքինություններ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք երախտահատույց լինել հանդերձյալ պարգևների համար: Այլ ես խոսում եմ ա՛յն պարգևների համար փոխհատուցելու մասին, որոնք աչքով տեսանելի են ու խոսքով ճառելի և որոնք մենք մարմնով վայելում ենք, որոնք թեպետ չնչին են հանդերձյալ կյանքում սպասվող բարիքների համեմատ, բայց այդուհանդերձ այնքան բարերար շնորհներ են, որ անհնար է որևէ ձևով «փոխհատուցել» դրանց համար:
Մենք գոյություն չունեինք, և Աստված ստեղծեց մեզ ու անէությունից գոյության կոչեց, զարդարեց բանականությամբ և պատվեց Իր պատկերով, երկինքը կապեց մեր գլխավերևում ու այն շքեղացրեց լուսատուներով, հաստատեց երկիրը և այն պսակեց տարվա չորս եղանակներով, այլև վայելչացրեց կենդանիներով ու թռչուններով, գետերով և աղբյուրներով, լցրեց ծառերով, ծաղիկներով ու տեսակ-տեսակ բույսերով, ստեղծեց ծովերը, և դրանք լիացրեց զանազան ու բազմապիսի կենդանիներով: